Մամլո հաղորդագրություններ

Կմշակվեն ազգային ստանդարտներ, կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար

04.04.2024

ևս 11 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է 2024 թ. Պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը: Ծրագրի շրջանակում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են ՀՀ-ում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից: 2024 թ. ընթացքում նախատեսվում է մշակել թվով 39 ազգային ստանդարտ: Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, տարածական տվյալների ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ տնտեսության ինտեգրման, տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման. սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման, պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման, ՀՀ-ում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման, ԵՄ շրջանակներում գործող դիրեկտիվների/կանոնակարգերի հիման վրա համապատասխան ոլորտային ազգային, տեխնիկական կանոնակարգերի արդիականացման համար:

Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին: Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) ՀՀ կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար, համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշման ընդունման կարևորությունն այն է, որ եթե ապրանքների ստանդարտները համապատասխան չլինեն սահմանվածին, արտադրանքը չի կարող արտահանվել միջազգային շուկա:

Արձագանքելով՝ վարչապետն անդրադարձել է թեմային առնչող մի շարք նրբությունների. «Հիմա մենք ասում ենք՝ ջուրը պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ ժողովուրդն այդ ջուրը խմում է, դա՝ ոչինչ: Մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկին չի հետաքրքրում: Բայց չի հետաքրքրում գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Սա է ամբողջ խնդիրը: Ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք: Օրինակ՝ գնաճի վերաբերյալ մեր վերաբերմունքը ճշգրտենք»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ գնաճը սահմանված շրջանակներում տնեսության զարգացման և՛ խթան է, և՛ նշան. «Սա շատ կարևոր արձանագրում է: Երկրորդը՝ ստանդարտացնել, նշանակում է թանկացնել, բայց մենք պետք է հասկանանք ինչ որակի պետություն, ինչ որակի հանրություն և ինչ որակի կյանք ենք ուզում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է այդ նրբությունների մասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը. «Օրինակ՝ մայթին խոզի միս են վաճառում, և ասվում է՝ պետք է ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միսը դրանից կթանկանա: Այդ խոզի միսը ինչի՞ հաշվին կթանկանա՝ ոչ թե նույն միսը կթանկանա, այլ դրա վրա կավելանա անվտանգության, առողջապահական ավելի հուսալի բաղադրիչ, և իրականում տեղի կունենա ապագա ռիսկի խնայողություն, որի հետևանքով պիտի թունավորվեիր, հիվանդանոց ընկնեիր ու գումար ծախսեիր: Ստանդարտը իրականում սրա մասին է: Մենք ասում ենք, որ ստանդարտը կարևոր է, բայց մենք մեր ժողովրդին չենք մանրամասնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը մեր կյանքի ստանդարտի և մեր կյանքի չափանիշների մասին է. «Եվ մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության ցանկացած աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում: Հնարավոր չէ, որ կյանքը էժանանա, իսկ բարեկեցությունը բարձրանա: Այլ բան, որ զուգահեռ պետք է եկամուտներն աճեն, բայց եկամուտների աճն էլ է ստանդարտի հարց»:

Վարչապետն անդրադարձել է նաև երկրի ներսում, շուկայում ստանդարտների նկատմամբ վերահսկողությանը և նշել. «Ես եկել եմ նաև այն համոզմամբ, որ միայն տեսչական մարմիններով, վարչական լծակներով պետությունը չի կարող այդ ամեն ինչը վերահսկել, սկսած՝ երթևեկության կանոններից, որովհետև նախ մտածողության ստանդարտ պետք է հաստատվի: Ստանդարտն իրականում մեր վարքագծի և մեր ընկալման փոփոխության մասին է»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ սովորաբար հաճախ պատահում է այնպես, որ կառավարությունները շատ թեմաների չեն անդրադառնում. «Մտածում են, որ դա հանրային ոչ թե դիմադրություն կառաջացնի, այլ այնպիսի դիմադրություն, որ կարող է լինել վիրավորական, ընդհուպ՝ բանը կարող է հասնել հայհոյանքների. ոչ մեկ չի ուզում, որ դա տեղի ունենա իր հասցեին։ Ուզում եմ ասել հետևյալը, եթե այսօրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, որովհետև հայհոյանքն աշխատանքի հարակից էֆեկտն է, իսկ ո՞վ է անելու այդ աշխատանքը, սա շատ կարևոր հոգեբանական ու քաղաքական հարց է։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնել: Իհարկե, այդ որոշումները պետք է լինեն քննարկված, ուսումնասիրված, լինեն բխող երկրի միջնաժամկետ, կարճաժամկետ շահերից»:

Թեմայի առնչությամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հարկ վճարողներից ստացված ազդակները. «Դժգոհությունների հիմքում ոչ թե այն է, որ նրանք չեն ուզում, որ իրենց ապրանքը համապատասխանի ստանդարտին, այլ վստահ չեն, որ գործընթացի արդյունքում ստանում են բովանդակություն, ոչ թե փաստաթուղթ: Նաև չգիտեն՝ վստահե՞լ փորձաքննություն անցկացնող լաբորատորիաներին, թե՞ չվստահել: Դրա համար շատ կարևոր է գործընթացն ապահովել բոլոր այն լաբորատորիաներով, այն կարողություններով և այն մասնագետներով, որոնք վերջնարդյունքում կտան այդ բովանդակությունը»:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ իր հերթին նշել է, որ փաթեթում ներառված են 12 ստանդարտներ, որոնք վերաբերում են տարածական տվյալներին: «Դրանցից մեկը վերաբերում է հասցեներին: Ստանդարտի ընդունումը հետագայում պետական մարմիններին թույլ են տալու մեկ ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազաներ, որը օգնելու է առաքանիների առաքման, ոստիկանության կամ որոշակի ծառայությունների մատուցման հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ 12 ստանդարտներն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, որում ներառված է առանձին կետ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասով, և այս ստանդարտների հաստատումը թույլ կտա թռիչքաձև զարգացում ապահովել:

Կներվեն ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները

Կառավարությունն ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում:

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նշել. «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր: Կառավարության կողմից զիջված պարտավորությունների կազմում ներառված են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները: Խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է: Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ ի ապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը: Փաստացի՝ ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր: Ընդ որում՝ մոտ 2.3 մլրդ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է. մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718, 1 մլն-ից 2 մլն՝ 221 հատ, 2-2.5 մլն-ը՝ 25 հատ. 2.5-5 մլն՝ 15 հատ, և 5 մլն-ից ավելի՝ ընդամենը 5 հատ»:

Ըստ նախարարի՝ կառավարություն որոշման ընդունումից հետո որոշման շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար: Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Նշվել է նաև, որ պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որոնք ստացել են վարկեր ոսկու գրավադրմամբ, և այդ վարկերն անցել են ՀՀ կառավարությանը: «Քանի որ նախորդիվ որոշումներով մենք այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեցինք: Կառավարությունը, ըստ էության, իրավունքներն ու պարտավորություններն այդ վարկային պորտֆելի վերցրեց, ստանձնեց: Եվ սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, որովհետև ստացվում է, որ մենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել ենք, բայց գրավներն էլ պահում ենք մեր մոտ դե յուրե: Մենք քննարկեցինք և որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է, և մանավանդ այս իրադրության մեջ, երբ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ մինչև որոշումը ստորագրելը մեկ անգամ անդրադառնալ թեմային՝ դրա հետ կապված բոլոր հարցերի անհրաժեշտ պատասխանները հստակ ունենալու նպատակով:

Կներդրվեն բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերը

Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը: Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նշել. «Գործող ընթացակարգերով էլ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում տվյալ դեպքերի հետ կապված, սակայն դա տեղի չի ունենում համատարած, համակարգված և կանոնավոր: Այս գործընթացի արդյունավետությունը հաճախ նաև պայմանավորված է իրավապահ համակարգի աշխատակիցների կամ սոցիալական աշխատողների անձնական հատկություններից, նրանց ջանասիրությունից: Այս նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»:

Այսպիսով, բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան հետևյալ մարմինները՝ ՆԳՆ ոստիկանությունը. այս մարմինը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է, ԱՍՀ նախարարությունը, միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, դեպքի հայտնաբերման և երեխայի խնամքի հաստատություններ տեղավորման գործընթացում հիմնական ներգրավվածություն ունեցող մարմիններն են, առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որոնք կարող են ներգրավվել ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքից, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները. վերջիններս կներգրավվեն, որպեսզի երեխայի սոցիալականացումը տեղի ունենա անխոչընդոտ, բացառվի կրկնակի զոհականացումը, երեխայի կրթական իրավունքը վերականգնվի, և հաղթահարվեն դժվարությունները, մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքապետարանը և ՀԿ-ները: Որոշմամբ սահմանվում են նաև փոխգործակցության սկզբունքները:

«Նախատեսվող փոփոխությունների արդյունքում պատկերը կլինի հետևյալը. երբ որևէ խողովակով հայտնաբերվի կամ ահազանգ ստացվի բռնության ենթարկված երեխայի մասին, խնամակալության և հոգաբարձության մարմինները գնահատման արդյունքում պետք է անհապաղ ապահովեն երեխայի՝ աջակցության որևէ կենտրոնում տեղավորումը, եթե գնահատման արդյունքում չլինի երեխայի խնամքի հաստատություն տեղավորելու անհրաժեշտություն, ապա կիրականացվի դեպքի վայրում անհատական սոցիալական ծրագրի կազմում, որը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ ընտանիքի հետ տարվող անհրաժեշտ աշխատանքներ՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի վերասոցիալականացումը կամ ընտրել հետագա խնամքի կազմակերպման ձևը: Աջակցությունը տրամադրվում է երեխայի անհատական դեպքից ելնելով: Ըստ այդմ՝ կարող է լինել անհրաժեշտություն երեխային մատուցել վերականգնողական օգնություն, տրամադրել ցերեկային հաստատության ծառայություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության վերակազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ որոշման ընդունման արդյունքում բռնության ենթարկված երեխաների հետ տարվող աշխատանքներն ավելի համակարգված կլինեն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Սա էլ է ստանդարտի մասին, երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտի մասին է խոսքը: Այստեղ, իհարկե, ընտանիքից դուրս իրադրությունները պարզ են, մենք հստակ վերաբերմունք ունենք: Մեր քաղաքականությունն է՝ երեխայի հետ կապված դժվար իրադրություններում մաքսիմալն անել, որ երեխան մնա և շարունակի մնալ ընտանիքում. սա բոլոր հարցերում մեր առաջնային քաղաքականությունն է: Բայց կա մի նրբություն, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել. երեխան ոչ մեկի սեփականությունը չէ: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ մենք սրա մասին էլ պետք է բարձր խոսենք: Այո՛, կան իրադրություններ, երբ պետությունը, կառավարությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից, և պետությունը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ: Ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով միջամտի և երեխային պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է»:

Քաղաքաշինության բնագավառում կներդրվի վերաորակավորման համակարգ, կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ

Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի և դա կապակցվում է վերաորակավորման կրեդիտների պահանջների կատարման հետ: ՇՄԶ ստեղծման հիմք է հանդիսանում վերաորակավորման համակարգի ներդնումը: Ներկայումս Հայաստանում չի գործում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով: Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ:

Ամբողջությամբ կփոխհատուցվի ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները

ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով շուրջ 17 000 դպրոցականների՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության հասանելիությունը, շարունակականությունը և մատչելիությունն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկում է ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումներից կատարել վերաբաշխում 97,035 հազար դրամի չափով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները փոխհատուցելու նպատակով: Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետբյուջեով, որոշմամբ էլ կփոխհատուցվեն ԼՂ-ից բռնից տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: Արդյունքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով:

Երևանում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 262 100 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 13 105 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Շիրակի մարզի Գյումրու Լիսինյան փողոց թիվ 15 հասցեով շինությունը կփոխանցվի համայնքին՝ հետագայում այն անհատույց օգտագործման իրավունքով «Ամերիկյան Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ին տրամադրելու նպատակով: Կազմակերպությունը նախատեսում է 500000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում անել վերոնշյալ շենքի վերակառուցման և ներքին հարդարանքի համար։ «Ամերիկյան Փարոս» հիմնադրամի ներկայացված ծրագրով նախատեսվում է կառուցել 20-25 բնակարաններ՝ երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում, իսկ առաջին հարկում լինելու է կարի արտադրամաս և ուսումնական կենտրոն բարեգործական նպատակներով, որի համար համայնքի և «Ամերիկյան Փարոս Հիմնադրամի» միջև կնքվել է հուշագիր։ Վերոնշյալ սոցիալական բնակարանները հետագայում կհատկացվեն համայնքում ապրող միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ օրս չեն օգտվել որևէ պետական աջակցությունից։

Արարատի մարզի Լանջազատ գյուղի 5 հողամասերը և Կոտայքի մարզի Գառնի և Հացավան գյուղերի 5 հողամասերը կամրացվեն Պետգույքի կառավարման կոմիտեին

Կառավարությունը հաստատել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումը: Ըստ այդմ՝ ՀՀ-ն կընդունի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի 5 հողամասերի և Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի և Հացավան գյուղերի 5 հողամասերի նվիրատվությունը և այն կամրացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Միջազգային համագործակցություն

Կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ «Եվրաջասթ»-ը ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել «Եվրաջասթ»-ի և ՀՀ իրավասու մարմինների միջև ծանր հանցագործությունների, մասնավորապես, ի թիվս այլնի, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը: Համաձայնագրով «Եվրաջասթ»-ը կաջակցի ՀՀ-ին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում: «Եվրաջասթ»-ն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի ՀՀ քննչական մարմիններում նախաձեռնված քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը «Եվրաջասթ»-ում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին:

Գործադիրը հավանություն է տվել 2005 թ. դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման արձանագրությունը լրացրել է համաձայնագիրը նոր՝ 31 bis հոդվածով, հավելվածով և լրացումով: Այն իրավական հիմք է տալիս ԱՀԿ անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրելու բացառապես՝ մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության և արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ: Արձանագրության նպատակն է զարգացող և քիչ զարգացած երկրների համար ապահովել թանկարժեք դեղորայքի հասանելիությունը ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման նպատակով: 31 bis հոդվածի և համաձայնագրի հավելվածի դրույթների կիրառումը իրավունք է տալիս դեղամիջոցների ոչ բավարար արտադրական հզորություն ունեցող ԱՀԿ անդամ երկրներին արտակարգ իրավիճակների դեպքում դիմել ԱՀԿ այլ անդամի՝ իր երկրին անհրաժեշտ քանակությամբ դեղորայք ապահովելու համար: Արձանագրությունը նախատեսում է նաև հարկադիր լիցենզիայի հիման վրա արտադրված դեղորայքի արտահանման մեխանիզմ, որի առավելությունը տեղական արտադրողների կողմից արտոնագրված թանկարժեք դեղամիջոցի արտադրության իրականացումն է դրա կարիքը ունեցող երկրի համար: Այս մեխանիզմը կարող է կիրառվել ԱՀԿ այն անդամ երկրի կողմից, որը բավարարում է ԱՀԿ ներմուծող անդամ երկրին ներկայացվող պահանջները և որի արտադրական հզորությունները դեղագործական ոլորտում համապատասխանում են Համաձայնագրի հավելվածի լրացումով սահմանված չափորոշիչներին: 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ արձանագրությանը միացել է 111 ԱՀԿ անդամ երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Եվրոմիությունը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և այլն:

Հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար: Ներկայումս Շրջանակային համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում՝ ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը: Կարևորելով Հայաստանում արևային էներգետիկայի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Շրջանակային համաձայնագրին միանալն իր նպաստը կբերի ոլորտում մրցունակության բարձրացմանը, և հիմք կստեղծի արևային էներգետիկայի բնագավառում Շրջանակային համաձայնագրի կողմ-պետությունների միջև համագործակցության զարգացման համար՝ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին միասնական պատասխան տալու միջոցով: Միաժամանակ, Շրջանակային համաձայնագիրը կձևավորի կողմ-պետությունների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ:

Գործադիրը հավանություն է տվել նաև 2023 թ. հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրում-ների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նշյալ ոլորտում ԱՊՀ ձևաչափում ծավալվող փոխգործակցության հետագա զարգացմանը: Կողմերի ընդհանուր պարտավորություններից և եզրափակիչ դրույթներից բացի Համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը։ Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաև ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը և խթանել ներդրումային հոսքերը։ Համաձայնագիրը ենթադրում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 140 նոր աշխատատեղ

Կառավարությունը բավարարել է մի շարք ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«Նուվո վիլաժ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել Կոտայքի մարզում, 5 հա արտադրական տարածքում ջերմոցի կառուցման համար։ Ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր։ Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3.26 մլրդ դրամի կապիտալ ներդրում, որից 1.7 մլրդ դրամը ջերմոցի կառուցման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 86 մլն դրամ:

«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի պլաստիկ շշերի նախակաղապարների արտադրության համար՝ իրականացնելով 1.27 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 322 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 57 աշխատատեղ՝ 245 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 276 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 56 մլն դրամ:

«Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է հիմնել ամրանների տաք գլոցման հոսքագիծ՝ ամրանների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 3.7 մլրդ դրամի ներդրում, որից շինություններ և կառուցվածք՝ 271 մլն դրամ, սարքավորումներ՝ 2.1 մլրդ դրամ, տեղադրում և շահագործում՝ 283 մլն դրամ, մինչև շահագործման ծախսեր՝ 453 մլն դրամ, շրջանառու միջոցներ՝ 625 մլն դրամ։ Մինչև 2025 թ. նախատեսում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18.4 մլն դրամ:

«Արմիմպեքս» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ջուտե պայուսակների արտադրության համար՝ իրականացնելով 797.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, 100 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար և 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 797.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49.7 մլն դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Տ-մետալ» ՓԲԸ-ին տրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու թույլտվություն: «Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի 2024թ-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով: Նման որոշում ընդունվել է՝ հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն»-ը համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ:

Գործադիրը սահմանել է Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները կարգավորված չեն: Մասնավորապես՝ սահմանված չեն երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով պայմանագրի ձևը և համաձայնության տրամադրման կարգը, որոնց առկայությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջ է, իսկ դրանց բացակայությունը գործնականում առաջացնում է մի շարք լուրջ իրավական խնդիրներ:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել՝ 116,580.0 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար անհրաժեշտ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին ամրացված շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերմանը: ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
 

← Վերադառնալ