Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը
ևս 10 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը:
Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։
Այսօր հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։ ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա էր նրանցից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման էր՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նմանօրինակ հետազոտական աշխատանքները հետաքրքիր են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշիչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս: «Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես կարծում ենք և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը: