Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
ևս 5 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում, շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, որ մենք շատ ենք կարևորում մեր երկկողմ հարաբերությունները Գերմանիայի հետ, ինչը կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև առավել լայն տեսանկյունից։ Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դինամիկա։ Կարծում եմ՝ Ձեր այցը դրա լավագույն արտահայտությունն է և վստահ եմ՝ մենք այսօր կունենանք իրական հնարավորություն քննարկելու մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր»։
Իր հերթին Անալենա Բերբոքն ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Սա մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ արդեն կարևոր հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարությունում, այսօր այցելել եմ նաև Ձեր խաղաղապահ առաքելությանը, լսել եմ հայկական և գերմանական զինված ուժերի միջև համագործակցության մասին, ինչը մեր սերտ համագործակցության կարևոր ցուցիչ է։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ հնարավորություն ունենք այսքան խորքային մտքերի փոխանակություն ունենալ Ձեր կառավարության հետ այս դժվարին ժամանակներում, երբ այդքան կարևոր է համատեղ աշխատել Եվրոպական մայրցամաքի համար»։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Անալենա Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան նախատեսում է Հայաստանին ավելի քան 9 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է խաղաղությանը միտված գործընթացում Գերմանիայի և կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական ներդրումը: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: