ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
Անթիլիասում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
- 1670x1113px - 568 Կբ
- 1670x1113px - 790 Կբ
- 1670x1113px - 744 Կբ
- 1670x1113px - 735 Կբ
- 1670x1113px - 610 Կբ
- 1670x1113px - 599 Կբ
- 1670x1113px - 660 Կբ
- 1670x1113px - 662 Կբ
- 1670x1113px - 670 Կբ
- 1670x1113px - 761 Կբ
- 1670x1113px - 897 Կբ
- 1670x1113px - 685 Կբ
- 1670x1113px - 676 Կբ
- 1670x1113px - 818 Կբ
- 1670x1113px - 691 Կբ
- 1670x1113px - 681 Կբ
- 1670x1113px - 536 Կբ
- 1670x1113px - 540 Կբ
- 1670x1113px - 548 Կբ
- 1670x1113px - 700 Կբ
- 1670x1113px - 708 Կբ
- 1670x1113px - 602 Կբ
- 1670x1113px - 736 Կբ
ևս 20 լուսանկար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում և կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել և մեր ուսումն ենք առել այստեղ: Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն և որպես հող, մենք հոգևոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը մեծապես նպաստեց հոգևոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, և այս Աթոռի առաքելությունն է մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգևոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:
Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել՝ ազատ, անկախ Հայաստան և ունեցանք: Հետևաբար, այս Աթոռի առաքելության հիմնական մասը կազմում է Հայաստանի հզորացումը, և ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի և սիրո, միասնության և տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլև մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետևաբար, այս առիթով մեկ անգամ ևս Ձեզ հայտնում եմ, որ այս Աթոռն իր թևերով և ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետև Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետևաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ ևս այս մտածումներով և սպասումներով ողջունում ենք Ձեզ»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Վեհափառ Տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախևառաջ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգևոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքը, պատկառանքը և գնահատանքը Ձեզ և Ձեր գործունեությանը և շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետև այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, և առավել ևս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել:
Ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության, և նաև Սփյուռքի և հայության միանշանակ աջակցությունն էր այն գործոններից մեկը, որ հնարավորություն տվեց քաղաքական գործընթացներն իրականացնել բացառապես խաղաղ, սիրո և համերաշխության մթնոլորտում, որովհետև այնքան ակնհայտ էր հայության դիրքորոշումը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, որ պարզապես որևէ դիմադրություն անիմաստ էր դառնում:
Իհարկե, շատ կարևոր է ապագայի մասին խոսելը, և գտնվելով հայության այսպիսի հոգևոր կենտրոնում` ես ցանկանում եմ ապագայի մասին խոսելիս շեշտել հավատի գործոնը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, և դա թերևս ամենակարևորն է: Եթե կա հավատ, համոզմունք և նպատակ, այդ նպատակը հասանելի է, որովհետև, ինչպես Աստվածաշնչում` Նոր կտակարանում է ասվում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, լեռներ կարելի է շարժել:
Հայաստանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց հետևողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետև ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, և այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ և բերեց հաղթանակի: Ես հույս ունեմ և համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը հավատն իր ուժերի նկատմամբ չի կորցնի, որովհետև շատ կարևոր է արձանագրել` ինչն է էական: Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որևէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողովրդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձևավորման գործում, ինչպես և նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի: Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլև նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարևոր է Ձեր աջակցությունը և շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»:
Հանդիպումից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընթրիքին: