ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետը մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը

20.02.2019

ևս 16 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի դեսպաններ,
հարգելի հյուրեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը:

Շատ կարևոր ժամանակաշրջանում է տեղի ունենում այս մրցանակաբաշխությունը: Հայաստանի համար կարևոր ժամանակաշրջան և շրջափուլ է, և այդ կարևորությունն ընդգծվում է նրանում, որ մարդու իրավունքների ոլորտի կարևորագույն հարցեր, որ շուրջ 25 տարի այդպես էլ հնարավոր չէր լինում լուծել Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո, ստացան իրենց լուծումը: Ես նկատի ունեմ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում: Սա իսկապես շրջադարձային իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, և այդպիսին դարձան 2018թ. խորհրդարանական ընտրությունները:

Ես ուզում եմ արձանագրել, որ փոփոխությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու, և մեր կառավարությունը ցույց է տվել այս նպատակին իր նվիրվածությունը, որովհետև այդ ընտրություններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների, արձանագրվում են ոչ միայն իշխանության համար ցանկալի, այլև, պայմանականորեն ասած, ոչ ցանկալի արդյունքներ, բայց այս ոչ ցանկալիությունը ես շեշտում եմ, պայմանականության տրամաբանության մեջ, որովհետև որևէ ընտրության մեր ցանկալի արդյունքն այն է, որ դրա մասին որոշումը կայացրել է Հայաստանի ժողովուրդը: Սա, իհարկե, չի նշանակում, որ այս գլոբալ հարցի լուծումը բացառել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Ամենևին: Բայց ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տվող անձանց և շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ այն մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորն է, ովքեր պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ որևէ ոլորտում: Սա մեզ համար անկյունաքարային և առանցքային նշանակություն ունեցող հարց է:

Ո՞րն է իրավունքների պաշտպանության, իրավունքների երաշխավորման մեր բանաձևը: Մեր բանաձևն իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելը: Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ: Սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր, կարող է, չունեն այդ օբյեկտիվ ընդունակությունները, պետք է դուրս մնան այս քաղաքականության շրջագծից և ուղեծրից: Ընդհակառակը, մեզ համար կարևոր է նաև, որ մենք մարդկանց աջակցենք, քաջալերենք, օգնենք, որպեսզի նրանք իսկապես նաև իրենց օբյեկտիվ ընդունակությունները զարգացնելու, կրթական համակարգի և կրթությանը հասանելի լինելու հնարավորությունների մեջ լինեն հավասար ուրիշների հետ և ուրիշների հետ օգտվեն հավասար հնարավորություններից:

Սա ռազմավարական խնդիր է մեզ համար, մեր երկրի համար և այս խնդրի լուծման համատեքստում մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում բոլոր դիրքերում լինեն լավագույնները՝ քաղաքականության մեջ լինեն լավագույնները, կառավարության մեջ լինեն լավագույնները, տնտեսության, կրթության մեջ լինեն լավագույնները, որովհետև միայն արդար և հավասար հնարավորությունների հասանելիությունն է, որ այսպիսի իրավիճակ կստեղծի ՀՀ քաղաքացիների համար:

Իրավունքների համատեքստում մեզ համար կարևոր է արձանագրելը, որ մարդն իսկապես բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում: Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ այս թեզի կիրարկման առումով կարևոր է, որ մարդը բարձրագույն արժեք լինի ոչ միայն կառավարության համար, այլև մարդը բարձրագույն արժեք լինի նաև մարդու համար: Սա մեր քաղաքական նոր իրողությունների կարևոր հենասյուներից մեկը պետք է դառնա:

Այո՛, մարդը բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետության կառավարության համար, Հայաստանում հաստատված իշխանության համար, և մեր ամենակարևոր անելիքը համարում ենք այն, որ մարդը լինի բարձրագույն արժեք նաև ուրիշ մարդու համար՝ հարևանը լինի բարձրագույն արժեք իր հարևանի համար, ընկերը լինի բարձրագույն արժեք իր ընկերոջ համար, նույնիսկ հակառակորդը և մրցակիցը լինեն բարձրագույն արժեք իր մրցակցի և հակառակորդի համար: Այս պարագայում է, որ մենք իսկապես կունենանք մի դաշտ, որտեղ մարդու իրավունքները և ընդհանրապես իրավունքները երաշխավորված կլինեն՝ անկախ կառավարություններից, և երաշխավորված կլինի, որ Հայաստանի Հանրապետությունում երբեք չի ձևավորվի այնպիսի կառավարություն, որի համար մարդը բարձրագույն արժեք չէ:

Ես կարծում եմ, որ այսօրվա հավաքով և մրցանաբաշխությամբ մենք հենց այս ուղերձն ենք ընդգծում բոլոր ներկաներով և բոլոր մասնակիցներով, որ մարդն իսկապես մեզնից յուրաքանչյուրի համար կարևոր արժեք է, և մեր գործունեության նպատակը կարող է լինել մարդը, միայն ու միայն մարդը և բացառապես մարդը: Այնպես որ ես համարում եմ, որ այսօր մենք նշում ենք մարդու օրը, մարդու իրավունքների օրը:

Այսօր մենք ուզում ենք քաջալերել նրանց, ում համար մարդն իսկապես բարձրագույն արժեք է, ով, ծառայելով իրավունքներին, ժողովրդավարությանը, ապագային, ինքն իր համար արձանագրում է, որ ծառայում է առաջին հերթին մարդուն, որովհետև մարդը միակ սուբյեկտն է, որին արժե ծառայել, որին ծառայելը մեծ պատիվ է: Բոլորիս շնորհավորում եմ այսօրվա մարդակենտրոն Հայաստանի և այսօրվա մարդակենտրոն իրադարձության կապակցությամբ»:

Ելույթներով են հանդես եկել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնվել է 10 անվանակարգում՝ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարադատության մատչելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիագերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Համագործակցության ջատագով», «Խիզախ կին», «Երիտասարդ առաջնորդ», ինչպես նաև «Հավասար հնարավորություններ» անվանակարգում ֆրանս-գերմանական համատեղ մրցանակ:

* * *

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից: Այն նպատակ ունի նշանավորել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման ոլորտում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների ներդրումները:

← Վերադառնալ