Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը 1 միլիարդ 370 միլիոն դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար

02.11.2023

ևս 15 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար: 950 մլն դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար: 420 մլն դրամ էլ կհատկացվի 100 000 դրամի չափով միանվագ դրամական սոցիալական աջակցությունը տրամադրելու համար:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, այս պահի դրությամբ 40+10 հազար ծրագրից օգտվել է 73 հազար 196 անձ, նրանցից 3997–ը ստացել է միայն 10 հազար դրամ։ Ըստ նախարարի՝ հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակել հոկտեմբեր ամսվա վճարումները և գումար տրամադրել 19 հազար անձի: Արդյունքում՝ 40 և 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի ավելի քան 92 հազար շահառուի, իսկ 100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումները, որոնց գերակշիռ մասն անչափահասներ են։ «Մենք նաև որոշել ենք, որ պետք է վճարներ տրամադրենք 2022 թ. դեկտեմբերից հետո, այսինքն՝ շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին, այն մարդկանց, որոնց Լաչինի միջանցքի ապօրինի փակման ընթացքում են եկել Հայաստան՝ այլ միջոցներով կամ Կարմիր խաչի միջոցով»,– ասել է նախարարը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչի հետ են կապված 100 հազար դրամ միանվագ աջակցության վճարումների ուշացումները, Նարեկ Մկրտչյանը նշել է, որ դիմումների մուտքագրման ընթացքում տարբեր խնդիրներ են առաջացել, մասնավորապես՝ եղել է, որ ծնողները երկու դիմում են լրացրել մեկ երեխայի համար կամ ծննդյան վկայականի փոխարեն կցել անձնագրի լուսանկարը։ Ըստ նախարարի՝ վճարումները շաբաթական կտրվածքով հաստատելուց առաջ կրկին ստուգվել են, թե շահառուներից քանիսն են գտնվում ՀՀ-ում, որպեսզի ավելի հասցեական ու արդյունավետ տրամադրվի աջակցությունը։

Անդրադառնալով աջակցության գումարները կանխիկ եղանակով տրամադրելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում որևէ պետական վճարում կանխիկ եղանակով չիրականացնել, որովհետև մենք ինչ-որ տեղեր խորշեր ենք թողնում, որը մեզ համար տեսանելի և կանխատեսելի չի: Մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծեք»:

Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ մնալ, ապրել և աշխատել ՀՀ-ում. «Նորից ուզում եմ այս դիրքորոշումն ասել և դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին: Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն ու ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում»:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ բավականին մեծ հոսք կա՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: «Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործը կազմակերպեք, իհարկե, դա նաև ունի օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն: Այստեղ նաև բոլորս՝ Կառավարությունը և պետական մարմինները, պետք է հնարավորինս արագ աշխատենք, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի հնարավորինս ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն, և նաև շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների շրջանակում սպասվում է 50+50 ծրագրի իրականացումը: «Եվ հետագայում՝ քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով արդեն պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Թեմայի առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։ «Ընթացակարգային խնդիրներ կան: Դիմում է՝ համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փաթեթն էլ կվերջնականացնենք: Հուսով եմ՝ Կառավարության հաջորդ նիստում այդ կարգավորումների պարզեցումը կհաստատենք։ Եվ դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից, երբ իրենց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այն աջակցությանը, որ հիմա տալիս ենք»,-ասել է փոխվարչապետը։

Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք թոշակները ստանալու համար շահառուները որևէ գործողություն պետք է կատարեն, Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է. «Եթե մեկը որոշել է այդ իրավակարգավորումներով առաջ շարժվել՝ դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա որևէ խոչընդոտ չկա, որ գործող իրավակարգավորումներով նշանակվի այդ կենսաթոշակը։ Մեր կարգավորումների նպատակն այն է, որ հավաքական կարգավորում ձևավորենք, որ այդ անհատական դիմումները և վերահաշվարկների կարիքը մեղմենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ շատ ընթացակարգեր պարզեցնենք»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աջակցության ծրագրերին, նշել է. «Մեզ համար կարևորագույն խնդիրը հետևյալն է՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի տեղավորման հարցում, այս ուղղություններով աշխատանք արվում է»:

Հաստատվել է համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատել է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգել համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորման ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման, հաստատման և պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները։ Ի տարբերություն գործող օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցաների տրամադրման կարգի, կարգով սահմանվում են սուբվենցիոն հատկացումների գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունների ավելի պարզեցված մեխանիզմներ, որպեսզի բուն մասնակցային գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված սուբվենցիոն ծրագրերը հնարավոր լինի իրականացնել տվյալ՝ 2024 թ. բյուջետային տարում։ Նախատեսվում է հաստատվող կարգի գործողությունը տարածել ՀՀ 2024 թ. բյուջետային գործընթացի ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա և փորձարկել Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում: 2024 թ. հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն՝ ելնելով կարգի կիրառման արդյունքներից: ՀՀ 2024 թ. բյուջետային գործընթացի շրջանակում պետության գործուն մասնակցությամբ վերոհիշյալ համայնքները հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար՝ սահմանված սահմանաչափերով ստանալու սուբվենցիաներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանմամբ հնարավորություն կստեղծվի տեղական ինքնակառավարման մակարդակում ակտիվացնել բնակիչներին՝ հանդես գալու իրենց համար ամենակարևոր, հրատապ և արդի խնդիրների լուծման նախաձեռնություններով, կակտիվանա նրանց մասնակցությանը ծրագրային առաջարկությունների առաջադրման, քննարկման, որոշումների կայացման գործընթացում։ 2024 թ. բյուջետային գործընթացի շրջանակում պիլոտավորվող համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրագործմամբ հնարավորություն կստեղծվի համայնքային մակարդակում կուտակված փորձի տարածման և մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Հիմա մենք որոշում ենք ներգրավել նաև քաղաքացիներին: Ծրագրային որոշակի շրջանակներում քաղաքացիներն իրենք կարող են էլեկտրոնային հարթակների միջոցով առաջարկել, որ եկեք, հաջորդ տարի մեր քաղաքում իրականացնենք այս ինչ նախագիծը, դա կարող է լինել սուբվենցիոն տրամաբանության մեջ: Համայնքներն իրենք կորոշեն, թե ինչ շրջանակ պետք է լինի, այսինքն՝ ինչին դա կարող է վերաբերել՝ ենթակառուցվածքներ, կրթություն, մշակույթ և այլն: Այդ առցանց հարթակում տեղի է ունենում քննարկում, ենթադրենք՝ ասում ենք, որ եկեք հաջորդ տարի մեր քաղաքի այսինչ զբոսայգին վերականգնենք, վերանորոգենք: Տեղի է ունենում քննարկում, և եթե քաղաքացիներն այդ ծրագրին հավանություն են տալիս սահմանված ընթացակարգերով, այդ դեպքում Կառավարությունն առնվազն 80 տոկոս ֆինանսավորում է քաղաքացիների կողմից որոշված ծրագիրը: Սա չի նշանակում, որ սուբվենցիոն հին համակարգը չկա: Հին համակարգն էլ կա, և մենք նոր կոմպոնենտ ենք առաջարկում, որի արդյունքում քաղաքացիները հնարավորություն են ունենում իրենց նախագծերն առաջ մեղել: Ենթադրում եմ, որ սրա շուրջ հանրային որոշ նախաձեռնություններ կձևավորվեն և այլն: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մենք ունենանք առաջինը՝ քաղաքական կամք, ինչն ունենք, երկրորդը՝ առցանց պատշաճ հարթակներ, որպեսզի վստահելի պրոցեսներ տեղի ունենան այնտեղ:

Հիմա մեր միջազգային գործընկերների աջակցությամբ չորս համայնքում վստահելի էլեկտրոնային առցանց հարթակներ ունենք՝ Աշտարակ, Աբովյան, Արմավիր և Ջերմուկ: Սա փորձնական ծրագիր է, և 2024 թվականի բյուջեի շրջանակներում մենք արդեն միջոցներ ենք նախատեսել: Այնպես, որ նշված համայնքների մեր հարգելի բնակիչներն արդեն կարող են մտածել նախաձեռնությունների մասին, որոնք, իհարկե, չեն կարող լինել իրենց բյուջեով անսահմանափակ: Շատ նրբություններ կան, որոնք մենք էլ հընթացս կհասկանանք: Առաջինը՝ մեխանիզմը գործարկում ենք, հընթացս կհասկանանք, թե ինչ ճշգրտումներ պետք է անենք: Սա կարծում եմ՝ քաղաքական և տեղական ինքնակառավարման գործիքները զարգացնող շատ կարևոր գործիք է»:

Կբարձրացվի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկել այն համայնքների հայտերը, որոնց նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը 90 տոկոս և ավելի է։ Իսկ 90 տոկոսից ցածրի դեպքում՝ սուբվենցիայի հայտը ենթակա է քննարկման Միջգերատեսչական հանձնաժողովում, ընդ որում համայնքի կողմից ներկայացված հավաքագրման թերկատարման վերաբերյալ հստակ հիմնավորումների և թերկատարման բարելավմանն ուղղված ձեռնարկվող քայլերի հիման վրա։ Առաջարկվում է՝ սուբվենցիայի ամբողջական փաթեթում նախադպրոցական հաստատությունների, հասարակական շենքերի և քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների կառուցման ու վերակառուցման դեպքում՝ դրանց շահագործման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքը: «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» և «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» ուղղությունների համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը բարձրացնել 5 տոկոսով՝ դարձնելով այն 65-ից 70 տոկոս՝ 60-70 տոկոսի փոխարեն։ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» ուղղությունը առանձնացնել՝ բնական քարերով սալարկման համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը սահմանելով 55-ից 75 տոկոս, իսկ բետոնե սալիկներով հիմնանորոգման համար՝ 30-ից 50 տոկոս։ Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» և « Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» ուղղություններում ներառել նաև տվյալ օբյեկտի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերումը, որի տեղաբաշխման նախագիծը պետք է մաս հանդիսանա ընդհանուր նախագծանախահաշվային փաստաթղթերի։ Միաժամանակ որոշմամբ առաջարկվում է ազգային փոքրամասնություններով բնակեցված և մինչև 100,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքներին պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնել 5 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությունից առանձնացնել աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի և գույքի ձեռքբերումը և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժին սահմանելով 50-ից 65 տոկոս։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների բյուջեների հետ կապված կարգավորումը և նշել. «Դա չափազանց կարևոր է, բայց նաև ասեմ հետևյալը, որ մարզպետարանների աշխատակազմերի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները լսելով, գոնե զեկույցների մակարդակով, ես ոչ մի տեղ չեմ հիշում, որ որևէ տեղ հավաքագրումները 90 տոկոսից պակաս լինեին։ Այսինքն` մենք հիմա գործնականում 90 տոկոսից պակաս չունենք, բայց լավ է այս նշաձողը դնել, հետո կամաց-կամաց պետք է պահանջներն ավելի խստացնել»։

Վարչապետը սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում ընդգծել է բետոնե սալիկների փոխարեն բնական քարերի օգտագործումը, ինչը շատ ավելի նախընտրելի է, ծախսի առումով՝ արդյունավետ։ Կառավարության ղեկավարն առաջարկել է դրա հետ կապված համապատասխան լրացումը կատարել որոշման մեջ:

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը, մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 248 մլն 546 հազար դրամ գումարի շրջանակներում՝ այն ուղղելով 2021-2022թթ.-ին կառուցված/հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը, մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը: Մասնավորապես, 248,546.6 հազար դրամ նախատեսվում է հատկացնել Արմավիրի մարզի Փշատավանի, Սարդարապատի միջնակարգ և Արմավիրի հ. 8 հիմնական դպրոցների դպրոցների մարզադահլիճների վերակառուցմանը: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում կառուցված Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները գույքով ապահովելու նպատակով նախատեսվում է հատկացնել 59,508.0 հազար դրամ: «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգված ավագ դպրոցները գույքով ապահովելու նպատակով կհատկացվի 95,361.8 հազար դրամ: Այդ հաստատություններն են՝ Երևանի Ա. Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոցը, Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը, Գյումրու Ակադեմիական վարժարանը, Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցը, Գորիսի Ա.Բակունցի անվ.թիվ 1 ավագ դպրոցը: Նախատեսվում է նաև ոչ մոդուլային՝ Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ և Ալավերդու Ստ.Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցների գույքով ապահովում, որի համար կհատկացվի 63,646.0 հազար դրամ: Բարեգործական ծրագրերով հիմնանորոգված Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գույքով ապահովման համար կհատկացվի 15,002.3 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխման միջոցով 279 մլն 945 հազար դրամ կհատկացվի մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, Գեղարքունիքի մարզի թվով 96 դպրոցի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀԾ-Ձեռնարկություն ծրագրով ապահովմանը: Նախատեսվող հատկացումները հիմնականում պայմանավորած են 2023թ.-ին ավարտվող շինարարական օբյեկտների գույքով ապահովման անհրաժեշտությամբ: Նշվածը վերաբերում է թվով 6 մոդուլային դպրոցի և Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում կառուցված և կառուցվող թվով 8 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին: Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ ընտրված է 25 հաստատություն, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են (Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոց), ևս 9-ինը ավարտվում է այս տարի։ 2022թ.-ին պետբյուջեի միջոցների հաշվին որոշակի տեսակների և քանակությամբ գույք է հատկացվել թվով 6 դպրոցի (Դեղձուտ միջնակարգ դպրոց, Արգինայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց, Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց և Եղեգիսի միջնակարգ դպրոց): Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 66,103.3 հազար դրամ մոդուլային դպրոցների գույքով ապահովման համար: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ նախատեսված է թվով 7 դպրոցի կառուցման ավարտ, որի համար նախատեսվում է հատկացնել 141,148.9 հազար դրամ: Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել էր 2021թ.-ին: Գույքի ձեռքբերման համար գումար է հատկացվում նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին թվով 96 դպրոցի գույքի ձեռք բերման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս առաջարկություններ, նախաձեռնություններ, որոնք ավելի են լավարկում այդ ծրագրերը: Անդրադառնալով դպրոցների գույքով ապահովմանը՝ վարչապետը մեկ անգամ էլ հանձնարարել է, որ այդ գործընթացում բացառել հին գույքերի ներգրավումը:

Կառավարությունը շարունակում է հանրապետության ճանապարհների բարելավման աշխատանքների ապահովումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ հանրապետության ճանապարհների բարելավմանն ուղղված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Ըստ այդմ, վերաբաշխման միջոցով գումարներ կուղղվեն՝ 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության, 4 ճանապարհահատվածների նախագծերի կազմման, ծախսերի գնահատման և փորձաքննության, 1 տրանսպորտային օբյեկտի (թունել) նախագծերի կազմման, ծախսերի գնահատման, ինչպես նաև թվով 3 տրանսպորտային օբյեկտների (կամուրջ) նախագծերի կազմման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման և 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի կազմման, ծախսերի գնահատման ծառայությունների 30 տոկոսի վճարման համար։ Այսպիսով՝ հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել՝ 945,203.6 հազ. դրամ, միջին նորոգման համար՝ 2,518,783․7 հազ․ դրամ: Ընդամենը՝ 3,463,987․3 հազ․դրամ։ Հիմնանորոգվող և միջին նորոգվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 53.5 կմ (6,6 կմ հիմնանորոգում, 46.9 միջին նորոգում)։

Գումար կհատկացվի, մասնավորապես՝ Հ-7 ավտոճանապարհի Չարենցավան համայնքի տարածքում գտնվող 2.6 կմ, Տ-3-11 ավտոճանապարհի Նալբանդյան համայնքից դեպի Նոր Կեսարիա 4 կմ հատվածների հիմնանորոգման, Մ-16 ավտոճանապարհի Սարիգյուղ համայնքի տարածքում գտնվող հատվածում ջրահեռացման համակարգերի կառուցման, Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի 1.1 կմ հատվածի հիմնանորոգման համար:

Կիրականացվեն նաև Մ 2 ավտոճանապարհի Տափերականից դեպի փոքր Վեդի, Ոսկետափ, Ավշար 11. 278 կմ, Մ 17 ավտոճանապարհի Շվանիձորից դեպի Մեղրի 17. 2 կմ, Մ-10 ավտոճանապարհի Աղնջաձորից դեպի Քարագլուխ, Սալի 3․ 934 կմ, Հ-6 ավտոճանապարհի Աբովյանից դեպի Նոր Հաճն, Նոր Գեղի Եղվարդ և Մոտեցում Եղվարդին 14. 49 կմ հատվածների միջին նորոգման աշխատանքներ:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ կիրականացվեն Հ-1 ավտոճանապարհի Վ. Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ տանող 5 կմ, Զարինջայից դեպի Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ հատվածների հիմնանորոգման, Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի Ուրցաձոր-Մադինա հատվածի, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից դեպի Հանքավան տանող ավտոճանապարհի կառուցման համար:

Կիրականացվեն նաև Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի համայնքի սահմաններում փլուզված հենապատի վերականգնման, Հ-13, Դաշտավանի կամուրջի հիմնանորոգման, Տ-3-36, Այգեշատի կամուրջի հիմնանորոգման, Մ-7, Նալբանդի թունելի հիմնանորոգման աշխատանքներ:

ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել. «Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը: Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրեցի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը:

Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է: Իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»:

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ հիմնավորման, սեպտեմբերի 29-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին ամսական տրամադրվում է 300.000 դրամի չափով աջակցություն:

Երևանում և Գյումրիում գտնվող պետական գույքերը ներկայացվել են օտարման

Գործադիրի որոշմամբ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք. Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքը նախկինում շահագործվել է, որպես ուռուցքաբանական դիսպանսեր, սակայն տևական ժամանակ է չի շահագործվում և ունի հիմնովին վերանորոգման կարիք։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝ 242 880 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 108 029 դրամ։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Երևանի Արաբկիր համայնքում գտնվող Ն. Զարյան փողոցում գտնվող անշարժ գույքերը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 2023 թ. մարտի 3-ի դրությամբ գույք 1-ի գնահատված շուկայական արժեքը կազմում է 228 600 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը` 29 943 775 դրամ։ 2023 թ. ապրիլի 28-ի դրությամբ գույք 2-ի գնահատված շուկայական արժեքը կազմում է 38 200 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը` 4 189 120 դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի կիսանորոգված շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Խոյ համայնքին: Համայնքը նախատեսում է Աղավնատուն գյուղի Ռ. Ավագյան փողոց 11/1 փողոց հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերանորոգել և շահագործել որպես մանկապարտեզի շենք՝ համայնքում մշակութային կյանքի զարգացման, նախադպրոցական կրթության որակի բարելավման, բնակիչների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու համար: Այդ նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում 12 ամիսների ընթացքում կիրականացվի 311 724 000 ՀՀ դրամի ներդրում, որից 95 797 200 ՀՀ դրամ կներդրվի Խոյ համայնքի կողմից։

Արագածոտնի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ.1, Կոշի և Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր կառանձնացվեն և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Գործադիրն ավելի քան 620 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620,620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը: Ըստ հիմնավորման՝ մետրոպոլիտենում ներկայումս շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս: Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա են թվով 270 հատ ժամկետանց և 40 հատ արատային ռելսեր: Որոշման ընդունման արդյունքում ՝ կապահովի Երևանի մետրոպոլիտենի թվով 32 անվազույգերի և 4300մ ռելսերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացումը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել սնանկության վարույթը` սկսած դրա հարուցումից մինչև վարույթի ավարտը, էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ, մասնավորապես անդրադառնալով՝ կամավոր սնանկության չարաշահման դեպքերին ու պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկին, սնանկության կառավարիչների ինստիտուտի որոշ հարցերի, պարտատերերի ժողովների անցկացման եղանակներին, պարտատերերի պահանջների հնարավորինս բավարարման և պարտապանի վճարունակության վերականգնման, ֆինանսական առողջացման և աճուրդների վերաբերյալ կարգավորումներին: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, սնանկության գործով տեղեկատվությունը դատարանում փակցնելու պահանջը հանել, օրենքով կարգավորել պարտապանի գրավոր առարկության բովանդակությանը և կից անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները, հնարավորություն ընձեռել կառավարիչներին՝ ներկայացնել իրենց համար նախընտրելի ժողովի անցկացման վայրը, հստակեցնել ժամանակավոր կառավարչի և կառավարչի վարձատրության կարգը, հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը:

Հավանություն է տրվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, ««Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերին: Նախագծերի նպատակը էթիկայի և կարգապահական հարցերով դատավորին գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորության նախատեսումը և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի բարձրացումն է: Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվելու են, մասնավորապես, հետևյալ հիմնական փոփոխությունները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորել էթիկայի և վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողով, որը դատավորներին էթիկայի և վարքագծի կանոնների հարցերով կտրամադրի գաղտնի խորհրդատվություն, այդ թվում տրամադրված խորհրդատվությունների հիման վրա կմշակի և կհրապարակի տեղեկատվական ուղեցույց:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրն իրականացվում է 2016թ․-ից և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ծրագրի շրջանակում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց, ներկայումս ընթանում են 19 դպրոցի շինարարական աշխատանքներ, ևս մեկ դպրոցի կառուցման նպատակով հայտարարված է մրցույթ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքների իրականացման տարբեր փուլերում։ Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցները անցնում են միջազգային փորձաքննություն և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել ավելի քան 5900 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։ Հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ փոխարժեքի կուրսի տատանումը, շինարարական նյութերի թանկացումը, իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով։

Այլ որոշումներ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների միջև և 68,242.3 հազար դրամ ուղղել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Ըստ հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների բարելավմամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է վերաբաշխման միջոցով 61,584.7 հազար դրամ հատկացնել Քրեակատարողական ծառայությանը: Հիմնավորման համաձայն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի և վարչական մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների արդյունքում նախատեսվում է ունենալ գրեթե ամբողջությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հիմնարկ:

Կառավարությունը համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի 2023 թ. սեպտեմբերի 29-ի՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով կրճատելու, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը: Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել դատարանում քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը, գործերի բաշխման համաչափության ողջամիտ հարաբերակցության ապահովումը:


 

← Վերադառնալ