Մամլո հաղորդագրություններ

Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը. Կառավարությունը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ

02.05.2024

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատման, տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաև ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու նպատակադրումներից: Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ և այլն:

«Բացի դրանից՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով: Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում:

Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:

Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում: Երկրորդ՝ սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ժամանակն է շատ հստակ արձանագրել և բարձրաձայնել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետև մեր տնտեսական քաղաքականությունը և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճը: Եվ մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծեինք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Տրամպլինի տրամաբանությամբ եթե նայում ենք, մեր սիրելի տնտեսվարողներ՝ տրամպլինով հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Ի՞նչ ենք տեսնում. մենք շեմերը ոնց փոխում ենք՝ ասենք 120 մլն է տարեկան շրջանառությունը, գալիս են, ասենք, 118.5, 117 և այլն: Այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»:

Վարչապետը հավելել է. «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք: Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է փոխել և՛ կառավարության, և՛ մարդկանց վերաբերմունքը հարկերի, հարկային համակարգի նկատմամբ. «Փոխել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է, այո, փորձենք լինել հավաքագրման մեջ մաքսիմալ արդյունավետ, մաքսիմալ արդար և ծախսման մեջ՝ մաքսիմալ արդյունավետ և մաքսիմալ արդար՝ հասկանալով, որ դա իրադարձություն չէ, դա ճանապարհ է, որը պետք է անցել»:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ: Ամփոփելով՝ վարչապետը ընդգծել է այս և մնացած բոլոր որոշումների վերաբերյալ հանրությանը մանրամասն ներկայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը. «Ակնկալում եմ, որ մենք շատ ակտիվ կխոսենք մարդկանց հետ: Խոսակցության ռեժիմը պետք է լինի աշխատանքային՝ պարզ, ազնիվ և պետականության գաղափարի հիմքի վրա դրված: Եվ սա խոսակցության սկիզբն է, մենք պետք է մարդկանց ասենք՝ շրջանառության հարկն առաջիկա տարիներին քայլ-քայլ, ոչ միանգամից, պետք է ընդհանրապես դուրս գա: Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ և բոլորը պետք է աշխատեն այդ մեկ հարկային համակարգով: Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բայց այս դեֆորմացված վիճակից պետք է դուրս գալ»:

Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։ Միաժամանակ, նախագծերի ընդունումը կնպաստի քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ռիսկերի չեզոքացմանը:

Նախագծով սահմանվում են Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև՝ ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։ Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակի սահմանումը։ Դրա նպատակը, նախ և առաջ, այն է, որպեսզի ոստիկանության այս ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի վերափոխման արդյունքում ոստիկանության գվարդիան գործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ոստիկանության գվարդիան լինելու է ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով:

Ոստիկանության գվարդիայի կառուցվածքում նախատեսվում է ներառել ներկայիս ոստիկանության զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները: Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև՝ պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում): Կվերանայվեն և կհստակցեվեն Ոստիկանության գվարդիայի կողմից իրականացվող անմիջական գործառույթները:

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող. «Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»: Փոխնախարարի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թ. հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում:

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշել է՝ նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է: «Ոլորտում գլխապտույտ արագություններ չենք զարգացնում, բայց մյուս կողմից շատ հետևողական ենք: Սա ճիշտ մոտեցում է, որովհետև երբեմն, արագությունը զարգացնելով, նաև կարող ենք շատ նրբություններ բաց թողնել: Կարծում եմ՝ մենք իսկապես ունենք պատշաճ և ամբողջական նախագիծ ոստիկանության նոր համակարգ ձևավորելու, որը համապատասխան է մեր պետական կարգին, ժողովրդավարության մեր ձգտումներին: Եվ, իհարկե, այստեղ էլ ստանդարտիզիացիան չափազանց կարևոր է: Ոստիկանությունը ուժային կառույց է , ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ: Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ: Ընդ որում , սա կարևոր է և՛ քաղաքացուն, և՛ ոստիկանին պաշտպանելու համար: Ոստիկանն իր ծառայության բերումով պետությանը և հանրությանը ծառայություն է մատուցում, և պետք է իր ծառայության ստանդարտն ուսուցանենք առաջին հերթին իրեն, որպեսզի ինքը հանկարծ չիմացության բերումով այդ սահմանգիծը չանցնի՝ վնասելով և՛ քաղաքացու շահերը, և՛ իր շահերը, որովհետև դրանից հետո պետք է առաջ գա պատասխանատվություն: Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, և ես հույս ունեմ, որ մենք այն կիրականացնենք: Այստեղ միայն օրենքի խնդիրը չէ, օրենքը, ստանդարտը, ուսուցումը, բայց պրակտիկան, միևնույն է, ամենակարևորն է: Եվ հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեր խորհրդարանական գործընկերները, հենց բուն ոստիկանության ծառայողները, քաղաքացիական հասարակությունը շատ սերտ կհամագործակցեն, որպեսզի այդ ստանդարտները ներդրվեն, դրանք լինեն կիրառելի, համարվեն արդար և իսկապես, առաջին հերթին պահպանեն հանրության և պետության շահերը և որևէ կերպ չվնասեն մարդու իրավունքներին»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետն այս համատեքստում էլ է կարևորել պատշաճ հանրային հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը. «Որպեսզի մարդիկ հասկանան ինչ ենք անում և ինչու ենք անում, որպեսզի մեր նպատակադրումները բոլորին պարզ լինեն, և մեր նպատակադրումներն աղավաղելու հնարավորություն չտանք որևէ մեկին»:

Կիրականացվի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիր

Կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թ. «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից ելնելով մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը: Ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին օժանդակություն՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելու գործընթացում:

Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջը իրագործելու համար:

2023 թ. բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված, շարունակում է ուսուցչական գործունեությունը և ստանում վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման իրենց արդյունքների։ Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալը կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելն ու ատեստավորման համար օրենսդրությամբ սահմանված շեմը հաղթահարելը։ Այսպիսով՝ ծրագրի շահառուն կարող է դիմել և մասնակցել աջակցության երկու ծրագրերին՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարի փոխհատուցում ստանալու և կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, աջակցության ծրագիրը երկարամյա փորձ ունեցող, ոլորտին նվիրված, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանող մասնագետներին տրվող ևս մեկ հնարավորություն է, որով հնարավոր կլինի համալրել առկա թափուր տեղերը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել՝ ուսուցիչների բարձրագույն կրթություն ունենալու մասին պահանջը հաստատվել է 2011-ին, և որ քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է. «Ընդհանրապես՝ Հայաստանում նման փորձ կա, երբ կառավարության քաղաքականությունների հետևողականության վերաբերյալ այդպիսի ամուր ընկալում չկա: Պետք է խոստովանել, որ այպիսի պատմություններ Հայաստանում շատ են եղել 2018 թվականից առաջ էլ են եղել, 2018 թվականից հետո էլ են եղել: Ընդհանուր առմամբ՝ կառավարության և քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր բան է, նաև այդ քաղաքականությունների իրականացման արդյունավետության տեսակետից: Մենք մեր քաղաքականությունների, որոշումների վրա, պետք է ոչինչ, մի քիչ երկար մտածենք, բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն: Եվ սա զարգացման շատ կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման»:

Վարչապետը հետաքրքրվել է աջակցություն են ծրագրի մանրամասներից, ինչի ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան տեղեկացրել է. «1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Բավականին մեծ նաև հանրային ճնշում կար ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու, բայց մենք չգնացինք այդ քայլին, այլ փորձեցինք հավելյալ գործիքակազմ ներդնել, որ այդ մանկավարժներին աջակցության հնարավորություններ ստեղծվեն: Եվ ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, որ եթե այդ աջակցության մեխանիզմները գործեին, երբ այդ պահանջը դրվել էր, մենք բոլորովին այլ պատկեր հիմա կունենայինք: Ինչ վերաբերում է, թե ինչպես են օգտվելու մանկավարժներն օժանդակության ծրագրից, ապա նշեմ, որ ծրագրի հաստատումից հետո, դիմում ներկայացնելու համար եռամսյա ժամկետ է լինելու կամ վերապատրաստման ծրագրում ներգրավվելու կամ բուհում իրենց կրթությունը ստանալու: Դիմելու են բուհ, բուհից մենք ստանալու ենք տվյալները, նրանց ընդունվելու պարագայում առաջին կիսամյակի վարձը փոխանցելու ենք: Երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է ՄՈԳ-ի նվազագույն շեմ: Այսինքն, բնականաբար, ուշադրություն ենք դարձնելու առաջադիմությանը, որովհետև նաև մեր հարգելի քաղաքացիները պատրաստվում են հետո ուսուցիչ աշխատել, և մենք չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու, բնականաբար, շարունակել ուղղակի օժանդակություն ցուցաբերել: Եռամսյա ժամկետում դիմումները կընդունվեն բուհերում, բուհերը կփոխանցեն նախարարություն, և մենք արդեն այդ տվյալների հիման վրա կիրականացնենք ուսման վարձի փոխհատուցում»:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ որոշման ընդունից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կմեկնարկի դիմումների ընդունման գործընթացը. «Մենք մի քանի անգամ հանդիպել ենք այս խմբի մանկավարժների հետ: Կարելի է ասել, առաջարկները համատեղ ենք ձևավորել, որովհետև սրանք օժանդակության միջոցներ ենք, որոնք առանց իրենց մասնակցության չեն գործի, այսինքն՝ մարդիկ պետք է ուզենան կրթություն ստանալ, պիտի ուզենան վերապատրաստման մասնակցել: Այդ իմաստով նախնական քարտեզագրում էլ ունենք ըստ բուհերի և ըստ մասնագիտությունների: Անմիջապես որոշման ընդունումից հետո, արդեն կոնկրետ կաշխատենք»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ էլ ես շատ գոհ եմ, որ մենք անկախ ամեն ինչից մեր քաղաքականություններն ի վերջո չհակադրենք մարդկանց, այսինքն՝ այս քաղաքականություններն ի վերջո նաև ուսուցիչների համար են: Ի վերջո, կամավոր ատեստավորում անցնելը նաև աշխատավարձի էական բարձրացման մասին է: Այս քաղաքականությունը նրա համար չէ, որ մենք մարդկանց դուրս թողենք համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ մենք ավելի ինստիտուցիոնալ ներգրավում ապահովենք»:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է կրթության կարևորությունը աղքատությունը հաղթահարելու համատեքստում. «Երբ մենք այսօր աչք ենք փակում երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա, մենք 90 տոկոսով նրան դատապարտում ենք աղքատության: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը, որ մենք պետք է անենք»:

Կառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Արդյունքում՝ լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, կրթության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներին, ինչպես նաև ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը: Ըստ այդմ առաջարկվում է՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել 131,646.2 հազար դրամ, Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ 27,051.9 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 79,983.7 հազար դրամ, Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 54,166.5 հազար դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 227,878.6 հազար դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ 59,012.2 հազար դրամ և Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 12,500.4 հազար դրամ: Ընդհանուր գումարը 592,239.5 հազար դրամ է: Մասնավորապես, գումար կհատկացվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի աշխատանքներն ավարտելու և մարզադաշտի համար լուսարձակներ ձեռքբերելու նպատակով, Լոռու մարզի Տաշիր քաղաքի թվով 5 վնասված բնակելի շենքերի տանիքների վերակառուցման և վերանորոգման աշխատանքների համար, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան 5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի հարակից տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտման աշխատանքների իրականացման նպատակով և այլն:


Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա: Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով: Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր: ՊՈԱԿ-ը փորձաքննություններ կիրականացնի պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով, ինչպես նաև կտրամադրի փորձագետի կարծիք:

Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները

Գործադիրն ընդունել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոյի ոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո-ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունից։ Արդյունքում՝ կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում։

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնման և համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։ Համաձայնագրի շրջանակում վերականգնման ենթակա անտառային և ջրաճահճային տարածքները՝ որպես արժեքավոր էկոհամակարգեր, ունեն առաջնային նշանակություն կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման տեսանկյունից։

Հավանություն է տրվել «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը: Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի կողմից մշակված օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և սահմանում է կարգավորումներ այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են` պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքը օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում, գենետիկ ժառանգության պահպանումը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքը և այլն։ Կոնվենցիան նաև հայտնի է որպես պացիենտների իրավունքների պաշտպանության եզակի իրավական փաստաթուղթ։


Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով:

Կառավարությունը բավարարել է «Նազարյան Քուլինգ Սիսթեմս» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բետոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 600 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 130 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման, իսկ մնացած մասը սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 16 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2025 թվականը, նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ 260 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 417.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 50 մլն դրամ:

Գործադիրը հաստատել է Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով: Արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայողների վարձատրությունը, քրեակատարողական ծառայությունում ծառայությունն ավելի գրավիչ կդառնա, ինչպես նաև ծառայությունը բանիմաց կադրերով համալրելու հնարավորություն կընձեռվի։

 

← Վերադառնալ