Մամլո հաղորդագրություններ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

15.12.2023

ևս 5 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանատու այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման սկզբում վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզել ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, ներկայացրել իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման, ինչպես նաև առաջարկություններ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ:

Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, բարձրաձայնված խնդիրների շուրջ հետևողական աշխատանքներ իրականացնել, մշակել լուծման արդյունավետ մոդել, սահմանել ժամանակացույց և ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը տեխնոլոգիական և տեխնոլոգիապես զարգացած երկիր տեսնելը ռազմավարական նպատակ է: «Իմ ուղերձը հետևյալն է, որ կառավարությունն ունի այդ քաղաքական կամքը, և դա մեզ համար ծրագրային թեզ է»,- հավելել է վարչապետը:
 

← Վերադառնալ