Մամլո հաղորդագրություններ
Կառավարության որոշմամբ ԱՕԿՍ-ի շենքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին. Վարչապետն իր դժգոհությունն է հայտնել կոռուպցիոն գործերով դատական գործընթացների վերաբերյալ
- 1670x1113px - 777 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 631 Կբ
- 1670x1113px - 648 Կբ
- 1670x1113px - 710 Կբ
- 1670x1113px - 733 Կբ
- 1670x1113px - 667 Կբ
- 1670x1113px - 736 Կբ
- 1670x1113px - 758 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
- 1670x1113px - 721 Կբ
- 1670x1113px - 633 Կբ
- 1670x1113px - 737 Կբ
- 1670x1113px - 790 Կբ
- 1670x1113px - 713 Կբ
- 1670x1113px - 612 Կբ
- 1670x1113px - 745 Կբ
- 1670x1113px - 680 Կբ
- 1670x1113px - 718 Կբ
- 1670x1113px - 721 Կբ
- 1670x1113px - 635 Կբ
- 1670x1113px - 767 Կբ
- 1670x1113px - 715 Կբ
- 1670x1113px - 674 Կբ
- 1670x1113px - 760 Կբ
- 1670x1113px - 653 Կբ
- 1670x1113px - 699 Կբ
- 1670x1113px - 613 Կբ
ևս 25 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության նիստին ներկա են եղել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նիստին խորհրդի անդամների մասնակցությունը խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է նաև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվա հետ, որը ընդունվել է 1989 թվականի նոյեմբերի 20-ին։ «Խորհուրդը կազմված է 21 անդամից, որից 13-ն այսօր ներկա է նիստին: Խորհուրդը ձևավորված է երեխաներից: Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանն ու գործունեությանն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նիստին ներկա է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայկանդը: Նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին: Երեխաներ, ողջունում եմ ձեզ: Ինչպես պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դուք Կառավարության և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ համահավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվող գործով հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության, պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի, «ԱՕԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության, Գագիկ Սահադյանի և Ադելա Ստեփանյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, համաձայն որի Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։
Տարածքում առկա է նաև կարգավիճակը չպարզված շարժական գույք (կահույք, դաշնամուր,գրքեր), որի գույքագրման նպատակով հանձնարարվում է ԿԳՄՍ նախարարությանը եռամսյա ժամկետում իրականացնել գույքագրում և ՀՀ կառավարություն ներկայացնել դրա հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան առաջարկ։ Գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 490,695,059.0 ՀՀ դրամ։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը Երևանի Աբովյան փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող ԱՕԿՍ-ի շենքի մասին է, որը ժամանակին ապօրինի կերպով մասնավորեցվել է։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: «Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 701.4քմ, զբաղեցրած հողատարածքը՝ 467 քմ: Մի փոքր շտկում գույքի արժեքի վերաբերյալ՝ այն մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ է: 2011 թվականի դրությամբ շենքի և հողամասի շուկայական արժեքը գրանցվել է 1,5 մլրդ դրամ, ներկայիս շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է իմ կողմից նշված թիվը»:
Աննա Վարդապետյանը անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտին և նշել. «Դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ: Վերոնշյալ անշարժ գույքերի ցանկում ներառված են Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը»:
Նա հայտնել է նաև, որ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Ծաղկաձորի անտառի 5500 քմ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից:
2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Հաղթանակ զբոսայգու՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը: «Վարչական դատարանի ակտը կողմը բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ վարչական դատարանում նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարին»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանը հայտնել է նաև, որ բացի այդ, ներկայացվել են մի շարք հայցեր, որոնք վերաբերում են՝ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասին, Սախարովի հրապարակի մաս կազմող՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող գույքին, «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասն օտարելուն, «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը, «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին, «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը, Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասի վաճառքին, Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող՝ «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք հանդիսացող հողամասերի օտարման գործընթացին, Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված 31 հազար 780,0 քմ մակերեսով հողամասի օտարմանը, Հաղթանակ զբոսայգուն հարող Բաբայան և Ուլնեցու հատման հատվածներում գտնվող՝ ընդհանուր 8800 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացին:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել կոռուպցիոն գործերով դատական գործընթացների վերաբերյալ. «Պետք է ասենք, որ հանրությունը, ըստ էության, դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում՝ մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք։ Եվ հիմա, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, որոնց առումով արդյունքներ չունենք: Ուզում եմ այս առիթով իմ խորը մտահոգությունը հայտնել»։
Ըստ վարչապետի՝ գործադիր իշխանության համար սկզբունքային է եղել, որ գործընթացները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքին համապատասխան, և այդ ընթացքում շատ աշխատանք և էական բարեփոխումներ են կատարվել դատաիրավական համակարգում, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, Քննչական կոմիտեում, դատախազության համակարգում աշխատավարձերի բարձրացումը և այլն: «Բայց երբ այս ամենը փորձ ենք անում վերլուծել, տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց մեծ հաշվով չկան արդյունքներ։ Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացների մեջ, և ես օրինակ, տպավորություն ունեմ, որ կարող են այդ գործերը 25 տարի տևել։ Եվ սա մեծ խնդիր է, և կարող է տպավորություն թողնել մարդկանց շրջանում, թե կառավարությունը և կառավարող մեծամասնությունն, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային գործարքների մեջ են, որի արդյունքում այս բոլոր ձգձգումները տեղի են ունենում։ Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ մենք պետության ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր ենք համարում: Եվ կարևոր ենք համարում, որ ամեն ինչ տեղի ունենա իրավական ընթացակարգերով։ Բայց չենք կարող մեր դժգոհությունը չարտահայտել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են այդքան ձգձգվել»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ հակակոռուպցիոն պայքարի գործընթացում առկա է մեծ խնդիր: «Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք և բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ 2018 թվականից հրապարակային հայտարարել է , որ քրեական գործերն ուղղորդելու պրակտիկայից պետք է հրաժարվել, և այդ ճանապարհով են գնացել. «Եվ չի եղել մի քրեական գործ, որն առաջ չի գնացել քաղաքական կամքի բացակայության պատճառով: Սա քարտ բլանշ է: Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի մարդիկ չկան»:
Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար
Կառավարությունն ընդունել որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 2 մլրդ դրամ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 000 անձանց նոյեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: 2023 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ըստ այդմ, նախատեսվում է նրանց ցուցաբերել սոցիալական աջակցություն՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից։ «Նախ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավել գումար, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասել է նախարարը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 1 մլրդ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է 4.95 մլրդ դրամ (վճարվել է 99820 շահառուի)՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը սակայն չի բավարարել հոկտեմբերի գումարը բոլոր շահառուներին տրամադրելու համար:
Անդրադառնալով ընդունված որոշմանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրեցինք, բայց ես ուզում եմ մեկ կարևոր հանգամանք պարզաբանել: Սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Մենք արդեն այս միջոցառման շրջանակում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է նաև պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աջակցության այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ 100 հազարական դրամ միանվագ աջակցության ծրագրից օգտվել է 108336 անձ: Անդրադարձ է կատարվել նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն ամբողջությամբ ընդունվել է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Կգործարկվի էլեկտրոնային հարթակ, որին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր արդեն Լեռնային Ղարաբաղում ունեցել են այդ իրավունքը: Արդյունքում՝ ինքնաշխատ տարբերակով դա կընդունվի ի գիտություն, և նրանք կկարողանան իրացնել կենսաթոշակ, նպաստ ստանալու իրենց իրավունքը: Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր նոր են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, դիմում ներկայացնել, որից հետո սահմանված ընթացակարգով նրանց կենսաթոշակ կամ նպաստ կնշանակվի: Վերոնշյալ անձինք պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության որևիցե հասցեում:
Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը և նշել. «Մեր քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերաբերյալ հետևյալն է՝ այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան ԼՂ վերադառնալ՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Եվ պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, մենք վերլուծում և տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք, որպես այդպիսին, չկա: Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան: Առաջին օրերին կար բավականին անհանգստացնող թիվ գնացողների, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում էին հարազատների հրավերով և վերադառնում են: Մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է, ինչն, իմիջիայլոց, կարևոր ազդակ է մեր կողմից կայացվող որոշումները գնահատելու առումով, որովհետև սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշումները որոշակի շատ էֆեկտ են ունենում: Խնդրում եմ իմ խոսքերը չմեկնաբանվեն որևէ կերպ, թե մենք ասում ենք, որ այդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել ենք»:
Վարչապետի խոսքով՝ ինչ-որ պահի Հայաստանի կառավարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ կդառնա նույնը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ. «Գաղափարը հետևյալն է, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով»:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվին և նշել. «Ես պիտի նաև ուրախությամբ արձանագրեմ, որ 2023թ. հոկտեմբերի տվյալներով մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք և գերազանցել ենք 730 հազար թիվը: 2018թ. մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ, և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել: Մենք հույս ունենք, որ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի շուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքում մեր այս դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի»:
Կառավարությունն ավելի քան 87 մլն դրամ է հատկացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազ դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին: Ըստ այդմ՝ կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել էր մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ճարտարապետական ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռքբերումը, որի հիման վրա հոկտեմբերի 30-ին արդեն կնքվել է պայմանագիր: Ըստ նախարարի՝ այն պետք է իրականացվի երկու փուլով և երեք վճարմամբ. «Այս պարագայում իրականացնում ենք կանխավճարը, որին կհաջորդեն առաջին և երկրորդ փուլերը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 597 մլն 245 հազ դրամ, ընդ որում՝ սա առավելագույն արժեքն է. շուրջ 193 մլն դրամը կծախսվի, եթե բացի հիմնական տեղամասից կարիք լինի անդրադառնալ նաև պահեստային՝ Հայֆիլմի տարածքի նախագծման աշխատանքներին»,-նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն տեղի է ունեցել ծրագրի պատասխանատու ճարտարապետի և ուրբանիստի աշխատանքային այցը. հաջորդը այցն ակնկալվում է դեկտեմբերի 11-12-ին: «Նախատեսվում է առաջին փուլի արդյունքները՝ նախագծի նկարագրությունը, հատակագիծը և տեսլականը, ստանալ մինչև փետրվարի վերջ: Այնուհետև կլինի երկրորդ փուլի՝ ամբողջական կոնցեպտուալ հատակագիծը, որում ներառված կլինեն ճանապարհափողոցային ցանցի, տեղանքի, շենքերի, լանդշաֆտի, ճարտարագիտական ենթակառուցվածքների և մնացած բոլոր մանրամասները: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև ապրիլ»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք հաստատուն քայլերով ընթանում ենք «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման ճանապարհով: Մենք հիմա արդեն, ըստ էության, առաջին գործնական փուլն ենք մտնել, երբ Հայաստանի և Գերմանիայի Դաշնությունը ներկայացնող գործընկերների աջակցությամբ սկսում ենք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները: Այսինքն՝ պետք է արդեն տեղանքը վերլուծվի ճարտարապետական խնդրի իրագործման տեսակետից: Պետք է լուծվեն նաև ամենատարբեր հարցեր, սկսած՝ այնտեղի ջրամատակարարման, էներգամատակարարման, կոյուղու և այլնի հետ կապված: Եվ արդեն կոնկրետ շենքերի տեղադիրքի վերաբերյալ պետք է իրականացվեն առաջարկություններ: Մենք մտածում ենք, որ այնտեղ կունենանք նաև մեր ազգային ստադիոնը, ինչը շատ կարևոր է»:
Վարչապետն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ կառուցողական աշխատանք է իրականացվում. «Ես համոզված եմ, որ ծրագիրն իրականացնելու ենք գործնականում: Իհարկե, պետք է նաև ասել, որ սա մեկ անգամյա գործողություն չէ. մենք այն, ինչ ուզում ենք պլանավորել, ուզում ենք պլանավորել 100-ամյա կտրվածքով, որ ամեն փուլ հաջողությունից հետո՝ էլ ինչ ռազմավարական զարգացման հեռանկար և հնարավորություն պետք է պահպանենք և ստեղծենք Ակադեմիական քաղաքի համար: Կարծում եմ՝ շատ սկզբունքային, ռազմավարական նշանակության հարց է, որ մենք այս ծրագիրն իրականացնենք պատշաճ ձևով, մակարդակով և ժամանակին»:
Կփոխհատուցվի ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
ԼՂ-ից բռնի տեղահանված և սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ-ի նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների, որոնք սահմանված կարգով հրամանագրված տեղափոխված են ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ, 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից իրականացրել է հավաքագրման աշխատանքներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների մասով։ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ հավաքագրվել է՝ 1836 շահառու (1728 բակալավրի կրթական ծրագրով, 108 մագիստրոսական կրթական ծրագրով), որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 440 մլն դրամ: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններից հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են պայմանավորված ուսանողների շարժով։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գումար է հատկացնում քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողի համար՝ 402 մլն դրամի չափով: Նախարարն ընդգծել է նաև՝ եթե պարզվի, որ կան ուսանողներ, որոնք դեռ ընդգրկված չեն այս ծրագրում, նրանց հետ կապված լրացուցիչ որոշում կկայացվի։
Նախատեսվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեկային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը
Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող` տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչպես նաև հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է: Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝ 2027 թ. հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի, 2029 թ. հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի: Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիփոթեկային վարկերի կամ նոր բնակարանների ձեռքբերման էսքրոու հաշիվների կառավարմանը վերաբերող օրենքի նախագծին, որը վերջերս ընդունվել է խորհրդարանում: «Խոսքը հիփոթեկային վարկերի կառավարման հաշիվների մասին է, և մենք կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունները կարող են օգտագործել քաղաքացիների կողմից վերցրած հիփոթեկային վարկերի գումարները։ Սա մեր շուկայի ակտիվության պայմաններում չափազանց կարևոր քայլ է սպառողների իրավունքները պաշտպանելու համար։ Կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ են դրվել։ Ընդ որում, 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև կարգավորում, որ նոր ձեռքբերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանն արդեն փաստացի բնակարանատիրոջը, գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած քաղաքացին սեփական աչքերով տեսնի և շոշափի, և արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը և ընդհանրապես շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի և շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան:
Հաջորդ կարգավորումը վերաբերում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շինարարական կազմակերպությունները քաղաքացիների այդ էսքրոու հաշիվների գումարները, ըստ էության, առանց լրացուցիչ նախապայմանների կարող են օգտագործել միայն 50 տոկոսով, իսկ մնացած 50 տոկոսը կարող են օգտագործել՝ ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի, որը նույնպես շատ կարևոր է։ Իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից մեղմ կարգավորմամբ մենք սկսում ենք այս հարցը լուծել այնքանով, որ շինարարական կազմակերպությունները առանց պայմանի կարող են օգտագործել քաղաքացիների կողմից ներդրված գումարի 70 տոկոսը, և արդեն 2025 թվականից պետք է 50/50 հարաբերակցություն լինի։ Կարծում եմ՝ էական կարգավորում է շուկայում հարաբերությունները ճիշտ դասավորելու և սպառողների իրավունքները պաշտպանելու նկատառումով»,- ասել է վարչապետը:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:
Հավանության է արժանացել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություններն էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է ՀՀ առևտրային բանկերից՝ ՀՀ կենտրոնական բանկի միջոցով` մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային կարգապահության մակարդակը, ապահովել հարկային մարմնին վերապահված հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետությունը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը: ՀՀ ավիացիոն իշխանությունները կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ օրենսդրության համաձայն ներկայումս մատուցում են մի շարք ծառայություններ, որոնց համար սակայն չեն գանձում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պետական տուրք ծառայությունների 13 խմբերի (ներառում է 156 ծառայություններ) համար, մասնավորապես՝ աերոդրոմի, ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում և սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում, աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում), օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն և համաձայնության տրամադրում կամ մերժում և այլն: Նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները:
Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած դրամական օգնության տրամադրման շարունակականությունը: 38 անձանց 5 ամսվա (2023թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների) համար՝ ամսական 68000 դրամ օգնությունը տրամադրելու համար կհատկացվի 12,920 հազար դրամ: Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2023 թվականի հուլիսը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։
Փոփոխություններ՝ Պատվաստումների ազգային օրացույցում. ջրծաղկի դեմ պատվաստումները կիրականացվեն
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է Պատվաստումների ազգային օրացույցում: Արդյունքում՝ նախատեսվում է ջրծաղկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում: Ինչպես նաև ներդնել COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում և վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով: Ըստ հիմնավորման՝ ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրումը նախատեսվում է իրականացնել 2024 թ.-ից: Ներկայում, Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության՝ շարունակվում է նաև COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում ԱՀԿ-ն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ, մասնավորապես՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաջնահերթության, COVID-19 պատվաստանյութերի գլոբալ ազդեցության օպտիմալացված մոտեցումներով՝ հիմնված հանրային առողջության նպատակների, գլոբալ և ազգային հավասարության, պատվաստանյութերի հասանելիության և ընդգրկվածության սցենարների վրա: Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, որոնց թվաքանակը վերջին տարիներին աճման միտումներ է դրսևորում: Հետևաբար, հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունը և վերջինիս ծախսարդյունավետությունը, առաջարկվում է կատարելու համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ վարկային ծրագրի շրջանակում իրականացվում են Գեղարքունիքի մարզի Մարտունի բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները: Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 61,835 հազար դրամ: Արդյունքում կավարտվեն Մարտունի բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները, կկատարվի Մարտունի բժշկական կենտրոնի հագեցումն ու արդիականացումը:
6 ամսով կերկարաձգվի կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Գործադիրն ընդունել է ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու վերաբերյալ որոշում: Ըստ այդմ` առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվեն «Էյ Էմ գրուպ» և «Սեմիցվետ» ընկերությունները:
«Էյ Էմ գրուպ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների, ֆասադների, բազրիքների, ապակյա կառույցների և այլ նմանատիպ արտադրատեսակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և արտադրական շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:
«Սեմիցվետ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել Ecodentrix ատամի մածուկների և բերանի խնամքի պարագաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ներկայումս իրականացվում է 35 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում (սարքավորումների ձեռքբերում, պահեստների կառուցում) և 18 մլն դրամի ներդրում՝ հետազոտությունների իրականացման, նոր բաղադրատոմսերի ու ապրանքների մշակման և գովազդի համար։ Ներկայումս առկա է 2 աշխատատեղ 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2028 թ.-ը ընկած ժամանակահատվածը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 28-ի՝ 150,000 դրամից մինչև 300 000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 212 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12 մլն դրամ։
Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներում կատարել վերաբաշխում: Ըստ այդմ՝ գումար կուղղվի 9 ճանապարհահատվածների և 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թ.-ին իրականացնելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցելու, 2 ճանապարհահատվածում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքների ավարտման կապակցությամբ չվճարված 5 տոկոսների վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ:
Միջազգային համագործակցություն
Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ 5 մլն եվրո արժողությամբ պայմանագիրն ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։ Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչը, որի ներքո մետրոյի գոյություն ունեցող դրենաժային թունելը հորատանցման եղանակով երկարացվել է 930 մետրով, ներկայում իրականացվում են մետրոյի վազորդային թունելներում դատարկությունների լցոնման, հակակոռոզիոն, դրենաժային աշխատանքներ, նախատեսվում է ամրակապի դետալների մատակարարում: Ծրագրի ինժեների և Երևանի մետրոպոլիտենի հաշվարկով հիշյալ բաղադրիչի իրականացումից հետո մնալու են ազատ վարկային միջոցներ մոտ 2 մլն եվրոյի չափով, որը Երևանի մետրոպոլիտենը մտադիր է ուղղել լրացուցիչ աշխատանքների և բաղադրիչների ֆինանսավորմանը, այդ թվում՝ դեպոյի արդեն վերանորոգված տանիքի ֆինանսավորում, դռների վերանորոգում, շարժասանդուղքների ձեռքբերում և տեղադրում, անվասայլակների և անվազույգերի շրջանակների նորոգումը, կաբելների հենակների ձեռքբերում, մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում, դեպոյի ջեռուցման, լուսավորության և հրշեջ ազդանշանման համակարգերի տեղադրում: Ըստ այդմ՝ ներկայում նախատեսվում է վերոհիշյալ ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրումը, որով վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023թ. դեկտեմբերի 28-ը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ է: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Այն հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը: Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:
Այլ որոշումներ. կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 71 անձի խնամքը կազմակերպել Նորքի տուն-ինտերնատում, Երևանի N 1 տուն-ինտերնատում, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատուն և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում: 71 անձի խնամքի տրամադրման նպատակով անհրաժեշտ է պետբյուջեով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 25.5 հաստիքների` բուժքույր, սանիտար, հոգեբան, ինչպես նաև սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և այլ ծախսերի համար։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկության համար անհրաժեշտ շարժական տնակների ձեռքբերման, ոստիկանության հաշվառման-քննական բաժիններում քննություն հանձնելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները տեսախցիկներով կահավորման, ՕԿԿ-ների և պարեկային ծառայության անխափան և օպերատիվ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ-ի տարածքում անգարի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Մասնավորապես՝ 60,8 մլն դրամ կուղղվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկության ստորաբաժանումների համար Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի մերձափնյա հատվածներում թվով 4 շարժական տնակների պատրաստման և տեղադրման համար:
Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել է վերաբաշխում և 19,889.5 հազար դրամ ուղղել Երևանի թիվ 12 հիմնական դպրոցի կաթսայատան վերազինմանը: