Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. մարզպետարաններին հատկացվել է 1 մլրդ 925 մլն դրամ

12.09.2024

ևս 12 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 925 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Գումարը կհատկացվի 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:

Վարչապետը ներկայացրել է այդ սուբվենցիոն ծրագրերը: Արարատի մարզ՝ Վեդի համայնքի Վեդի քաղաքային, Եղեգնավան, Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերի փողոցների գազաֆիկացում, Արմավիր համայնքի Արաքս բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, Արաքս բնակավայրում պոմպակայանի կառուցում, Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցի ասֆալտապատում: Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում խելացի ոռոգման համակարգի կառուցում, Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ Շողակաթ բնակավայրերի փողոցների, Դրախտիկ Շողակաթ խաչմերուկի ու Ճամբարակ բնակավայրի Թումանյան փողոցի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքներ, Ճամբարակ բնակավայրի Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում, Վարդենիս համայնքի Մաքենիս բնակավայրում ոռոգման ջրագծերի կառուցում/վերակառուցում, Վարդենիսի Բանդեր թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցում: Լոռու մարզ՝ Տաշիր համայնքի Տաշիր, Սարատովկա, Լեռնահովիտ, Մեծավան, Ձորամուտ, Գոգավան, Պաղաղբյուր, Կաթնառատ, Ապավեն, Արծնի բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով, Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրերի գազիֆիկացում, Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի ֆուտբոլային դաշտի վերակառուցում, Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 3-րդ փողոցի շարունակելի հատվածի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում, Առափի բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ, Արթիկ համայնքի Գեղանիստ, Հոռոմ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում: Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում, Գորիս համայնքի Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում: Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ճանապարհի հիմնանորոգում, Այգեհովիտ բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի ջրամբարից սեփական տներ տանող հատվածի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, ջրամատակարարման համակարգի արդիականացում, Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ջրագծի կառուցում:

Համաձայնագիրը կնպաստի Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությանը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրման առաջարկությանը: Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը` ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստր: Եվրաջասթն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին: Ըստ այդմ՝ մշակվել է նաև Համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» մասին փաստաթուղթը:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, Եվրաջասթի նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից սեպտեմբերի 23-ին՝ Եվրաջասթի նախագահի Հայաստան այցի շրջանակում:

Արձագանքելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ խոսքն իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում երրորդ երկրներ ուղարկվող իրավական օգնության հարցումների և տարբեր տվյալների հայցման մասին է, որոնք պաշտպանված են անհատական տվյալների պաշտպանության գործիքակազմով, այդ պատճառով դրանք չեն հրապարակվում, բայց օգտագործվում են քրեական վարույթների շրջանակում: Ըստ Աննա Վարդապետյանի՝ Հայաստանը ԵՄ անդամ երկիր չհանդիսացող երրորդ երկրների շարքում 13-րդն է, որը ստորագրել է համաձայնագիրը: Մինչև Հայաստանի անդամակցությունը Եվրաջասթին անդամակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և այլ երկրներ:

Աննա Վարդապետյանը նշել է, որ մինչ այդ ոչ ֆորմալ ձևաչափով են համագործակցել Եվրաջասթի հետ և ընդհանուր 68 հարցում են ուղարկել: Ըստ Գլխավոր դատախազի՝ հարցումներն ուղարկում են ԵՄ անդամ երկրներին և Եվրաջասթի միջոցով ապահովում հարցումների հետագծելիությունը: «Իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում մենք երրորդ երկրներ ուղարկում ենք իրավական օգնության վերաբերյալ հարցումներ, որոնցով տարբեր տվյալներ ենք հայցում, որոնք օգտագործում ենք տարբեր քրեական վարույթների շրջանակներում»,-ասել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հնարավորություն է ստանալու ոչ միան անդրսահմանային, այլ նաև ներքին վարույթներով, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ ստանալու ԵՄ իրավական և ոչ միայն իրավական ցանցերից:

Հայաստանում հանցավորության մակարդակը նվազել է

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանցավորության իրավիճակին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացում և՛ ընդդիմության, և՛ կառավարող խմբակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ։ Եվ նրանց պնդումը կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել»:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ «Հարցերը, որոնք պատգամավորներն ուղղում էին, ենթադրում եմ՝ հիմնված էին 2023 թվականի մեր տարեկան հաղորդման շրջանակում ներկայացված տվյալների վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունենք նվազում։ Եթե համեմատում ենք մինչև 2022 թվականը, մեր վիճակագրության վարման ձևաչափը տարբերվում է 2022 թվականից հետո վարման կարգից, որովհետև փոխվել է Քրեական դատավարության օրենսգիրքը: Եվ այս պահին արդեն գործող օրենսգրքով մենք նախաձեռնում ենք վարույթ, իսկ վարույթ նախաձեռնելու հիմքերը բավական ցածր են, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր դեպքով մենք նախաձեռնում ենք վարույթ»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Աննա Վարդապետյանը ներկայացրել է ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18 հազար 818 դեպք, մինչդեռ 2023 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել էր 19 հազար 891 դեպք։ 2023 թվականին առավելապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են արձանագրվել։ Պատկերը չի փոխվել այս կիսամյակի ընթացքում, 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են։ «Եթե հանկարծամահությունները հանենք, 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծանր հանցագործությունների թիվը ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց դրան հակառակ՝ 17,8 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Եվ այն ինչ մեզ համար մտահոգիչ է և վերլուծության առարկա կդառնա՝ դա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Թեմայի առնչությամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ և ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։ «Երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը: Այստեղ իրականում ընտրության հարց կա, չեմ կարծում, որ դա շատ պարզ ու միանշանակ հարց է: Հարց է, թե օրինական զենքը որքան հանդուրժելի պետք է լինի մեզ համար»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է քննարկել նաև, թե երկրում զենքով կատարված հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով կատարվել, քանիսը` ապօրինի, որը նույնպես հետևություններ անելու հնարավորություն կտա։

Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ Գլխավոր դատախազը նշել է, որ այս դեպքերը 2024 թ. 1-ին կիսամյակում նվազել են 29,3 տոկոսով։ «Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման ու քննության որակի փոփոխության արդյունքն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որոնցով շրջանառվում են թմրամիջոցները։ Այս առումով նվազումը ոչ թե ֆորմալ է, այլ լավարկված քննության արդյունք է»,– ասել է Աննա Վարդապետյանը: Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձերին և բացահայտված թմրամիջոցի քանակին և նշել. «Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ է հանցագործությունը բացահայտվում: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված: Կարևոր է նշել, որ 2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»:

Նշվել է նաև, որ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում՝ 23%-ով: Նվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը. եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են  այլ տվյալներ ևս: Մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միջազգային զբոսաշրջիկների շրջանում իրականացրել է հարցում, այդ թվում՝ Հայաստանի ներքին անվտանգային միջավայրի հետ կապված: «Զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին: Եվ՛ գյուղերում, և՛ մարզային բնակավայրերում, և՛ Երևանի ծայրամասերում զբոսաշրջիկները հնարավորություն են ունեցել երեկոյան ժամերին, գիշերային ժամերին, ուշ ժամերին ազատորեն զբոսնել, և, ըստ էության, խնդիրներ չեն եղել: Զբոսաշրջիկներն իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերի»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Հրազդան» ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունին: Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե ինչ է արել այս մասով տեսչական մարմինը նախքան պայթյունը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանել է. «Տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում, տարեկան ծրագրով ստուգվում է և ոչ պլանային՝ դիմումների ու բողոքների դեպքում, երբ տնտեսվարողն ուզում է իր կառուցած շինության ավարտական ակտը ստանալ և գործունեություն իրականացնել։ Կոնկրետ այս դեպքում երկու ուսումնասիրություն է տեղի ունեցել: Նշված տնտեսվարողն արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել, և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել: Տնտեսվարողը դիմել է, որ ստանա ավարտական ակտ-եզրակացություն: Գնացել, ուսումնասիրել ենք, արձանագրել ենք մի շարք խախտումներ: Երկու անգամ մերժվել է դրական եզրակացությունը, այսինքն՝ անվտանգային խախտումներ են եղել, և դրանք վերացված չեն եղել»: Ըստ Պետրոս Մարտիրոսյանի՝ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը:

Կստեղծվեն անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսումնական հաստատության ստեղծման համար

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի: Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայությամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանել բլանկետային նորմեր, որոնք թույլ կտան ենթաօրենսդրական մակարդակում կարգավորել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության կոլեգիալ և միանձնյա կառավարում իրականացնող սուբյեկտների ձևավորման և գործունեության առանձնահատկությունները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ ՆԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունն ունենալու է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձև: Օրենսդրական փոփոխությունների այս փուլից հետո, ուսումնական հաստատության կանոնադրությամբ կսահմանվի, որ կառավարման գործադիր մարմինը լինելու է ռեկտորը: Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանումներ, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով: Ըստ այդմ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել ոստիկանական կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախատեսվում է սահմանել փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը: Բացի այդ, նախագծերով առաջարկվում է ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները և սահմանել ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության տարբերակված ժամկետներ:

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ միասնական կենտրոնը կապահովի ճգնաժամային իրավիճակներում ոստիկանների և փրկարարների ավելի համակարգված փոխգործակցությունը: Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ և այն հետագայում կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։

Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ իրականում շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, որը Կառավարությունը սկսում է կիրառել ոստիկանությունում և պետք է կիրառի նաև բանակում և Ազգային անվտանգության ծառայությունում: «Հիմնականում օբյեկտիվ հանգամանքների բերումով՝ սպայական ծառայություն իրականացնող բազմաթիվ մեր հարգելի գործընկերների կրթությունը կապ չունի սպայական ծառայության հետ: Մենք ունենք սպաներ, ովքեր առաջին կրթությամբ, ասենք՝ մանկավարժներ են, տնտեսագետներ, պատմաբաններ և այլն»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է փոխել այդ ավանդույթը. «Եթե մարդն աշխատելու է շարքային պարեկ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստանում է այն հմտությունները, որն իրեն պետք է պարեկ լինելու համար: Մասնագիտության ընտրությունն ենք նաև լրջացնում, որպեսզի ասենք՝ հարգելի քաղաքացի, որոշի, եթե դու ուզում ես լինել ոստիկան, մենք քեզ կաջակցենք այդ հարցում: Շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին Ներքին գործերի նախարարության ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի: Այստեղ շատ կարևոր է նաև ստանդարտների հաստատումը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցանկացած պետության համար առանցքային նշանակություն ունի սպայական դասը և սպայական դասի գոյությունը: «Ակադեմիական քաղաքի հետ կապված մեր գաղափարն այն է, որ բոլոր այն մասնագիտությունների համար, որոնք բնույթով ուղիղ կամ անուղղակի կապվում են զինվորական ծառայության հետ՝ ունենանք ընդհանրական ինչ-որ մի կուրս, որը լինի ոչ թե մասնագիտացման մասին, այլ սպայական կրթություն լինի՝ ինչ է նշանակում սպա և այլն: Ընդհանուր այդ կրթական բազան, որը պիտի ենթադրի սպայական բովանդակության ուսուցանումը, Ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հատվածներից մեկն է, որը որպես գաղափար, հայեցակարգ կա, բայց  մանրամասներին մենք պետք է անդրադառնանք: Հայեցակարգային գաղափարը սա է և մենք հետևողական քայլերով պետք է այս մեծ հայեցակարգային, գաղափարական ծրագիրն իրականացնենք», - նշել է վարչապետը:

Կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակը շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար 100.000 դրամը գերազանցող դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարության պարզեցումն է։ Նախագծով առաջարկվում է բարձրացնել 100.000 դրամ շեմը՝ սահմանելով 300.000 դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացնելու օրվանից: Արդյունքում՝ կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը, կկրճատվեն այդ գործընթացում առաջացող ծախսերը։

Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։

Գործադիրն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող դպրոցապատկան հողամասերից նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզներ կառուցելու նպատակով: Սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում երկու տարվա ընթացքում կառուցել երկու խմբանի մանկապարտեզներ, որի համար համայնքի կողմից երկու տարիների ընթացքում կիրականացվի 710 մլն դրամի ներդրում։

Կապահովվի բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը

«ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» և Բնակարանային ապահովում» ծրագրի՝ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառումների շրջանակներում սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

«ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում 2020 թ. տեղահանված և 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած թվով 3947 ընտանիքի հնարավորություն է ընձեռվել ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Ծրագրի շրջանակում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ Օգոստոսի 7-ի. դրությամբ հավաստագիր ստացած 3947 ընտանիքներից 3143-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։ Ընդ որում, 428 ընտանիք գույքը ձեռք է բերել հավաստագրերի միավորմամբ, այսինքն՝ հիփոթեքային վարկավորման գործարքների թիվը կազմում է 2715։ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառումն ուղղված է երիտասարդ, նորաստեղծ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 7 կազմակերպություն՝ 6 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 1946 շահառուի հայտ, որից 1127-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։ Որոշմամբ առաջարկվում է սահմանված ժամկետների պահպանման ու ծրագրերի շահագործման բնականոն ընթացքի ապահովման (ուշացումների բացառման) նպատակով իրականացնել 2024 թ. 9 ամսվա և տարեկան ծախսերի գումարների ավելացում ընդհանուր 2 մլրդ 520 մլն դրամով։

Միջազգային համագործակցություն. նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում: Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ` ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 40 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները, որոնք հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է, մասնավորապես, հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով: Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։

Հավանություն է տրվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների «Անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Արձանագրության ստորագրմամբ ենթադրվում է անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների, ինչպես նաև անվտանգության և իրավակարգի ոլորտում գործող ԱՊՀ ճյուղային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման առկա մեխանիզմների կատարելագործում: Ըստ հիմնավորման, այն կբարձրացնի քրեական հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ տարվող աշխատանքներում համատեղ ուժերի օպերատիվությունն ու արդյունավետությունը:

Հավանություն է տրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5 ծրագրի շրջանակում վերականգնվող Գյումրի - Բավրա 60 կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23 կմ երկարությամբ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել Մ1 միջպետական նշանակության ճանապարհի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, հեշտացնել հայկական արտադրության ապրանքների արտահանումը Վրաստանի տարածքով՝ սևծովյան նավահանգիստների (Փոթի և Բաթումի) միջոցով: Ծրագիրը նաև կբեռնաթափի Գյումրի քաղաքի փողոցային ցանցը տարանցիկ երթևեկությունից՝ լուծելով անվտանգության և բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև կմիացնի Մ1 ճանապարհը Բագրատաշենի անցակետի հետ՝ Մ7 ճանապարհով:

Կապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը

Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Արդյունքում՝ կիրականացվի հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը և հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն: Հնարավոր կլինի լուծել նաև «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով իրականացված լուսավորության անցկացման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի վճարման նպատակով բաժանորդային պայմանագիր կնքելու և վճարումները կատարելու հարցը, ինչը ներկայում հնարավոր չէ գույքի նկատմամբ իրավունքի հաստատագրված պատվիրատու կազմակերպության բացակայության պատճառով:

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը  կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Առաջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն կցուցադրվի տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ։ Հանրահռչակման նպատակով՝ այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Այդ նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով: Միաժամանակ նախատեսվում է նաև, մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա կապակցությամբ զուգահեռ իրականացնել ցուցադրությանը նախորդող էտյուդային ֆլեշմոբ քաղաքի 8-10 տարբեր կետերում պլաստիկ փերֆորմերների և մարդարձանների, ինչպես նաև երեխաների մասնակցությամբ քաղաքացիների ցուցահանդեսի բացման և արձանի ժամանման իրազեկման նպատակով։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը բավարարել է «ԱԳ ԻՄՊԵՔՍ» և «ԼԱ ՊԼԱՍՏ» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«ԱԳ ԻՄՊԵՔՍ» ընկերությունը ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել ամրակալների, կեռերի, ոտնակների և այլ նմանատիպ ապրանքատեսակների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 56 աշխատատեղ՝ 368 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 378 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 25 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.5 մլն դրամ:

«ԼԱ ՊԼԱՍՏ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային և պոլիպրոպիլենային հումքով տոպրակների, պարկերի և կախիչների արտադրության համար՝ իրականացնելով 3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 309 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 140-ի՝ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.66 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:

Այլ որոշումներ. կհամալրվի Կառավարության պահուստային ֆոնդը

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024 թ. պետբյուջեի ծրագրերի միջև և միջոցներ ուղղվել պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ Կառավարության պահուստային ֆոնդը կավելանա 677,796.1 հազար դրամով: Մեկ այլ որոշմամբ էլ Ազգային ժողովի աշխատակազմին 2024թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից՝ շուրջ 188.2 մլն դրամը նույնպես նախատեսվում է ուղղել պահուստային ֆոնդ:

Global Forum OECD կազմակերպության շրջանակում ստանձնած՝ հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման պարտավորությունների կատարման նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կգործի տեղեկատվության ավտոմատ փոխանակման էլեկտրոնային համակարգը: Նոր համակարգի ներդրման արդյունքում կընդլայնվի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող այն տեղեկությունների շրջանակը, որոնք կարող են հարկման կամ հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքները բացահայտելու առումով ունենալ կարևոր նշանակություն և կօժանդակեն հարկային մարմնին հարկային ստվերի բացահայտման գործընթացում: Համակարգի ներդրման արդյունքում առողջապահության նախարարության կողմից անաշխատունակության թերթիկների վերաբերյալ տեղեկատվությունը առցանց եղանակով կփոխանցվի միասնական սոցիալական ծառայություն, վերջինս էլ՝ նպաստները հաշվարկելու նպատակով, պետական եկամուտների կոմիտե առցանց հարցման միջոցով կստանա նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը և կիրականացնի նպաստի հաշվարկումն ու վճարումը։ Հարթակի օգնությամբ, կիրականացվի հաշվարկված և վճարված նպաստների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում՝ հարկային մարմնի կողմից իրականացվող տարբեր վերլուծությունների կամ հարկային վարչարարության իրականացման նպատակով։

 

 

← Վերադառնալ