Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը Լոռու մարզի համայնքներում շարունակել է շրջայցը և ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

29.08.2023

ևս 145 լուսանկար

Օգոստոսի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ:

Վարչապետը նախ այցելել է Ալավերդի համայնքի Հագվի գյուղ, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ: 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի մինչ դեկտեմբեր:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Օձուն բնակավայրում՝ ծանոթացել մարզաառողջարանային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին, որոնց 80%-ն արդեն ավարտվել է: Մարզաառողջարանային կենտրոնի 2021 և 2022 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է, համապատասխանաբար, 114 մլն 433 հազար և 91 մլն 107 հազար դրամ: Միջոցների 55 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

Այնուհետև վարչապետին ներկայացրել են Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 60%-ը: Հիմնովին վերանորոգված կենտրոնի և 2000 քառ. մ. բարեկարգված տարածքի 2019-2022 և 2023 սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմել է, համապատասխանաբար, 68 մլն 366 հազար և 24 մլն 359 հազար դրամ: Միջոցների 50 տոկոսը տրամադրել է Կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-33, /Մ-3 /Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնց 95%-ն կատարվել է: 6.1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նպատակով գործադիրը հատկացրել է 642 մլն դրամ:

Տաշիր համայնքում կառավարության ղեկավարը եղել է Սարչապետ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման շինհրապարակում: Շինարարական աշխատանքները գրեթե ավարտվել են, մոտ 1000 քմ վերանորոգված մշակույթի տան սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59 մլն դրամ, որի 45 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից:

Ներկայացնելով «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիրի ընթացող շինարարական աշխատանքները՝ նշվել է, որ ընկերությունում ներկայումս առկա է 300 գլուխ հոլշտեյն ցեղատեսակի ԽԵԿ: Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Բոզոյան» ՍՊԸ–ում, որն իրականացնում է ցանքատարածությունների մշակում. տարեկան հզորությունը կազմում է մոտ 2 հազար հեկտար: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 7 մլն դոլար է:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 22.9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք փաստացի ավարտվել են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3 մլրդ 771 մլն դրամ: Միջոցներն ուղղվել են պետական բյուջեից:

Վարչապետը եղել է Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային հրապարակում, որտեղ հիմնանորոգման աշխատանքների 80% արդեն իրականացվել է՝ լուսաձայնային էֆեկտներով շատրվաններ, 4700 քմ սալիկապատ անցուղի, 1200 քմ ասֆալտապատ տարածք: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 201 մլն դրամ է: Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում ևս իրականացում են 1,8 կմ հիմնանորոգման աշխատանքներ, որոնց արժեքը կազմում է ավելի քան 736 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Գյուլագարակ բնակավայրի արվեստի դպրոցի համայնքային շենքի կառուցման աշխատանքներին: Մոտ 200 քմ կառուցված արվեստի դպրոցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 74 մլն 900 հազար դրամ է: Միջոցների 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ:

Վարչապետին ներկայացվել է նաև Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 13 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են, թերություններ ի հայտ գալու պատճառով շինարարական ընկերությունը սեփական միջոցների հաշվին 10 կմ հատվածում տեղադրում է ասֆալտբետոնի նոր շերտ: Ծրագրի արժեքը 494 մլն դրամ է: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:

Նշվել է նաև, որ մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 4,06 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է ավելի քան 199 մլն դրամ: Ավարտվել են նաև Բազում համայնքի մոտ Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման 4.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի հուշահամալիր: Շինարարական աշխատանքներն ավարտվել են, կառուցվել է մոտ 1700 քմ պուրակ, որի համար հատկացվել է 42 մլն դրամ: Միջոցների 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Տ-5-7՝ Մ7 Շիրակամուտ - Լեռնավան (Տ-5-38) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնց 90%-ն ավարտվել է: 1,1 կմ ճանապարհի հիմնանորոգման արժեքը կազմել է ավելի քան 148 մլն դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Սպիտակ քաղաքի մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցման շինհրապարակում: Մոտ 1300 քմ մակերեսով, 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի համար հատկացվել է 787 մլն 532 հազար դրամ: Միջոցները տրամադրել է Կառավարությունը:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում, որտեղ կառուցվել է ջրամբար: Մոտ 12 հազար 500 խմ ծավալով գեոմեմբրանային թաղանթով ջրամբարի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 34 մլն 948 հազար դրամ: Միջոցների մի մասը հատկացրել է Կառավարությունը: Համայնքի մասնաբաժինը ներդրվել է ՄԱԶԾ-ի կողմից:

Նիկոլ Փաշինյանը Սպիտակ համայնքում հարգանքի տուրք է մատուցել 44 օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

Վարչապետը կարևորել է համայնքներում իրականացվող ծրագրերի որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ Կառավարությունը տարբեր ծրագրերի միջոցով շարունակելու է ակտիվորեն նպաստել մարզերի զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ ավարտվել է:


 

← Վերադառնալ