ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար, անկեղծ ասած իմ փորձն ինձ թույլ է տալիս անել հետևյալ եզրակացությունը, որ ընդհանրապես ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առաջ և քննադատությունը վանելը, որովհետև ես մի բանում եմ համոզվել՝ նույնիսկ այնպիսի քննադատությունը, որի նկատմամբ առաջին արձագանքը հետևյալն է, թե այս ի՞նչ ես ասում, ի՞նչպես կարելի է այդպիսի բան ասել, հաջորդ պահին կարելի է այդ քննադատության մեջ գտնել ինչ-որ ռացիոնալ բան: Չկա այդպիսի քննադատություն, իսկապես չկա, ամենասուր, ամենաանձնական, նույնիսկ վիրավորանքով համեմված, որ եթե դու ցանկանաս դրա մեջ գտնել որևէ ռացիոնալ բան և չգտնես: Բայց ես նաև չեմ ուզում անարձագանք թողնել մի քանի շեշտադրումներ:
Առաջինը՝ ծրագրի ձևի և բովանդակության վերաբերյալ: Անկեղծ ասած, իմ քաղաքական գործունեության համար ամենևին նորություն չէ, և փորձ է արվել անընդհատ ասել՝ գի՞տես օրինակ Ազգային ժողովի պատգամավոր չեն լինում այդպես, Ազգային ժողովի պատգամավոր պետք է լինել այսպես, Ազգային ժողովի ամբիոնից ելույթ չեն ունենում այդպես, ի՞նչպես կարելի է, չէ՞ որ կան հանրահայտ ճշմարտություններ, Ազգային ժողովի ամբիոնից ելույթ են ունենում այսպես, իշխանափոխություն չեն անում այդպես, իշխանափոխություն անում են այսպես, պետք է հրապարակում կարկանդակ բաժանել, ինչ-որ տեղ պահած ունենալ 50 մլն դոլար, հրապարակում վարչապետ չեն ընտրում և չեն ընտրվում, ի՞նչպես կարելի է այդպես: Բայց կներեք, չէ՞ որ մարդկությունը վաղուց արդեն ստեղծել է այդ բոլոր մեխանիզմները: Ես չեմ ասում, որ նրանք, ովքեր դա ասել են, սխալ են ասել, ես խոսում եմ ուրիշ բանի մասին: Հենց մեր այսօրվա քաղաքական քննարկումը հաստատում է այն քաղաքական իրողությունը, որը կա, մենք խոսում ենք մտածողության տարբեր հարթությունների մասին: Ձեր ասածի մեջ ոչ մի սխալ բան չկա, այսինքն՝ սխալի ու ճշտի մեջ չէ խնդիրը, խնդիրը մտածողության, հարթության ձևի և մոդելի մասին է:
Շատ է ասվում, որ մեր ծրագրի մեջ չկան թվեր. մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր և այդ թիվը բազմաթիվ դեպքերում նույնն է: Եթե այդ թվերն այդքան նկատելի չեն, ես կներկայացնեմ: Ի՞նչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո, ի՞նչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո, Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական ո՞րքան «նալոգ» պետք է տա հանրապետության վարչապետին՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո, Հայաստանում ինչպիսի և քանի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո: 25 տարի շարունակ մենք այս դահլիճում, այդ թվում՝ կառավարության ծրագրերի կապակցությամբ լսել ենք, որ այս թվերը որ գրել եք՝ այս թվերն ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կան մենաշնորհներ, քանի դեռ Հայաստանում կա կոռուպցիա, քանի դեռ Հայաստանում կան արտոնյալներ, կառավարություն, եթե դուք ուժեղ եք, եթե դուք իրոք ազնիվ եք՝ գնացեք կոռուպցիան վերացրեք, մենաշնորհները վերացրեք, արտոնյալներին վերացրեք, նալոգների համակարգը վերացրեք: Եկել ենք, ասում ենք վերացրել ենք ու վերացնում ենք՝ ասում են՝ ոնց, թիվ չեք գրել: Ի՞նչ է ձեր ուզածը ժողովուրդ ջան:
Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց պարոն Շարմազանովը, ի՞նչ ասաց՝ ասաց սա երազանքների ծրագիր է: Այո՛, պարոն Շարմազանով, ձեր կուսակցությունը և ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը: Սա երազանքների ծրագիր է, սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է, և մենք այս ծրագրով ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու իրավունքը և երազանքներն իրագործելու իրավունքը: Սա մեր կառավարության գործունեության ամենակարևոր կողմը և ամենակարևոր երեսն է: Երջանկության մասին են խոսում, պետության ֆունկցիայի մասին են խոսում: Ցույց տվեք՝ վերջին անգամ երբ է այս ամբիոնում և ընդհանրապես ՀՀ Ազգային ժողովում հնչել, թե լավ, ի վերջո Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը որն է: Ես չեմ հասկանում, մեր պետության գոյությունն ինքնանպատակ է, չեմ հասկանում: Մեր նորանկախ պետության գոյության ողջ ընթացքում չի եղել խոսակցություն, ժողովուրդ ջան, այս պետությունը, որ մենք ստեղծել ենք՝ ի՞նչի համար ենք ստեղծել: Ստեղծել ենք, որ ամեն մեկս մի պաշտոն ո՞ւնենա, ամեն մեկս մի բիզնես ո՞ւնենա, ծառայողական ավտոմեքենա ո՞ւնենա, առանձնատո՞ւն. դա՞ է մեր պետության նպատակը: Կարծում եմ, որ չափազանց կարևոր է հասկանալ, թե որն է Հայաստանի Հանրապետության գոյության գործնական նպատակը, և այդ նպատակը պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր քաղաքացու: Երջանկությունն այնքան տարօրինակ բառ է թվում, հասկանալի է, որովհետև մենք խոսում ենք մի խորհրդարանում, որտեղ մարդկանց մտքով չի էլ անցել, որ իրենց գործառույթը մարդկանց երջանկությունից չզրկելն է, մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն տալը: Եվ ես պարզ հարց եմ տալիս, ինչպես կարող է մարդը երջանիկ լինել մի հանրությունում, երբ փողոց դուրս գալիս առաջին բանը, որ տեսնում է ուրիշների ագրեսիվ, դժբախտ դեմքերն են: Ի՞նչպես կարող է լինել: Այո, այդ մարդկանց երջանկությունը և հանրության քաղաքակրթության մակարդակը կախված է շատ պարզունակ բաներից:
Խոսվում էր հերթերի մասին: Մենք հերթեր շատ տեղեր ենք ունենում՝ բանկերում, նախարարություններում, ընդունարաններում, շատ տեղերում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա, և այո՛, այդպիսի պարզունակ դետալներից է կազմված հանրության երջանկության համաթիվը կամ ցուցանիշը: Մեր հեղափոխությունից հետո առաջին արձագանքը հետևյալն էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել: Սա ինձ համար ամենակարևոր ցուցանիշն է, որովհետև չկա ո՛չ Առևտրի համաշխարհային կազմակերպության, ո՛չ Դուինգ բիզնեսի ցուցանիշներում չկա մարդկանց ժպիտի համաթիվ: Ինձ համար ամենակարևոր արժեքը մարդկանց ժպիտն է, որը տոկոսով չի չափվի, թվով չի չափվի և մեր կառավարության գործունեության ընթացքում մարդիկ այդ ժպիտից չեն զրկվելու: Սա է մեր ամենակարևոր գործառույթը:
Շատ է խոսվում կրկին այդ պատասխանատվության թեմայի մասին, որ այս ծրագիրը պետք է լիներ «Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Մենք կրկին քաղաքական իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք, այո, ես «Ելք» դաշինքի անդամ եմ, բայց ես ՀՀ վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» դաշինքի թեկնածու և ոչ էլ որպես որևէ այլ խմբակցության թեկնածու: Ես վարչապետ ընտրվել եմ որպես ՀՀ ժողովրդի թեկնածու: Եվ հիմնական քաղաքական գործոնը, որ պահելու է կառավարությունը՝ ժողովրդի վստահությունն է: Խոսվում է վտանգների մասին: Ես շատ լավ գիտեմ, որ այն պահին, երբ մենք չունենանք ժողովրդի վստահությունը, հինգ րոպե էլ չի տևի մեր մնալը կառավարությունում: Եվ ուզում եմ ասել հակառակը՝ այն պահին, երբ ես անձամբ զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը՝ հինգ րոպե ավել չեմ մնա վարչապետի պաշտոնում: Մենք բոլորս հասկանում ենք, որ Ազգային ժողովը ինձ վարչապետ ընտրել է ի հեճուկս սեփական ցանկությունների, որևէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ կամ որևէ մեկին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրելով: Եվ որևէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որևէ մեկի լավության կարիքն Ազգային ժողովում չունենք: Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք կողմ քվեարկեք: Մենք ունենք ժողովրդի վստահությունը և մենք ասել ենք, որ ժողովրդի վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք և դա կդառնա կոնկրետ քաղաքական արդյունք անկախ նրանից՝ դուք դա ուզում եք, թե ոչ:
Ասվում է, որ պետության կառավարման լուրջ փորձ ունեք Դուք տիկին Նաղդալյան: Ես ներողություն եմ խնդրում՝ թույլ տվեք պետության կառավարման Ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետև տեսանք, թե Ձեր փորձը ուր է տանում և ինչի է հասցնում: Ես օրինակ հրաժարվել եմ ի սկզբանե և հրաժարվում եմ պետության կառավարման ձեր փորձից, երբ պետք է ունենամ վերահսկողություն բիզնեսի այս կամ այն ոլորտի վրա և որոշեմ, թե այս դահլիճում նստածներից ով ինչքան փող պետք է աշխատի և իր սեփականության որ տոկոսն ում փայն է, բանավոր հրահանգներով որոշեմ, որ այս մեկը պետք է սննկանա, այս մեկը չսննականա, այս մեկը պետք է դառնա միլիոնատեր, ընդ որում հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Մենք հրաժարվում ենք այդ փորձից: Եվ հիմա էլ ասում են՝ ծանր է իշխանության գլխարկը: Ոչ, ծանր չէ, որովհետև եթե ձեզ թվում է, որ մեր իշխանության շուրջ մթնոլորտը ՀՀ-ում այնքան գաղջ է ինչքան այս դահլիճում՝ դուք չարաչար սխալվում եք: Շատ հաճելի է այդ իշխանության գլխարկը, որովհետև մենք զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը և մեր ժողովրդի վստահությունը: Ծանր չէ, դա մեծ պատիվ է լինել ժողովրդի իշխանության կրողը, և որևէ մեկը չկասկածի, որ մենք այդ պատիվը չենք արժեզրկի, որևէ մեկը սրան չկասկածի:
Այս դահլիճում նայում են մեր կողմը՝ ասում են՝ չենք ուզում չարախնդալ: Չհասկացա, դուք կարող եք նաև չարախնդա՞լ: Ո՞վ է չարախնդալուց խոսում: Այդ ում վրա եք խարախնդալուց խոսում: Ժողովուրդ, եկեք մի քիչ լրջանանք: Ասում են տուրիզմի զարգացումը հեղափոխությունով չի լինում, հյուրանոցներով է լինում: Հիմա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով եք կազմակերպում՝ պարզվում է ձեր իշխանության քսանքանի տարվա ընթացքում գոնե այնքան հյուրանոց չկա, որ բոլոր հյուրերին նորմալ տեղավորեն: Խնդրում ենք Ֆրանկոֆոնիայի կազմակերպման մեր գործընկերներին չանհանգստանալ: Ամեն ինչ կարգին կլինի: Կառավարությունները նիստեր էին անում՝ ասում էին ինչքան փող ծախսենք բյուջեից 1 թե 2 միլիոն, որ CNN-ով մեզ 6 վայրկյան ցույց տան: Աշխարհի բոլոր լրատվամիջոցները մեկ ամիս մեզ խնդրել են, որ մեզ ցույց տան, հիմա ասում են տուրիզմը հեղափոխությունով չեն զարգացնում: Տեսել ենք, թե դուք ոնց եք զարգացնում տուրիզմը:
КГБ-ի և ԱԱԾ-ի մասին: Այսօր հազարավոր երիտասարդներ ի տարբերություն մեկ կամ երկու ամիս առաջվա դիմումներ են գրում ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար: Երկու ամիս առաջ նույնքան մարդիկ դիմումներ էին գրում ԱԱԾ-ից դուրս գալու վերաբերյալ: Նկատի եմ՝ բովանդակային փոփոխությունն անխուսափելի է, և դա անխուսափելիորեն տեղի է ունենալու:
Արդյունաբերության և տնտեսության կառուցվածքի մասին. էլի եմ ասում՝ մենք անընդհատ խոսել ենք, ասել ենք ի՞նչ արդյունաբերություն, ի՞նչ տնտեսություն, ժողովուրդ ջան, ոչինչ չի լինի, մինչև այս երկրից կոռուպցիան արմատախիլ չլինի: Այսինքն՝ պետությունն ի՞նչ պետք է անի. պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ մարդիկ աշխատելու, եկամուտ, շահույթ ունենալու հնարավորություն ունենան, և մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Մենք ենք չէ՞ ասել ազատ շուկայական տնտեսություն: Հիմա, եթե այդ պայմանները ստեղծենք, արդյունաբերությունն իր տեղը կգտնի, այն մյուս ոլորտն իր տեղը կգտնի և տնտեսությունը, շուկան ինքը իր պահանջները կթելադրի: Այնտեղ, որտեղ հնարավոր է շահույթ ստանալ՝ այդ շահույթն անտեր չի մնա: Սա է մեր փիլիսոփայությունը:
Անընդհատ խոսվում է, թե մենք չենք ուզում որ այս կառավարությունը տապալվի, վայ հանկարծ այս կառավարությունը չտապալվի: Մի անհանգստացեք, հարգելիներս, այս կառավարությունը չի տապալվելու, ժողովուրդը չի տապալվելու, հեղափոխությունը չի տապալվելու, Հայաստանի Հանրապետությունն լինելու է իրոք ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք օրենքի իշխանություն ունեցող երկիր: Եվ եթե հարց է, թե հեղափոխությունն այդ ինչ է փոխելու խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում և իրավունքների մեջ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ խոշոր և մանր եղջերավոր անասունները այս պահից սկսած ստացել են իրավունք արտահանվելու՝ առանց վարչապետի եղբոր «դաբրոյի»: Սա է փոխվել խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում: Միթե դժվար է այս ամենը հասկանալ: Գուցե շատ մեծ փոփոխություն չէ, բայց մի փոփոխություն է, որ Հայաստանի Հանրապետությունում 10-20 տարի հնարավոր չէր լինում իրականացնել: Եվ այս տոկոսը 100 է, Հայաստանի Հանրապետության խոշոր և մանր եղջերավոր անասունների 100 տոկոսը ստացել է անխափան և անարգել ՀՀ-ից արտահանվելու իրավունք: Ահա թե ինչ է փոխվել խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում և մեր բոլորիս:
Կրկին շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար, ՀՀ ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող ՀՀ ժողովրդի հաղթանակը հետ վերցնել նրա ձեռքերից: Ես կոչ եմ անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին միանալ այդ հաղթանակին, աջակցել այդ հաղթանակին, չնեղվել այդ հաղթանակից, որովհետև ի վերջո սա նաև ձեր և ձեր երեխաների հաղթանակն է:
Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: