ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

ԵՊՀ-ն պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն 500 համալսարանների թվում. Վարչապետը մասնակցել է բուհի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

27.09.2019

ևս 10 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Երևանի պետական համալսարանի մեծարգո դասախոսներ, շրջանավարտներ և սիրելի ուսանողներ,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մեծարգո նախարար, Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հյուրեր,

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանում պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, և այդ որոշումը դարձավ մեր կարճակյաց առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը, որը մեր ժողովրդի հետագա կյանքում պիտի ունենար հսկայական նշանակություն:

Այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետով, ցույց է տալիս այն գործնական և պետական նշանակությունը, որ մեր կյանքում պիտի ունենար կրթական, գիտական այդ կառույցը: Ըստ էության, խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը, որովհետև մենք 100-ամյակների դադարից հետո ահա դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ և նոր պայմաններում մեր նոր ինքնությունը ձևակերպելու, մեր ժառանգությունն ուսումնասիրելու ու դասակարգելու խնդիր կար: Եվ այդ խնդիրն է, որ հաջողությամբ լուծեց Երևանի պետական համալսարանը՝ ձևակերպելով մեր անցած, ընթացիկ պատմության կարևորագույն արժեքները, և այն դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում:

Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել Երևանի պետական համալսարանի հետ կամ ավելի ճիշտ ինչ անուններ է կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան և այսպես շարունակ: Երևանի պետական համալսարանում ի վերջո կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պիտի ընկներ մեր նոր պետական ինքնության հիմքում: Եվ այս ամենի արդյունքն, ի վերջո, ի ցույց դրվեց 1965 թվականին՝ մեր ազգային զարթոնքի միջոցով, որը նաև հետագայում դարձավ մի նոր մշակութային վերածննդի հիմք և պատճառ:

Այս ամենի արդյունքում էր, որ 1988 թվականին մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով ինքը՝ որպես նոր ժառանգ, պիտի տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը: Եվ 20-րդ դարի մեր պատմության մեջ Երևանի պետական համալսարանն ունեցավ իսկապես անկյունաքարային և շրջադարձային նշանակություն:

Իհարկե, նոր պայմաններն իրենց հետ բերեցին ցնցումներ մեր հանրության բոլոր ոլորտներում: Ասվեց արդեն՝ մենք վերապրեցինք երկրաշարժ, մենք վերապրեցինք պատերազմ, մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն, և այս ամենի մեջ մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ, նաև բազմաթիվ նվաճումներ, բայց մեծ հաշվով մենք կարող ենք ասել, որ կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան թե կարողացանք այդ բարդությունները լուծել:

Բայց ես ուզում եմ հավատալ, որ նոր ժամանակները նաև Երևանի պետական համալսարանի վերածննդի ժամանակներ են, որովհետև Երևանի պետական համալսարանն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի 20-րդ դարի կյանքի ընթացքում:

Եվ ես ուզում եմ տոնական այս օրը բոլորիս մաղթել, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել Երևանի պետական համալսարանի երբեմնի փառքը, վերականգնել Երևանի պետական համալսարանի երբեմնի մեծությունը, և, ընդ որում, սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: Ես ասել եմ, և ուզում եմ կրկնել, որ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, այնպես էլ Երևանի պետական համալսարանը մասնավորապես, պիտի դառնա Հայաստանի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը:

Եվ ուզում եմ ձևակերպել Երևանի պետական համալսարանի միջազգայնացման խնդիր, որը պիտի դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան և բաց է նաև աշխարհից վերցնել նորարարական գաղափարներ, և այս գաղափարների վրա հիմնվելով ապահովել մեր կրթական համակարգի հետագա զարգացումը: Ես ուզում եմ ձևակերպել կոնկրետ խնդիր. կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում: Եվ սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը և Երևանի պետական համալսարանը վերստին դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար հիմնական ուժ:

Հարգելի ներկաներ, ևս մեկ անգամ մեզ բոլորիս շնորհավորում եմ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի առիթով և ուզում եմ մաղթել, որ առաջիկա 100 տարին համալսարանի համար լինի վերելքների, ուժեղացման, գիտական մտքի, հաղթանակների շարունակական մի ժամանակաշրջան: Իսկ շարունակությունը թող ձևակերպեն արդեն 100 տարի հետո այս ամբիոնից խոսողները և այս դահլիճում նստողները:

Շնորհակալ եմ»:

2019թ. սեպտեմբեր ամսին մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումները: Սեպտեմբերի 26-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում բուհի ոսկե մեդալներ են տրվել համալսարանի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած դասախոսներին և ուսանողներին:

← Վերադառնալ