Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը
- 1670x1113px - 607 Կբ
- 1670x1113px - 664 Կբ
- 1670x1113px - 575 Կբ
- 1670x1113px - 599 Կբ
- 1670x1113px - 693 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 632 Կբ
- 1670x1113px - 625 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 748 Կբ
- 1670x1113px - 656 Կբ
- 1670x1113px - 511 Կբ
- 1670x1113px - 626 Կբ
- 1670x1113px - 607 Կբ
- 1670x1113px - 589 Կբ
- 1670x1113px - 662 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 674 Կբ
- 1670x1113px - 671 Կբ
- 1670x1113px - 673 Կբ
- 1670x1113px - 689 Կբ
- 1670x1113px - 710 Կբ
ևս 19 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններին: «Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ` ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մասին է: Այսօր առավոտյան նախարարություններում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են: Ես շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում: Նաև Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը և փոփոխություններ ու լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշման նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելն է, որով կկանխվի նրանց կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը և կխրախուսվի Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական կյանքին աստիճանական ինտեգրումը։ Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 2025 թ. ընթացքում տրամադրել սոցիալական աջակցություն՝ աստիճանականորեն նվազեցնելով ընդհանրական բնույթի աջակցությունը և բարձրացնելով աջակցության հասցեականությունը՝ դրանք ուղղելով առանձին թիրախ խմբերին։
Այսպիսով՝ 2025 թ. հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ: Այս ամիսների ընթացքում աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ եղել է 2024 թ. ընթացքում։ 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ առաջարկվում է սոցիալական աջակցության չափը սահմանել 40,000 դրամ, միաժամանակ աջակցությունը հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետևյալ անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33 հազ. շահառուներ), 63 և ավելի տարեկան անձանց (շուրջ 18․0 հազ. շահառուներ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2.6 հազ. շահառուներ): 2025 թ. հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը շարունակել նույն խմբերի (ինչպես ապրիլ-հունիս ամիսներին) համար՝ 30,000 դրամի չափով: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեի 2025 թ. ծախսերը կկազմեն շուրջ 30,5 մլրդ դրամ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կարգավորմամբ առաջարկվող աջակցության սոցիալական հասցեականությունն ընդգծելու և աջակցությունը հատկապես սոցիալապես խոցելի խմբերին հասցեագրելու կարևորությունը պայմանավորված է մի քանի պատճառներով։ «Նախ, 2024 թ. հունիսից գործում է բնակարանային աջակցության ծրագիրը, որը շահառուների մեծ մասին արդեն հիմա հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակարան, իսկ մյուս մասը կարող են շահառու դառնալ հաջորդ տարվա սկզբին։ Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 25 հազար բռնի տեղահանվածներ, որոնք 18-ից մինչև 63 տարեկան անձանց զգալի մասն են կազմում։ Համապատասխանաբար, Կառավարությունը գտնում է, որ աջակցության համար նախատեսված ֆինանսական միջոցներն աստիճանաբար պետք է վերահասցեագրվեն բնակարանային աջակցության ծրագրին»,-ասել է նախարարը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բավական մեծ աջակցություն է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին: «Պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին։ Իհարկե, մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշ սոցիալական խմբերի ենք աջակցում: Եվ, այսպես ասած՝ աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ նրանք աշխատեն: Դա, ընդհանուր առմամբ տեղավորվում է մեր ռազմավարությունների տրամաբանության մեջ, ինչի մասին ես նաև խոսել եմ: Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է՝ քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրելուց, բայց մյուս կողմից էլ՝ սահմանափակումներ ունեցող մարդկանց պետք է օգնենք, որ ձեռք բերեն աշխատանքային հմտություններ», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ընդհանրապես քաջալերել աշխատանքը, որովհետև աղքատությունը հնարավոր է միայն աշխատանքով հաղթահարել։
Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար
Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար: Գումար կհատկացվի նաև 1 կրթահամալիրի նախագծման համար, ինչպես նաև Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար: «Այս աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ: Լրացուցիչ ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,- ասել է նախարարը:
Գումար կհատկացվի, մասնավորապես՝ հետևյալ ավարտված և ավարտման փուլում գտնվող ծրագրերի համար՝ Արմավիրի մարզի Այգևան համայնքում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցում, Լուսակնի, Ջիլի, Վաղատինի, Դարբասի միջնակարգ դպրոցների, Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց, Կապսի միջնակարգ դպրոցների շինաշխատանքների համար, Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց, Վ. Գետաշենի թիվ 2 միջնակարգ, Երևանի հ. 37 հիմնական դպրոցի մարզադահլիճների աշխատանքների համար: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև ընթացքի մեջ գտնվող հետևյալ ծրագրերի համար՝ Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտի կառուցում, Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցում, գ. Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի շինաշխատանքների իրականացում: Նախագծման ենթակա ծրագրերից է Գոշի մոդուլային կրթահամալիրը, չափագրման ենթական օբյեկտներ են՝ Արալեզ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ ը, Ջիլի միջնակարգ դպրոցը, Լուսակնի միջնակարգ դպրոցը, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտը:
Մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարվել 293,002.3 հազար դրամի չափով, որն ուղղվելու է թվով 14 դպրոցի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքների մեկնարկմանը։ Այդ դպրոցներն են՝ Արարատի մարզի Հնաբերդի, Վարդաշենի միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցը, Լոռու մարզի Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1, ք. Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8, ք. Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցները, Ագարակի միջնակարգ դպրոցը, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցը, Շիրակի մարզի ք. Գյումրու թիվ 32, թիվ 38, թիվ 41, թիվ 28 հիմնական դպրոցները, Փանիկի միջնակարգ դպրոցը, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցը:
Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 8 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 6.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։
Գումար է հատկացվել հետևյալ շինարարական աշխատանքների համար՝ Սելիմի լեռնանցքի 1,5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, Սևան քաղաքից Գեղամավան և Ծաղկունք գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 18.2 կմ հատվածի հիմնանորոգում (Երևան-Սևան մայրուղու Հրազդան-Սևան հատվածի շրջանցիկ ճանապարհ), Մ-6-ից մինչև Աթան գյուղ տանող ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջա - Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գավառ քաղաքից դեպի Գանձակ-Սարուխան -Լանջաղբյուր-Գեղարքունիք գյուղեր տանող ավտոճանապարհի 12.9 կմ հատվածի հիմնանորոգում, Գորիս քաղաքից դեպի Վերիշեն - Խոզնավար գյուղեր տանող ավտոճանապարհի 18.3 կմ հատվածի հիմնանորոգում, Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցում, Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 կմ հատվածի հիմնանորոգում, Եղիպատրուշ բնակավայրից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցում, Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում, Ապարան քաղաքից դեպի Լուսագյուղ տանող ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգում, Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, Դեպի Ախթալա տանող ավտոճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Բերդկունք գյուղի տարածքով անցնող 21.5կմ -ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում: Գումար կհատկացվի հետևյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների համար՝ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից դեպի Թեղուտ-Հաղարծին-Գոշ բնակավայրեր տանող հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, Ճամբարակ քաղաքից դեպի Ձորավանք տանող ավտոճանապարհի 25 կմ հատվածում քարաթափման աշխատանքների իրականացում, Նալբանդի թունելի հիմնանորոգում, դեպի Ախթալա բնակավայր տանող պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով 2-րդ կամրջի կառուցում: Գումար կհատկացվի նաև հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհի 8.7 կմ հատվածի հիմնանորոգում, Երևան-Եղվարդ- Արագյուղ-Հարթավան- ավտոճանապարհի Երնջատափ գյուղը շրջանցող 1.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին և քննադատել նման երևույթներն անտարբերության մատնելու դեպքերը: Վարչապետը կարևորել է դրանց կանխելու անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ եղել են դեպքեր, երբ այցերի ընթացքում պարզվել է, որ, օրինակ՝ քաղաքացին, նոր արված ասֆալտը քանդել է: Վարչապետն այդ երևույթները կանխելու գործում ընդգծել է համայնքների ու պարեկային ոստիկանության դերակատարությունը՝ ոստիկաններին հորդորելով չանտեսել նման դեպքերը, իսկ համայնքներին՝ վերահսկողություն իրականացնել իրենց տարածքներում։ «Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե նրանք տեսնում են, որ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է կանգնեն և հարցնեն՝ արդյոք ունե՞ն թույլտվություն։ Եթե չունեն, աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ համայնքները կամ տեսչական մարմինները՝ տեղյակ պահվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ նման, ինչպես նաև՝ մայթերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի հետևանք են:
Աջակցություն գյուղատնտեսության ոլորտին՝ գյուղացիական տնտեսությունների գործունեությանը խթանելու նպատակով
Կառավարությունն ընդունել է որոշում՝ երկրում մեղվաբուծության, ոչխարաբուծության տեղական վերարտադրության խթանելու, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մասնավորապես՝ Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 12 000 հազար դրամ և նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը: Ծրագրի շրջանակում նախատեսում է աջակցություն ցուցաբերել 300 մեղվաընտանիքի ձեռք բերման համար՝ ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցման տրամադրմամբ։ Որոշմամբ փոփոխվել է նաև Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով արդյունքային ցուցանիշը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ոչ միայն ներկրված, այլև ՀՀ-ից ձեռք բերված կենդանիների արժեքի 50 տոկոսի փոխհատուցում:
Ձմեռային զորակոչ՝ 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ՝ 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը, ներառյալ` կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Գործադիրի որոշմամբ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Հիմնավորման համաձայն՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Սեպտեմբերի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է նոյեմբերի 1-ից: Որոշմամբ երկու ամսով երկարացվելու է աջակցության վճարման ժամկետը, որի ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800 հազար դրամ:
Կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքը. երկու մարզերում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ
Կառավարության որոշմամբ կապահովվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայր, աղբի փոխաբեռնման կայաններ, ինչպես նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլնը` դրամաշնորհ: Ծրագրի շրջանակում կառուցվել են Հրազդան համայնքի տարածքում առաջին սանիտարական աղբավայրը՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով և Ակունք ու Մարտունի բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանները։ Միաժամանակ, ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, որոնց հիման վրա մշակվել է աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող հատուկ տեխնիկայի, աղբատար մեքենաների ու աղբամանների բնութագրերը, քանակը և տեղաբաշխման սխեմաները և իրականացվել են վերջիններիս գնման գործընթացները։ Արդեն իսկ ձեռք են բերվել 28 աղբատար մեքենա, 6000 աղբաման, աղբավայրի շահագործման համար տոփանիչ մեքենա, բուլդոզեր, ամբարձիչ, ինքնաթափ բեռնատար, կեղտաջրերի հավաքման բեռնատար։ Ծրագրի շրջանակում հիմնվել է «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊ ընկերությունը: Որոշմամբ առաջարկվում է ծրագրի մեկնարկի համար ընկերությանը տրամադրել 34,720.9 հազար դրամ:
Կգազիֆիկացվի Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքը, կհիմնանորոգվի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացման հնարավորության ապահովմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացմամբ ակնկալվում է ապահովել բնակիչների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների արդյունավետ ջեռուցման ապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի վառելափայտի խնայողությանը, հետևապես անտառհատումների և էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը: Նախատեսվում է նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 1.3 կմ։
Կապահովվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի իրականացումը
Կառավարության որոշմամբ կապահովվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի իրականացումը: Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, դրա իրականացումից ակնկալվող արդյունքը՝ ֆինանսական միջոցների տրամադրումը բյուջետային վարկի միջոցով հնարավորություն կտա այն ավարտին հասցնել հնարավոր սեղմ ժամկետներում: Այն հնարավորություն կտա ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում:
Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է ապահովել պետական ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործում
Հավանություն է տրվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է հստակ սահմանել հանրային ներդրումային ծրագիրը: Ըստ այդմ՝ ոլորտային մարմինների կողմից առաջարկվող չափանիշներին համապատասխանող բոլոր ներդրումային ծրագրերն անցնելու են միասնական չափանիշներով գնահատում և ընտրություն։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ամբողջականացվում է հանրային ներդրումների կառավարման համակարգը՝ նպատակ ունենալով ապահովել պետական ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործում և պետական ներդրումային ծրագրերի արդյունքների բարելավում:
Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է կրթության բնագավառում ապահովել պատշաճ վերահսկողություն: Նախագծերի ընդունման արդյունքում համապարփակ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:
Գործադիրի հավանության են արժանացել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծի ընդունման արդյունքում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով, կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով հափշտակված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխարեն փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած հարկային պարտավորության արժեքի չափով որպես հանցագործությամբ պատճառված վնաս գումար գանձել հանցանք կատարած անձից։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով։
Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները
Կառավարությունը սահմանել է Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում, մինչ այժմ, գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ: Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։ Որոշմամբ՝ կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը կապահովի պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում կնվազեցվի վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության համար։ Արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։
Ժամանակավոր քանակական սահմանափակում՝ կենդանի խոզերի ներմուծման նկատմամբ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ժամանակավոր՝ 6 ամսով քանակական սահմանափակում կիրառել ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ։ Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզ, մինչդեռ ընթացիկ տարում կտրուկ ավելացել են ներկրման ծավալները և հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն կամ 56,3 %-ով ավելի։ Ներկրման նման ծավալների պարագայում 2024 թ. կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչն իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։ Արդյունքում՝ ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից։ Որոշման արդյունքում՝ կպաշտպանվեն խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնարկը հայերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ: Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերով հիմնարկը ռուսերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ։ ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով սովորելու համար հիմնարկ են ընդունվելու ՀՀ, ՌԴ քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները՝ ՀՀ օրենսդրությանը և հիմնադրի կողմից հաստատվող հիմնարկ երեխաներին ընդունելու կարգին համապատասխան։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարությունը բավարարել է «Ն-Ս» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումը և հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար՝ իրականացնելով 145 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորման ձեռքբերման և 20 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 18-ի՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 145 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13.4 մլն դրամ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Մանկան» ՍՊԸ-ը, որը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել փափուկ խաղալիքների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 115.7 մլն դրամի կապիտալ ներդրում և 311.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 105 աշխատատեղ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 160-ի՝ 192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 311.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.8 մլն դրամ: