Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:
Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանն ու զարգացմանը:
ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են:
Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: