ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ
Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։
Սիրելի՛ արցախցիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:
Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին: