Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը ծանոթացել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի նորարարական ծրագրերին և հանդես եկել «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությամբ

23.03.2024

ևս 18 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ: Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով:

Այցի ընթացքում գործարկվել է Digital info system-ը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտք ակադեմիական ռեսուրսների, հայտարարությունների, ընթացիկ և պլանավորված միջոցառումների մասին ներկայացնող առանձին մոդուլներ՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Digital info system համակարգում տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններն են։

Բացվել է նաև «Հանրային խոսքի լսարան»-ը: Այս հարթակը նախատեսված է հանրային ելույթների կազմակերպման համար: Այն կնպաստի ուսանողական հանրույթի հաղորդակցման հմտությունների և քննադատական մտածողության զարգացմանը:

Ուսանողների և դասախոսների արտալսարանային աշխատանքների կազմակերպման համար համալսարանում ստեղծվել են տեխնիկապես հագեցված խորհրդակցական ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների սենյակներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան խմբային կամ անհատական հանդիպում-քննարկումներ ունենալ։

Համալսարանում ստեղծվել է նաև «AI/VR բիզնես աջակցության կենտրոնը» և «DTL թվային վերափոխման լաբորատորիան»: Առաջինը ծառայելու է բիզնես ոլորտի համար արհեստական բանականության տրամադրած հնարավորություններն իրենց գործունեության ոլորտում օգտագործելու համար հարթակ ստեղծելուն: Իսկ երկրորդը՝ ուսուցման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով արդի տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունների ներդնելուն (օրինակ՝ AI assistant-ի կիրառմամբ):

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է «Հայկական գործոն. Փնտրվում է յան» ծրագրի շրջանակներում մասնաճյուղի հետ համագործակցող AIU համալսարանի ներկայացուցիչների և արտասահմանյան առաջավոր այլ համալսարանների ու հետազոտական կենտրոնների գիտաշխատողների հետ ուղիղ տեսակապ, որի ընթացքում նաև տրվելու է ծրագրի ամբողջական գործարկման մեկնարկը:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հանդես եկել «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությամբ և պատասխանել ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա են եղել համայնքի ղեկավարներ, Գյումրիի տարբեր բուհերի ռեկտորներ, գործարար միջավայրի ներկայացուցիչներ և բուհի ուսանողադասախոսական կազմը:  

Իր ելույթում վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար և նշել, որ նախաձեռնությունը ստացված է: «Այսօր պետք է դասախոսություն կարդամ և թեման, որը ես եմ առաջարկել, հետևյալն է՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ», և ուզում եմ ասել, որ դասախոսություն կարդալու մեծ փորձ չունեմ: Հույս ունեմ, որ այս հարգելի լսարանում և բուհում ներողամիտ կգտնվեք իմ այս դերակատարման ընթացքում ունեցած թերությունների համար, և իհարկե, եթե այսօր ստացվի, ավելի համակարգված կդառնա այս խոսակցությունը:

Ուզում եմ տպավորություն չստեղծվի, թե նման խոսակցությունները բուհին են պետք միայն, ուսանողին են պետք, դասախոսներին են պետք, սա նույնքան, կամ գուցե ավելի շատ պետք նաև մեզ, որովհետև այն, ինչի մասին մենք մտածում ենք աշխատասենյակներում, որոնք երբեմն իրականությունից կապը կտրելու հնարավորություն կամ այդպիսի սովորույթ ունեն, շատ կարևոր է մեր մտածածը կիսել աշխատասենյակներից և աշխատանքային սրահներից դուրս, փորձենք քննության դնել դրանք, հետո քննադատություն լսել և, ի վերջո, հաստատել, ավելի համոզվել, որ ճիշտ ուղղությամբ ենք մտածում կամ հակառակը, արձանագրել, որ մտածումների ընթացքն, այնուամենայնիվ, պետք է փոխել:

Վերադառնալով դասախոսության թեմային՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ», ուզում եմ միանգամից ասել. կարծում եմ` մեծ հաշվով, բովանդակային հաշվով տնտեսական բառն այստեղ, ինչ-որ առումով, կրկնաբանություն է, որովհետև եթե դիտարկենք զարգացման որևէ բանաձև, այդ զարգացումը կապ ունի տնտեսության հետ: Ցանկացած ոլորտում զարգացումը որոշակի տնտեսական բաղադրիչ ունի, առավել ևս՝ երկրի զարգացումը, և երկրի զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ենք առնում տնտեսական զարգացում, որովհետև, իհարկե, կան այլ ոլորտների զարգացումներ, որոնք խթանում են տնտեսական զարգացումը, բայց ի վերջո, այդ բոլոր պրոցեսները խթանում են առաջին հերթին տնտեսական զարգացման դիտանկյունից: Իհարկե, այստեղ կարող է ինչ-որ տեղ լինել հավի և ձվի պատմությունը, բայց այնուամենայնիվ, այսօր ուզում եմ խոսել տնտեսական զարգացման մասին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` մենք պետք է երկու հասկացություն իրարից տարբերենք՝ տնտեսական աճը և տնտեսական զարգացումը: Որովհետև տնտեսական աճն շատ դեպքերում չի բերում տնտեսական զարգացման: «Մենք այսօր էլ, երեկ էլ այդ իրադրությունների հետ բախվում ենք, և ՀՀ-ում օրինակ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվում կամ տնտեսական աճ է գրանցվում, համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվում, և երբ մենք փորձում ենք ավելի մանրամասն դիտարկել, այդ դիտարկումների մեջ երբեմն լինում են արձանագրումներ, որոնք չեն բավարարում տնտեսական զարգացման տրամաբանության մեջ: Օրինակ, ես ձեզ ուզում եմ բերել 2018թ. ամռան իրավիճակը, երբ մենք տեսնում էինք, որ ամիսներ շարունակ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ էր արձանագրվում երկրում և երբ փորձեցինք հասկանալ ինչն էր դրա պատճառը` հասկացանք, որ պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որովհետև շատ ակտիվացել էին խաղադրույքները և այնքան էին ակտիվացել, որ դա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդում էր: Իհարկե ես չեմ ուզում ասել, որ այդ ոլորտում զբաղվող ընկերությունները տնտեսական զարգացման հետ առնչություն չունեն, այլ, այնուամենայնիվ, կշռելու իմաստով կան այսպիսի նրբություններ: Վերջին տարիներին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշների հետ առնչվելիս տեսնում ենք, որ շատ էական դեր երբեմն ունենում են վերաարտահանման գործընթացները, որոնք տնտեսական զարգացում Հայաստանի Հանրապետությանը չեն բերում: Ի՞նչ նկատի ունենք տնտեսական զարգացման կամ ե՞րբ ենք բավարարված համարվում տնտեսական զարգացման ցուցանիշով, երբ տեսնում ենք, որ դրանք իրենց հետ ստեղծում են աշխատատեղեր, ինչպես ասում են տնտեսագետները, ստեղծում են ավելացված արժեք, գեներացվում են հարկեր և խթանում են կրթությունը, տեխնոլոգիաները, խթանում տնտեսական արդյունավետությունը:

Ուզում եմ հաջորդ հարցին անդրադառնալ, ինչո՞ւ հենց «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ», ինչո՞ւ եմ ես այս դիտանկյունից ուզում քննարկել հարցը: Խնդիրն այն է, որ այստեղ մենք ունենք երկու կոմպոնենտ՝ պետություն և զարգացում: Տնտեսական զարգացման տրամաբանությունն արդեն ներկայացրի, հիմա ուզում եմ անդրադառնալ պետությանը:

Խնդիրն այն է, որ պետություն ունենալն իրականում շատ թանկ հաճույք է: Մարդկանց հավաքականության կողմից իրականացվող նախագծերից, պոտենցիալ նախագծերից ամենաթանկը պետությունն է: Պետությունը քաղաքացիների հավաքական նախագիծն է և նախաձեռնությունը, կամ առնվազն պետք է այդպես լինի: Եվ, իհարկե, մարդը սոցիալական համակարգի մաս է, սոցիալական համակարգի անդամ է, և մարդկանց տարբեր խմբեր կարող են ունենալ ամենատարբեր նախաձեռնություններ, բայց չկա մի այնպիսի նախաձեռնություն, որը հենց գնի իմաստով, և նաև արժեքի իմաստով, ավելի թանկ է, քան պետությունը: Եվ հետևաբար, ունենալ պետություն` նշանակում է ի վիճակի լինել այդ պետության գոյությունը սպասարկելու համար անհրաժեշտ ռեսուրսներ գեներացնել: Դա նշանակում է ապահովել տնտեսական աճ և տնտեսական զարգացում: Եվ ահա, առավել ևս, այսօրվա միջավայրում և պայմաններում պիտի արձանագրեմ, որ այս խնդիրն ավելի է սրվում, որովհետև ժամանակակից աշխարհում, և ընդհանրապես այդպես է եղել, բայց հիմա ավելի տեսանելի է դա, սրվել է մրցակցությունը:

Մրցակցությունը հենց պետությունն է: Ըստ էության, ժամանակակից աշխարհում միշտ էլ այդպես է եղել, բայց ուզում եմ այսօրվա մասին խոսել, որովհետև այսօր հատկապես այդպես է, պետությունները մրցակցում են իրար հետ և իրար միջև, և այդ մրցակցությանը դիմանալը պահանջում է որոշակի ռեսուրսներ, մեծ ռեսուրսներ, գնալով ավելի մեծ ռեսուրսներ: Ինչի՞ համար են մրցակցում պետությունները, սա կարևոր հարց է, որին էական համարեցի անդրադառնալ: Մի քանի տարբերակներ կան, այսինքն՝ մրցակցության մի քանի ուղղություններ կան, դրանցից մի քանիսն ուզում եմ կարևորել և ընդգծել:

Առաջինը՝ պետությունները մրցակցում են մարդու համար: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև, ի վերջո, ցանկացած պետության կարևորագույն նպատակն առավել գրավիչ լինելն է մարդու համար: Տեսեք՝ մենք շատ դեպքերում մեր իրականության հետ առնչվող թեմաները չենք ինստիտուցիոնալացնում:

Մեր երկրի պատմության ընթացքում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը մեծ արտագաղթն է: Եթե փորձենք այս երևույթն ինստիտուցիոնալ ձևակերպել՝ սա նշանակում է, որ մենք, Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն տանուլ է տվել մրցակցությունը մարդու համար, որովհետև այն մարդը, որ որոշել է ապրել ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ որևէ այլ երկրում, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը տանուլ է տվել մրցակցությունը մարդու համար: Եվ ժամանակակից աշխարհում այս մրցակցությունը երկու կողմ ունի, նույնիսկ երեք կողմ, որովհետև պետությունները մրցակցում են, այո, ընդ որում այդ մրցակցությունը տարբեր սրություն ունի տարբեր երկրների համար: Իհարկե, դա էլ պետք է արձանագրել, որ երկրներ կան, որոնք բնակչության գերաճի խնդիր ունեն: Բայց սրանից հարցի էությունը չի փոխվում, հիմա կտեսնենք, թե ինչպես:

Երկրները մրցակցում են մարդու համար՝ նկատի ունենալով և՛ սեփական բնակչությունը, և այլ երկրների բնակչությունն ամենատարբեր ուղղություններով: Այսօր պետությունները մրցակցում են ամենաշատը տաղանդավոր մարդկանց համար, ովքեր կարող են գալ, աշխատել և խթանել տնտեսական զարգացումը, բայց ամենատարբեր շերտերում են պայքարում: Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում մրցակցությունը նույնպես պայքար է մարդու համար, որպեսզի մարդն իր արձակուրդն անցկացնի այդտեղ: Եվ հետևաբար՝ ցանկացած երկրի մեծագույն խնդիրը գրավիչ դառնալն է մարդու համար:

Էլ ինչի՞ համար են պայքարում երկրները. պայքարում են շուկաների համար, ընդ որում այստեղ խոսքը և՛ արտահանման շուկաների մասին է, և՛ վերլուծման շուկաների: Եվ, իհարկե, առանց տնտեսական որոշակի հզորությունների ու հնարավորությունների, հնարավոր չէ հաղթել շուկաների համար պայքարում: Եվ մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ, և պետությունները պայքարում են տեխնոլոգիաների համար: Մենք այսօր տեսանք, որ համալսարանի մասնաճյուղում ամենաշատը ոգևորվում են և դա բնական է, երբ տեխնոլոգիաներ են ներդրվում կրթության և գործունեության կազմակերպման համար:

Պետությունները պայքարում են ազդեցության համար, և ազդեցության գործում ժամանակակից աշխարհում տնտեսությունը և տնտեսական հնարավորությունները, ըստ էության, ունեն առաջնային նշանակություն: Մենք շատ դեպքերում որպես պետություն, որպես կառավարություն զգում ենք մեր արտաքին քաղաքական խոցելիությունները հենց թեկուզ այն պատճառով, որ արտաքին քաղաքական օրակարգում չենք կարողանում բավարար չափով հագեցնել տնտեսական բաղադրիչը իմ նախորդ ասածի տրամաբանությամբ: Մենք տնտեսական շատ քիչ բան ունենք առաջարկելու, և սա մեր տնտեսական զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն է, բայց նաև մեր արհեստական բանականության հարգելի գործընկերն առաջինն այդ շեշտադրումն արեց, որ պետք է գրավիչ լինել տնտեսական գործունեության համար: Բայց այն, ինչ այսօր համարում ենք, որ պակասը զգում ենք, դա չի նշանակում, որ դա ունենալու և ստեղծելու հնարավորությունը չկա: Հենց այստեղ է հարցը, որ անհրաժեշտ է առավել կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա որպես պետական շահ:

Թող տարօրինակ չթվա, ես մի փոքր սրել եմ թեման՝ պետությունները պայքարում են սննդի համար, և պարենային անվտանգությունն այսօր ժամանակակից աշխարհում առաջնային թեմաներից մեկն է: Պետք է արձանագրել, որ ընդհանրապես ապրանքների մատակարարումն այսօր հատկապես զարգացած երկրների քաղաքական, կառավարման և ռազմավարական օրակարգերի անբաժանելի մասն է: Սա մի երևույթ է, որին մեծ ուշադրություն գոնե մեր իրականության մեջ չի դարձվում, որովհետև մենք հասկանալիորեն շատ բարդ շրջաններում ենք ապրել, շատ բարդ ժամանակաշրջանով ենք անցել, և նրանք, ովքեր երկար ժամանակ հետևում են լուրերին` տեսնում են, թե հատկապես զարգացած երկրներում ինչ է կատարվում: Եթե մեկ ամիս, կամ մեկ շաբաթ խանութներում բացակայում է օրինակ, լոլիկը, պակասում է հազարը: Ես հիշում եմ` տարիներ առաջ, երբ եվրոպական մայրաքաղաքներից մեկի սուպերմարկետներում հազարի դեֆիցիտ էր առաջացել, այդ ժամանակաշրջանում միջազգային բոլոր լուրերը սկսում էին այդ իրավիճակի մասին քննարկումից, որովհետև այստեղից էլ գալիս է հաջորդ իմ կետը, թե ինչի համար են պայքարում պետությունները: Պայքարում են հարմարավետության համար, որովհետև հատկապես զարգացած երկրներում, ովքեր, իմիջիայլոց, գլոբալ տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն են, որովհետև նրանց շրջանում ստեղծված պահանջարկն է նաև, որ խթանում է այլ երկրների տնտեսական աճը, և կյանքն այնտեղ հազարով, լոլիկով, ելակով, բարձր տեխնոլոգիայով, ըստ էության, կազմակերպված մի համակարգ է, տարօրինակ կարող է թվալ, երբ այդ համակարգից հանկարծ դուրս ես հանում լոլիկը, ելակը և հազարը ու կարող է պատահել, որ այդ համակարգն ամբողջությամբ և լիարժեք չի աշխատում: Այս օրինակները ցույց տվեցի արձանագրելու, թե ինչու է կարևոր տնտեսական զարգացումը՝ որպես պետական շահ:

Հաջորդ փուլով ուզում եմ անդրադառնալ նրան, թե ինչ է պետական շահը: Իսկ ի՞նչ է պետական շահն ընդհանրապես: Պետական շահը, ակնհայտորեն, այն ուղենիշն է, որի նկատմամբ արտաբերվում են բոլոր գործողությունները, բոլոր քաղաքականությունները, բոլոր խոսույթները և բոլոր ռազմավարությունները: Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ եթե մենք որպես պետական շահ ձևակերպում ենք տնտեսական զարգացումը, կառավարությունն իր բոլոր քաղաքականությունները պետք է կարգաբերի, այսինքն՝ որպես ուղենիշ պետք է դիտարկի հենց տնտեսական զարգացումը: Որևէ քաղաքականություն, որևէ ռազմավարություն ընդունելիս մենք պետք է առաջին, երկրորդ և երրորդ տեղում դնենք հետևյալ հարցը՝ իսկ այս ռազմավարությունը, քաղաքականությունը, օրենքը ինչքանո՞վ է նպաստում Հայաստանի տնտեսական զարգացմանը: Նաև ուզում եմ այս խոսույթի և մոտեցման պրակտիկ կողմի մասին խոսել, որովհետև պետական շահ-տնտեսական զարգացումն այն ինդիկատորն է, որով մենք ի վերջո ցույց ենք տալիս` ինչքանով է աճում մեր կամ որևէ երկրի մրցունակությունը, որովհետև քիչ առաջ ասացի, որ երկրների մրցակցությունն աճում է և նրանք, որոնք ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, նրանց խնդիրը շատ կոնկրետ է՝ ապահովել այդ պետության մրցունակությունը: Այդ պետության մրցունակության ապահովման ձևը և միջոցը տնտեսական զարգացումն է, և տնտեսական զարգացումն ամենակարևոր ինդիկատորն է հետևյալի, թե ինչքանով ենք մենք որպես հավաքականություն աշխատում, ներդնում պետության մրցունակությունը մեծացնելու համար:

Իմիջիայլոց, տնտեսական զարգացումը նաև համախմբող գործոն է, և առանձնահատկությունն այն է, որ նրանում ներդրում ունենալու հնարավորություն ունեն բացարձակապես բոլորը։ Եվ յուրաքանչյուրի գործը դառնում է առանցքային ու ռազմավարական։ Այն փոքր ձեռնարկատերը, որը ստեղծում և զարգացնում է փոքր ձեռնարկություն, ռազմավարական նպատակի մեջ պետք է դնի, այդ թվում՝ իրեն, որովհետև դա նաև մոտիվացիան է ուժեղացնում։

Նորից ուզում եմ անդրադառնալ մի երևույթի կամ մի հասկացության, որը մեր դեպքում շատ կարևոր, ընկալելի է, շատ պոպուլյար է, և դա յուրաքանչյուրիս մտքի մեջ է և շատ է օգտագործվում։ Այդ հասկացությունը հայրենասիրությունն է։ Ինչպես ասացի` արտագաղթ բառն այնուամենայնիվ ինստիտուցիոնալ տրանսֆորմացիայի ենթարկելու անհրաժեշտություն ունենք: Արտագաղթ նշանակում է, որ մեր երկիրը տանուլ է տալիս մրցակցությունը մարդու համար, նույնկերպ էլ հայրենասիրությունը, եթե մենք դնում ենք այս տրամաբանության մեջ` հայրենասիրությունն ինքը պետք է, թե ինչքանով է նպաստում տնտեսական զարգացմանը։ Եվ հիմա ուզում եմ ասել նաև, թե տնտեսական զարգացումն ինչով և ինչպես է լուծում այն օրակարգը, խնդիրները, որոնց մասին քիչ առաջ ասացի, օրակարգը, որն ընդհանրապես կարող է գոյություն ունենալ։

Խնդիրն այն է, որ միայն տնտեսական զարգացումն է, որով հնարավոր է ապահովել քաղաքացու բարեկեցությունը։ Այսինքն` պարտվողի դիրքից մարդու համար առնվազն մրցակցությանը դիմացողի դիրքեր, որովհետև բարեկեցությունն առաջին հերթին այն գործոնն է, որը մարդուն պահում է երկրում և գրավում է դեպի երկիր: Իսկ ի՞նչ պետք է հասկանանք բարեկեցություն ասելով: Բարեկեցության մասն, իհարկե՝ քիչ առաջ իմ նշած՝ հազարը, լոլիկը և ելակն է նաև, բայց դա ամբողջականությունը չէ, և հատկապես նաև մեր պարագայում մենք որպես բարեկեցության ապահովման կարևորագույն թեմա ու ոլորտ պետք է նկատի ունենանք անվտանգությունը: Եվ ինչքան խորն է տնտեսական զարգացումը, այնքան բարձր է անվտանգության մակարդակը: Ընդ որում, այստեղ կա պարզ բացատրություն և բարդ բացատրություն, և ես ուզում եմ նախ պարզ բացատրությունից սկսել, որովհետև ինչպես ասացի` ցանկացած պետություն գին ունի, գին ունի նաև անվտանգությունը: Եվ եթե մենք անվտանգության խոցեր ունենք, դա եթե կրկին ձևակերպենք ինստիտուցիոնալ` նշանակում է, որ այսօր չենք կարողացել կամ չենք ցանկացել վճարել այն գինը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը:

Գիտեք, ժամանակակից աշխարհը մեր իրականության մեջ: Ընդ որում, «շուկա» բառը, համենայնդեպս, իր մեջ որոշակի բացասական ընկալում ունի, և սա էլ իմ կարծիքով ինստիտուցիոնալ մտածողության կարգաբերման անհրաժեշտության մասին է խոսում, որովհետև ժամանակակից աշխարհն ընդհանրապես, իմ համոզմամբ` շուկա է, որտեղ վաճառվում է ամեն ինչ, այդ թվում՝ անվտանգությունը: Այլ բան՝ դու կարող ես գնալ, իսկ «շուկան» ունի իր կարիքները: Այսինքն՝ երբ մենք մտնենք շուկա, օրինակ՝ բորսա, այնտեղ վաճառվում են ամենատարբեր բաներ: Այդ վաճառվող ապրանքը գնելու համար դու պետք է ունենաս անհրաժեշտ միջոց: Ընդ որում, շատ կարևոր է նաև հասկանալ, որ այդ շուկան ոչ միայն գնելու, այլև վաճառելու մասին է:

Եվ ինստիտուցիոնալ ու պետական շահերի առումով շատ կարևոր է աշխարհի մեր ընկալումը: Աշխարհի մեր ընկալումը նույնպես կապ ունի տնտեսական զարգացումը որպես պետական շահ ընկալելու հետ, որովհետև եթե մենք մեր իրականության մեջ իրականությունը դիտարկենք անվտանգությունը որպես ապրանք ընկալելու տեսակետից, կտեսնենք, որ մենք այդտեղ խոցեր ունենք, մեր Վեհափառ Խրիմյան Հայրիկի հայտնի ձևակերպմամբ՝ «թղթե և երկաթե շերեփի»: Ընդ որում, կարծում եմ, որ ինքը այդ տրամաբանության ուղղությամբ է մտածում, որովհետև խոսում է երկու ապրանքի մասին՝ «թղթե շերեփի», որն ակնհայտորեն ավելի էժան է և դա է պատճառը, որ մենք ունենք, և մի փոքր ավելի թանկ ապրանքի` երկաթյա շերեփի, որն ակնհայտորեն ավելի թանկ է և դա է պատճառը, որ մենք դա չունենք։ Բայց պատճառը նաև այն է, որ մենք տնտեսական համապատասխան ներուժ չունենք դա ապահովելու։

Այս իմաստով, անվտանգությունն ապահովելու տեսակետից մենք առաջին հերթին խոսում ենք բանակի մասին։ Եվ իմ կարծիքով` այստեղ էլ համակարգային մտածողության կարգաբերման խնդիր ունենք, որովհետև մենք բանակի մասին պետք է խոսենք առաջին հերթին որպես անվտանգության ապահովման գործոն, որովհետև եթե քո անվտանգության ապահովման, ոչ թե նշանակության, կիրառման առաջին գործիքը բանակն է, նշանակում է` մնացած ինստիտուտները չեն աշխատում անվտանգություն ապահովելու համար։ Իսկ որո՞նք են այդ ինստիտուտները, այդ ինստիտուտներն են, օրինակ` արտաքին քաղաքականությունը, արտաքին անվտանգության ապահովման մյուս գործոնները, որոնք կանգնած են մինչև բանակը, Արտաքին հետախուզության ծառայություն և հակահետախուզություն։ Բայց խոսելով արտաքին քաղաքականության մասին` ուզում եմ նորից ձեզ հետ կիսել այն միտքը, որն աշխատանքային մակարդակում բազմիցս կիսել եմ: Մենք աշխարհը պետք է ընկալենք որպես գլոբալ շուկա։ Այդ շուկայում ամեն ինչ վաճառվում է և ամեն ինչ գնվում: Այդ շուկայում հաջողակ լինելու համար մենք պետք է ունենանք վաճառելու բան և տնտեսական զարգացման արդյունքում ունենանք գեներացված այնքան միջոցներ, որ գնենք մեզ անհրաժեշտ ապրանքը։ Ընդ որում, խնդրում եմ, որ այս իմ ասածի մեջ ոչ մի բացասական երանգ չդնեք։ Մենք նաև պետք է սա արձանագրենք, որ մեր իրականության մեջ վերջին 30 տարիներին տեկտոնական շատ լուրջ պրոցեսներ են տեղի ունեցել։

Հիշում եմ, իմ հայրենի քաղաքի` Իջևանի մի քանի իրադրություններ, երբ մարդիկ իրար հետ քննարկում էին, կամ ուրիշներն էին փորձում մարդկանց բացատրել, որ օրինակ, կարելի է այգում աճեցրած լոբի վաճառել, ուղղակի վաճառել։ Ես իմ այդ զգացողությունը հիշում եմ, շատ երկար մարդիկ չէին հասկանում` ո՞նց, ես ինչ-որ բան վաճառե՞մ: Այսինքն` ես սա ինչի՞ համար հիշեցի, որ ես ենթադրում եմ, կամ գուցե երիտասարդ սերնդի մոտ այդ ընկալումը չկա, երբ ես սա ասում եմ` գլոբալ աշխարհը շուկա է, ես չեմ ուզում, որ դա լինի բացասական ընկալում։ Այսինքն` պետք չէ բացասական ընկալել, պետք էլ չէ, եթե չեք ուզում` դրական ընկալել, դա այդպես է ուղղակի։ Հասկանո՞ւմ եք, կան օբյեկտիվ իրողություններ, որոնցից չենք կարող խուսափել։ Դա այդպես է։ Եվ հետևաբար, այդ գլոբալ շուկայում պետք է ունենալ բավարար միջոցներ:

Այս բոլորը երկրի անվտանգությունը և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու միջոցներ են: Այս բոլոր ինստիտուտներն արդյունավետության համար պահանջում են ահռելի միջոցներ, որպեսզի ունենանք ոչ թե շենք ցուցանակով, այլ ինստիտուտներ, որոնք պատկերացնում են իրենց խնդիրը քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար: Ընդ որում, ես անվտանգություն բառն հիմա այլևս չէի օգտագործի, կօգտագործեի բարեկեցություն բառը, որովհետև չի կարող բարեկեցություն լինել առանց անվտանգության` սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած արտաքինով, ներքին անվտանգությամբ, անկախ դատական համակարգով և այդպես շարունակ:

Որպես բարեկեցության անբաժանելի և ամենակարևոր մաս կցանկանայի նշել նաև երջանկություն: Մենք պետք է մեր պատմական ճանապարհն էլ հաշվի առնենք: Երբեմն մարդկանց թվում է կամ թվացել է, որ եթե բավարար չափով սնունդ, կայունություն և լռություն կա, հագուստ կա` դա բավարար է երջանիկ լինելու համար: Մինչդեռ ամենևին այդպես չէ և, իհարկե, մարդու երջանիկ լինելու համար բացի այս ամենից անհրաժեշտ են նաև ոչ նյութական բաղադրիչներ, որոնք հիմա կանդրադառնամ:

Եվ այս առումով ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչ է պետք տնտեսական զարգացում ապահովելու համար ընդհանրապես և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում: Առաջինը, որն իմ գնահատմամբ, անկասկած է և աներկբա, դա կրթությունն է: Այսինքն՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք ունենալ տնտեսական զարգացում կամ զարգացում՝ առանց կրթության զարգացման: Եվ ես հակառակն եմ ուզում ասել, չգիտեմ ինչքան սադրիչ կնչի այս միտքը, բայց մենք այսօր զարգացած ենք այնքան, ինչքան զարգացած է մեր կրթությունը: Այսինքն, եթե ուզում ենք գնահատել մեր կրթության մակարդակը, մեր տնտեսական զարգացվածության մակարդակը, պետք է ուղղակի պատուհանից նայենք դուրս, և եթե գուցե մի պատուհանը կարող է չտալ ամբողջական պատկերը` մենք կարող ենք 10 պատուհանից նայել դուրս, և այդ 10 պատուհանից արած հետևությունը մեր կրթության, կրթական համակարգի մասին է:

Բայց նաև ուզում եմ խոսել հենց այս տրամաբանությամբ, ո՞րը պետք է լինի կրթական համակարգի խնդիրը, ընդ որում ուզում եմ ընդգծել, որ կրթություն ասելով որևէ կերպ չի կարելի տարանջատել նախադպրոցական, բարձրագույն և հետբուհական կրթությունը: Եթե դրանք մի ամբողջության մեջ չեն, իրենք հատվածական են, մեկը մյուսին չեն ավելացնում, հակառակը, դրանք կարող են մեկը մյուսի արդյունքը զրոյացնել: Եվ ուզում եմ շատ հստակ ձևակերպենք, թե որը պետք է լինի մեր կրթության համակարգի խնդիրը:

Կրթության համակարգի խնդիրը պետք է լինի մեր երեխային, հետո նաև ուսանողին, շրջանավարտին մրցունակ դարձնելը, որովհետև, ինչպես պետությունն ունի մրցունակ լինելու խնդիր, այնպես էլ անհատը: Ընդ որում, ինչպես պետությունն ունի զարգացման խնդիր, այնպես էլ անհատը:

Այսինքն՝ ես կրկին ուզում եմ, որ մենք պատասխանատվությունները և պատճառահետևանքային կապերը ճիշտ արձանագրենք, չբացառելով ամենևին, իսկ այդ բացառությունները հաստատուն են և օրինաչափություն: Մենք պետք է խոսենք հիմնական միտումի մասին: Եվ ուզում եմ արձանագրել, որ մեր կրթական համակարգը պետք է մարդուն ավելի մրցունակ դարձնելու խնդիր դնի: Շատ է քննարկվում, թե մեր դպրոցում ինչ պետք է դասավանդվի և ինչ պետք է չդասավանդվի: Այստեղ մենք պետք է կողմնորոշվենք մեր պետական շահի տրամաբանության մեջ: Մեր պետական շահը զարգացումն է, հետևաբար աշակերտի, ուսանողի մրցունակության մեծացումն է այն խնդիրը, որը պետք է լուծի մեր կրթական համակարգը: Տնտեսագետ գործընկերները սա կոչում են մարդկային կապիտալի զարգացում: Եվ սա էլ իր հերթին պայքար է մարդու համար:

Եվս մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Ես խոսեցի երջանկության, մարդու ոչ նյութական պահանջմունքների բավարարման մասին: Ակնհայտորեն այս համակարգում խոսքը մշակույթի, ինչ-որ առումով նաև կրթության մասին է: Բայց ուզում եմ հիմա հակադարձ տրամաբանությունը դնել: Ես կարծում եմ՝ նաև մեր պետական շահի տրամաբանությամբ մենք մշակույթը և կրթությունը պետք է ընկալենք որպես տնտեսության ճյուղ, որովհետև սա շատ կարևոր բան է: Օրինակ՝ ինձ համար գործնական առումով, շատ դեպքերում պրոբլեմները ծագում են այն բանից, որ մեր երկրում, նույն մշակույթի գործիչների շրջանում չկա ընկալում, որ մշակույթը տնտեսության ճյուղ է: Նույն հոգևոր պահանջմունքների բավարարման առումով կարող ենք հիշատակել նաև սպորտը, բայց չկա ընկալում, որ սպորտը տնտեսության ճյուղ է:

Վերջերս մի խոսակցություն գնաց այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանում գործեն և ապրեն նկարիչները: Ես փորձում էի անընդհատ առաջ տանել այն միտքը, որ ոլորտը որպես ամբողջություն պետք ընկալվի որպես տնտեսության ճյուղ: Ակնհայտ է` նկարիչը պետք է վաստակի նկար վաճառելով: Եվ քննարկումը բերեց ինձ մի այսպիսի եզրահանգման և արձանագրման, որ, օրինակ՝ մեր նկարիչ հայրենակիցները հարցին այս դիտանկյունից չեն նայել: Ես ասացի՝ տեսեք, հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանում 50.000 բնակարան է կառուցվում, իսկ Հայաստանի նկարիչներն ի՞նչ են պլանավորել, քանի՞ նկար են վաճառելու այդ բնակարաններում փակցնելու համար: Եկեք արձանագրենք, որ բացառված է մարդիկ այդ 50.000 տունը ձեռք բերեն և պատերը թողնեն դատարկ: Այդ պատերից ինչ-որ մի բան կախվելու է, և նկարը հավանական առաջին եռյակում է, իսկ որտեղի՞ց և ինչպե՞ս են ձեռք բերելու այդ նկարները: Այսինքն՝ սա շուկա է, որում մեր նկարիչ գործընկերները պետք է կազմակերպվեն և, ինչպես ասացի, այդ շուկայում վաճառելու բան ունենան:

Հաջորդ միջոցը, որ ուզում եմ ընդգծել տնտեսական զարգացման տրամաբանությամբ` մրցակցությունն է և մրցակցային հնարավորությունները, որոնք չափազանց կարևոր են մարդկանց պոտենցիալը լիարժեք բացահայտելու համար: Որովհետև իմ ընկալմամբ՝ միայն մրցակցությունը և արդար մրցակցությունն է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի պոտենցիալը բացահայտվի: Իհարկե, տնտեսական զարգացման համար կարևոր գործոն է խաղաղությունը, և նաև տնտեսական զարգացման տրամաբանության և խաղաղության տրամաբանության մեջ ուզում եմ հիշատակել նաև տնտեսական փոխկապակցվածությունները և փոխկախվածությունները երկրների և պետությունների միջև, որոնք կարող են կայունության երկարաժամկետ և շատ կարևոր ու էական գործոն լինել:

Եվ վերջինը, որն ուզում եմ հիշատակել՝ տնտեսական զարգացման կամ զարգացման կարևորագույն գործոններից մեկը կիրառելի, մտածված և համապարփակ ռազմավարություններ ունենալն է, որովհետև շատ կարևոր է նաև հստակ պատկերացնել, թե ինչ նկատի ունենք ավելի մանրամասն տնտեսական զարգացում ասելով, և շատ ավելի էական է՝ տնտեսական զարգացումն օգտագործելով ինչ արդյունքի ենք ուզում հասնել: Այսինքն՝ ի՞նչն է լինելու վերջնական արդյունքը, որովհետև շատ գործողություններ մեծ հաշվով դառնում են ուժերի և ժամանակի վատնում այն պարագայում, երբ դու հստակ չես ձևակերպում, թե վերջում ինչ է լինելու:

Հետևաբար, կարծում եմ՝ ամփոփելու համար պետք է ասեմ հետևյալը, որ տնտեսական զարգացումը որպես պետական շահ ընկալելու այս մոտեցումն է, որ մեզ մղում է աշխատանքը դարձնել հիմնական ուղերձ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Տնտեսական զարգացումը պետական շահ ընկալելու այդ մոտեցումն է, կարծում եմ, որ մեզ թույլ տվեց դիմակայել այն անտանելի ցնցումներին, որ վերջին տարիներին ունեցանք:

Մենք, ըստ էության, բոլոր կանոններին հակառակ որոշակի իրադրություններ ենք կառավարել, երբ ի վիճակի ենք եղել 2021 թվականին ապահովել 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին` 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին` 8,7 տոկոս տնտեսական աճ: Իմ կարծիքով և համոզմունքով, եթե այս ընկալումը դրված չլիներ մեր գործողությունների հիմքում, մեր պետականության կորստյան հավանականությունը շատ մեծ կլիներ: Եվ այն, որ այս բոլոր ցնցումների պայմաններում մարդիկ, կառավարման համակարգը, տնտեսությունը գիտակցաբար, թե ենթագիտակցաբար զարգացումն է ընկալել որպես պետական շահ, մարդկանց մղել է աշխատել, արդյունք ստեղծել, ինչն էլ որոշակիորեն մեծացրել է մեր պետության դիմակայունությունը, բայց, իհարկե, ոչ այն աստիճանի, որը մեզ անհրաժեշտ է: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի ու ավելի շատ ընկալենք զարգացումը որպես պետական շահ և մեր բոլոր գործողություններն արտաբերենք ըստ այդմ»:

← Վերադառնալ