ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ
ևս 10 լուսանկար
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ,
«Իմ քայլը» խմբակցության մեծարգո պատգամավորներ,
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեծարգո պատգամավորներ,
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մեծարգո պատգամավորներ,
Պետական այրեր,
Հարգելի հյուրեր,
Ամփոփելով 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ որպես նախկինում ասվածի ամփոփում պիտի ասեմ հետևյալը: 2018 թվականը բյուջետային առումով, թուլ տվեք ասել, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է, և նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել. 2018 թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նախագահի 1 փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, և ի վերջո տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:
Եվ այդ տարվա արդյունքում ի՞նչ ունենք մակրոտնտեսական առումով: Այդ տարվա արդյունքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում դրել էր 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Եվ բյուջետային առումով ի՞նչ խնդիր կա. պետական բյուջեն, կառավարությունը 2018 թ.-ի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եվ եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը լիարժեքորեն:
Ընդ որում՝ միևնույն ժամանակ տեղի է ունեցել նաև պետական կառավարման համակարգի գլոբալ անցում՝ կիսանախագահականից դեպի խորհրդարանական: Այս առումով, կներեք արտահայտությանս, այլ կերպ կառավարության աշխատանքը, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել: Եվ սա ցույց է տալիս նաև այն միտումները, որոնք ունենք այս տարի: Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը, ինչքան հիշում եմ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով: Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թ.-ին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ: Ես ասում եմ՝ խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է, և տնտեսությունը ռեցեսիայի առնվազն տևական փուլ չի մտել:
Հիմա ես ուզում եմ, այնուամենայնիվ, անդրադառնալ մի շարք ընկալումների և կարևոր սկզբունքային նշանակություն ունեցող քննադատությունների: Օրինակ՝ վերջերս շատ է խոսվում այն մասին, որ կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող ես շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են՝ ձախողված ռեֆորմներ:
90-ականների սկզբին իմ աչքի առաջ էր և իմ հոդվածներում արտահայտված են, թե մի քանի պարզապես փայլուն և ռազմավարական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել, միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները: Եվ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո՛, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Այսինքն՝ շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել:
Եվ ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի օրինակ, որի հետ կապված թերևս կառավարությունն ամենաշատն է քննադատվել վերջին շրջանում՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ: Ասվում է, թե ինչո՞ւ 1 տարի է կառավարությունը դա չէր անում, ի՞նչ էր մտածում: Հիմա թերևս ժամանակն է այդ մասին խոսել ավելի բաց և ավելի անկեղծ: Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի՝ նորություն չէ, սա մենք գիտենք շատ երկար տարիներ: Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, հիմա ասելու եմ շատերի համար տհաճ բան, առանց դատավորների աշխատավարձը 5, 6 անգամ բարձրացնելու: Հիմա բացատրեմ, թե ինչո՞ւ, և սա կոնկրետ իրողությամբ հիմնավորվում է:
Անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում թերևս առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին, ըստ էության, տեղի է ունեցել մի երևույթ, որը մեզ հայտնի է «նեդաբոռ» անունով: Այսինքն՝ եղել են դատավորների թափուր տեղեր, բայց չեն եղել պատշաճ մակարդակով հավակնորդներ: Ինչո՞ւ՝ շատ պարզ պատճառով, եկեք մեզ դնենք այդ պոտենցիալ հավակնորդների տեղում: Գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում մեծ հավանականությամբ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, որովհետև մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա և կպատժեն, և գիտեն, որ պետք է ստանան մոտավորապես 400-600 հազար դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման և այլն: Հիմա եկեք մենք ինքներս մեզ հարց տանք՝ այս պայմաններում ո՞վ կուզենա Հայաստանի Հանրապետությունում լինել դատավոր: Դուք ձեզ հարց տվեք՝ ինքներդ այս պայմաններում կուզենա՞ք լինել Հայաստանի Հանրապետությունում դատավոր: Շատ կարևոր է սա, ինչո՞վ է կարևոր, որովհետև երբ ասում ենք՝ դատավորների աշխատավարձ՝ սկսում են հիշել հանրահայտ կոռումպացված դատավորներին, ասում եմ՝ ո՞նց, դուք սրա աշխատավարձը բարձրացնեք, նրանը բարձրացնեք, չե՞ք հիշում նա ով է: Ո՛չ, նրանց մասին չէ խոսքը: Ենթադրենք ինչ-ինչ կարգապահական կոռուպցիոն գործողություններով նրանց տեղերն ազատվեցին, ո՞վ է գալու նրանց փոխարեն: Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար ունեցող, տեսլական ունեցող, հավատ ունեցող և իրավունքին հավատացող մարդիկ: Եվ այս կարգի մասնագետներն այսօր մասնավոր հատվածում իրավաբանական խորհրդատվության համար ամիսը ստանում են 2,5-3 մլն դրամ աշխատավարձ, նույնիսկ շատ: Հիմա այս մարդկանց մենք ո՞նց հրավիրենք, խնդրենք, որպեսզի իրենք գան դառնան դատավորներ: Իմ հավատը եղել է և կա, որ առանց այսպիսի խնդրի լուծման, մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ, որովհետև բարձր պրոֆիլի մասնագետը գա դատավոր աշխատի և օրինակ չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարել... ի՞նչ, զանգի մեկին ասի՝ խնդրում եմ այն հին ձևերով երեխայիս ուսման վարձը տուր, հետո էլ էթիկայի հանձնաժողովը, կամ դատախազությունը, ԱԱԾ-ն կամ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը գնան գլխին կանգնեն՝ ասեն այս ի՞նչ ես արել: Սա է խնդիրը: 2018 թվականին մենք կարո՞ղ էինք արդյոք գնալ այսպիսի քայլի: Ոչ, երկու պատճառով: Ամենակարևոր պատճառը՝ հանրայնորեն այսպիսի որոշումը չէր կարող ընկալվել և այսօր էլ չի կարող ընկալվել:
Այս տարի բյուջեով, ըստ էության, մենք ունենք նման հնարավորություն, կարող ենք նման հարց լուծել: Բայց կրկին այստեղ շատ կարևոր է, որ կրկին այն նախկին բարեփոխումները, որ ասում եմ չեն կայացել, ի՞նչն է եղել պատճառը: Որովհետև հանրային բավարար ընկալում այդ պրոցեսի կատարման կարևորության նկատմամբ չի ձևավորվել, հանրությունն այդպես էլ չի հասկացել այս ի՞նչ է անում, այս բարեփոխիչն ինչո՞ւ է անում և սեփական մաշկի վրա չի զգացել դրա անհրաժեշտությունը:
Այսօր եկեք խոստովանենք, որ որևէ դեպքում, դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսակետից, մանավանդ, որ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն: Եվ մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները, միջազգային դոնորներն այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք երկու, երեք տարի նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5 մլն դրամից 3 մլն դրամ: Այսինքն, դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա: Համոզված եմ, այդ ընթացքում մենք կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը, և հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, դա բխում է բոլորիս շահերից, դա ապահովում է բոլորիս անվտանգությունը, ուրեմն դա մի ծախս է, որ իրոք արժե անել: Եվ այդ ժամանակ առանց դիմադրության հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որպեսզի այդ խնդիրը լուծվի, պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ:
Ես ցանկացա ներկայացնել այս տրամաբանությունը, որովհետև վերջերս կրկին վերնագիր տեսա. ասում են՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տևեց 6-7 ամիս: Այո, հենց նույն պատճառով տևեց այդքան, որովհետև սկզբնական շրջանում բնականաբար շատ մեծ ալեկոծություն առաջացավ, թե այս ի՞նչ է տեղի ունենում: Այդ 5-6 ամիսների ընթացքում տեղի ունեցան հրապարակային, ոչ հրապարակային քննարկումներ, կառավարությունն իր դիրքորոշումն ավելի մանրամասն բացատրեց, իր ձեռքի տակ եղած փաստերը կիսեց այլ մարդկանց հետ: Եվ տեսանք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ առանց ցնցումների, հանգիստ, հանդարտ և համոզված եմ, որ կառավարության այս կառուցվածքն այն կառուցվածքն է, որը պետք է աշխատի: Այո, կան այլ գաղափարներ, որ հետագայում այդ գործընթացը պետք է շարունակել: Քննարկելի են այդ գաղափարները:
Կրկին ուզում եմ, որ մենք այնուամենայնիվ արձանագրենք մի բան, որ պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարիների խնդիրների լուծումներ և շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք: Խոստումների մասին. 200 կամ 1000 խոստում է, արդեն անցած տարվա սեպտեմբերին ասում էին խոստումները չեն կատարում: Այսինքն, այդ 30 տարիների խոստումները, խնդիրները պետք է երեք ամսո՞ւմ կատարվեին:
Տնտեսական մասով, համենայն դեպս կան ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ այն փիլիսոփայությունը, որ մենք դնում ենք տնտեսական զարգացման հիմքում որպես մոդել՝ սկսում է աշխատել: Այն չի աշխատում այն ծավալնելով, այս պահին այն մասշտաբը չունի, որ մենք կցանկանայինք, բայց այն սկսում է աշխատել:
Այս առումով կցանկանայի խոսել մարտահրավերների մասին. վերջին մեկ տարվա ամենամեծ մարտահրավերը ո՞րն է: Երեկ հարց հնչեց հիբրիդային պատերազմների մասին: Ամենակարևոր մարտահրավերն այն է, որ երբ տեղեկատվական դաշտը նայո՞ւմ ես՝ կարդում ես վերնագրեր, պնդումներ, հայտարարություններ և այլն, դրանք կարդալուց հետո ինձ երբեմն թվում է, որ երբ վարչապետի աշխատասենյակի պատուհանից դուրս նայեմ՝ տարբեր ուղղություններով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու: «Կործանվեց, փլվեց, վերջացավ...վերջակետեր: Այս մեկ տարվա ընթացքում անընդհատ վերջակետեր: Ավարտվեց, վերջացավ, քանդվեց, հիմա մեր ազնիվ ցեղը զուր տեղը կորչելու է» և այլն, և այսպես շարունակ: Սա կոնկրետ հիբրիդային պատերազմ է: Սա պատերազմ է: Կարդացեք վերնագրերը:
Այո, իհարկե խնդիրները կան և դրանք լուրջ են: Բայց շատ կարևոր է, որ խնդիրների լուծման բանաձևը ճշգրիտ դնենք մեր գործողությունների և տրամաբանության հիմքում: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում առնվազն 20 և ավելի տարի գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետևյալը. քաղաքացուն ասել են սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, առ քեզ ձեթ, ատամներդ նայելո՞ւ է, կուսակցական խմբակները ձեր գյուղ ատամնաբույժ կբերեն և քեզ կգրանցեն իրենց ցուցակում, որ այ, մենք քո ատամները նայել ենք: Քեզ ի՞նչ է պետք, բիզնես է պետք՝ առ քեզ բիզնես, փո՞ղ է պետք՝ առ քեզ փող, բայց միայն իմացիր, որ դու չունես քաղաքացիական ինքնություն, չունես քաղաքացիական ինքնուրույնություն, դու ընդհանրապես ոչ մի բան ես, չես կարող ստեղծել ոչ մի բան, մենք կաշխատենք, մենք կստեղծենք, մենք սուպերմեններ ենք, դուք ընդամենը մեզ սպասարկելու համար եք:
Հեղափոխության ամբողջ իմաստը հետևյալն է, որ մենք ամեն մարդու, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ասում ենք՝ դու բացառիկ տաղանդ ես, դու պոտենցիալ հանճար ես և մեր դերը ոչ թե քո արժանապատվությունը նվաստացնելով քեզ մեր թալանածի փշրանքները շպրտելն է, այլ մեր դերն է՝ քեզ հավատ ներշնչելը քո իսկ ուժերի նկատմամբ: Մեր դերն է, որ դու հավատաս քո տաղանդին, քո ուժին, քո իշխանությանը, ոչ թե քո կառավարության իշխանության առումով, այլ՝ քո իշխանությանը, կայացնել որոշումներ և դրանք ի կատար ածել: Կառավարության փիլիսոփայությունը և դերակատարությունը մենք տեսնում ենք սրա մեջ. քաջալերել ամեն քաղաքացու, որ նա հավատա իր ուժին: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր այդ փիլիսոփայությունն աշխատում է և այն ամեն օրվա հետ ավելի շատ է աշխատելու:
Այժմ ես կցանկանամ խոսել մեր ամենախոշոր մարտահրավերի մասին: Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատաումն է: Նախորդ տարի դա ուներ բացատրություն, որովհետև նաև կոռուպցիայի դեմ պայքարի մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ, որովհետև շատ նախագծերի հետ կապված քրեական գործեր են հարուցվել, բացահայտումներ են արվել և այդպես շարունակ: Բայց մենք այս տարի էլ ծախսային մասը կատարելու հետ կապված խնդիրներ ունենք: Իմիջայլոց շատ են ասում դրա մասին. այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն փողի խնդիր չունի, այլ այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի այդ փողն արդյունավետ ծախսելու խնդիր: Բայց սա միայն կառավարության խնդիրը չէ, որովհետև այդ ծախսերը կապիտալ ծասխերի մասով իրականում կառավարությունը չի իրականացնում: Կառավարությունն ընդամենը հաստատում է ծրագրերը՝ ճանապարհաշինական, կապիտալ շինարարության և այլն, որովհետև շատ կարևոր է, որ այդ գումարները ներդրվեն կապիտալ ծախսերի հատվածում, որպեսզի տնտեսական ակտիվությունը խթանվի և ՀՆԱ-ի իրական աճ տեղի ունենա: Բայց այսօր մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որովհետև օրինակ կան շինարարական կազմակերպություններ, որոնք 20 տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատել են այլ մեխանիզմներով՝ ատկատներով, անորակ գործերն ընդունել տալով: Եվ այսօր կարելի է այս փուլն անվանել այսպիսի ընկերությունների դեմ պայքարի փուլ:
Երեկ տեղեկանք էի կարդում. մի այսպիսի մեխանիզմն կա, որ ընկերություններին դնում են «սև ցուցակ»-ի մեջ, որովհետև աշխատանքը որակով, ժամանակին չի կատարել և այլն: Հիմա էլ ուրիշ երևույթ կա. այդ ընկերությունները դատի են տալիս և դատարանների միջոցով նորից հայտնվում են «սպիատկ ցուցակ»-ների մեջ: Այսօր ցավոք սրտի բազմաթիվ հանգամանքների բերումով Հայաստանում չկան այնպիսի հզոր ընկերություններ, որոնք կկարողանան իրականացնել իրոք մասշտաբային կապիտալ ծախսեր: Այս խնդիրը մենք պետք է ընդունենք: Եվ առաջիկայում այս գործընթացին զուգընթաց հույս ունենք, որ այս ընկերությունները կհայտնվեն: Եթե չհայտնվեն՝ կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդելով պետք է իրականացնենք կապիտալ ծախսերը: Այնպես որ այս խնդիրը կա:
Սոցիալական հարցերը մենք հերթով լուծում ենք: Իմիջայլոց, մենք միշտ ասում ենք, որ զինվորականները հուլիսի 1-ից են ստանալու առաջին բարձր աշխատավարձը, բայց այդ բարձրացումը տեղի է ունենում հունիսի 1-ից: Մենք առաջիկայում էլ այս պետբյուջեի հավելյալ ծախսերի մասով իհարկե նաև որոշակի սոցիալական և կապիտալ ներդրումների ծրագրեր կիրականացնենք:
Հիմա անդրադառնամ այստեղ հնչած մի քանի թվերի, որոնք կարծում եմ՝ թյուրիմացության արդյունք են: Օրինակ, խոսվում է արտահանման ծավալների անկման մասին: Պարոն Մելքումյանը խոսեց հունվարը՝ հունվարի նկատմամբ, փետրվարը՝ փետրվարի նկատմամբ: Նախ մենք գիտենք, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին արտահանման կարևորագույն տողերից մեկը եղել է Թեղուտի հանքավայրը, որը հունվարին փակվել է: Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի:
Արտահանման հետ կապված մենք ունենք մի մեծ խնդիր. մեր արտահանման զգալի մասը պատշաճ ձևով չի ձևակերպվում, չի արտահայտվում մեր վիճակագրության մեջ: Օրինակ, ավտոմեքենաների արտահանումը: 2019թ. հունվար-ապրիլին ավտոմեքենաների ներմուծումն աճել է 24 տոկոսով կամ 255 մլն դոլարով, իսկ արտահանումն, ըստ պաշտոնական վիճակագրության, չի աճել: Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ ներմուծվող ավտոմեքենաների մի շատ զգալի մասն արտահանվում է: Արտահանվում է մարդկանց ամենահարմար սխեմայով՝ մարդիկ ուղղակի գալիս, վերցնում են, քշում, գնում են և մենք իրենց մասին չենք իմանում: Սա արտահանման շատ կոնկրետ տող է, որը չի արտահայտվում: Եվրասիական տնտեսական միության տարածքում քանի որ մաքսային սահմանն այդքան էլ խիստ չէ, արտահանման շատ տողեր կան, որոնք այդքան էլ ճշգրիտ չեն արտահայտում պատկերը: Կարծում եմ, որ մեր վիճակագրական ծառայությունը պետք է ուսումնասիրի այս խնդիրը, որպեսզի մենք ավելի ամբողջական պատկեր ունենանք: Դրա համար, պարոն Մելքումյան, կարծում եմ ձեր պնդումը, թե ներմուծումը խրախուսում ենք, արտահանում տեղի չի ունենում, այստեղ ճշգրտումներ անելուց հետո թերևս երևի ավելի ճշգրիտ կարող ենք մոտենալ խնդրին, որովհետև ես Ձեզ հետ համաձայն եմ, որ իսկապես վիճակագրությունն ընդհանրապես շատ կարևոր նշանակություն ունի, բայց մենք շատ դեպքերում գիտենք, որ վիճակագրությունը, ցավոք, դեպքեր կան, որ այդքան էլ ճշգրիտ չի արտահայտում: Սա ընդհանուր խնդիր է, որը կապված է, կարծում եմ, ոչ թե վիճակագրական ծառայության հետ, այլ աղբյուրների աշխատանքի որակի, որիշուրջ մենք համատեղ պետք է աշխատենք:
Ներառական աշխատաոճի մասին, որի մասին պարոն Մարուքյանը խոսեց: Գիտեք, ամեն ժամանակաշրջան իր առանձնահատկությունն ունի: Իսկապես և՛ մտադիր ենք, և՛ տրամադրված ենք, որ մենք համատեղ աշխատենք և խնդիրները լուծենք: Եթե այդտեղ ինչ-որ բան այնպես չի գնում, կարծում եմ, պետք է նաև հանդիպել, քննարկել, խոսել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի առնվազն համոզված լինենք, որ մենք մեր ամբողջ հնարավոր պոտենցիալն ենք օգտագործում խնդիրների ճիշտ լուծման համար: Այնպես որ, և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը կարող եմ ասել, որ այս կարգի շփումների մենք պատրաստ ենք, բայց գիտեմ նաև, որ այդ կարգի շփումները կան և գուցե խնդիր կա, որ դրանք պետք է դարձնել առավել արդյունավետ:
Ես չէի ուզենա մասնավոր նյուանսների անդրադառնալ պարոն Բագրատյան, բայց ես ընդմիջման ժամանակ մեծագույն հարգանքով Ձեր տված ելույթը լսեցի, այնտեղ բոլորովին ուրիշ բանի մասին է խոսքը: Այնտեղ խոսքը գնում է խորհրդարանական խմբակցությունների գործունեության դաշտի մասին և դրան Ազգային ժողովի նախագահն արդեն իսկ պատասխանեց: Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը միշտ պետք է մերժվեն կամ չընդունվեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, և ես կարծում եմ, որ դա իրական վիճակագրություն է, որ այս ընթացքում ընդդիմության կողմից առաջարկված նախագծերի ընդունման աննախադեպ ցուցանիշ ունենք: Ես ինքս էլ կառավարության նիստերում մի քանի անգամ ասել եմ, որ մենք այդ գործելակերպից պետք է դուրս գանք, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը մերժվում են այն փաստի բերումով, որ ընդդիմությունն է ներկայացրել: Այսպիսի գործելակերպ մենք չենք ունենալու, բայց նաև սրա հակառակն էլ չի նշանակում, որ ընդդիմության ներկայացրած բոլոր նախագծերը պետք է ընդունվեն: Ինչպես բոլոր դեպքերում, դրանք պետք է նայել իրենց բովանդակության և փոխկապակցվածության մեջ:
Նախորդ դրվագը. կներեք, ես ներողություն եմ խնդրում, եթե իմ ասածի մեջ ինչ-որ հեգնական բան եք տեսել, բայց բացարձակ հեգնելու ոչ մի միտում չի եղել: Փաստը մնում է փաստ և ես հույս ունեմ, որ մենք այս բանավեճին, ի վերջո, վերջակետ կդնենք: Դուք առաջարկ եք արել, ես նույնիսկ չեմ ասել կքննարկենք, ես ասել եմ՝ Ձեր ներկայացրածներից կներկայացնեմ ես որպես թեկնածու, վստահաբար եմ ասել, ասել եմ կքննարկենք թեկնածուներին: Կարող է թեկնածու ներկայացնեք, այստեղ թեկնածուն դուր չգա ինչ-ինչ պատճառներով, չուզենանք ներկայացնել, խնդրենք ուրիշ թեկնածու ներկայացնեք, որպեսզի նրանց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացնենք: պարոն Բագրատյան, դա փաստ է, որ Ձեր խմբակցությունը հրաժարվել է դրանից, հիմա դա ի՞նչ վիճաբանելու թեմա է: Կարծում եմ, որ այս թեմաներն ամեն անգամ նիստից նիստ, ամսից ամիս, շաբաթից շաբաթ, տարուց տարի պետք չէ փոխանցել և պետք է արձանագրել փաստերը: Այո՛, եթե պետք է քննարկել հետագա մեխանիզմները, կրկին համաձայն ենք և պատրաստ ենք քննարկել, և մեր տրամադրվածությունը սա է:
Ընդհանուր առմամբ ամփոփելով, հարգելի՛ գործընկերներ, ես հետևյալը կուզեի ասել, որ բոլոր ազդակները կան ասելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը գտնվում է շատ լավ տրամադրվածության մեջ, ներդրումներ կատարվում են և դրանք երևում են պաշտոնական ցուցանիշներից և այդ պաշտոնական ցուցանիշների մեջ ներդրումների ծավալը, այն հատվածը, որը կառավարությունով է անցնում և կառավարության որոշումներով՝ արձանագրվում է: Այդ ծավալը 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 7 անգամ, իսկ աշխատատեղերը, որոնք կցված են այդ ներդրումների ծրագրերին, որ այսքան աշխատատեղ ստեղծելու հայտ է ներկայացված այդ ծրագրերում՝ 4.7 անգամ:
Այնպես որ, սիրելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ես կարծում եմ, որ մենք բոլորս այսօր պետք է ունենանք լավ տրամադրություն ոչ թե նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր հարցերը լուծված են, այլ նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունում լուծվում են շատ կոնկրետ հարցեր, իսկ նրանց, ում մոտ հարց է առաջանում, թե այդ ի՞նչ հարցեր են լուծվել, ես խորհուրդ եմ տալիս կրկին ծանոթանալ այս գրքույկի բովանդակությանը, որը կոչվում է «100 փաստ նոր Հայաստանի մասին»: Այստեղ մենք փորձ ենք արել ներառել այնպիսի ցուցանիշներ, որոնք մեր կարծիքով տեղի չէին ունենա, եթե Հայաստանի Հանրապետությունում չլիներ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:
Շնորհակալություն եմ հայտնում կառուցողական քննարկման համար և համոզված եմ, որ մենք կաշխատենք կառուցողական քննարկումների դաշտում, որովհետև համոզված եմ, որ խորհրդարանական բոլոր ուժերի, արտախորհրդարանական ուժերի մեծ մասի նպատակները համընկնում են և դա ազատ, երջանիկ և հզոր Հայաստանն է: Շնորհակալ եմ: