Մամլո հաղորդագրություններ
Որպես նվիրատվություն` Հայաստանի կառավարությանն է փոխանցվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության 20 տոկոս բաժնետոմս
ևս 10 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի որոշմամբ հաստատվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու» ծրագիրը: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով, որն իր հերթին կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ և 41.1-ին կետերին և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2․1, գործողություն 11):
Որոշմամբ առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Այսպիսով՝ անվանական թոշակի սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Ծրագրի համաձայն՝ միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660 հազ․ դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։ Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։
Արձագանքելով՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ մեր մարզիկների խրախուսման մեխանիզմ ենք գործարկել և տեսնում ենք, որ նաև դա որոշակի արդյունք ունենում է: Մենք հենց այն ժամանակից մտածում էինք, թե ինչ մեխանիզմներ գտնենք մշակույթի ոլորտում և բախվում էինք դժվարությունների, որովհետև սպորտի ոլորտում շատ կոնկրետ է, օրինակ՝ աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի չեմպիոն ես, կամ արծաթե մեդալակիր, կամ բրոնզե մեդալակիր, և մրցույթների շարքը, շրջանակը շատ կոնկրետ է: Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել: Այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են, բայց նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը պետք է ստեղծենք:
Հիմա մշակույթի ոլորտում տարբեր շերտավորումներ կան: Եթե, օրինակ, կինոյի ոլորտում ավելի հեշտ է կոնկրետացնել, այսպես ասած, հասցեները, փառատոնների շրջանակը, այլ ոլորտներում մի քիչ դժվարություններ կլինեն, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք, որ մտնենք գործընթացի մեջ և շատ բան, հընթացս նաև կերևա, որպեսզի լրացուցիչ ավելի շատ կարգավորենք»:
Այս որոշմամբ, վարչապետի խոսքով, անդրադարձ է կատարվում կինոարտադրությանը, թատրոնին, կերպարվեստին, գրականության ոլորտին, պարարվեստին, երաժշտության ոլորտին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ այս շրջանակի մեջ մտնում է նաև մշակութային ժառանգությունը, որովհետև թանգարանների ոլորտում էլ կան միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններ:
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է. «Որոշման կանխատեսման մեջ գրել ենք 11 անձ և 2 կոլեկտիվ, բայց սա նախնական դիտարկում է, եթե լինի 33 անձ և 20 կոլեկտիվ, դա չի նշանակում, որ մենք կասենք, որ 11 էինք կանխատեսել: Ոչ, մենք ուզում ենք, որ լինի 33, 333 և ավելի շատ, որովհետև կարծում եմ, որ դա խթանելու է նաև մեր մշակույթի զարգացմանը և՛ որպես մշակույթ, և՛ որպես տնտեսության ճյուղ, և՛ որպես հանրային կյանքում ավելի տեսանելի գործոն, ընդհանրապես՝ մեր հանրային դիսկուրսները բարձրացնելու և նաև հանրային խնդիրների քննարկման հարթակ դառնալու տրամաբանությամբ»:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված ևս մի կարևոր որոշում, ըստ որի կհիմնադրվի «Մշակույթի զարգացման» հիմնադրամ: Որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության պահանջով։ Նախատեսվում է սկզբնական շրջանում հիմնադրամին փոխանցել թանգարանների մարքետինգային և վարչատնտեսական գործառույթները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը։ Հիշյալ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելուց հետո կդիտարկվի նաև նախարարության ենթակայության այլ կազմակերպությունների գործառույթների փոխանցումը։ Հիմնադրամի ստեղծման նպատակներն են լինելու օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը: Կստեղծվի մշակույթի բնագավառում հիմնադրամ, որով կապահովվի մշակույթի բնագավառում մատուցվող ծառայությունների համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը։
Որպես նվիրատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն է փոխանցվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության 20 տոկոս բաժնետոմս
Կառավարության որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել և ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը: Հաշվի առնելով ընկերության առաջարկը և նվիրառուի համաձայնությունը՝ բաժնետոմսերի ընդունման և հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը՝ որոշմամբ առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հատկացվող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը և ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի: «Ես ուզում եմ ընդգծել, որ սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, և ես կարծում եմ, որ մենք պետք է, ընդհանրապես, մեր ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունը և մասնակցությունն ապահովի ընկերությունների կառավարման գործում: Այս առումով ուզում եմ ընդգծել, հատկապես՝ հեռահաղորդակցությունը և էլի մի շարք ռազմավարական ոլորտներ: Մենք բազմիցս ենք քննարկել, որ պետք է մեր քաղաքականությունները վարենք այնպես, որպեսզի այդ ընկերություններն իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգով: Սա շատ կարևոր է: Սա այն պարագան է, երբ ընկերությունները, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, իրենց բաժնետոմսերը հանում են վաճառքի և դառնում են բաց բաժնետիրական ընկերություն»,-ասել է վարչապետը և հավելել, որ Կառավարությունն այս նվիրատվությունն ընդունելով, նաև այլ ընկերությունների այդ ուղերձն է հղում, որ ոչ թե Կառավարությանը նվիրատվություն անեն, այլ բաց բաժնետիրական քաղաքականություն վարեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ընկերության կողմից որոշակի թվով բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն հայտարարելն առաջին հերթին նշանակում է ընկերության թափանցիկություն, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մասնագետ կարող է բաց աղբյուրներում գտնել այդ ընկերությունների շրջանառությունը, ծավալները, ծախսերը, շահույթը, եկամուտները և այլն: «Այս համակարգը շատ օգնում է, որպեսզի նաև Կառավարությունը, հարկային մարմինները, շատ չչարչարվեն՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում այնտեղ հարկային պատշաճ կարգապահություն ապահովելու համար: Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ մենք երկարաժամկետում պետք է մտածենք, թե ինչ մեխանիզմներ պետք է դնենք»,-նշել է վարչապետը և հավելել, որ որոշակի խթաններ են նախատեսվել վերջերս Կառավարության ընդունած որոշմամբ, որ այն ընկերությունները, որոնք որոշում են գնալ բաց բաժնետիրացման ճանապարհով, բորսա հասնելու նրանց ծախսերի որոշակի մասը նաև սուբսիդավորվում է և խրախուսվում:
Կառավարության ղեկավարի խոսքով, սա կարևոր տնտեսական քաղաքականություն է և պետք է այս քաղաքականությամբ խրախուսել, աջակցել և հորդորել ընկերություններին, սակայն եթե այդ քաղաքականությունը չաշխատի, ապա Կառավարությունը պետք է այլ մեխանիզմների դիմի, ընդհուպ՝ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմին. «Եվ մենք այս նվիրատվությունը շնորհակալությամբ ընդունելով, նաև ուզում եմ, որ մենք այս ուղերձը հստակ հղենք, որ եթե միջնաժամկետում մեր հորդորները, աջակցությունը, խնդրանք չազդի, մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների: Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն ուրիշ կանոններ է գործում քեզ համար: Թափանցիկության մեր ստանդարտները պետք է դնենք, որովհետև մենք իրավիճակների հետ ենք բախվել և բախվում, որը մեզ համար խնդրահարույց է այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանում ընկերությունների թափանցիկությունը պետք է լինի այն աստիճանի, ինչ աստիճանի լավագույն միջազգային փորձն է:
Ամփոփելով, վարչապետը նշել է. «Ես ուզում եմ մի արձանագրում անել, որ այս որոշումն էլ ներառյալ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, բաժնեմաս ունի մի քանի ռազմավարական նշանակության ընկերություններում և նախագծերում, առաջինը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երկրորդ այդ որոշումը մենք կայացրեցինք Ամուլսարի հանքի հետ կապված և ՄՏՍ-Հայաստան ընկերությունը, որը եթե չեմ սխալվում բաժանորդների ամենամեծ թիվն ունի Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունն է և նաև երրորդ ընկերությունը, որտեղ Հայաստանի Հանրապետություն ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, 20 տոկոս բաժնեմաս է ստանում: Եվ սա կոնկրետ արդյունք է, որն արժի, որ մենք ներկայացնենք, զեկուցենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին»:
Դեղերի դուրսգրումը պացիենտներին կիրականացվի էլեկտրոնային դեղատոմսերի տարբերակով
Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է աշխարհում արագ ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին համապատասխան։ Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը ինքնին հավակնոտ ծրագիր է, սակայն նրա ներդրումը հնարավորություն կտա վերահսկել և կանոնակարգել դեղի մինչև պացիենտ հետագծելիությունը։ Ներկայումս գործող իրավական ակտով սահմանված Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի վերաբերյալ դրույթները և կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել գործող ծրագրին: Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի ներդրումն իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի ներդրումից, կատարելագործումից և խնդիրները վերլուծելուց հետո կիրականացվի նաև թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերի դուրսգրման մասով ծրագրի ներդրում` հնարավոր ռիսկերից խուսափելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է դեղերի դուրսգրումը պացիենտներին իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի տարբերակով, ինչը կբերի բնակչության կյանքի որակի լավացման, բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:
Որոշման հետ կապված՝ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ն դեղեր, որոնք շարունակվելու են վաճառվել առանց էլեկտրոնային դեղատոմսի, ո՞ր տեսակի դեղորայքներն են վաճառվելու էլեկտրոնային դեղատոմսով, ի՞նչ փուլերով են դեղորայքները մտնում էլեկտրոնային դեղատոմսի համակարգ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի ներկայացմամբ, այս պահին փակում է մոտ 20 տոկոս դեղորայքների ցանկն ընդհանուր այն դեղորայքների ցանկից: Որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի, որից 75-ը կենտրոնացված գնումներով է, 395-ն ընդհանուր ցանկի մեջ է: Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: Ցանկի մեջ մտնում են հակաբիոտիկները, հակասնկային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկները, միզոպրաստոլ պարունակող դեղորայքը, իմունագլաբուլիները և պատվաստանյութերը: 2025 թվականի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմսով վաճառքին: Ընդհանուր կա 3370 գրանցված անվանում, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմսով: Մնացած դեղորայքների վաճառքի համար էլեկտրոնային դեղատոմս պարտադիր չի:
Արձագանքելով Կառավարության ղեկավարը նշել է. «Այս որոշումը մի հետևյալ տրամաբանությամբ եմ շատ կարևոր համարում. ամենայն հարգանքով, բայց ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից խոսակցություններ են լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմայի դեղի են նախապատվությունը տալիս, որ կապեր ունեն ֆիրմաների հետ և այլն», - և հավելել, որ թվայնացումը հնարավորություն կտա այս կարգի խոսակցություններն անհրաժեշտության դեպքում ստուգել և հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը ճիշտ չէ:
Մի շարք սուբվենցիոն ծրագրեր են ֆինանսավորվել
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև թվարկել է չզեկուցվող հարցերի փաթեթով ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը: Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի 24 բնակավայրերում գերեզմանատներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Աշխատանքներն ավարտված են: Ապարան խոշորացված համայնքի Ապարան բնակավայրում փողոցների և բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Վարդաշեն, Մրգանուշ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ 1.1 կմ երկարությամբ: Այս պահին իրականացված է աշխատանքների 95 տոկոսը: Մասիս խոշորացված համայնքի Մասիս բնակավայրի 3-րդ թաղամասի թիվ 11, Մասիսի կայարան թիվ 10 և թիվ 13 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում: 2023թ. արվել է աշխատանքների 95 տոկոսը: Մասիս խոշորացված համայնքի Այնթապ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Սիփանիկ, Սիս, Հովտաշատ, Ռանչպար բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներն են ֆինանսավորվում, որի 75 տոկոսը 2023թ. իրականացվել է: Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Ծովագյուղ բնակավայրի փողոցների հիմնանորոգում՝ 5.9 կմ: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքներ՝ 4 կմ, որի 80 տոկոսն արված է: Մարտունի խոշորացված համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքներ՝ 1.5 կմ: Արված է աշխատանքների 80 տոկոսը: Մարտունի խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի տարբեր փողոցներում 9.5 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորության համակարգերի կառուցում: Աշխատանքների 95 տոկոսն արված է: Վարդենիս խոշորացված համայնքի Արեգունի, Խաչաղբյուր, Ծովակ, Սոթք, Գեղամասար և Փամբակ բնակավայրերում 21.3 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորության ցանցի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Վարդենիս խոշորացված համայնքի Աղբրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Տրետուկ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցում կամ վերակառուցում շուրջ 6.3 կմ: Աշխատանքների 80 տոկոսը 2023թ. արվել է: Վարդենիս խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում՝ 1 կմ: Աշխատանքների 90 տոկոսն արված է: Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցում: 2023թ. իրականացվել է աշխատանքների 50 տոկոսն, այսինքն՝ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շիրակի մարզում Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրի ներհամայնքային 400 մետր ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, որն արվել է 2023թ.: Ախուրյան խոշորացված համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում՝ 800 մետր: Աշխատանքներն ավարտված են և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Հալիձոր բնակավայրում 7.5 կմ ոռոգման համակարգի կառուցում, որի աշխատանքների 80 տոկոսն իրականացվել է 2023թ.»:
Խաչիկ սահմանամերձ բնակավայրի խնդիրների լուծման համար Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին 65,724․0 հազար դրամ կհատկացվի
Վարչապետն անդրադարձել է չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված ևս մեկ որոշման: Որոշման նպատակը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին 65,724․0 հազար դրամ հատկացնելն է՝ Խաչիկ սահմանամերձ բնակավայրի խնդիրների լուծման համար:
Սահմանամերձ գյուղերի բնակչության նվազման ռիսկը մեծանում է հատկապես սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված բնակավայրերում՝ անվտանգային, հոգեբանական պատճառներից, ինչպես նաև ելնելով բնակչության շրջանում սոցիալ-տնտեսական վիճակի նկատմամբ բացասական սպասումներից։ Խաչիկ բնակավայրի տնտեսական ու սոցիալական զարգացման անհամաչափությունը պայմանավորված են այնպիսի հիմնական գործոններով, ինչպիսիք են՝ սահմանամերձությունը, հեռավորությունը տնտեսական զարգացման մոտակա կենտրոնից, տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների բացակայությունը, դիրքը միջհամայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհների նկատմամբ։ Նշվածը խոչընդոտում է համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, համայնքի ներքին սոցիալական ու տնտեսական կայունությանը և նույնիսկ անվտանգությանը՝ նպաստելով բնակչության անցանկալի արտահոսքին: Ժողովրդագրության տեսանկյունից, ինչպես նաև անվտանգային առումով կարևոր խնդիրներից է նվազեցնել վերոնշյալ ռիսկերը և կանխարգելել բնակչության հնարավոր միգրացիոն շարժերը՝ լրացուցիչ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու միջոցով։
Որոշման հետ կապված Կառավարության ղեկավարը նշել է. «Վայոց ձորի մարզի Խաչիկ բնակավայրում շատ երկար ժամանակ մի պրոբլեմ գոյություն ունի, շատ խառը մի պատմություն, երբ գյուղի երկու բնակիչներ վարկ են վերցրել և գործնականում ամբողջ գյուղին դարձրել են վարկի երաշխավոր: Իհարկե, այս փաստի հետ կապված քրեական գործ էլ կա հարուցված, պատմություններ կան:
Մենք այս թեմայի հետ մի քանի անգամ առնչվել ենք և ամեն անգամ մտածում էինք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից: Պարզ է, չէ՞ իրավիճակը,, երկու քաղաքացի վարկ են վերցրել, ամբողջ գյուղին չգիտեմ ինչ մեխանիզմով դարձրել են երաշխավոր: Հետո այդ վարկերը չեն փակել և ամբողջ գյուղը, ըստ էության, հայտնվել է «սև ցուցակ»-ում, այսինքն՝ չեն կարողանում վարկ վերցնել: Ես, անկեղծ ասած, այս թեմայի հետ առնչվել եմ դեռևս այն ժամանակներում, երբ Ազգային ժողովի պատգամավոր էի, հետո մենք անընդհատ այս թեմային մոտենում ենք և փորձում ենք գտնել լուծում: Եվ ի վերջո, հասկանալով, որ լուծման այլ տարբերակ չի լինելու, և մանավանդ հիմա, երբ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ կառուցելու այդ ծրագիրը կա: Եվ Խաչիկ գյուղը, որն ունի ռազմավարական նշանակություն, փաստացի, ըստ էության, զրկված է այս ծրագրից որևէ կերպ օգտվելու հնարավորությունից:
Մենք Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք, կարծում եմ, եզակի մի որոշում, այսինքն՝ չպետք է սա ընկալվի որպես գործելակերպ: Մեր գործելակերպը պետք է լինի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը հնարավորինս մեծացնելը, որպեսզի նրանք այսպիսի պատմությունների մեջ չընկնեն: Բայց մենք որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել Խաչիկ գյուղի այն բնակիչներին, ովքեր երաշխավոր են դարձել, բացի այն երկու քաղաքացիներից, ովքեր սկսել են այս պատմությունը: Այդտեղ մենք որևէ հիմնավորում չգտանք, թե ինչու պիտի այդտեղ միջամտենք, որովհետև հազարավոր մարդիկ կան երկրում, որ այդ նույն իրավիճակում են: Բայց այն մյուս քաղաքացիները, ովքեր վստահության կամ ինչ-որ տեղ չիմացության զոհ են դարձել, մենք որոշեցինք այդ մարդկանց պատասխանատվության մի մասը կիսել»:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարությունը քաղաքական որոշման է գնացել, մեկանգամյա որոշման, և նման գործելակերպը չի կարող կրկնվել: «Եթե մինչև հիմա ընդհանրապես բացառվում էր, որ նրանց որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն վարկ կտա, հիմա այդ բեռը կզրոյացվի, պարտավորությունները կլինեն զրո, բայց պատմությունը չենք կարող ջնջել, բնականաբար: Հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունը: Մեր առաջնային նպատակն իրականում սա է, որ մենք Խաչիկ գյուղում տներ կառուցելու հնարավորություն ստեղծենք մարդկանց համար»,-ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:
Կբարձրացվի գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և կբարելավվի պարենային անվտանգությունը գյուղական վայրերում
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող $3 մլն դրամաշնորհը կաջակցի Հայաստանի Կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
Օրենսդրական նախաձեռնություն
Կառավարությունը հավանություն է տվել «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունման արդյունքում՝ վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետի սահմանմամբ ակնկալվում է լիցենզիայի կասեցումը որոշակի ժամկետով հետաձգել, դրանով իսկ նպաստելով գործող բիզնեսի բնականոն ընթացքին։
Պետական աջակցություն կտրամադրվի 82 բնակավայրերին
Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 1444-Ն որոշման կիրառումն ապահովելու և 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի n 2323-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: Որոշման ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:
Կկանոնակարգվեն հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները
Գործադիրի որոշմամբ, նախատեսվում է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: