ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

«Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրագործմանը». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

21.10.2018

ևս 12 լուսանկար



Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին  հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և ձեզ հետ նման շփման հնարավորություն ունենալը: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև այս ողջ ընթացքում մենք զգացել ենք ձեր ջերմությունը և աջակցությունը: Դա մեզ համար շատ կարևոր է եղել և մեծ ուժ է տվել, որպեսզի կարողանանք ամուր մնալ այն պահերին, երբ թվում էր` սասանվելն անխուսափելի է: Մենք մեզ հաշիվ ենք տվել այս ողջ ընթացքում և շարունակում ենք նույն կերպ ընկալել իրավիճակը, որ այն փոփոխությունները, որ մենք ստանձնեցինք և այն կարգավիճակը, որ այսօր ունենք, մեծ պատասխանատվություն և պատիվ է մեզ համար ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլև ողջ հայության առաջ: Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ այդ պատասխանատվությունը մենք լիարժեք պատրաստ ենք կրել, և դա այսօր ևս մեկ անգամ հաստատվեց. իսկապես շատ պատվաբեր է աջակցության խոսքեր լսել մեր ավանդական կուսակցություններից, կազմակերպություններից, մեր բոլոր հայրենակիցներից: Ուզում եմ երկու բառով ասել, թե ինչ ենք ուզում անել, և որոնք են այն առանցքային փոփոխությունները, որ պիտի տեղի ունենան կամ տեղի են ունենում Հայաստանում:

Առաջինը և ամենակարևորը ժողովրդավարությունն է, որը մեզ համար ուղղակի տեսական դրույթ չէ. շատ կարևոր է ժողովրդավարության անհատական ընկալումը: Կարելի է շատ քննարկել, թե ինչն էր պատճառը, որ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին և որոշեցին իրականացնել այդ փոփոխությունները, կարելի է բերել տնտեսական, սոցիալական, իրավական պատճառներ:

Բայց կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի և քաղաքացիների ամենամեծ պահանջը հարգված լինելն էր սեփական երկրում և արհամարհված չլինելը: Սա ամենակարևորն էր, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանում ապրող մարդիկ, Հայաստանի ժողովուրդը պահանջում են իշխանություններից և պահանջելու են ցանկացած իշխանությունից, որովհետև հատկապես մենք` հայերս, ինքնասիրության առանձնահատուկ զգացում ունենք, և ժողովրդի ակնկալած հարգանքն իշխանությունից ամենակարևոր գործոնն է, որ բերեց փոփոխությունների:

Մեր ամենակարևոր առաքելությունը համարում եմ, որ ՀՀ-ում ժողովուրդն իրեն հարգված զգա, և ընդհանրապես հայ ժողովուրդը վստահի ինքն իրեն, իր ուժերին, ինքնավստահություն ձեռք բերի, որ մեզ համար չկան անլուծելի խնդիրներ: Պարզապես պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը, ձևակերպել և հստակեցնել մեր համազգային օրակարգը և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրականացմանը: Այդ առումով եմ շատ կարևոր համարում ժողովրդավարության հաստատումը Հայաստանում:

Նախկինում որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ մի քանի անգամ ասել եմ, հիմա ցանկանում եմ ՀՀ վարչապետի կարգավիճակում կրկնել. մենք հիմա ունենք ժողովրդի վստահությունը, ներկայացնում ենք ՀՀ-ն` լինելով ՀՀ իշխանություն և երբ հասնենք որոշակի ազատությունների, մարդկանց իրավունքների պաշտպանության և պահպանության, անկախ դատական համակարգ ստեղծենք, տնտեսական, քաղաքական հաջողությունների, այս պարագայում ես ավարտված չեմ համարի հեղափոխության առաքելությունը և մեր առաքելությունը: Ինձ համար, իմ և մեր քաղաքական թիմի ընկալմամբ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել, որ երբ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով հասնենք իշխանության, կամ հասել ենք իշխանության ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ կարողանանք հեռանալ իշխանությունից: Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև, ի վերջո, կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդն իմանա և հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձևավորվի Հայաստանում:

Այս առումով մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարևոր առաքելությունն է, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով կարողանում է որոշում կայացնել իշխանության կերպարի շրջանակի և անհատների վերաբերյալ: Մնացածը բխում են սրանից և ծառայում են սրան:

Դուք տեղյակ եք, որ երկար տարիներ Հայաստանում հաստատված էին տնտեսական մենաշնորհներ: Ես պատիվ ունեմ այսօր ասելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան, Հայաստանում երկար տարիներ գործում էր հստակ համակարգված կոռուպցիոն մեխանիզմ, պատիվ ունեմ ասելու, որ Հայաստանում այսօր կոռուպցիա չկա: Իհարկե, դեռ կան բազմաթիվ չինովնիկներ, ովքեր 20 տարի և ավելի աշխատել են այդ նույն տրամանաբանությամբ և հիմա սողանքներ են փնտրում այդ մեխանիզմները կրկին վերականգնելու համար, բայց մենք նրանց այդ հնարավորությունը, իհարկե, չենք տա, և սա սկզբունքային հարց է մեզ համար:

Ինձ համար ամենակարևոր սկզբունքը հետևյալն է. պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ և սկզբունքային եմ լինելու: Իմ պատկերացմամբ` մեր իշխանության մեջ տեղ չպետք է ունենան մարդիկ, ովքեր իշխանությունը կիրառում են որպես սեփականություն ձեռք բերելու միջոց: Ընդհանրապես ով ուզում է սեփականություն ձեռք բերել, ունենալ, դա օրինական և հասկանալի ձգտում է, եթե մարդը զբաղված չէ իշխանական գործունեությամբ կամ ընդհանրապես քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունը պետք է դադարի լինել սեփականությունը պահպանելու միջոց, բիզնեսմեն դառնալու կամ բիզնեսը պահպանելու միջոց:

Ցավոք, չեմ կարող պնդել, որ այսօր այս ուղերձը շատ հստակ ընկալված է ՀՀ-ում բոլորի կողմից, և չեմ կարող բացառել, որ այս միտումը դեռևս կարող է շարունակվել, և նույնիսկ լինեն նոր դրսևորումներ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մենք հետևողական դրա դեմ պայքարելու ենք, և այս երևույթը պետք է շատ հստակ Հայաստանի իրականությունից բացառվի: Այստեղ կան խնդիրներ սահմանների, մեթոդների մասին, որպեսզի դրանք ոչ թե հայտարարություններով լուծվեն, այլ լինեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հանրությանը թույլ կտան այդ ամենը վերահսկել և իշխանությանը մշտական վերահսկողության տակ պահել: Հաջորդը թափանցիկության սկզբունքն է, որ իշխանությունը պետք է կարողանա աշխատել թափանցիկ և հաշվետու լինել ժողովրդի առաջ:

Մեզ համար, ի վերջո, ամենակարևորը մեր պետականության ուժեղացումը և հզորացումն է հանուն մեր համազգային նպատակների իրագործման: Պետք է արձանագրենք, որ պետականության ուժեղացումը կարող է հենված լինել ժողովրդի ուժեղացման վրա, որովհետև շատ թյուր տեսակետներ կան, թե կարելի է ունենալ ոչ այդքան ուժեղ ժողովուրդ և ունենալ ուժեղ պետականություն: Այդպիսի բան չի կարող լինել: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ՀՀ-ում իրեն զգա իրավատեր, սեփականատեր, անձեռնմխելի իր բոլոր օրինական շահերի մեջ, և վստահաբար կարող եմ ասել, որ մենք շատ հստակ քայլերով գնում ենք այդ ուղությամբ: Դա չի նշանակում, որ այդ ճանապարհին չկան և չեն լինելու դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեզ համար գոյություն չունեն անհաղթահարելի դժվարություններ: Մեզ ասելով` նկատի ունեմ մեր ժողովուրդին, որովհետև մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել է, ցեղասպանության միջով անցել է, բազում արհավիրքների միջով անցել է, և ահա մենք կանգնած ենք 21-րդ դարում մենք ունենք պետականություն, որի գոյության 27-րդ տարում մենք կարողացանք իրականացնել մի բան, որն աննախադեպ է ընդհանրապես մարդկության պատմության համար: Մենք կարողացանք դա անել, մի բան, որ Հայաստանի ժողովրդի և ընդհանրապես հայության 99 տոկոսը համարում էր անհնար, ոչ թե չէր ցանկանում, այլ անհնար էր համարում: Մի մասը մտահոգություն ուներ, որ այդ ճանապարհը կարող է բերել ցնցումների, և մենք անխուսափելի կորուստներ կունենանք, բայց քայլ առ քայլ, րոպե առ րոպե մենք զգացինք մեր բոլոր հայրենակիցների աջակցությունը, և ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայության 99, եթե ոչ 100 տոկոսն արձանագրեց իր աջակցությունը տեղի ունեցող գործընթացին: Սա իսկապես համաժողովրդական հեղափոխություն է` համաժողովրդական ոչ միայն հայաստանյան, այլև հայության մասշտաբով:

Ես ուզում եմ ձեզ շնորհավորել բոլորիս իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կապակցությամբ, որովհետև հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում այդ հեղափոխության բերումով, և ես ձեզ շնորհավորում եմ ձեր հաղթանակի կապակցությամբ:

Շնորհակալություն»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի սերտացմանը, ոլորտային բարեփոխումներին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին, հայրենադարձությանը, պետություն-եկեղեցի համագործակցությանը և այլն:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեզ համար կարևոր է, որ, ի վերջո, այս փուլում այն բոլոր թնջուկները, որ եղել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, լուծվեն: Որևէ կասկած չկա, որ հայությունը պետք է մասնակցություն ունենա Հայաստանում պետականաշինության գործին, բայց մենք պետք է համախմբման ավելի բարձր` ինստիտուցիոնալ մակարդակով դա իրականացնենք: Սփյուռքը և Հայաստանն այսօր միասնական են հեղափոխության արդյունքում ձևավորված այս դրական վերաբերմունքի առումով, որը պետք է բյուրեղացնենք և կոնկրետ արդյունքներ արձանագրենք»: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությանը` կոչ անելով վստահությամբ վերաբերվել կառույցի աշխատանքներին և օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում: «Շատ կարևոր է գումարների ծախսման մեխանիզմը, որովհետև թափանցիկությունն ամենակարևորն է: Շատ կարևոր է վստահության զգացումը, և հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա», - ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Ժողովրդավարությունը ՀՀ-ում այլընտրանք չունի, և ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որևէ ընտրություն կեղծվի: Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր, Հայաստանում տնտեսական և քաղաքական գործունեությունը, արտահայտվելու հնարավորությունը երբեք այնքան ազատ չեն եղել, որքան այսօր: Հայաստանի կառավարությունն այսօր ունի ժողովրդի շատ մեծ աջակցությունը, որն աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ, և եթե կա դոմինանտություն, դա ժողովրդի դոմինանտությունն է», - ասել է Ն. Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանը շարունակելու է վստահորեն առաջ ընթանալ ժողովրդավարական ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը` նշելով, որ ՀՀ տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և խաղադրույքների արդյունաբերության վրա. այդ կառուցվածքը պետք է փոխել, և կառավարությունը նպատակադրվել է Հայաստանն ագրարային երկրից դարձնել տեխնոլոգիական երկիր: «Ակնկալում ենք ներդրումներ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Բայց ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է լինի արտադրական երկիր. մեծ հեռանկարներ ունեն ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը և այս ամենը տեղավորվում է էկո` կանաչ Հայաստանի գաղափարի ներքո», - նշել է վարչապետի պաշտոնակատարը` կարևորելով ՀՀ տնտեսության կառուցվածքային բարեփոխման և զարգացման գործում սփյուռքահայ մասնագետների ներգրավումը: Նա նաև մանրամասներ է ներկայացրել ներդրումային միջավայրի բարելավման և հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ:

Հանդիպմանը հարց է հնչեցվել նաև համահայկական օրակարգի հարցերի, այդ թվում` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համազգային օրակարգի հարցերը պետք է քննարկել միասնական ձևաչափով, որում ներգրավված կլինեն հայության ամենատարբեր շերտերը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները կամ տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում ինձ` իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինն այս հարցին պատասխանի, և, չգիտես ինչու, իմ` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զգում եմ, որ այդպիսի մի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում այդ հարցին առաջինը պատասխանել: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք, և Հայաստանը, ՀՀ կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի:

Ինչ վերաբերում է հարցի կարգավորման շրջանակին, ես դժվար եմ պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: Սա մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակն ունեն անկյունաքարային նշանակություն կարգավորման համար»,
- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, խոսելով Արցախի հարցի կարգավորման մեթոդաբանության մասին նշել է, որ մեր իրականության մեջ կա տարօրինակ ընկալում, որը երբեմն հնչեցվում է մամուլում և քաղաքական գործիչների հայտարարություններում. «Երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, որ որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որ որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը լուծելու է: Վերջին քսան տարում անընդհատ դա շրջանառվում է: Որևէ իշխանություն, թեկուզ ամենավատ իշխանությունը վատ մտադրություններ ունեցող ինչպե՞ս է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Ես ընդհանրապես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից: Մի անգամ ասել եմ և ընդ որում, դա ասում եմ նաև բանակցությունների ընթացքում, որ եթե կլինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որ ես ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կներկայացնեմ այն մեր ժողովրդին Հայաստանում և սփյուռքում, և ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Ես առաջարկում եմ ընդհանրապես դավադրության տեսությունը Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հանել, բացառել: Այդպիսի բան չի կարող լինել ի բնե, որովհետև հնարավոր չէ թաքուն լուծել այդ հարցը:

Եվ հաջորդը, ես խոսում եմ Հայաստանի և Սփյուռքի մասին, բայց ամենակարևոր, վճռական գործոնն Արցախի Հանրապետության իշխանության և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է այս հարցի վերաբերյալ: Եթե նույնիսկ Հայաստանը և Սփյուռքն ասեն, որ շատ լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այդ խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից: Դա չի կարող նաև նշանակել, թե մենք որևէ կերպ մերժում ենք բանակցությունները, բայց ասում ենք, որ սա համազգային պրոբլեմ է, որը պետք է լուծենք բոլորս միասին: Բացառված է, որ առանձին վերցրած իշխանություն, նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի: Սա ակնհայտ է, և այստեղ պետք է շատ հստակ լինենք»
, - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ