Մամլո հաղորդագրություններ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար. Նիկոլ Փաշինյան

26.01.2024

ևս 8 լուսանկար



Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Ձեր պատվիրակությանը: Պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, հյուրընկալվելու համար: Մեծ պատիվ է մեկ անգամ ևս հյուրընկալել Ձեզ Վրաստանում:

Ուզում եմ նշել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կարևորությունը: Ինչպես հայտնի է, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը մեր երկրների տրանսպորտային, մշակութային, տնտեսական կապերը հզորացնելու լավագույն միջոց է: Այսօրվա հանդիպումն ավելի կարևոր է դարձնում Հայաստան-Վրաստան տնտեսական ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը: Մենք առանց այդ էլ ռազմավարական գործընկերներ էինք, այս ամենը պետք է այսօր պաշտոնապես ձևակերպվի: Կարծում եմ՝ սա շատ կարևոր պատմական որոշում է, որն էլ ավելի կնպաստի մեր հարաբերություններին, կհզորացնի բարեկամությունը, գործընկերությունը:

Մեկ անգամ ևս ողջունում եմ, ուզում եմ խնդրել պարոն վարչապետին, ողջույնի խոսք ասել»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,
Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ, իմ լավ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի բոլոր մասնակիցներին։

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրաց գործընկերներին ավանդական ջերմ ընդունելության համար:

Պետք է արձանագրեմ, որ այսօր մեր երկրների միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում, իսկ միջկառավարական հանձնաժողովի նիստերի նախագահումը երկու երկրների վարչապետների մակարդակով խոսում է երկկողմ հարաբերությունների արժևորման մասին:

Մեր երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Այս առումով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն իր կարևոր տեղն ունի կողմերի միջև տնտեսական կապերը խորացնելու և ամրապնդելու գործում։

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տրանսպորտը, կապը, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Կարևորում եմ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կյանքի կոչումը, որը մեր երկրների հարաբերություններին կհաղորդի նոր որակ և բովանդակություն:

Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Համոզված եմ, որ սա առավելագույնը չէ, և առաջիկա տարիներին ևս առևտրաշրջանառության դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ երկու երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության խորացման։

Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ.

Երկու երկրների հարաբերություններում առկա իրողություններով պայմանավորված նոր հնարավորություններ են ստեղծվել համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար: Այս առումով հատկանշական է, որ որոշում է կայացվել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս ձևաչափը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակին, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի մասնակիցներին: Շնորհակալություն»:

← Վերադառնալ