Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովման համար

23.05.2024

ևս 16 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,920,000.0 հազար դրամի չափով՝ արդյունքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որը տվյալ ծրագրի շրջանակներում ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ որպես ԲՍԿ–ի լիազորությունները, փոխանցելով թվով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Թվով 10 կրթահամալիրի համար պատվիրատու մարմին է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որոնցից 1–ը Արագածոտնում՝ Ճարճակիսի, 4–ը Գեղարքունիքում՝ Կախակնի կրթահամալիր, Արեգունու կրթահամալիր, Փոքր Մասրիկի կրթահամալիր, Մաքենիսի կրթահամալիր, 4–ը Լոռիում՝ Բազումի կրթահամալիր, Միխայլովկայի կրթահամալիր, Կաթնառատի կրթահամալիր, Գարգառի կրթահամալիր, 1–ը Սյունիքում՝ Սիսիան համայնքի Շաքիի կրթահամալիր: Որոշմամբ նաև դպրոցների տնտեսումների հաշվին 31.4 մլն ՀՀ դրամ գումար է հատկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թվով 3 դպրոցի գույքային հագեցվածության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող թվով 2 դպրոցի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով։ Այդ դպրոցներն են Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը (ճաշարանի գույքի ձեռքբերում), Ալավերդու Ստ․ Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը (տեսախցիկների ձեռքբերում), Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցը (էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում), Վանևանի միջնակարգ դպրոցը (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում), Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցը (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)։ Որոշման ընդունմամբ կկատարվի վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև, որի արդյունքում կապահովվեն կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Վարչապետը հետաքրքրվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվող կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքով, ինչին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է. «Նախ, պարոն վարչապետ, հստակեցնեմ, որ այն տասը, որ տիկին Անդրեասյանը նշեց այս վերաբաշխման եղանակով «Տարածքային զարգացման հիմնադրամին» սահմանում ենք որպես կատարող պատասխանատու: Սրանք նոր սկսվողներն են, որոնք տիպային նախագծեր են: Մենք, ըստ էության, մրցույթի ենք տալիս տիպային նախագիծը, արդեն տեղակապումը և շինարարությունը մեկ կատարող կապալառու կազմակերպության պայմանագրի շրջանակներում կշարունակի իրականացվել: Կրկին հստակեցնելու համար, մենք այս պրոցեսում անցյալ աշնանը մեկնարկած մոտ 90 կրթական հաստատությունների, դպրոցների կամ հանրակրթարանների, կրթահամալիրների, ըստ էության, նոր սկսվող գործընթացներ ենք կառավարում: Մեծամասամբ արդեն մրցույթները կատարված են 90-ից, որոնք մինչև ամառ նախատեսված պլանն են: Մոտ 10-15-ն այս ամսվա ընթացքում ավարտին կհասցնենք:

Հիմնանորոգումների մեկ ուրիշ փաթեթ ենք պատրաստում: Դրանք հիմնականում 80-ականներից հետո կառուցված դպրոցներն են, որոնք շենքային գնահատման պայմանների տեսանկյունից համարվում են բավարար: Մենք այնտեղ հիմնական խնդիրներ ենք լուծում ներքին պայմանների, ջերմակայունության, սանիտարական պայմանների, նորացման, թարմացման խնդիրներն ենք լուծում: Այս ամռանն արդեն թվով առնվազն 50 դպրոցների փաթեթ կունենանք և դրանք նույնպես առանձին նախագծերով կբերենք կառավարության հաստատմանը: Կշարունակենք նաև, պարոն վարչապետ, որովհետև մեր պլանն է՝ այս երկրորդ խումբն առնվազն 150-ի հասցնել: Առանձնահատկությունն այն է, որ մենք այս 50-ի օրինակով մի հատ կփորձարկենք, կհասկանանք՝ ինչ եղանակով ենք մենք առանձնացնում, ընդհանուր մոտեցումներ կամրագրենք և արդեն հաջորդ տարվա ընթացքում կշարունակենք նաև մյուս 100-ը»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև որակի ուղղությամբ տարվող աշխատանքներով, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը զեկուցել է. «Ամենօրյա հսկողություն ենք իրականացնում, ակտիվ աշխատում ենք մարզերի մեր գործընկերների հետ, մարզպետարանի: Հիմնականում աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների, բայց որոշ տեղերում, օրինակ՝ երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում մարզպետարանի մեր գործընկերների հետ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շեղումներն այնպիսին են, որ հնարավոր չէ լուծում տալ, վերականգնել, և հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այդ մի մասնաշենքն ապամոնտաժվի: Շինարարն իր ուժերով ապամոնտաժել է և իր ուժերով պետք է իրականացնի այդ ապամոնտաժված հատվածի շինարարությունը: Տեղեր կան, որ զուգահեռաբար շինարարությանը մենք ուսումնասիրում ենք նաև նախագծային լուծումները և հնարավորինս ձգտում ենք բարելավել այն փորձի հիման վրա, որը կուտակել ենք այս նախորդող ժամանակահատվածի ընթացքում: Մեկ-երկու այդպիսի դեպքեր ունենք, որոնք պետք է ապամոնտաժվեն: Մեկն արդեն ապամոնտաժել ենք, հաջորդն առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը լինելուց հետո, կապամոնտաժենք: Մնացած տեղերում որակի լուրջ խնդիրներ չունենք, բոլորը շտկվող են, արձանագրվում են, կշտկենք, առաջ կգնանք առանց որակական լուրջ խնդիրների»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Ինչքան էլ հասկանում ենք, որ ցավալի է, որ այդ ապամոնտաժման գործընթացը ժամանակ է տանում, մեր պլանները հետ են ընկնում, բայց մենք պետք է սկզբունքային գտնվենք, որովհետև մեկ, երկու, երեք այդպիսի նախադեպերը նաև մեր հարգելի շինարարներին հստակ ուղերձ կլինեն, որ այդպես պետք չի անել: Այսինքն՝ շահավետ չէ նաև իրենց համար այդպես վարվել: Իհարկե, հեշտ չի լինելու, ենթադրում եմ՝ տարբեր բողոքարկումներ կլինեն և այլն, կնկնենք երբեմն դատական պրոցեսների մեջ, որոնք հնարավոր է տարիներ տևեն, բայց կապ չունի, մենք պետք է այդ ճանապարհով գնանք»:

Թեմայի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերից մեկին, ըստ որի մարզակառույցները կապահովվեն ժամանակակից մարզական գույքով, կբարելավեն դրանց մարզման պայմանները: Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին կհատկացվի անհատույց սեփականության իրավունքով գույք: Որոշմամբ հաստատվել է 2024 թվականին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների: Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման նպատակով մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովում, դրանց մարզման պայմանների բարելավում:

Առավել ճկուն կդառնան գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները

Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն: Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը: Կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի շարունակաբար բարելավել պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը: Արդյունքում՝ կբարելավվի պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:

Վարչապետը որոշման հետ կապված նշել է. «Մենք երկու տարի առաջ որոշումն ընդունել էինք, բայց հիմա մոնիտորինգ ենք արել և տեսել ենք, որ այդքան էլ ակտիվ չեն: Հիմա փորձում ենք պարզեցնել սխեմաները, որպեսզի լրագրողները, հասարակական կազմակերպությունները և մրցակիցներն ավելի ակտիվ վերահսկեն մյուսների գործունեությունը»:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի խոսքով, պիլոտային եղանակով Ֆինանսների նախարարության գործընկերների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ արդեն իսկ իրականացվել է երկու շրջայց և Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել վերապատրաստման կուրսերի իրականացման մասով:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս որոշման լավարկումն ի ցույց է դնում թափանցիկության սկզբունքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը:

Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Գործադիրը հաստատել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը: Որոշման նպատակն է տրամադրել պետական գույքի կառավարման ծրագրում ընդգրկված ընկերությունների, գույքի նկատմամբ 2023 օրացուցային տարում իրականացված գործարքների, գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական գույքի կառավարման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ, 2023 թվականը բավականին լավ տարի է եղել, քանի որ բոլոր ուղղություններով ակնհայտ տարբերություններ կան նախորդ տարվա համեմատ: ՏԿԵ նախարարի խոսքով, մասնավորապես՝ 2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15.4 մլրդ դրամ, 15.4 մլրդ դրամը նախորդ տարվանից ավելի է 6.4 մլրդ դրամով կամ 72 տոկոսով, մասնավորեցման աճը կազմում է մոտ 350 տոկոս 2022 թվականի համեմատ:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն իր հերթին զեկուցել է, որ բացի արդյունավետության բարձրացումից և ֆինանսական մուտքերի ավելացումից նաև մեծ աշխատանք է տարվում համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ: «Այս տարի արդեն կունենանք ակնհայտ արդյունքներ այդ առումով՝ համակարգի թափանցիկության, բարձրացման, գործընթացների առավել պարզեցման տեսանկյունից: Որպես օրինակ նշեմ, որ առաջիկայում կգործարկվի օնլայն աճուրդների համակարգը: Նաև, իհարկե, հանրությանը կցանկանայի տեղեկացնել դրա մասին՝ օգտագործելով հնարավորությունը, որտեղ ամփոփված կլինեն բոլոր պետական գույքերի՝ շարժական և անշարժ գույքի օտարման, աճուրդային գործընթացները: Եվ մեկ հարթակի միջոցով մարդիկ, ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու այդ մրցույթներին և արդեն օնլայն միջավայրում իրականացնելու իրենց այդ գործարքները գույքի հետ կապված»,-նշել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

Առնակ Ավետիսյանի խոսքով, Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ ազգային գեոպորտալի համակարգի պետական գույքի հատվածի զարգացման աշխատանքներ են իրականցվում, MapArmenia.am-ում երևում է պետական գույքի շերտը, Կադաստրի կոմիտեն դա հասանելի է դարձրել հանրությանը, այս տարվա ընթացքում կկլինի նաև տեղեկատվություն օտարվող գույքի վերաբերյալ: «Այսինքն՝ մեկ հարթակից մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալու այդ գույքի պարամետրերին, նկարներին, հնարավորություններին: Այսինքն՝ այս առումով ձգտում ենք թափանցիկության հնարավորինս մեծացման, և դա, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա ներկայացված թվերի աճի և ընդհանուր տնտեսական ակտիվության վրա»,-նշել է Առնակ Ավետիսյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նախորդ հաշվետվության քննարկման ընթացքում բարձրացված հարցին, ըստ որի՝ ժամանակին օտարված կամ մասնավորեցված բազմաթիվ գույքեր մնում են նույն վիճակում և չեն կատարվում ներդրումներ: Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ ներդրումային պարտավորությունների հսկողության կարգավորումները հստակեցնելու նպատակով 2023 թվականին ընդունվել է Ներդրումային պարտավորությունների հսկողության նոր կարգ, որով հստակ սահմանված են, թե երբ են ներդրումները համարվում կատարված, չկատարելու դեպքում՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչ տուգանքներ են սահմանվում: Վարչապետը հանձնարարել է ինտենսիվ աշխատանքներ իրականացնել տնտեսությունից դուրս բերված գույքերը տնտեսություն վերադարձնելու մեխանիզմը սահմանելու ուղղությամբ:

Թեմային շրջանակում անդրադարձ է կատարվել նաև չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունված մի որոշման, ըստ որի Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված Գեղարքունիքի մարզի, Գավառ համայնքի, Նարեկացի 3 հասցեում գտնվող 0.431 հա հողամասը և դրա վրա կառուցված շենք-շինություններն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել Գավառի մանկատանը: Զեկուցվել է, որ որոշման նպատակը մանկատան երեխաների համար կրթական, մշակութային, սպորտային միջոցառումներ անցկացնելու, ճանաչողական և ուսուցողական բնույթի հետաքրքիր ժամանց կազմակերպելն է: Որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել անշարժ գույքը մանկատան պահանջներին հարմարեցնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թեմայի շրջանակում տեղեկացրել է նաև, թե ինչ գույքեր են ամրացվել նախորդ 8 ամիսների ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին. «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն արդեն մուտք է արված գանձապետական հաշիվ: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք: Նշեմ, որ հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի դատախազության և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև հաշտությամբ պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները, որոնց շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է։ Նաև նշեմ, որ տարածքում արդեն վարձակալական հիմունքներով գործում է սրճարան, և վարձակալության պայմանագրի քննարկման արդյունքում որոշվեց պահպանել, և այսուհետ վարձակալական վճարները կստանա պետությունը՝ 5 տարի նվազագույնը, 5 տարի երկարացման հնարավորությամբ, տարեկան մոտ 38 մլն դրամ։

Նախորդ երեք նիստերով, պարոն վարչապետ, մենք երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետական գույքի կոմիտեին։ Կարճ նշեմ, դրանք 24 993 քմ մակերեսով, 20 021 քմ և 10 000 քմ մետր մակերեսով հատուկ պահպանվող կատեգորիայի հողամասեր են: Այս ցանկը դեռևս կշարունակվի: Վճիռներն ընթացքի մեջ են, ուժի մեջ մտնելու պրոցեսում են»,-նշել է Աննա Վարդապետյանը:

«Այս հարցի հիշատակումը կարևոր է այն տրամաբանությամբ, որ ակնհայտ լինի բոլորին, որ կառավարությունն ապօրինի գույքի վերադարձի հետ կապված իր քաղաքական հանձնառությունները ոչ մի վայրկյան ոչ միայն չի մոռացել, այլև ստեղծվել են իրավական մեխանիզմներ, որն այլևս կառավարության գործունեության տիրույթից դուրս է: Այսինքն՝ մենք աշխատանքի քաղաքական մասն արել ենք և առնվազն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, եթե չեմ սխալվում, 2022 թվականի հունվարից նոր լիարժեք սկսեց գործարկվել: Եվ ես Ձեր վերջնին զեկույցից, տիկին Վարդապետյան, իմացա, որ 1 մլրդ 350 մլն դոլարի գույքի վերաբերյալ արդեն դատական հայցեր են ներկայացված: Եվ սա այն դեպքն է, երբ մենք նախկինում ասել ենք, որ երբ կա հանրային պահանջը և այսօր էլ կա, մեր սկզբունքը հետևյալն էր, որ մենք պետք է հետևողականություն և օրինականություն ցուցաբերենք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարդան Ազատյանն ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Լևոնի Ազատյանի ընտրության արդյունքները: Որոշման ընդունումը կնպաստի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանն ընտրված ռեկտորի կողմից:

Փոփոխություններ կկատարվեն Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագրում

Կառավարության որոշմամբ հավանության է արժանացել «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: Բանկի կանոնադրությունում կատարված փոփոխությունների համաձայն՝ բանկի խորհրդի կողմից ընդունվող որոշումների համար ձայների պարզ մեծամասնության սկզբունքի փոխարեն նախատեսվում է կիրառել ձայների երեք քառորդ մեծամասնության սկզբունքը, բացառությամբ բանկի կանոնադրության 15-րդ հոդվածի 5-րդ կետի: Նշված փոփոխությունները միտված են բանկի խորհրդի կողմից առավել ծանրակշիռ մեծամասնությամբ որոշումներ ընդունելուն այնպիսի ոլորտներում:

Սահմանվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք

Գործադիրը որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Որոշման նպատակն է մետաղական հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, որը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքներով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման նպատակը տեղական ցեմենտի արտադրության զարգացումն է, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովումն է: Սույն որոշման ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովում։

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել 2023 թվականի դեկտեմբերի 11-ին և 2024 թվականի մարտի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի համաձայն վարկի փակման ժամկետը 2023թ․ դեկտեմբերի 31-ն է։ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել վարկի փակման ժամկետը մինչև 2024թ. օգոստոսի 31-ը երկարաձգելու և վարկային միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերյալ, մասնավորապես՝ նախատեսվել է «Չբաշխված գումարներ» 4-րդ բաղադրիչից կատարել վերաբաշխում 2,850,000 եվրո գումարի չափով: Վերաբաշխման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկային համաձայնագրի շրջանակներում 2023 թվականին ավարտված, ինչպես նաև 2024 թվականին գործող պայմանագրերով ֆինանսական պարտավորությունները ժամանակացույցով սահմանված ժամկետներում մարելու անհրաժեշտությամբ։

Գործադիրի որոշմամբ հավանության է արժանացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նպատակն է գործնականում բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը, ինչպես նաև իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար:

Կառավարությունը հավանություն է տվել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ, այդ թվում նաև իրավակիրառ մարմինների միջև իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ նպաստելով իրավական օգնության ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանը, Հայաստանի Հանրապետության՝ որպես հուսալի գործընկերոջ միջազգային վարկանիշի բարձրացմանը, կապահովվի օտարերկրյա պետությունների հետ քրեական գործերով համագործակցության բարձր մակարդակ: Որոշման ընդունմամբ ակնկալվում է իրավական օգնության իրականացման նպատակով սահմանել թե՛ ներպետական և թե՛ միջազգային մակարդակում ընդունելի չափանիշներ՝ արդյունքում դյուրացնելով իրավական օգնության ոլորտի ներկայացուցիչների գործառույթների պատշաճ իրականացումը և նպաստելով ներկայումս առկա ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների բացերի ամբողջական լրացմանը:

Լրացումներ և փոփոխություններ՝ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում

Կառավարությունը հաստատել է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին որոշումը: Որոշման համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ որպես պարտականություն սահմանված, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիներին մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

← Վերադառնալ