Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Դեբեդում ներկա են գտնվել նոր հյուրանոցի ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը

16.09.2023

ևս 15 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:

Իր խոսքում վարչապետը ողջունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ վերջին 20 օրվա մեջ Լոռու մարզի այս տարածաշրջանոմ է երկրորդ անգամ:

«Երբ գալիս էինք այստեղ, տիկնոջս հետ այդ էի քննարկում, Հայաստանում գործնականում ոչ մի համայնք չկա, որտեղ վարչապետի կարգավիճակում չեմ եղել։ Շատ կարևոր բան է դա ինձ համար, որովհետև մենք լինում ենք ամենատարբեր տեղերում, որտեղ կա կատարված կամ կատարվող աշխատանք: Այդ աշխատանքային ճամփորդություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր երկրի պոտենցիալը։

Եվ ուզում եմ ասել` այն եզրակացությունը, որ ունեցել եմ այս կենտրոն առաջին անգամ այցելության պահին, այդ եզրակացությունն այժմ կրկնապատկել, եռապատկվել է։ Այդ եզրակացությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի զարգացման պոտենցիալը կարող ենք կիրառել, կարող ենք բացել միայն կրթության միջոցով։

Ինչո՞ւ եմ բարձր գնահատում ես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը, նաև այն պատճառով, որ նա չի սահմանափակվում երեխաների, պատանիների, երիտասարդների կրթությամբ։ Այստեղ կիրառվում է մի հայեցակարգ, որը կրթության շահառու է համարում բոլորին՝ անկախ տարիքից և բոլոր նրանց, ովքեր ուզում են կատարելագործել, լավացնել իրենց հմտությունները: Բայց շատ կարևոր է նաև մարդկանց օգնել, որպեսզի նրանք իրենք իրենց խոստովանեն ավելին իմանալու անհրաժեշտությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Դեբեդ է եկել Կոտայքի մարզից` Բերքի փառատոնից, որտեղ, ըստ էության, խոսակցությունը նույն բանի մասին էր։ «Մեր գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ պրոբլեմները սկսում են այն կետից, որտեղ ինքներս մեզ չենք խոստովանում, որ մենք ինչ-որ բան չգիտենք, և կա մի բան, որ մենք կարող ենք սովորել։ Հետևաբար, ես չեմ ամաչում և չեմ հոգնում դա ասել, բոլորը` սկսած վարչապետից, շարունակած Կառավարության անդամներով, քաղաքացիներով, պաշտոնյաներով, զինվորականներով, եթե ամեն մեկս առավոտյան արթնանալիս նախ չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ։

Հետևաբար, շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ այս սմարթ կենտրոնի զարգացումը։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ Կարո Արմենի նման մեր սփյուռքի ներկայացուցիչների մոտեցումը, որովհետև կարծում եմ, որ նրանք նաև իրենց աշխատանքով փոխում են Հայաստանի վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ և սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Թումո» հիմնադրամի և նմանատիպ այլ ծրագրերի շնորհիվ վերագնահատում ենք բարեգործություն բառը, որովհետև, նրա կարծիքով, շատ կարևոր է նույնիսկ բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները ներդնել զարգացման ծրագրերի վրա։

«Եվ ահա սա զարգացման ևս մի ծրագիր է: Սա մի հյուրանոց է, որ այս չքնաղ բնաշխարհում հասանելի կլինի յուրաքանչյուրին, և մյուս կողմից նրա բերած եկամուտները նորից կներդրվեն զարգացման հետագա ծրագրերի համար։ Լոռու մարզ կատարած նախորդ այցի ընթացքում մենք Դսեղում տեսանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ստեղծած ամբուլատոր կենտրոնը, որը մեծ տպավորություն գործեց: Շատ կարևոր է, որ մեզ մոտ ճարտարապետական նոր ձեռագիր մտնի, նոր մոտեցում մտնի, աշխատանքի կազմակերպման նոր բանաձևեր գործարկվեն։ ՔՈԱՖ հիմնադրամն այդ գործը շատ լավ է անում, և ինձ համար հաճույք է այսօր այստեղ գտնվելն այսպիսի հրաշալի առիթով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամին նմա ծրագրեր իրականացնելու համար:

«Այո, սա մի նոր տեղ է, որը համայնքինն է, յուրաքանչյուրինն է, որն իր օգուտներն է բերելու Լոռվա մարզի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության զարգացման գործին։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են իմանալ ավելին»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների կենտրոնը կծառայեն որպես հանգստի, մասնագիտական և հասարակական միջոցառումների վայր՝ այդպիսով ապահովելով Լոռիում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը։

«Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով մենք ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղները, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց․ այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի լուսավոր ապագա ուղին»,- բացման իր խոսքում ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։

Դեբեդում հազարավոր այցելուների հյուրընկալած ՔՈԱՖ փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի երաժշտական տաղանդներին, մարզաբնակ արտադրողներին և արհեստագործներին։ Այն անցկացվում է «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։

Փառատոնի ընթացքում 30-ից ավելի մարզաբնակ ձեռներեցներ, որոնցից շատերը ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներ են, ցուցահանդեսային հատվածում ներկայացնում են իրենց արտադրանքը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու և ձեռք բերելու թեյեր ու գյուղմթերք, հագուստ, խնամքի և կոսմետիկ պարագաներ, ձեռագործ տարբեր իրեր՝ պայուսակներ, հուշանվերներ, ինչպես նաև ժամանցային ծառայություններ:

← Վերադառնալ