Մամլո հաղորդագրություններ
«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել ուսուցիչ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը
- 1670x1113px - 834 Կբ
- 1670x1113px - 679 Կբ
- 1670x1113px - 697 Կբ
- 1670x1113px - 909 Կբ
- 1670x1113px - 738 Կբ
- 1670x1113px - 534 Կբ
- 1670x1113px - 669 Կբ
- 1670x1113px - 630 Կբ
- 1670x1113px - 731 Կբ
- 1670x1113px - 876 Կբ
- 1670x1113px - 965 Կբ
- 1670x1113px - 833 Կբ
- 1670x1113px - 495 Կբ
- 1670x1113px - 447 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 487 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 517 Կբ
- 1670x1113px - 834 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
- 1670x1113px - 623 Կբ
- 1670x1113px - 538 Կբ
- 1670x1113px - 712 Կբ
- 1670x1113px - 779 Կբ
- 1670x1113px - 748 Կբ
- 1670x1113px - 793 Կբ
- 1670x1113px - 849 Կբ
- 1670x1113px - 753 Կբ
- 1670x1113px - 739 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 569 Կբ
- 1670x1113px - 567 Կբ
- 1670x1113px - 627 Կբ
- 1670x1113px - 631 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 612 Կբ
- 1670x1113px - 669 Կբ
- 1670x1113px - 810 Կբ
- 1670x1113px - 522 Կբ
- 1670x1113px - 553 Կբ
- 1670x1113px - 745 Կբ
- 1670x1113px - 610 Կբ
- 1670x1113px - 539 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 574 Կբ
- 1670x1113px - 495 Կբ
- 1670x1113px - 476 Կբ
- 1670x1113px - 548 Կբ
- 1670x1113px - 538 Կբ
- 1670x1113px - 596 Կբ
- 1670x1113px - 713 Կբ
- 1670x1113px - 567 Կբ
- 1670x1113px - 774 Կբ
- 1670x1113px - 568 Կբ
- 1670x1113px - 508 Կբ
- 1670x1113px - 516 Կբ
- 1670x1113px - 578 Կբ
- 1670x1113px - 504 Կբ
- 1670x1113px - 981 Կբ
- 1670x1113px - 622 Կբ
- 1670x1113px - 635 Կբ
- 1670x1113px - 779 Կբ
- 1670x1113px - 738 Կբ
- 1113x1670px - 601 Կբ
- 1670x1113px - 652 Կբ
- 1670x1113px - 685 Կբ
- 1670x1113px - 613 Կբ
- 1670x1113px - 567 Կբ
- 1670x1113px - 619 Կբ
- 1670x1113px - 640 Կբ
- 1670x1113px - 641 Կբ
ևս 69 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին՝ կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մանուկյանին, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյանին, մանրանկարիչ-կրկնօրինակող, «Հայկական մանրանկարչության ստուդիա»-ի հիմնադիր Աննա Մարգարյանին, «Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանին, «Գիտակ ռոբոտիկս» ծրագրավորման և ռոբոտաշինության ստուդիայի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանին, հայկական ավանդական հարսանիք կազմակերպող «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի հիմնադիրներ Հայկ Երանոսյանին և Սիրարփի Խոջաբաղյանին, «Հնձան պանդոկ»-ի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Միքայելյանին, հագուստի դիզայներ, «Շամշիկ» ապրանքանիշի հիմնադիր Աննա Ավետիսյանին, քանդակագործ, «Բեն Արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանին, «Զինվորաց իշխանաց» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Սիրվարդ Բերբերյանին, միկրոկանաչիների արտադրության հիմնադիր Իննա Ամիրխանյանին, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վաղրամյանին:
Մինչ գլխավոր մրցանակը հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի մրցանակակիրներ,
Հյուրեր,
Ներկաներ,
Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մրցանակաբաշխության առիթով և շնորհավորել մրցանակակիրներին: Այստեղ մի քանի անգամ հնչեց միտքը, որ հայրենասիրությունն, այդ թվում՝ պրոֆեսիոնալիզմն է: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն տարվա հետ այս մրցանակաբաշխությունն իր կազմակերպման, անցկացման որակով դառնում է ավելի պրոֆեսիոնալ: Ուզում եմ այն մարդկանց, ովքեր իրականացրել են այս ամբողջ աշխատանքը, հատուկ շնորհակալություն հայտնել: Բայց չեմ կարող հատուկ չընդգծել Հայաստանի Հանրապետության օրհներգի այն կատարումը, որը մենք լսեցինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար: Վաղուց չէի լսել Հայաստանի Հանրապետության օրհներգի այնպիսի կատարում, որն ուղղակի, եթե շատ ուղիղ ասենք, մտնի երակներիդ մեջ: Եվ սկսած մեր փոքրիկ մենակատարի ընդհատվող ձայնից և շարունակությամբ ու կուլմինացիայով, դա իսկապես Հայաստանի Հանրապետության արժանի կատարում էր, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Այստեղ խոսվեց, որ մեր մրցանակակիրներն իրենց գործով ներշնչանքի աղբյուր են հանդիսանում: Ուզում եմ ասել, որ նրանք ներշնչանքի աղբյուր են նաև ինձ համար, որովհետև նրանք տալիս են մտքեր կամ հարուցում են մտքերի ընթացք, որը շատ կարևոր է: Ի՞նչ նկատի ունեմ: Մասնավորապես, շատ կարևոր է մեր ժամանակների համար, որ մենք կա՛մ ընկալենք, կա՛մ տեսնենք, կա՛մ ներդնենք հերոսականությունն առօրեականության մեջ և հերոսականության առօրեականությունն ընկալենք: Սա շատ կարևոր նրբություն է: Ինձ համար այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին դրա մասին է:
Հետո, շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում լավ ապրելը հաճախ հակադրվել է Հայաստանում ապրելու հետ: Ինձ համար այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին նրա մասին է, որ մեր հերոսները ոչ միայն չեն հակադրում լավ ապրելը Հայաստանում ապրելու հետ, այլև լավ ապրելը կապում են Հայաստանում ապրելու հետ: Երբ ես տարբեր առիթներով և այս մրցանակաբաշխությանը պատրաստվելիս նայում էի հոլովակները, հանկարծ արձանագրեցի, որ հերոսները՝ այսօրվա մեր մրցանակաբաշխության հավակնորդներն արտահայտում են մտքեր, որոնք գրառելու արժանի են: Չեմ թաքցնի՝ ինքս իմ այսօրվա ելույթի համար ինձնից շատ բան չեմ ասի, ես պարզապես ուզում եմ մեջբերումներ անել «Մեր ժամանակի հերոսը 2023» մրցանակաբաշխության նոմինանտներից, որոնք սղագրել եմ սեփական ձեռքերով, որովհետև համարել եմ, որ դա շատ կարևոր աշխատանք է:
Այսպես՝ «Գլասս Վուդ» ապրանքանիշի հիմնադիր Կամո Գալստյանն ասում է. «Գործ կա ու բավականին շատ: Կարելի է մտածել, նոր բան ստեղծել: Իմ գործն է՝ ես մտածեցի, ես հորինեցի: Ու անելու ընթացքում ոչ պակաս կարևոր է չստացվելը, որքան ստացվելը: Ու չստացվելը նույն կերպ հաջողություն է, որքան ստացվելը»:
«Կանաչ տնակ» հանգստի գոտու համահիմնադիր Անի Կոստանդյանն իր հերթին ասում է. «Մեր ձեռնարկին նայում ենք առաջին հերթին որպես կյանք, որպես ժամանց, հետո նոր բիզնես: Կարևորում ենք նոր ու լավ մարդկանց հետ շփումը»: Ես սա կարևոր եմ համարում այն ընկալման առումով, որի մասին մի քանի անգամ ասել եմ՝ աշխատանքը նույնականացնելը չարչարանքի հետ և չարչարանքը նույնականացնելն աշխատանքի հետ: Ուզում եմ Անի Կոստանդյանին շնորհակալություն հայտնել, որ նա ընդգծում է, որ աշխատանքը և այդ թվում՝ բիզնեսն առաջին հերթին հաճույք է, կյանք և կյանքի վայելում:
«Հնձան պանդոկի» հիմնադիր Հայկ Միքայելյանը, այդ միտքը կարծես հոլովակում կրկին հնչեց, ասում է. «Աշխատանք չկա չաշխատողի համար: Մարդ, եթե ունի ցանկություն աշխատելու, արարելու, հնարավոր է դա անել, որովհետև յուրաքանչյուր սահմանափակում մեր մտքում է»:
Վազգեն Հովսեփյանը, ով մեր այսօրվա նոմինատներից է, պատերազմի ստացած վիրավորման հետևանքով ծառայությունից արձակված սպա, Օշականում կարի արտադրամասի հիմնադիր, ասում է. «Պատերազմի հետևանքները, ապրումներն ինչ-որ տեղ կարող են օգնել, որ հասկանաս ու գնահատես խաղաղությունը: Երբ խաղաղությունը գնահատում ես, խաղաղ պայմաններում գործելու ցանկություն է առաջանում»:
Հարգելի ներկաներ,
Հաջորդ մեջբերման նկատմամբ ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել: Մեր արդեն իսկ մրցանակ ստացած Խաչատուր Նիկողոսյանը, ով «Գիտակ ռոբոտիկս»-ի հիմնադիրն է, և «Գիտակ ռոբոտիկս»-ում երեխաները զբաղվում են ռոբոտաշինությամբ, ասում է. «Շատ կարևոր գիտելիք կա, որ տալիս ենք երեխաներին, դա գիտակցումն է, որ նա կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր: Երբ խնդիրը տալիս ենք, երեխայի առաջին ռեակցիան է, որ ես այն չեմ կարող լուծել: Այնուհետև՝ քայլ-քայլ բերում ենք վիճակի՝ գիտելիք տալով, պարապելով, հարցնելով: Օրվա վերջում երեխան այդ խնդիրն արդեն լուծում է: Եվ մենք երեխայի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ ինքն առավոտյան ասում էր, թե այդ խնդիրը չի կարող լուծել: Մեկ օր, երկու օր, մեկ ամիս՝ արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է մտածելակերպ, որ ցանկացած խնդիր լուծելի է, և ինքը կարող է դա անել: Երբ համոզված ես, որ խնդիրը լուծվելու է, դա լուծվում է: Ուղեղը գտնում է ճանապարհներ այդ խնդիրը լուծելու համար: Երբ ի սկզբանե դու բլոկ ես անում, ասում ես՝ ես այս խնդիրը չեմ կարող լուծել, ուղեղն սկսում է փնտրել պատճառներ, արդարացումներ, թե դու ինչու այս խնդիրը չես կարող լուծել»: Պարոն Նիկողոսյանը սա ասում է երեխաների մասին: Բայց սա ճիշտ է նաև մեծահասակների պարագայում, և ես այս միտքը վերահասցեագրում եմ բոլորիս՝ այս դահլիճում ներկա և դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:
Ավետիս Ավետիսյանը, որ «Վիկինգ» շամպույնների արտադրության հիմնադիր է, պատերազմի մասնակից՝ ասում է. «Եթե դու որոշում ես, որ դժվարությունները պետք է հաղթահարես, ուրեմն ինչ գնով էլ լինի՝ պիտի հաղթահարես: Պատերազմն ինձ համար քննություն էր, իմ ամբողջ կյանքի քննությունը, քո վախերը հաղթահարելու, քո սկզբունքները, քո արժեքները, ընդհուպ՝ մինչև քո կյանքի գնով պաշտպանելու քննություն: Պատերազմում վիրավորվել եմ, բայց ոչ մի վիրավորում չի կարող մարդուն կոտրել, եթե ինքը ներքուստ գիտի, թե ինչ է ուզում: Եթե դու կյանքում ունես նպատակ, գիտես՝ ինչ ես ուզում, ոչ մի դժվարություն քեզ չի կարող կանգնեցնել, հակառակը՝ դժվարությունները կարող են քեզ ավելի առաջ մղել: Պետք է չընկճվել, առաջ մղվել: Բացի աշխատասիրությունից, գիտելիքներդ պիտի անընդհատ զարգացնես: Արտադրությունն է պետության ու տնտեսության ողնաշարը: Եթե նպատակասլաց ես ու ունես այդ կամքը, այդ որակները, որ դու գնում ես քո նպատակին, աշխատասեր ես ու վճռական ես, որ պիտի հասնես քո նպատակին, Հայաստանում ամեն ինչ կա դրա համար: Բոլոր ոլորտներում տեղ կա, որ հաջողես: Հայաստանում բոլորը պետք է արժեք ստեղծեն, եթե բոլորը ստեղծեն արժեք, այս պետությունը դրախտավայր կդառնա»:
Արմեն Տերտերյանը՝ «Ավա փրոդաքշըն աքսեզորիս» ապրանքանիշի հիմնադիր, ասում է. «Կամքը, համբերությունը և հավատքը քո գործի նկատմամբ առանցքային են: Եթե հավատ չունեցար, չի ստացվի: Պետք է երկար մտածել, պետք է հիմնել: Եթե դու մի բան արտադրում ես, ձեռքդ բռնում քո ստեղծածը, հա՛մ նյութապես ես ապահովվում, հա՛մ հոգեկան բավարարվածություն ես ստանում»:
Շուշան Այվազյանը, ով «Օղակ» բրենդի հիմնադիրն է, ասում է. «Շատ դժվարություններ կան, բայց հենց դա է հետաքրքիր, որ հաղթահարես ու հասնես նոր փուլի, ու այդպես անընդհատ առաջ գնաս»:
Աննա Ավետիսյանը, որ «Շամշիր» բրենդի հիմնադիրն է և այստեղ արդեն մրցանակ ստացավ, ասում է. «Հայաստանում կան բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի աշխատես: Եվ եթե մարդ ունի ցանկություն, նպատակ, երազանք և աշխատասիրություն, հաստատ իր աշխատանքով կարող է բազում հաջողությունների հասնել»:
«Horus studio» բրենդի հիմնադիր Գոռ Վահրամյանը, որ նույնպես մրցանակ ստացավ, ասում է. «Ամենակարևոր բանը ցանկացած գործ սկսելու մեջ է, հետաքրքրասիրությունն է, կրթվելու ցանկությունը: Դա է միակ ճանապարհը, որ դու կարող ես ավելի լավը դառնալ, ավելի պրոֆեսիոնալ դառնալ ու հետաքրքիր լինել այն մարդկանց, ում շրջապատում դու գտնվում ես: Այդպես է և՛ բիզնեսում, և՛ առօրյա կյանքում: Հայաստանն է այն տեղը, որ ես ուզում եմ ծաղկեցնել»:
«Հատիկ» բրենդի հիմնադիր Էդվարդ Գրիգորյանն ասում է. «Ովքեր երազանք ունեն, թող գնան իրենց երազանքի հետևից: Ճանապարհը կարող է մի քիչ դժվար լինել, բայց պետք է չհանձնվել ու առաջ գնալ»:
«Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանը, որ էլի մրցանակ ստացավ և այս միտքը, իմիջիայլոց, հոլովակում հնչեց, բայց ես կրկնություններից չեմ խորշում, որովհետև կարծում եմ, որ սրանք մտքեր են, որ արժե կրկնել. «Եթե դու չսիրես այն, ինչ անում ես, դու ուղղակի կձախողես, քեզ մոտ ոչինչ չի ստացվի: Չի լինի ոսկե միջին՝ կամ պիտի անես լավ, կամ պիտի չանես»:
«Պատերազմի մասնակիցների աջակցության» նախաձեռնության հեղինակ Սիրվարդ Բերբերյանը, ով արդեն մրցանակ ստացավ, ասում է. «Մտքի դար է, մտքի հաղթանակի դար է: Միտքն ամենահզորն է այսօր աշխարհում, որովհետև մտքի արագությունը լույսի ու ձայնի արագությունից շատ է: Մենք մեր մտքով պիտի նվաճենք շատ բարձունքներ: Յուրաքանչյուր մարդ կարող է անել ամեն ինչ: Երբ մարդը ձգտում է օգտակար լինել, իր համար դժվարություններ չկան»:
«Սաղմոս կերամիկայի» հիմնադիր Անդրանիկ Մանուկյանն ասում է. «Հայաստանում լիքը հնարավորություններ կան՝ մնալու, ստեղծելու, զարգանալու: Մարդիկ ընդամենը չեն փնտրում գտնելու հնարավորություններ այստեղ զարգանալու: Ու ես այդ մարդկանց խորհուրդ կտամ մի փոքր ավելի աշխատասեր լինել, շփվող լինել, ինքնավստահ, չսահմանափակվել փոքր տարածքում, դուրս գալ իրենց տարածքներից և մի փոքր ավելի հեռուն նայել, որովհետև հնարավորություններն անսահման են ուղղակի»:
«Յուգեն» բրենդի համահիմնադիր Հասմիկ Ափոյանը ասում է. «Պիտի սահմանես նպատակ և այդ նպատակին հասնելու համար գտնես ճանապարհներ: Եվ ինչքան էլ դժվար լինեն ճանապարհները, հասնես քո վերջնական նպատակին»:
Հիմա ես այստեղ եմ եկել գլխավոր մրցանակը հանձնելու, և մինչ գլխավոր մրցանակակրի անունը հայտարարելը, ես նախ կմեջբերեմ նրա մտքերը երկու հատվածով, առաջին հատվածով՝ որպես մանկավարժ և երկրորդ հատվածով՝ որպես նորարար: Նա ասում է. «Մտածող մարդը բոլոր բնագավառներում էլ առաջ է գնում: Երեխային պետք է հնարավորություն տալ խոսելու և մտածելու: Եթե նա ասում է մի բան, որ այնքան էլ ճիշտ չի, պետք է թույլ տալ, որ ասի: Այս դեպքում՝ երեխան ձեռք է բարձրացնում, ասում է՝ ես կասեմ, ես կասեմ: Եվ արդեն միասին ենք քննարկում: Երեխային պիտի անընդհատ խնդիրների առաջ կանգնեցնես՝ դե հաղթահարի, դե հաղթահարի: Այդ ընթացքում երեխան սկսում է զարգանալ ու դառնում է լավ մասնագետ, լավ քաղաքացի: Ես երեխայից շատ բան եմ սովորում, բոլորի ասածը լսում եմ: Ցանկացած ուսուցիչ այդպիսին պետք է լինի»: Որպես փորձարար և նորարար, նա երկու ջերմոց է կառուցել իր բակում՝ մեկը հին չօգտագործվող պատուհանափեղկերից, մյուսը՝ պլաստիկե և այլ շշերից և ասում է մեր իրականության համար չափազանց նորարար և կարևոր միտք. «Անձրևաջրերը գնում, կորում են: Մենք ջրերը պիտի խնայենք: Ես հավաքում եմ հա՛մ իմ անձրևաջրերը, հա՛մ հարևանիս»: Եվ այս միտքը ես ընդգծել եմ հատուկ, ասում է. «Խնդրեցի հարևանին, ասացի՝ եղբայր, քո անձրևաջրերն ինձ տուր: Մեր տանիքների կապը ստեղծեցինք, տանիքի ջուրը գալիս, լցվում է ջրի բաքի մեջ: Բաքի ջրերն օգտագործում ենք ոռոգման համար»:
Եվ այսպես՝ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրն է Սևադա Կոջաբաղյանը Գորիսից, մաթեմատիկայի ուսուցիչ: Դիմավորեք նրան բուռն ծափերով, և այս ծափերը թող ուղղվեն մեր ժամանակների բոլոր հերոսներին»:
Հանձնելով գլխավոր մրցանակը մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանին՝ վարչապետը հավելել է. «Այս բեմից նախ շնորհակալություն՝ մեր բոլոր կատարողներին: Մեր սիրելի և հայտնի ստեղծագործություններից մեկի մեջ հնչում էր այս հարցը՝ ես ինչպե՞ս քեզ կոչեմ Հայրենիք իմ հայ: Ես կարծում եմ, որ մենք այսօր այս հարցի պատասխանը տվեցինք՝ մենք պիտի կոչենք այն Հայաստանի Հանրապետություն:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: