ևս 4 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին:
Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:
Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ: