Մամլո հաղորդագրություններ

Հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի, հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը

14.12.2023

ևս 11 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության  միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը: Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, փաստաթղթի հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռքբերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների կառավարությունների կողմից։ Աշխատակարգով, մասնավորապես սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ։ Նիստերը, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այն դեպքում, երբ նիստերն անցկացվում են հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Աշխատակարգը սահմանում է նաև այլ անհրաժեշտ կարգավորումներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը. «Աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռնվում նիստերի անցկացման և համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման և սահմանագծման գործընթացների, դրանց իրավական և տեխնիկական ասպեկտների մշակման համար, հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու և ստորագրելու նպատակով»:

Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել է՝ փաստաթուղթը միայն տեխնիկակա՞ն կազմակերպչական հարցեր է կարգավորում, թե՞ նաև բովանդակային հեռանկարի է անդրադառնում: Ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է. «Այս պահին կազմակերպչական հարցեր, այսինքն՝ ինչպես ենք հարաբերվելու և կազմակերպելու հանդիպումները: Հաջորդ փուլում պետք է մշակենք համատեղ կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի, որովհետև այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն պետք է նկարագրենք և սահմանումներ տանք կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ: Կարծում եմ, որ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների քննարկման ձևաչափով»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը շատ կարևոր է:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության չորս համաձայնություն

Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է արդեն իսկ պետական սեփականություն հանդիսացող թվով 4 անվանում անշարժ և 1 անվանում շարժական գույքն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և մեկ շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը՝ շուկայական մոտարկված արժեքը, 2 մլրդ 100 մլն դրամ է, ինչպես նաև ՀՀ-ին է վերականգնվել շուրջ 79 մլն դրամ: Ինչպես նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նշված գույքերից 5-ի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից 3 հողատարածքները: «Հողատարածքների չափերն են՝ 21 498.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք: 1687.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք, երրորդը՝ 14 260.9 քմ մակերեսով հողամաս և 25.6 քմ մակերեսով տարածք: Կառավարության որոշման նախագծում նշված մյուս մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժական Rangrover մակնիշի տրանսպորտային միջոցը, պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ ևս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում:

Կառավարությունը հերթական՝ մոտ 4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ հատկացնելով 3,993,815.5 հազար դրամ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ մի շարք փոփոխություններ և հատկացումներ են նախատեսված:

«Մասնավորապես, դրանցից 3-ին են ուզում անդրադառնալ՝ որպես խոշոր հատկացումների, որոնք միասին 4.8 մլրդ դրամ են կազմում: Դրանց մոտ 4 մլրդ-ը՝ 3 միլիարդ 93 միլիոնը, սուբվենցիոն ծրագրերի համար է, 643 մլն դրամ տրամադրում ենք մարզերին՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մի շարք ծախսեր իրականացնելու համար, և տարբեր մարզերում որոշակի հրատապ ծրագրեր իրականացնելու համար 160 մլն դրամ: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին կտրամադրենք 390 մլն, Արարատի մարզին՝ 483 մլն դրամ, Արմավիրին՝ 88 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 218 մլն դրամ, Լոռու մարզին՝ 295 մլն դրամ, Կոտայքին՝ 647 մլն դրամ, Շիրակի մարզին՝ 372 մլն դրամ, Սյունիքին՝ 660 մլն դրամ, Վայոց ձորին՝ 16 մլն դրամ, Տավուշին՝ 820 մլն դրամ»,-ասել է ՏԿԵ նախարարը՝ հավելելով, որ սա տարվա վերջին սուբվենցիոն փաթեթն է:

Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը, որոնց համար կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվել: Արագածոտնի մարզում իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Ապարան համայնքի Շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում, Թալին համայնքի Եղնիկ, Կաքավաձոր, Ն․ Բազմաբերդ բնակավայրերում փողոցների նորոգում՝ սալարկմամբ, Աշտարակ համայնքի Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում մարզադաշտերի հիմնանորոգում և տարածքների բարեկարգում, Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում ներհամայնքային փողոցների նորոգում՝ սալարկմամբ: Արարատի մարզում՝ Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի գազիֆիկացում, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի փողոցների հիմնանորոգման և հարթեցման աշխատանքներ՝ 4կմ, Արտաշատ համայնքի Մրգավետ և Մխչյան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում, Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասի մանկապարտեզի, Արարատ բնակավայրի մշակույթի տան և մանկապարտեզի, Պ․ Սևակ և Զանգակատուն բնակավայրերի մանկապարտեզների տանիքներին ֆոտովոլտային կայանների տեղադրում, Վեդի համայնքի Տափերական, Գինեվետ և Վանաշեն բնակավայրերի փողոցներում կոյուղագծի ցանցի կառուցում, Վեդի համայնքի Վեդի բնակավայրի Արարատյան 36, 38, 40, 42, Գայի 5, 7, 9, և Կասյան 26/14, 26/15 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում և բարեկարգում, Վեդի համայնքի Այգավան, Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում, Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրում մանկապարտեզի կոյուղու հորի կառուցում և տարածքի բարեկարգում: Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Արծվանիստ և Աստղաձոր բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում, Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փողոցային լուսավորության նոր համակարգերի կառուցում, Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Պռոշյան 2, Երևանյան 43 և 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, Մարտունի համայնքի Վարդենիկ, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցում, Մարտունի համայնքի Մադինա, Վ․ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Մարտունի համայնքի Զոլաքար,Վաղաշեն, բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցում, Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում խմելու ջրագծի կառուցում: Լոռու մարզում՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թաղամասի թիվ 10 և 19 ԲԲՇ-ների էներգաարդյունավետության, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում լուսավորության համակարգի կառուցում, Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների արտաքին լուսավորության անցկացում՝ արևային լուսատուներով, Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի արվեստի դպրոցի շենքի կառուցում, Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1,2,3,4,9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում, Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Բովաձոր, Հովնանաձոր և Սվերդլով բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ներքին և արտաքին ցանցի մասնակի նորոգում և հաշվիչների տեղադրում, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում, Սպիտակ համայնքի Սպիտակ, Նոր Խաչակապ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Սարալանջ, Խնկոյան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկում: Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի թվով 292 վերելակների արդիականացում, Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի կենտրոնական փողոցի, Ջրմուղ փողոցից մինչև գյուղի վերջ, 3-րդ փողոցի, 1-ին փողոցի, 2-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Հատիս փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի, Առինջ բնակավայրի Զագավանքի փողոցի, Արամուս բնակավայրի Տիգրանաձոր խճուղու, Ջերմատան փողոցի և Երիտասարդական թաղամասի 2-րդ փողոցի,Պտղնի բնակավայրի 10-րդ և 12-րդ փողոցների, Մայակովսկի բնակավայրի 15-րդ փողոցի լուսավորության համակարգի կառուցում, Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 39-րդ, 38-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, Նաիրի համայնքի Արագյուղ, Բուժական, Սարալանջ, Զորավան, Եղվարդ բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Արզնի բնակավայրի մարզադաշտի օժանդակ կառույցների և ինժեներական կոմունիկացիաների կառուցում, Գառնի համայնքի Գառնի բնակավայրի խմելու ջրի խողովակների անցկացում, Ծաղկաձոր համայնքի Արտավազ և Փյունիկ բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի խողովակների նորացում և ջրավազանի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի Վ Հարությունյան փողոցի հենապատի կառուցման աշխատանքներ: Շիրակի մարզում՝ Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում, Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար նստարանների ու աղբամանների ձեռքբերում, Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում, Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում , Անի համայնքի Լանջիկ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում: Սյունիքի մարզում՝ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավում, Կապան համայնքի Ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում, Տաթև համայնքի Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքերի տանիքներին և Հ 46 հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում նախակրթարանի կառուցում: Վայոց ձորի մարզում՝ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում 1 կապտաժի կառուցում և 2 կապտաժների բարեկարգում: Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում, Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ջրագծի կառուցում, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում կանգառների կառուցում, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի և Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի Արցախյան 1,2,3,4 շենքերի բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի զբոսայգու հիմնանորոգում, Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում, Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում, Բերդ համայնքի Բերդ բնակավայրի Մաշտոցի 23 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգում, էներգաարդյունավետության արդիականացում:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս հատկացմամբ ՀՀ կառավարության մասնաբաժինը մոտ 31մլրդ դրամ է կազմում. «Այս տարի ծրագրերի մեջ գերակշռել են ասֆալտապատման ծրագրերը. ընդհանուր իրականացրել ենք 446 ծրագիր, և ասֆալտապատման ծրագրերը գերակշռող են եղել: Գերակշռող են ջրագծերը և մանկապարտեզները, ասֆալտապատվել և սալարկվել է մոտ 250 կմ համայնքային ճանապարհ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամփոփվում են 2018 թվականից ի վեր մարզերում կատարված աշխատանքները՝ սուբեվնեցիոն ծրագրերով և կառավարության կապիտալ ներդրումներով, և կատարված աշխատանքն համարել է տպավորիչ: Տարածքային համաչափ զարգացման առումով էական նշանակություն է ունեցել ոչ միայն համայնքների խոշորացումը, այլև համայնքներում ընտրակարգի փոփոխությունը: «Համայնքներում, մասնավորապես, ավագանիները պետք է դեռևս յուրացնեն այն գործիքակազմը և լիազորությունների սահմանները, որոնք ունեն: Շատ դեպքերում մենք բախվում ենք իրավիճակի, երբ ավագանու ներկայացուցիչները բարձրացնում են հարցեր, որոնք իրենց լուծման տիրույթում են, բայց նրանք դրանց լուծումն ակնկալում են կառավարությունից կամ վարչապետից կամ նախարարից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խնդիրը կարգավորելու նպատակով ՏԿԵՆ-ը վերապատրաստման կուրսեր է իրականացնում, որպեսզի ավագանու անդամները մեծացնեն իրենց լիազորությունների իմացության վերաբերյալ կարողությունները:

Կառավարության ղեկավարը տարածքային համաչափ զարգացման համատեքստում կարևորել է կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ եկող տարվա սկզբում արդեն միջգերատեսչական հանձնաժողովում կսկսվի 2024 թ. սուբվենցիոն ծրագրերի քննարկումը. «Առանձնահատկությունն այն է լինելու, որ և՛ նախագծման որակին, և, իհարկե, շինարարության իրականացման ընթացքում ստանդարտների պահպանման հարցում մեծ ուշադրություն է դարձվելու»:

Վարչապետը  ևս կարևորել է ծրագրերը պատշաճ որակով իրականացնելու անհրաժեշտությունը: «Այս բոլոր ներդրումների հետ կապված մեր կառավարության ամենամեծ լարվածությունը կապված է որակի հետ, որովհետև միլիարդներ ենք ներդնում և այդ միլիարդների ներդրման առաջնային նպատակը տնտեսական աճը խթանելն է և տնտեսական պոտենցիալը մեծացնելն է: Բայց եթե հանկարծ հընթացս պարզվի, որ այդ աշխատանքները կամ դրանց տեսանելի և շոշափելի հատվածը պատշաճ որակով չի արվել, շատ մեծ պրոբլեմներ մենք կունենանք: Ընդ որում՝ պետք է խոստովանել, որ մենք այդ կարգի պրոբլեմների էլ ենք շատ բախվում՝ արդեն նախագծման փուլից: Երբ մենք խոսում ենք շինարարության որակի մասին, բայց հենց սկզբից ի հայտ են գալիս նախագծման որակի հետ կապված հարցեր, որոնք իրենց հերթին անդրադառնում են բուն իրականացման որակի վրա: Սա չափազանց կարևոր հարց է: Այստեղ պետք է բոլոր մարմինները՝ ՀՀ կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, վերահսկող կազմակերպությունները, մարզպետարանները շատ խիստ վերահսկողություն իրականացնեն որակի նկատմամբ մինչև այն պահը, երբ որակի ստանդարտը կդառնա ինքին ենթադրվող մի ինչ-որ գործողություն: Խորքային պրոբլեմն այն է, որ որակի ստանդարտը սովորական երևույթ չէ մեր իրականության մեջ: Իրականության հետ էլ պետք է առերեսվենք, որ այդ երևույթները միևնույն է մի օրում հնարավոր չի լուծել: Բայց մեր մոտեցումը պետք է լինի հետևողական՝ աննահանջ սկզբունքային աշխատանքն այդ թեմաների վրա, որովհետև առաջընթացը միայն այդպես կարող ենք ապահովել: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ տեղերում իսկապես շարժ կա, տեսնում ենք, որ որոշ տեղերում շարժ չկա, որոշ տեղերում՝ դանդաղ, բայց այս խնդիրն անպայմանորեն պետք է լուծենք»:


Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում վճարվելիք կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի իրացման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին: Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելու է 11.12.2023թ.-ից ներկայացրած դիմումների հիման վրա: Ընդ որում, պարբերական վճարների դեպքում՝ վճարվելու են 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Պարբերաբար վճարվող այն վճարները՝ կենսաթոշակները, պատվովճարները, պարգևավճարները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նշանակվելու են առաջին անգամ, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2023 թ. դեկտեմբերին ներկայացված դիմումների հիման վրա վճարվելու են 2024թ. հունվարին: Ընդ որում, 2024թ. հունվարի գումարի հետ կվճարվի նաև նախորդ ամիսների գումարները: Այդ բոլոր կարգավորումները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ և կիրառվում են բոլոր դեպքերում: Սա նշանակում է, որ որոշմամբ առաջարկվող գումարներն ուղղվելու են բացառապես այն պարբերական գումարների վճարմանը, որոնք նշանակվել և վճարվել են ԼՂ-ում: Միանվագ բնույթի վճարները 2023 թվականին կվճարվեն ըստ նշանակումների, որոնք կկատարվեն ներկայացված դիմումների հիման վրա: Այսինքն՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2023թ. դեկտեմբերին կվճարվեն, եթե ներկայացվի դիմում և նշանակվի նպաստ:

Կրթության, մարզական և մշակութային դաստիարակության համար կապահովվեն շենքային առավել բարենպաստ պայմաններ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 299,252.4 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,481,218.2 հազար դրամի չափով ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Հիմնավորման համաձայն՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը կրում է շարունակական բնույթ, ինչը առաջնային և կարևորագույն խնդիրներից է պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: Վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 193.2 մլն դրամ գումար, այդ թվում՝ Ծիածանի դպրոցի շենքի 2–րդ հարկի նորոգմանը, ուր նորոգումից հետո պետք է տեղափոխվեն Գեղակերտի դպրոցի աշակերտները, քանի որ այդ դպրոցն ընդգրկվել է մինչև 2026 թ. կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող դպրոցների ծրագրում և 2024թ-ին դպրոցի շենքը քանդվելու է։ Մշակույթի ոլորտին կուղղվի 72.8 մլն դրամ գումար։ Հատկացումների շրջանակում առկա են նաև անվանի դիրիժոր և երգահան Հովհաննես Չեքիջյանի աշխատասենյակի և հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի անվան տաղավարի գույքով ապահովման ծախսեր։ Նախատեսվում է նաև թույլատրել կատարել ծավալների ավելացում և աշխատանքների համադրում Դիլիջանի Շարամբեյանի անվան թանգարանի հիմնանորոգման նպատակով: Նախատեսվում է թույլատրել քաղշին կոմիտեին կատարել ծավալների ավելացում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար:

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Գործադիրն հավանություն է տվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար: Նշվածը ապահովելու է վերոգրյալ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն բնույթի դրսևորումներում ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից: Ինչպես նաև նախատեսվում է բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր ներդնել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվող անձանց համար։ Նախատեսվող փոփոխություններն ուղղված են ապահովելու Հայաստանում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը և շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում իրականացնել փոփոխություններ, որոնցով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ներդնել նոր կարգավորումներ ուղղված դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։ «Քննչական կոմիտեի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվող անձինք կանցնեն բարեվարքության ուսումնասիրություն, և բացի այդ նախատեսել երեք տարվա պարբերականությամբ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության անցկացում։ Նախագծերով բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացն առավել դյուրինացնելու տեսանկյունից առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունը դատավորների դեպքում առաջարկում է իրականացնել 4 տարվա պարբերականությամբ, իսկ մնացած անձանց դեպքում՝ 3 տարվա պարբերականությամբ՝ կապված դատավորների գնահատման ինստիտուտի համար նախատեսված ժամկետների հետ, ինչպես նաև՝ քննչական մարմիններում և դատախազությունում ատեստավորման գործընթացի անցկացման պարբերականության հաշվառմամբ:

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը. Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնց նպատակն Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորումն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է ամրագրել հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ, հստակեցնել կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը: Նախատեսվել է նաև արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաև կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։ Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև Արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար: Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ։ Նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝ լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար՝ եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին: Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև կնպաստեն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է արգելել գրունտային ջրերի օգտագործումը, ձկնաբուծական նպատակով, իսկ այլ նպատակներով միայն ջրախնայող համակարգերի առկայության դեպքում։ Ըստ հիմնավորման՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի:

Գործադիրը սահմանել է նաև մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման կարգը: Արդյունքում կապահովվի ջրառի փաստացի ծավալների վերաբերյալ տվյալների օպերատիվ ստացումը և հնարավոր կլինի արագ արձագանքել հայտնաբերված խախտումներին։ Կձևավորվի փաստացի ջրառի վերաբերյալ տվյալների բազա, ինչը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կրկնապատկվում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ)` աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի՝ պարալիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի առաջնություն և սուրդլիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի երիտասարդական առաջնություն բաժինների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները: Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թ. ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2022 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկով 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 13-ի դրությամբ նվաճել են 435 մեդալ, այդ թվում ՝ 122 ոսկե, 122 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Որոշմամբ՝ տարեվերջյան միանվագ պարգևատրման են ներկայացվում նաև Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները, որոնք գործող Որոշման մեջ բացակայում են: Առաջարկվում է նաև տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Գործադիրն ընդունել է մեկ այլ որոշում՝ ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին հասանելիք թոշակը տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» միջոցառմանը նախատեսված է 624 346.2 հազար դրամ: Հաշվի առնելով 2022 թ. Հայաստանի հավաքականի մարզիկների ցուցաբերած արդյունքները՝ ավելի քան 280 շահառու, ինչպես նաև ձեռք բերած վարկանիշները՝ միջոցառման համար պահանջվող գումարը կազմում է 736 772.3 հազար դրամ:

Հավանություն է տրվել Արմավիրում «Նորք» թաղամասի ավելի քան 31 մլրդ 893 մլն դրամի արժողությամբ կառուցապատման ներդրումային ծրագրին

Գործադիրն հավանություն է տվել «Առսթոռ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր 4.645 հա մակերեսով հողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում, համայնքային ծրագրերի շրջանակում հողամասի օգտագործում այլ նպատակով նախատեսված չէ, հողամասի լավագույն և արդյունավետ օգտագործման նպատակով այստեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր՝ ապահովելով բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայությունը: Ընկերությունը պետք է իրականացնի ավելի քան 31մլրդ 893 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրողը պարտավոր է շինարարության մեկնարկից հետո 4 տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված հողակտորում կատարել 320-380 քմ մակերեսով մանկապարտեզի և 60-80 քմ մակերեսով գրասենյակի (վարչական շենքի) օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան կառուցման և կահավորման աշխատանքներ և արդյունքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել վաճառողին: Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով օտարել ընկերությանը, որը կազմում է 56.715.450 դրամ: Միաժամանակ, «Առսթոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ծրագրի իրականացման համար սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալուց հետո 2 տարվա ընթացքում Արմավիր համայնքի բյուջե հանրօգուտ նպատակներով որպես նվիրատվություն նախատեսում է փոխանցել ավելի քան 28 մլն դրամ, որից հետո 1 տարվա ընթացքում միևնույն նպատակով որպես նվիրատվություն Արմավիր համայնքի բյուջե փոխանցել ևս 28 մլն 357 հազար դրամ: Ծրագրի իրականացման ամբողջ շինարարության ընթացքում կապահովվի մոտ 400 աշխատատեղ, իսկ դրա ավարտից հետո, դրա սպասարկման ոլորտում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, էականորեն կավելանա համայնքի բյուջե վճարվող անշարժ գույքի հարկը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ կստանան գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություն:

«Արմենիան թեքնոլըջի գրուփ» հիմնադրամը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել սերմարտադրության ոլորտում, սերմերի զտման և տեսակավորման նպատակով։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով 10 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 70 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2024 թվականը, նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 70 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 523 հազար դրամ:

«Լենտեքս» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գուլպեղենի, տրիկոտաժի և հագուստի արտադրության և փաթեթավորման համար։ Արտադրությունն իրականացվելու է Գյումրիում։ Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է կտորի արտադրամաս, իրականացվել են կապիտալ շինարարական աշխատանքներ՝ շուրջ 45 մլն դրամի չափով, ձեռք են բերվել նոր սարքավորումներ՝ շուրջ 334.6 մլն դրամի, հումք և այլ նյութեր՝ շուրջ 550 մլն դրամի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 146.2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ մինչև 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 146.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7.3 մլն դրամ:

«Դասո պրինտ» ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ալյումինե փայլաթիթեղից տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում՝ իրականացնելով 350 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական տարածքի շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 23-ի՝ 290 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 213 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23 մլն դրամ:

«Արփիմեդ» ՍՊԸ-ն ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցել նոր արտադրական տարածքներ դեղերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 2 մլրդ դրամի կապիտալ ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 173 աշխատատեղ, մինչև 2026 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 225-ի՝ 230 հազար դրամից մինչև 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 50 մլն դրամ։

Երևանում գտնվող պետական գույքերը նախատեսվում են օտարել

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Էրեբունի, Մուրացանի փողոցում գտնվող շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով: Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 403 300 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 20 165 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։

Մեկ այլ որոշմամբ էլ օտարման է ներկայացվել Երևանի Կենտրոնի Վարդանանց փակուղում գտնվող 2 անվանում անշարժ գույք՝ աճուրդով որպես գույքի առանձին տարրեր: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը։ Անշարժ գույքը տևական ժամանակ է չի շահագործվում:

Միջազգային համագործակցություն

Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ հնարավորություն կտրվի կնքել պայմանագիր «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ և սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թ. երկարացնելուն ուղղված աշխատանքների կատարումը:

Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:


Այլ որոշումներ. Կապանում կստեղծվի հասարակական նշանակության կառույց՝ Թումո ծրագիր իրականացնելու նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող գույքը նվիրաբերել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ կառուցելու և Թումո ծրագիր իրականացնելու նպատակով։ Կառուցման արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Կապան քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ շահառուներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ որակյալ արտադպրոցական կրթություն 14 հիմնական ուղղություններով։ Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամը 2 տարիների ընթացքում կիրականացնի 300 000 000 դրամի ներդրում։

Կառավարության որոշմամբ թույլատրվել է Վրաստանին օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով ՀՀ-ում ՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով, ձեռք բերել Երևանի Ավան, Ծարավ աղբյուրի փողոց 127 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Վրաստանի դեսպանության տեղակայման համար:

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ազգային ժողովին դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և «Կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ անկախ տարիքից ազատությունից զրկված անձանց համար հանրակրթության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումն ապահովելու համար՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկա պահին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 50 դատապարտյալ դիմել է՝ օրենքով համապատասխան կրթության իրավունքն իրացնելու համար։

 

 

← Վերադառնալ