Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծին. 2018 թ. համեմատ 2024 թ. պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է
ևս 3 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Oրենքի նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը. «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր տեղահանված փախստականներ, նրանց պետք է ապահովենք անհրաժեշտ առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթած անձանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունը բյուջեի քննարկման հետագա փուլերում, անհրաժեշտության դեպքում, կավելացնենք»:
Ըստ նախարարի՝ պետական բյուջեի մշակման հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից ածանցվող մեծ անորոշությամբ: «Այս պայմաններում մենք հետևողականորեն բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, դրանց հիման վրա կազմում մի շարք սցենարներ, որոնցից ընտրվող սցենարներից մեկը դրվում է պետական բյուջեի հիմքում: Իսկ մյուս սցենարները հնարավորություն են տալիս ռիսկերը քանակապես գնահատել և դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում:
Չնայած դժվարին մարտահրավերներին, ի ուրախություն բոլորիս պետք է ասել, որ Հայաստանի տնտեսությունը դրսևորել և շարունակում է դրսևորել բավական բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ ՀՀ կառավարության ու ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների ու համարժեք գործողությունների։
Այսպես՝ տնտեսական աճի և ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև այս տարվա ընթացքում. առաջին եռամսյակում գրանցվել է 10.5% տնտեսական աճ, իսկ հունվար-օգոստոսին՝ 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7%-ի շրջանակներում և ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024թ. ևս թիրախավորում ենք ապահովել 7% տնտեսական աճ և Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75%-ին կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2,566 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 մլրդ դրամով կամ 15.4 %-ով:
Չնայած տնտեսական աճի զգալի մասն ապահովել է ծառայությունների ճյուղը, սակայն աճը համատարած է եղել՝ դրսևորվելով գրեթե բոլոր ճյուղերում։ Ընդ որում, տնտեսությունում որակական տեղաշարժեր են տեղի ունեցել՝ մեծացնելով ՀՀ տնտեսության ներուժը։
Կարևոր է արձանագրել, որ տնտեսական աճը, ՀՀ կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ, ներառական է եղել, քանի որ բարձր տնտեսական աճն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի՝ գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով։ 2023թ. հունվար-հուլիսին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 6% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 18.5%-ով` կազմելով 262,591 դրամ: Իսկ իրական աշխատավարձը -0.2% գնանկման պայմաններում աճել է 18.7%-ով: Եվ մենք ակնկալում ենք, որ աշխատանքի շուկայի դրական միտումները կպահպանվեն նաև 2024թ.՝ նպաստելով մեր հասարակության բարեկեցության բարձրացմանը:
Այս բյուջեն շարունակությունն է նախորդ տարիների իրականացվող քաղաքականությունների: Սա 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 3-րդ բյուջեն է և ամբողջությամբ համահունչ է, թե՛ կառավարության ծրագրի առաջնահերթություններին և թե՛ հունիս ամսին հաստատված Միջնաժամկետ ծախսային ծրագրին:
Ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ՝ գերազանցելով 2023 թվականի ճշտված բյուջեի ծախսերը շուրջ 415 մլրդ դրամով կամ շուրջ 15.9%-ով, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023 թվականի կապիտալ ծախսերից 126 մլրդ դրամով կամ 22%-ով:
Այս ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ են՝ հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազեցում՝ բարձրացնելով պետական բյուջեի կարողությունները, դրամի արժևորման և դրանից բխող՝ արտահանելի հատվածի գնային մրցունակության նվազմանը հակազդում՝ թիրախային աջակցության գործիքներով, արտահանման խթանման ուղղված միջոցառումներ, խոշոր մասնավոր ներդրումային ծրագրեր և մասնավոր ներդրումների ներգրավմանն ուղղված միջոցառումներ, պետական համակարգի արդյունավետության բարձրացման ռեֆորմներ, որոնցից են՝ հանրային կառավարման բարեփոխումները և թվայնացումը, պետական ներդրումների կառավարման համակարգի կայացումը:
Այս բոլոր ուղղություններով նախատեսվել են համապատասխան միջոցներ և անհրաժեշտության դեպքում իրավիճակից ելնելով կարող ենք իրականացնել հավելյալ միջոցառումներ:
Մասնավորապես կուզեմ անդրադառնալ բյուջեում առանձին կարևորություն ներկայացնող ծրագրերին:
ՀՀ պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում է 555 մլրդ դրամ՝ 2023թ համեմատ 37.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով ավելի:
ՏԿԵ նախարարության բյուջեի նախագիծը կազմում է 311.6 մլրդ դրամ: Եվ ըստ առանցքային ուղղությունների՝ ճանապարհային ոլորտում ներքին աղբյուրների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107 կմ միջին նորոգման, 4074 կմ ամառային և 4,841 կմ ձմեռային պահպանման, ինչպես նաև 3 թունելների և 5 կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ՝ շուրջ 75.6 մլրդ դրամ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի իրականացման գծով կիրականացվեն Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 8 կմ և 34 կմ հատվածների կառուցման աշխատանքներ, նախատեսվում է մեկնարկել Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի և մոտեցումների, Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման և հիմնանորոգման աշխատանքները՝ շուրջ 39 մլրդ դրամով:
Ջրային ոլորտում կշարունակվեն փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքները, այդ թվում՝ 6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքներ, կմեկնարկի 1 ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները՝ շուրջ 2.3 մլրդ դրամով:
Կմեկնարկեն թվով 30 օրվա կարգավորման ջրավազանների կառուցման ու վերակառուցման աշխատանքները՝ 2.7 մլրդ դրամով:
Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ 2024թ կիրականացվի թունելի 234 գծմ հատվածի երեսարկների վերակառուցում՝ 1 մլրդ դրամով:
Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22.5 մլրդ դրամ:
Էկոնոմիկայի նախարարության 2024թ. պետական բյուջեի նախագիծը կազմում է 92 մլրդ դրամ՝ 2023թ համեմատ 27.4 մլրդ դրամով կամ 41.9%-ով ավելի: Այստեղ ունենք նոր նախաձեռնություններ՝ արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման ծրագրի մասով 300 մլն դրամ, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր՝ 1.1 մլրդ դրամ, որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացում ՝ 500 մլն դրամ, տեքստիլ ոլորտում իրականացվող աջակցության միջոցառումներ՝ 700 մլն դրամ, թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիր՝ 300 մլն դրամ, դեղագործության արդյունաբերության զարգացման ծրագիր՝ 300 մլրդ դրամ, ՀԲ աջակցությամբ իրականացվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավում ծրագիր՝ 5 մլրդ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է զբոսաշրջային կլաստերների ձևավորում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեի նախագիծը կազմում է 745 մլրդ դրամ՝ 2023թ. համեմատ 91.5 մլրդ դրամով կամ 14%-ով ավելի: Այդ թվում՝ ըստ առանցքային ուղղությունների կշարունակվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, իսկ օգտվողների միջին տարեկան թիվը կկազմի շուրջ 162 հազար կենսաթոշակառու: Ընդ որում՝ 2023թ. 2 մլրդ դրամի դիմաց նախատեսել ենք 7.6 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի գծով նախատեսվել է շուրջ 680 մլն դրամ՝ թվով 12 խնամքի կենտրոնների վերակառուցման, հիմնանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների համար: Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն ծրագրի շրջանակներում 2024թ. նախատեսվում է 189 շահառուի համար անձնական օգնականի ծառայության գումար՝ շուրջ 150 մլն դրամի չափով: Կենսաթոշակային ապահովության բնագավառում 2024թ. համար անհրաժեշտ միջոցները հաշվարկել են՝ պահպանելով 2023թ. հուլիսի 1-ից հետո կատարված փոփոխություններով սահմանված չափորոշիչները, որով նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 000 դրամ: Կենսաթոշակների գծով ծախսերը կկազմեն 326 մլրդ դրամ, ծերության նպաստների գծով հատկացումները՝ 45 մլրդ դրամ, իսկ ընտանեկան նպաստների գծով ծախսերը՝ 30 մլրդ դրամ:
Առողջապահության նախարարության պետական բյուջեի նախագիծը կազմում է 168 մլրդ դրամ, ինչը 2023թ. հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 26 մլրդ դրամով կամ շուրջ 18.4%-ով: Այս ավելացումից 18 մլրդ դրամը նախատեսվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նպատակով` որպես չբաշխված գումար, որը կբաշխվի տարվա ընթացում համակարգի ներդրման հետ կապված որոշումների կայացումից հետո: 8.1 մլրդ դրամը բաշխվել է և ուղղվել առողջապահության ոլորտի մի շարք ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների և շահառուների ընդլայնմանը: Մասնավորապես՝ ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների շրջանակը, ուռուցքաբանական ծառայությունների շարունակական բարելավման նպատակով վերանայվել են վիրահատությունների գները, ավելացել ճառագայթային բուժման դեպքերը, ընդլայնվել է քիմիաթերապիայի դեղերի ցանկը, փոփոխվել է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող դեղերի 50% փոխհատուցման չափը, որը դարձել է 100% անվճար՝ շուրջ 110 հազար շահառուի համար, ինչպես նաև հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շուրջ 500 շահառուների հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:
ԿԳՄՍ նախարարության պետական բյուջեի նախագիծը կազմում է 345 մլրդ դրամ՝ 2023թ համեմատ 95 մլրդ դրամով կամ 38%-ով ավելի: Այդ թվում, ըստ առանցքային ուղղությունների՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման նպատակով նախատեսվել է 111 մլրդ դրամ՝ 2023թ. 38.7 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գծով պայմանավորված՝ վերջիններիս դասարան-թվով ֆինանսավորման անցմամբ, նախատեսվել է 107 մլրդ դրամ՝ 2023թ. 99 մլրդ դրամի դիմաց: Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման գծով նախատեսվել է 2.3 մլրդ դրամ:
Վերջում նշեմ, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ 3.2%, որի հետևանքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կկազմի 48.4%: Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ «կայունության պաշար» ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև ունենալ բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար անհրաժեշտ ծախսերը դուրս չմղող մակարդակ», -ասել է Ֆինանսների նախարարը:
Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ավելի մանրամասն կքննարկվի խորհրդարանում: «Հարգելի գործընկերներ, ուզում եմ բարձրաձայնել 2018թվականից հետո մեր բյուջեի եկամտային մասի աճի տվյալները։ 2019 թվականին 2018 թվականի համեմատ բյուջեի եկամտային մասն աճել է մոտավորապես 400 մլն դոլարով։ 2020 թվականին 2018թ համեմատ աճել է շուրջ 800 մլն դոլարով։ 2021 թվականին 2018 թվականի համեմատ բյուջեի եկամտային մասն աճել է շուրջ 556 մլրդ դրամով։ Եկեք դա համարենք մոտավորապես 1 մլրդ և մի քիչ ավելի դոլար: 2022 թվականին 2018 թվականի համեմատ եկամտային մասն աճել է 794 մլրդ դրամով, որը կարող ենք համարել մոտ 2 մլրդ դոլար։ 2023 թվականին մենք սպասում ենք մոտավորապես 3 մլրդ դոլարով ավելի եկամուտ, քան Հայաստանի բյուջեն ունեցել է 2018 թվականին։ Իսկ 2024 թվականի պլանավորվածին, որը, իհարկե, 2023 թվականի հետ դեռ պետք է իրականացնենք, սպասվում է շուրջ 4 մլրդ դոլարով ավելի եկամուտ, քան 2018 թվականին։ Ըստ էության, 2018 թվականի համեմատ 2024 թվականի պետական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է նաև, որ ՀՀ կառավարության այս և մյուս տարվա խնդիրն է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: «Կապիտալ ծախսերի էական ավելացում ունենք նաև 2024 թվականի բյուջեում։ Կարծում եմ, որ հիմա կապիտալ ծախսերի այդ ծավալների պայմաններում, Կառավարության ծախսային արդյունավետությունն ավելի մեծ ազդեցություն ունի տնտեսական աճի վրա։ Նախկինում Կառավարության ծախսային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա էականորեն ցածր էր, և մենք հիմնականում մասնավոր հատվածին էինք խթանում: Հիմա նաև մասնավոր հատվածի հետ խթանելուն հավասար պետք է ուշադրություն դարձնենք մեր ծախսային քաղաքականության որակի վրա, թե ինչքանով մենք ժամանակին, որակով այդ ծախսերը կիրականացնենք, որը գեներացնում է մեր տնտեսական աճը, ինչը շատ կարևոր տնտեսական և քաղաքական նշանակություն ունի»,-նշել է գործադիրի ղեկավարը։
Կառավարությունը 360 մլն դրամ է հատկացրել ԼՂ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար
Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից 150 մլն դրամ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ, իսկ մնացած 7 մարզերին 210 մլն դրամ՝ յուրաքանչյուրին 30 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուների կենսաթոշակի վճարման հետ կապված հարցից, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Մենք հիմա արդեն ԼՂ մեր գործընկերների հետ աշխատում ենք: Այնտեղ տարբեր տեխնիկական խնդիրներ կան, այդ թվում՝ բազաների տվյալների հետ կապված: Աշխատանքները սկսել ենք ոչ միայն կենսաթոշակների, այլև ծերության, երեխայի խնամքի, հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների վճարման հարցերը կարգավորելու ուղղությամբ»:
Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է ինստիտուցիոնալ մոտեցման կարևորությունը, որպեսզի թոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների հետ կապված հարցերն արագ կարգավորվեն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում անձանց նույնականացման ուղղությամբ արդեն մեծ ծավալի աշխատանք իրականացված կլինի. «Եթե այսօր այդ նույնականացման տվյալները վերաբերում են ընդհանուր բռնի տեղահանված անձանց երկու երրորդին, ապա կարծում եմ՝ մեկ շաբաթ հետո ամբողջ ծավալով տեղեկությունների կտիրապետենք: Դրանք կլինեն ուղղակի ֆինանսական աջակցության տարբեր գործիքներ: Կարող է չկոչվեն կենսաթոշակներ, բայց ապահովության կամ հատկացման չափը այնպես կլինի, որ կհամապատասխանի յուրաքանչյուր խմբի հասցեական կարիքներին»:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ 221.676.000 դրամ է հատկացվել՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Գործադիրն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածների նորոգման համար
«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 22.5 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 15,2 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 7,3 կմ: 3 ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 188 մլն դրամ: Գումար է հատկացվել հետևյալ աշխատանքների համար՝ Պուշկինի թունելից-Գարգառ գյուղ տանող միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 4 կմ, 199 մլն դրամ, Փոքր Վեդի- Ոսկետափ- Ավշար միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 11.2 կմ, 600 մլն դրամ, Շաքի-Սիսիան-Տոլորս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 7.3 կմ, 388 մլն դրամ:
Գործադիրն ընդունել է որոշում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք–Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է ծրագրի կարիքների համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, Լեռնաձոր, Քաջարան բնակավայրերում ընդհանուրը 331 հողամասերի՝ ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ:
Նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, վաճառքը կամ վարձակալությունն իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով
Կառավարությունը հաստատել է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը, որը կնպաստի պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ, նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունն իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա Կոմիտեն։ Ըստ հիմնավորման՝ պետական գույքի կառավարումն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որոնց նպատակն է բարձրացնել պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և ավելացնել անշարժ գույքից ստացվելիք եկամուտները։ Որոշմամբ՝ հնարավորություն է ստեղծվում պետական գույքը վաճառել, վարձակալության տրամադրել էլեկտրոնային եղանակով, դրանով իսկ նպաստելով ծախսերի կրճատմանը, գործարքների թափանցիկությանը, հանրության լայն շրջանակներին տեղեկատվության հասանելիությանը, դրամական միջոցների փոխանցման ժամանակի կրճատմանը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մրցակցային առավելություններին և պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգը հնարավորություն կտա հանրությանն առցանց եղանակով դիմել և մասնակցել Կոմիտեի կողմից հայտարարվող աճուրդներին, հետևել դրանց ընթացքին՝ նվազագույնի հասցնելով պետական ծառայող-քաղաքացի անմիջական շփումների անհրաժեշտությունը:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակ-ներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը, ինչպես նաև այդ արտոնության շրջանակներում կիրառվող՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից քայլեր են իրականացվում հարկային եկամուտների ընդլայն-ման ուղղությամբ: Կրճատվում են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները: Ներկա փուլում խնդիր է դրված ոչ միայն ձեռնպահ մնալ նոր հարկային արտոնությունների տրամադրումից, այլ նաև կիրառությունից հանել բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր/օգուտներ հարաբերակցության տեսանկյունից։ Բացի այդ, հատկանշական է նաև այն, որ խնդրո առարկա արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսավարող սուբյեկտների շրջանում:
Կառավարությունը հավանություն է տվել «Պրոբացիայի ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում, Կառավարության ծրագրին համապատասխան, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար:
Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակն ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումների վերանայում է, օտարվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի թերհայտարարագրման կանխարգելումն է` եկամտի հաշվառման առանձնահատկություններ սահմանելու միջոցով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայումն է:
Այլ որոշումներ.կվերականգնվի Արամի փողոցի վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքը
Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեի հուշարձան-շենքի փոփոխման մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը տասնյակ տարիներ լքված լինելու արդյունքում գտնվում է անմխիթար և վթարային վիճակում, արժեքավոր զարդանախշ փայտյա դետալներն ու պատերը մթնոլորտային տեղումների ազդեցությամբ գտնվում են շարունակական քայքայման պայմաններում: Հուշարձան-շենքի վիճակի վատթարացումը կանխելու, և շահագործումը ապահովելու նպատակով պատվիրվել է նախագիծ, ինչը ներառում է նաև հուշարձան-շենքի փոփոխում՝ ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման նպատակով, պայմանավորված գոյություն ունեցող նորմերի պահանջներով: Ըստ այդմ՝ նախատեսվում է խարխուլ և վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքի ամրակայում, վերականգնում, ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման հնարավորություն, կցակառույց աղավաղումների ճարտարապետական տեսքի բարելավում, օգտագործելի մակերեսների ավելացում, վերելակի տեղադրում:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է հայկական խաչքարագործության հարուստ արվեստի նմուշը՝ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն բնակավայրի տարածքում գտնվող Որմնափակ կոթողից պահպանված 13-րդ դարով թվագրվող սբ․ Պողոս-Պետրոսի պատկերները կրող խաչքարի կրկնօրինակը ներկայացնել արտերկրում՝ հայկական մշակութային արժեքների տարածման և հանրահռչակման հանգամանքով։ Ըստ այդմ՝ սբ․ Պողոս-Պետրոսի պատկերները կրող խաչքարի կրկնօրինակը նվիրաբերվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նաումբուրգ քաղաքի սբ․ Պողոս-Պետրոս տաճարին։
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Նորք-Մարաշ Ա. Արմենակյան փողոց 100/11 հասցեում գտնվող անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տեխնոտուն» ՍՊԸ-ին՝ հասարակական նշանակության ընտանեկան ժամանցի և հանգստի անցկացման ընդհանուր օգտագործման տարածքներ կառուցելու համար՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։