Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը շարունակում է իրականացնել հանրապետության ողջ տարածքում պարեկային ծառայության ներդրմանն ուղղված քայլեր

17.08.2023

ևս 6 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կարիքների համար ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարելու նպատակով: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացման հարցում:

«Ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման կապակցությամբ մեր կողմից նախատեսվել է միջոցառումների հետևյալ հաջորդականությունը՝ համապատասխան օրենսդրական բազայի ձևավորում, ջրային պարեկային ստորաբաժանման գործունեության ապահովման նպատակով ֆինանսական միջոցների հատկացում և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ նոր ձևավորվող ջրային պարեկային ստորաբաժանումը արհեստավարժ ծառայողներով համալրելու նպատակով: Համապատասխան օրենսդրական բազան արդեն ձևավորված է, իսկ վերապատրաստման դասընթացները նախատեսվում է կազմակերպել 2023 թ. սեպտեմբերից, որոնք նախնական տևելու են 10 շաբաթ։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել՝ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման նպատակով լուծելու ֆինանսավորման խնդիրը»,-նշել է նախարարը:

Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ որոշման ընդունման արդյունքում անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով հագեցված ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու թվով չորս՝ Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային հենակետերով: Նախատեսվում է ծառայությունն իրականացնել նաև դրոններով: Բացի այդ, որոշման արդյունքում կբավարարվեն նաև հանրապետության վերջին 4 մարզերում Պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ որոշ կարիքները, հատկապես՝ շենքային պայմանները։ Համապատասխան ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք կբերվեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության մնացորդային գումարի հաշվին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ այն ուղղված է ջրային պարեկային ծառայության հերթական փուլին. «Սևանա լճում ծառայությունները ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, ջրային ոստիկանությունը գործելու է հետևյալ տրամաբանությամբ. ներդնելու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, Փրկարար ծառայության և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափերում երկու ջրահեղձության դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է ծառայողական քննություն: Տրամաբանությունն այն է, որ գոնե հանրային լողափերում մենք ջրահեղձության դեպքերից պետք է կարողանանք խուսափել»։

Վարչապետի խոսքով՝ Սևանա լճում պարեկային ծառայություն իրականացնելու անհրաժեշտությունն էական փոփոխություններ պետք է բերի. «Պարեկային ջրային ծառայության ներդրումը նշանակում է, որ նաև Սևանա լճում ջրային տրասնպորտային միջոցների երթևեկության կարգի հետ խախտման արձանագրություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործված կամ չօգտագործված լինելու ստուգումներ իրականացվել»։

ՆԳ նախարարը հայտնել է, որ ձեռք են բերելու 8 հատ երկտեղանոց սկուտեր, 4 հատ երեք տեղանոց:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ նախատեսվում է պետական բյուջեի ու միջազգային գործընկերների աջակցությամբ 4 հատ մոտորանավակ ձեռք բերել, 10 մետր երկարությամբ, որոնք 12 ամիս ծառայություն կիրականացնեն լճում. «Սա նշանակում է, որ Սևանա լճում ձկան որսն օրենքով սահմանվածից դուրս գործնականում լինելու է անհնար: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Այսօրվանից ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»։

Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հրավիրվել են միջազգային փորձագետներ Սևանա լճի ձկնապաշարների վերաբերյալ գնահատում իրականացնելու նպատակով:

Վարչապետի խոսքով՝ Սևանում առկա են լրջագույն պրոբլեմներ. «Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Սևանա լճի մակարդակն այսօր բավականին ցածր է, և մենք պետք է Սևանը դարձնենք առաջնահերթություն, Սևանա լճի մակարդակի բարձրացումը մեզ համար պետք է դառնա առաջնահերթություն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության այս որոշմամբ ապահովվում է նաև հանրապետություն ողջ տարածքում պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքների իրականացումը. «Վերջին չորս մարզում, որտեղ չկա պարեկային ոստիկանություն, խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի մասին է, պլանավորում ենք հոկտեմբերին ներդնել պարեկային ծառայություն։ Ամեն ինչ, կարծես, ընթանում է ըստ պլանավորվածի, բայց դրանով աշխատանքն ավարտած չենք համարի։

Հաջորդ փուլում մեզ համար առաջնային խնդիր է լինելու պարեկային ոստիկանությունում, մասնավորապես՝ կանանց ներգրավվածության աստիճանը բարձրացնելը: Այսօր ընդունվել են ընդունելության դիմումները։ Հոկտեմբերին չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնադրելու պահից՝ կսկսվի նոր ուսումնական գործընթացը, որտեղ կանանց ներգրավվածությունը կլինի մոտ 70 -80 տոկոս։

Ուզում եմ ուրախությամբ ընդգծել նաև, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Գլոբալ գենդերային ճեղքվածք» 2022 թ. ամփոփող զեկույցում, որը գնահատում է տվյալ պետությունում գենդերային հավասարությունը՝ չորս հիմնական ոլորտներում, ՀՀ-ն 146 երկրների շարքում զբաղեցրել է 61-րդ տեղը»:

Կհիմնադրվի «Ռիփաբլիք պլազա» ընկերություն, որն այնուհետև կընդգրկվի մասնավորեցման ծրագրում

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» որոշում: «Ռիփաբլիք Պլազա» ընկերության կանոնադրական կապիտալում նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող՝ 7809,9 քառ. մետր վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը։ Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, իսկ ֆոնդային բորսայի միջոցով ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կկատարվեն արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում։

Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումն է։ Հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում և ֆոնդային բորսայի միջոցով իրականացնել մասնավորեցման գործընթացը։ Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։ Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ, սակայն շենքի ներքին հարդարումը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։ Անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ.դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։ Նախնական ժամանակահատվածում ընկերության գործունեությունը և մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուն զուգահեռ այլ աշխատանքների իրականացումը՝ նախատեսվում է ապահովել տարածքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց ստացվող վարձավճարների հաշվին։ Գործադիր մարմնի կողմից 12-ամսյա ժամկետում կներկայացվի ընկերության գործունեության եռամյա ծրագիր, որն ուղղված կլինի Ընկերության գույքի կառավարման արդյունավետության և գրավչության բարձրացմանը, իսկ կոմիտեի նախագահն ընկերության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարություն։

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ընդունված որոշմանը և նշել, որ այն բավական երկար քննարկված հարց է. «Լավ լուրն այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ: Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չեն առաջանում: Մենք դեռևս ՔՈՎԻԴ-ի շրջանում քննարկել ենք այս հարցը, մտածում էինք, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք անել տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով»:

Գործադիրն ավելի քան 2 մլրդ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման համար

«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար կնքել է 2,624,260․8 հազ․ դրամ արժողությամբ պայմանագրեր: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 60.7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.25 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 47,49 կմ: «Այս տարի նախնական 150 կմ–ի հաշվարկ ունենք, քանի որ այդ աշխատանքները հեշտ և արագ են կազմակերպվում հիմնականում տարվա երկրորդ կեսին ենք սկսում դրանց իրականացումը, հաշվի առնելով, որ հիմնանորոգումները ավելի երկարատև և ծավալուն աշխատանքներ են։ Սա առաջին մոտ 60 կմ ֆինանսավորումն է, դեռ այսպիսի մոտ 90 կմ–ի համար մենք ֆինանսավորում կունենանք, որոնք ընթացքի մեջ են»,– ասել է նախարարը։

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհները պետք է նորոգվեն՝ Երևան - Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Պտղնի համայնքից դեպի Չարենցավան ընկած հատվածի միջին նորոգման աշխատանքներ (աջ գոտի)՝ ընդհանուր 13.25 կմ, 750 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Արմավիր – Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ ճանապարհահատվածում 3 տեղամասերի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 13.25 կմ, 600 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Ջրառատ – Մեղրաձոր - Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հրազդանից Հանքավան ընկած ճանապարհահատվածում 2 տեղամասերի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 28.185 կմ, 999,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Սևան – Մարտունի միջպետական ճանապարհից դեպի Գավառ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ (Գավառ քաղաքի մուտք)՝ ընդհանուր 4.005 կմ, 200,26 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Ակնալիճ համայնքից դեպի Մեծամորի թանգարան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 2.05 կմ, 73,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:

Դեպի Մեծամորի թանգարան ճանապարհի նորոգումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մշակութային կյանքի ու թանգարանի գործունեության համատեքստում. «Այստեղ մենք շատ լուրջ փոփոխություններ եք արել և այդ փոփոխությունների տրամաբանությունը պետք է շարունակենք: Ճանապարհները պետք է նորոգենք, որպեսզի միջազգային զբոսաշրջիկներին այնտեղ տանելու համար անհարմարություններ չստեղծվեն»։

Անդրադառնալով ճանապարհների սպասարկման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ դրա հետ կապված քննարկում է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ. «Լրջորեն պետք է զբաղվենք դրանով: Ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկումը իրականացվի։ Ճանապարհի կյանքը երկարացնելու, պետական միջոցները խնայելու, պետության վարկանիշի, մարդկանց հարմարավետության և ճանապարհային անվտանգության մասին է խոսքը։ Այս ուղղությամբ մենք պետք է քայլեր ձեռնարկենք»:

Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը խոսել է նաև օգոստոսի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին: «Դեպքից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար: Առաջին միտքն այն էր, որ եթե վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, թե ինչո՞ւ ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն: Բայց շատ արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքները իրավազոր են։ Ընդ որում՝ դուրս ենք բերել վարորդների վարորդական խախտումների հետագիծը, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Այսինքն՝ չենք էլ կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումներին հակված են եղել։ Այնպիսի խախտումներ էին, որ յուրաքանչյուր վարորդի հետ կարող է պատահել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեքենաներն ապահովագրված և տեխնիկական զննում անցած են եղել։

Կառավարության ղեկավարը, դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, հետաքրքրվել է դեպքի մանրամասներից: Կոմիտեի նախագահը նշել է, որ դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված. «Արդյունքում կհասկանանք՝ կա՞ խախտում, թե՞ ոչ, եթե կարձանագրվի, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր»։

Վարչապետի խոսքով՝ պետք է սպասել քննության արդյունքներին․ «Երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված մեր միջոցառումները պետք է լինեն շարունակական։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բարձրացնելուն ուղղված աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել՝ վթարների պատճառները, սև կետեր կոչված հատվածներն են, որտեղ շատ հաճախ են նման դեպքեր գրանցվում։ Սա մի աշխատանք է, որ պետք է անընդհատ արվի՝ անկախ նրանից այսպիսի մեծ ողբերգության դեպքի հետ առնչվո՞ւմ ենք, թե՞ չէ, ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի։ Առավել ևս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը հատկապես պետք է շատ ուշադիր լինի»։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև շինարարության հրապարակներից դուրս եկող մեքենաների թեմայի մասին և նշել. «Շինարարությունն աշխուժացել է, դա լավ է, պետք է խթանենք, բայց մյուս կողմից պետք է ուշադրություն դարձնենք հետևյալ խնդրին՝ ավազի հանքերից, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաներն անիվների հետ բերում են ցեխ, ավազ, աղբ: Այն տեղերում, որտեղ ավազի հանք, շինարարություն կամ մեքենանների հավաքակայան կա, հարյուրավոր մետրերով ճանապարհն աղտոտված է»։ Վարչապետը հանձնարարել է ՏԿԵ նախարարությանը ու տեսչական մարմիններին ուշադրություն դարձնել այդ խնդրին:

Կբարձրացվի ներդրումային գրավչությունն արտահանման ներուժ ունեցող ոսկեգործության և ադամանդագործության ճյուղերում

Կառավարությունն ընդունել է որոշում մշակող արդյունաբերության՝ ոսկեգործական ոլորտի ձեռնարկությունների բարձր արտադրողականության զարգացման և մատչելի արտադրանք ստանալու, ինչպես նաև ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ լրացուցիչ հումքով ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ ոսկեգործական ընկերությունները, հնարավորություն կունենան ձեռք բերել արտադրության համար անհրաժեշտ քանակի հումքը «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ-ի շնորհիվ: «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ-ն հումքի՝ թանկարժեք մետաղների ներկրումը կիրականացնի արտադրող ընկերությունների հայտադիմումի և կանխավճարների համաձայն, ինչը պայմաններ կստեղծի արտադրության կանոնավոր աշխատանքի և մրցունակ արտադրանք ապահովելու համար: Արդյունքում՝ տարեկան օժանդակություն կստանա 15-20 ընկերություն, կաճեն արտադրական և արտահանման ծավալները:

Հիմնավորման համաձայն՝ որոշումը կհանդիսանա ևս մի գործիք արդյունաբերական ճյուղերից երկուսի զարգացման համար և նպաստավոր պայմաններ ապահովելու, տեղական արտադրությունը խթանելու, որով կբարձրացվի ՀՀ ներդրումային գրավչությունն արտահանման ներուժ ունեցող ոսկեգործության և ադամանդագործության ճյուղերում: 2021 թ. արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման՝ ոսկեգործական արտադրության ոլորտում աշխատել է 984 մարդ, իսկ ադամանդագործական ոլորտում՝ 533 մարդ, որոնց արտադրանքի ծավալները ընթացիկ գներով կազմել է, համապատասխանաբար, 29,05 մլրդ ՀՀ դրամ և 22,27 մլրդ ՀՀ դրամ։ Ներկայումս թանկարժեք մետաղների՝ ոսկու և արծաթի հումքի ներկրումը իրականացնում են ՀՀ-ում գործող մի շարք բանկերը։ Որոշման ընդունումը կնպաստի ոսկեգործական ոլորտի ընկերությունների զարգացմանը, որպես այլընտրանքային հավելյալ մատակարարման գործիք և խթան կհանդիսանա արտադրողականության աճի ապահովմանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2021 թ. ոսկերչական արտադրանքի 18,2%-ը իրացվել է ՀՀ-ում, շուրջ 71%-ը արտահանվում է ԱՊՀ և ԵՏՄ երկրներ, 10,7%-ը երրորդ երկրներ՝ Արաբական Էմիրություններ, ԱՄՆ, ինչպես նաև Եվրոպական երկրներ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ կթույլատրվի «Արմբետոն» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող և հետագայում ընկերությանը տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բարձր որակի բետոնի արտադրության համար։ 2022 թ.-ին հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 565․6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 18 նոր աշխատատեղ՝ մինչև 500,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 506.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51.2 մլն դրամ։

Կառավարությունը 814,581.1 հազ. դրամ կհատկացնի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման համար

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ Արարատի մարզպետարանին կհատկացվի 616,854.2 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 66,417.2 հազ. ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 6,309.7 հազ. դրամ, ինչպես նաև նվիրաբերության պայմանագրի հիման վրա 125,000.0 հազ. դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Ընդհանուր գումարի չափը կազմում է 814,581.1 հազ. դրամ: Արդյունքում կապահովվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը Արարատի և Շիրակի մարզերում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին գումար հատկացնելը պայմանավորված է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Սյունիք մարզի Տեղ համայնքի համար գյուղատնտեսական տեխնիկա-սարքավորումների ձեռքբերմամբ: Մասնավորապես նախատեսվում է ձեռքբերել 1 անիվավոր տրակտոր 4 կցորդներով՝ անիվավոր տրակտոր 1.4-րդ քարշակ դասի, խոտի հակավորիչ, խոտհնձիչ մատնասեգմենտային, երկսկավառակային կցովի սերմնացան, սրսկիչ դաշտային, 1 անիվավոր տրակտոր 2 կցորդներով՝ անիվավոր տրակտոր 3-րդ քարշակ դասի, ազոտային գութան 4 խոփանի, քարհավաք և հացահատիկային կոմբայն՝ ծղոտի մանրիչով:

Որոշմամբ նախատեսվում է նաև 2022թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին և Սոթք բնակավայրում գտնվող սրճարան-ճաշարանին հասցված վնասի փոխհատուցում տրամադրել:

Կդյուրացվի անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացման գործընթացը

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացումն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացիների համար՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու գործող պահանջին ստեղծելով առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով դիմելու հնարավորություն։ Որոշման նպատակն է նախ և առաջ հստակեցնել տեղեկանքի բովանդակությունը՝ «ՀՀ քաղաքացի չհանդիսանալու» ձևակերպման մասով՝ ապահովելով միասնական վարչարարություն և դյուրացնել անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացման գործընթացը: Մասնավորապես, ստեղծել առցանց դիմելու հնարավորություն, ինչպես նաև առավել հստակեցնել տեղեկանքի տրամադրման ընթացակարգը, տրամադրվող տեղեկության բովանդակությունը, դրանց միատեսակ լինելը, սահմանել տեղեկանքի նոր ձևերը, ապահովել դրանց իսկությունն առցանց՝ www.e-verify.am կայքի միջոցով ստուգելու հնարավորություն։ Արդյունքում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կկարողանա աշխարհի ցանկացած վայրում գտնվող ՀՀ քաղաքացիներին տրամադրել ՀՀ քաղաքացիության մասին երկլեզու տեղեկանք՝ դրանց փոխանցումն իրականացնելով փոստի միջոցով։

Օրենսդրական նախաձեռնություններ. զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կտրվի մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու, ինչպես նաև վնասների հատուցման գործընթացի մի շարք հարաբերություններ հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրինագծով՝ նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց, հստակեցվում են հատուցման դեպքի փոփոխությամբ պայմանավորված հատուցման դեպքի փոփոխության դեպքում վճարվող գումարների տարբերության հաշվարկման և վճարման կանոնները:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումն անցկացնել նաև հարցազրույցի (բանավոր) միջոցով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորել մրցույթ հայտարարել պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, ինչպես նաև սահմանել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնները ու դրանց նշանակման պայմանները և կարգը, որոնց գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների և հմտությունների կիրառմամբ։ Նախագծով առաջարկվում է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսել գործունեության իրավական կարգավորումներ՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու համար: Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։ Բացի այդ, կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի Կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը։

Հավանության են արժանացել նաև ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը՝ դրանք դարձնելով գործնականում կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին։ Միևնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների ընդունման՝ Կառավարության լիազորությունը, ինչպես նաև վերջիններիս չպահպանելը՝ որպես մաքսային կանոնների խախտում։ Օրինագծի նպատակը ՀՀ մաքսային հսկողության գոտիներին քաղաքացիների վարքագծի կանոնակարգումն է, նրանց տեղաշարժը և մաքսային հսկողության գործառույթի կազմակերպման առավել անխոչընդոտ կազմակերպելը։ Միևնույն ժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի մաքսային հսկողության գոտիներում մաքսային կանոնների խախտման դեպքերի առավել արդյունավետ կանխումը, դրանց խափանումը, ինչպես նաև կմեղմվի քաղաքացիների հակաօրինական վարքագծի հետևանքով մաքսային հսկողության գոտում մաքսային մարմնի աշխատանքին խոչընդոտելու հնարավորությունը։

Երևանում և Լոռիում գտնվող պետական գույքներն կօտարվեն դասական աճուրդով

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կենտրոն Մյասնիկյան պողոտա 43ա հասցեում գտնվող 190 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2245.58 քառ. մետր մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Գույքը նախկինում օգտագործվել է որպես ոստիկանական գրասենյակ, սակայն ներկայումս չի շահագործվում։ 2023 թ. ապրիլի 20-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 238 600 000 ՀՀ դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 203 512 200 դրամ։ Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 238 600 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 11 930 000 ՀՀ դրամ: Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 155 620.44 ՀՀ դրամը։

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է դասական աճուրդով օտարել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Թևոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող՝ 3 059.82 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված՝ 0.49382 հեկ¬տար մակերեսով հողամասը: Գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն ներկայումս չի շահագործվում 2-3 տարի։ Հունիսի 5-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 173 900 000 ՀՀ դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 14 259 053 դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 173 900 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 8 695 000 ՀՀ դրամ, որը գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։

Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Խանջյան փ. 9 հասցեում գտնվող և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ քաղաք Երևան, Խանջյան փ. 9/6 հասցեում գտնվող 794 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,15 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և օտարել մրցույթով: Գույքը նախկինում օգտագործվել է, որպես Կազմակերպության դպրոցի մասնաշենք, որի հիմնական մասը ներկայումս չի օգտագործվում, որոշ մասն օգտագործվում է որպես ֆիզկուլտուրայի դահլիճ, որոշ մասը որպես զարգացման կենտրոն։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 686 000 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 321 750 000 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 372 840 դրամը։

«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» շրջանակում կթվայնացվի և կվերականգնվի 32 ֆիլմ

«Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման արդյունքային ցուցանիշների փոփոխման անհրաժեշտությունից՝ գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում նախատեսված 6 ֆիլմի թվայնացման և վերականգնման փոխարեն առաջարկվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական լիամետրաժ/կարճամետրաժ ֆիլմեր և կինոարխվային նյութեր, 17 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր: Արդյունքում հնարավոր կլինի նաև ապահովել 2023-2024թթ-ին նախատեսված Հայ կինոյի 100 ամյակին, Հայկական անիմացիայի 85-ամյակին, 2024թ-ին Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված հայկական կինոժառանգության ցուցադրությունները, ինչը կնպաստի հայկական կինոարտադրանքի հանրահռչակմանն ու Հայաստանի միջազգային դիրքավորմանը:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալի ավելացում՝ 18,480.0 հազար դրամ գումարի չափով՝ համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման և հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:

Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաք, Կենտրոն, Ջ. Բայրոնի փողոց 5 հասցեում գտնվող տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հրաձգության Հանրապետական մարզադպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին: Արդյունքում կստեղծվեն հրաձգության մարզաձևի զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, կձևավորվի մարզիչ մանկավարժների փորձառու թիմ՝ ինչը կնպաստի հրաձգության զարգացմանը հանրապետությունում, ինչպես նաև հիմք կհանդիսանա 2024 թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու և առավել բարձր ցուցանիշներ նվաճելու համար:
 

← Վերադառնալ