Մամլո հաղորդագրություններ

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ

18.01.2024

ևս 12 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Ըստ փոխնախարարի՝ հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև ՀՀ կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,-ասել է Անի Իսպիրյանը՝ հավելելով, որ որոշմամբ առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը:

Ըստ փոխնախարարի՝ հուշագրի համաձայն ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: Միաժամանակ, նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիրը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին 6 տարվա ընթացքում անընդհատ առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, և եղել են բազմաթիվ մտահոգություններ: «Այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը: Նաև շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք, թերևս այդ թվում՝ մի օրինակի հետևելով ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ: Տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին: Զեկուցողը նշեց, որ բացի օրենքով սահմանված վճարումներից, այդ թվում՝ Տեղական ինքնակառավարման մարմիններին, լրացուցիչ ամեն տարի մուտք է արվելու ազդակիր համայնքների բյուջե, այսինքն՝ ամեն տարի կվճարվի 7 մլն դոլար: Տվյալ դեպքում, ըստ էության, ազդակիր համայնքներն են Սիսիան խոշորացված, Ջերմուկ և Վայք համայնքները: Ես ուզում եմ, որ այս որոշումները շղթայի մեջ նայենք նաև: Մեր համայնքների նաև դոտացիաներն ենք ավելացրել: Նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք օրենսդրական փոփոխություններ արեցինք, որ հանքարդյունաբերության ոլորտից բյուջեի հավաքագրումներից որոշակի տոկոս վերադարձվում է համայնքներին: Եվ եթե սրան գումարվում են նաև սուբվենցիոն ծրագրերը, ապա այս շղթայով շատ մեծ զարկ ենք տալիս մեր համայնքների զարգացմանը: Եվ ուրախ ենք, որ մեր համայնքներն այդ կոնկրետ որոշումների արդյունքները տեսնում են:

Իսկ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, կարծում եմ՝ բազմաթիվ մտահոգություններ փարատում է: Այն նաև լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար: Եվ մենք հույս ունենք, որ իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Եվ, իհարկե, կառավարությունն արդեն որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,-ասել է վարչապետը:

Կապահովվի նոր ներդրումների հոսք, կստեղծվեն բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» որոշում, որի նպատակն է նոր ներդրումների հոսքի ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսավորման ինստիտուտի ներդրմանը: Դա էլ իր հերթին կարևոր նախապայման է կապիտալի շուկայի զարգացման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն երեք նոր ֆոնդեր՝ այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին, միևնույն ժամանակ ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն տալով։ Մասնավորապես, «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդի վերոշարադրյալ փորձը հաշվի առնելով ակնկալում է, որ հավաքագրված հարկեր/պետության կողմից կատարված համախառն ներդրումներ ցուցանիշը կկազմի 20%: Ի լրումն նշյալի` ակնկալվում է, որ բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ստեղծումն ու ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը կունենան հավելյալ մուլտիպլիկատիվ ազդեցություն։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում: Ծրագրով գերակա ոլորտներ են համարվում՝ մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը: «Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 մլրդ կամ ավելի ԱՄՆ դոլար չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի քան 3 մլրդ դրամը»,-ասել է Անի Իսպիրյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Այսպիսով՝ մենք ուզում ենք հրավիրենք և խթանենք միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը թեմայի առնչությամբ նշել է. «Այստեղ ոչ թե նվազագույն չափի վրա պետք է ուշադրություն դարձնել, այլ մյուս չափի, որը կառավարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափն է՝ 3 մլրդ դրամը: Դա նշանակում է, որ միջազգային 1 մլրդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 մլրդ դրամ ակտիվ, ևս 3 մլրդ դրամ կներդնի կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է: Իհարկե, մեր նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակության և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական, այլ առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է: Միևնույնն է այն կազմակերպությունները, որտեղ իրենք պետք է ներդրումներ կատարեն, թվով շատ են, և յուրաքանչյուր կազմակերպությունում, որտեղ իրենք փայեր են ձեռքբերում, իրենք նախ և առաջ լուծում են ֆինանսական, կառավարման թափանցիկության, շահերի բաշխվածության և հակակշիռներ ստեղծելու կորպորատիվ կառավարման մեխանիզմների ու այլ կարևոր կանոնների միջև, որոնք հենց մասնավոր հատվածի կառավարման մշակույթի ձևավորման կարևոր կամ առաջընթաց քայլ են»:

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ: Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։ Այն կիրականացնի Երևանի քաղաքապետարանը: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը: Նախատեսված աշխատանքները ներառում է՝ Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն քաղաքային ենթակառուցվածքային զարգացման և երթևեկության կանոնակարգման առումով որոշակի առավելություններ կբերի:

Ծրագրի մասին մանրամասներ է ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։ Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում: Այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, որ իրականացնում ենք հենց կառավարության աջակցությամբ, և հետագայում արդեն հնարավորություն է ստեղծվում որոշակի արդեն նախնական ենթակառուցվածք ունենալու այդ թաղամասում, որը տալու է հնարավորություն ներդրողներին արդեն դիտարկել Նորագյուղը որպես նոր ներդրումային հնարավորություն: Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ մենք ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որն անպայմանորեն կներկայացնենք և՛ ՀՀ կառավարությանը, և՛ հանրությանը: Այսինքն՝ բացի բեռնաթափումից այս ճանապարհը նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում արդեն Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ ճանապարհի կառուցումը Նորագյուղի և շրջակա միջավայրում ներդրումային բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծելու: «Այս առումով ուզում եմ ևս 2 ծրագիր կարևորել, որովհետև Երևանի ծանրաբեռնվածությանը զուգընթաց մենք բնապահպանական խնդիրները նույնպես կարևորում ենք: Դա իրականում ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական մեծ նշանակություն ունի: Այս առումով ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել և նաև հիշեցնել՝ 2 ծրագիր կա, որոնք քննարկել ենք, և ես հանձնարարականներ եմ տվել: Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում, հնարավորինս մինիմալ՝ ընդհուպ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ: Մյուսը (այս երկու ծրագրերն իրար հետ կապվելով դառնում է Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ)` Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է: Մենք նաև Ներդրումային կոմիտեի վերջին նիստում շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք, և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը: Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և, ըստ էության, տրամաբանական է, որ այդ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից Երևանյան լճի հատվածով մինչև Կորեայի ձոր: Կարծում եմ՝ սա մի նախագիծ է, որտեղ բնականաբար նաև կառավարությունը շատ մեծ հետաքրքրություն ունի: Մենք, իհարկե, Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև կանաչ գոտիների առումով մենք մեծ խնդիրներ ունենք Երևանում, և այդ խնդիրները պետք է լուծենք: Հիմա ես ուզում եմ հավաստիանալ, որ դա նաև անձամբ ձեր օրակարգում է, և այս առումով մենք պատկերացում ունենք՝ ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-նշել է կառավարության ղեկավարը:

Երևանում կվերակառուցվեն և կհիմնանորոգվեն 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են` էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդհանուր առմամբ այս ծրագրով վերակառուցվելու և հիմնանորոգվելու են 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել, որ շատ կարևոր և ծավալուն ծրագիր է նախատեսվում: Այսպիսով՝ կվերակառուցվեն Քանաքեռ-Զեյթունի թիվ 16, Դավթաշենի թիվ 20, Կենտրոնի թիվ 4, Շենգավիթի «Սուրբ աստվածամայր», Էրեբունիի «Սարի թաղ», Շենգավիթի «Նորագավիթ» պոլիկլինիկաները: Կվերակառուցվեն նաև Դավթաշենի հ. 59, Էրեբունիի՝ հ. 73, 72, 75, Ավանի հ. 56, Մալաթիա-Սեբաստիայի՝ հ. 78, 83, 79, 93, 94, 84, Նոր Նորքի՝ հ. 100, 101, 102, 103, 108, 120, 117, 118, Շենգավիթի՝ հ. 129, 133, Քանաքեռ-Զեյթունի հ. 157, Կենտրոնի հ. 3, 17, Աջափնյակի՝ հ. 46, 45, 39, 40, Արաբկիրի հ. 33 մանկապարտեզները: Կկառուցվեն Էրեբունիի հ. 67 և Շենգավիթի հ. 128, 142 մանկապարտեզները:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե ինչ փուլում է գտնվում մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հետ կապված աշխատանքները և արդյոք իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը: «Մենք արդեն ունենք մետրոյի Աջափնյակ կայարանի ամբողջական նախագիծը: Այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է»,-նշել է Երևանի քաղաքապետը և հույս հայտնել, որ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, ամբողջական նախագիծը կներկայացվի Ներդումային կոմիտեի հաջորդ նիստի քննարկմանը: Տիգրան Ավինյանի խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա հնարավոր կլինի նախատեսված չորս տարում մետրոյի կայարանը կառուցել:

Լոռին նոր մարզպետ ունի

Կառավարության որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը. «Այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»:

Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ է այնտեղ առկա հիմնահարցերի մասին. «Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»։

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափ ընկերություններում օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք

Հավանություն է տրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար: Մասնավորապես առաջարկվող կարգավորման համաձայն սահմանվում է, որ ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր: Պայմանագրով սահմանված պայմանները կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ` պայմանագրի ազատության սկզբունքի հիման վրա: Որպես կանոն, նման պայմանները ներառում են ընկերության կողմից բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի հրապարակային առաջարկ, որոշակի ծավալի ներդրում ընկերության կանոնադրական կապիտալում երրորդ անձի կողմից, Ընկերության բաժնետոմսերի կամ դրանց որոշակի մասի վաճառք և այլն: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում (ստարտափ) օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը: Նախագծի ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ օրենսդրական հիմք ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտով՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մշակած հայեցակարգային մոտեցումները կյանքի կոչելու համար: Բացի այդ, նախագծի ընդունմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար: Ըստ հիմնավորման՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգման գործընթացում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս։

Հավանություն է տրվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացումը և իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրների լուծումն է: Նախագծերով, մասնավորապես, կարգավորվում են դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձման հարցերը: Սահմանվում է նաև որոշ հիմքերի առկայության պարագայում դատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն, կարգավորում են դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը: Որոշ, մասնավորապես, միջուկային անվտանգության ապահովման, պրոբացիայի ծառայության բնագավառների, հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու, պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվում է իրավասու վարչական մարմիններին:

Կսահմանվեն դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

Կառավարությունը լրացումներ է կատարել «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացները կարգավորելու նպատակով: Արդյունքում կսահմանվի գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թ.: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը՝ մասնակից շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների համար, միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքները: Այսպես՝ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար: Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Սահմանվում է նաև, որ կապալառուն է ապահովում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական (պարզ) փորձաքննությունը: Առաջարկվում է նաև լրացում կատարել տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացները կանոնակարգելու նպատակով, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համամասնությամբ՝ հաշվարկի համար հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020-2023 թթ. կազմակերպված մրցույթների կամ գնանշման հարցումների արդյունքում ձևավորված պայմանագրային արժեքները և դրանց միջակայքերը:

Կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները

Կառավարությունը հաստատել է Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը՝ Հայաստանում ֆիլմերի վարձույթի շուկան կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը և վարձույթի շուկայի իրավակարգավորումը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչընդոտում է կինո ոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին: Վարձութային վկայականը տարածման շուկայում ֆիլմի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները հաստատող փաստաթուղթ է, և այն պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար: Վարձութային վկայականի տրամադրման նպատակն է վարձույթի շուկայի տնտեսավարման համակարգումն ու եկամուտների մոնիթորինգը, ֆիլմերի պահանջարկի վերլուծությունը, ինչպես նաև շուկայական հարաբերությունների թափանցիկությունը: Միաժամանակ ֆիլմերը վարձույթ մտնելուց առաջ ենթակա են դասակարգման և տարիքային սահմանափակման մասին նշագրման՝ օրենքով արգելված բովանդակության կամ տեղեկատվության փոխանցումը ըստ տարիքային սահմանափակման համակարգելու համար:

Կներդրվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգում, որի արդյունքում ակնկալվում է ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ: Այն թույլ կտա ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա մշակել և իրականացնել առավել թիրախային և առարկայական կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցներ և քաղաքականություններ։ Համակարգը հնարավորություն կընձեռի ոչ միայն ներկայացնել կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այլ նաև ընթացիկ՝ ցանկացած ժամանակահատվածի համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ընտանիքում բռնության դեպքերի ցանկացած հատկանիշով ամփոփել տվյալներ և վերլուծել դրանք: Նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ: Վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը:

Միջազգային համագործակցություն

Կառավարության հավանությանն է արժանացել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարկային համաձայնագիրը՝ 66,100,000 եվրո արժողությամբ է: 2016 թ. մեկնարկած ծրագիրը նախատեսված է մինչև 2026 թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ: Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքների իրականացման տարբեր փուլերում։ Համաձայն վարկային պայմանագրի՝ ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով։ Այս համատեքստում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննություններից բացի միջազգային փորձաքննության է ենթարկվում յուրաքանչյուր դպրոցի նախագիծը։ Դպրոցի կառուցումը նույնպես իրականացվում է միջազգային փորձագետների հսկողության ներքո։ Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցները անցնում են միջազգային փորձաքննություն և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10,700 աշակերտի համար։ Իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրի որոշմամբ «Ինվեստ պլյուս» և «Ամառոլ Օուսի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:

«Իինվսետ պլյուս» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել կենդանիների կերերի, ինչպես նաև ձկնամթերքի արտադրության համար։ 2023 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացվելու է Արարատի մարզում։ Ընդհանուր ներդրումների ծավալը կազմելու է շուրջ 5.5 մլրդ դրամ, որը իրականացվում է փուլային տարբերակով: Արդեն իսկ իրականացվել են շուրջ 0.5 մլրդ դրամի ներդրում, ինչի արդյունքում ձեռք են բերվել սեփական հող, ցանկապատում, կատարվել են հողաշինարարական աշխատանքներ, ինչպես նաև կառուցվել է շինություն, որը օգտագործվելու է արտադրական նշանակության համար: Նախատեսվում է իրականացնել ևս 23.4 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2028 թ. ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 340 հազ դրամից մինչև 495 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.2 մլն դրամ:

«Ամառոլ Օուսի» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի ատամի մածուկի արտադրության համար։ Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 130 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 16.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվում է Երևանում: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2025 թվականը, նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 926,500 դրամ:

← Վերադառնալ