ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

ՀՀ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունն ապահովելու համար. վարչապետը ներկա է գտնվել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի բացմանը

30.09.2019

ևս 2 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում աշխատանքները սկսած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:

«Հարգելի գործընկերներ,
Համաժողովի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում՝ «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողովին:

Վստահ եմ, որ այս համաժողովը մեր միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և խորացման արդի հիմնախնդիրները, առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիները քննարկելու հիանալի հնարավորություն կընձեռի: Ֆորումը հանդիսանում է լոգիստիկ սխեմաների վերաբերյալ տեսակետների փոխանակման արդյունավետ հարթակ:

Հուսով եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքների հիման վրա մենք կկարողանանք ավելի լավ գնահատել մեր հնարավորությունները և հստակեցնել մեխանիզմները՝ հաղթահարելու այն արգելքները, որոնք խոչնդոտում են տարանցիկ միջանցքների և սխեմաների լիարժեք կայացմանը, մեզ համար նախանշել առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ամենաարդյունավետ մեթոդները:

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մենք առավելագույն ջանքեր գործադրեցինք ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրներում տնտեսական աճի համար:

Այս համատեքստում առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացումն է, ինչը կապահովի ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ:

Պատմականորեն Եվրասիա մայրցամաքը եղել է առևտրի, տնտեսական, մշակութային, հաղորդակցական գործընթացների խճանկար, որում քիչ կարևոր դեր չի խաղացել նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հաղորդակցության կենտրոնում՝ Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող Հայաստանը: Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Արտաշատի վերելքը, որը հայտնի էր որպես «Հայաստանի Կարթագեն», բազմադարյա մայրաքաղաք Անիի զարգացումը, որը հայտնի է եղել իր հիանալի ճարտարապետական կոթողներով, պայմանավորված էր նաև նրանով, որ դրանք գտնվում էին Մետաքսի ճանապարհի վրա:

Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը:

Հայաստանի Հանրապետությունը՝ ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում:

Բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էներգետիկ հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր շուկան:

Համոզված եմ, որ այսօրվա համաժողովի նման հարթակները, քննարկումները և դրա շրջանակներում կարծիքների փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդեն ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդմանը ոչ միայն Միության անդամ երկրների միջև, այլև նրա սահմաններից դուրս՝ եվրասիական հսկայական տարածքում:

Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու համար, մաղթում եմ ձեզ բեղուն, արդյունավետ աշխատանք և ակտիվ քննարկումներ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Համաժողովն անցկացվելու է պանելային քննարկումների ձևաչափով: Համաժողովի ընթացքում որպես խոսնակ հանդես են գալու ԵԱՏՄ անդամ և գործընկեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետները, տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարները, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահն ու նախարարները, ավտոմոբիլային փոխադրումների միջազգային ասոցիացիաների, բիզնես համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր: Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժն իրացնելու հնարավորություններն ու հեռանկարը, բարձրաձայնելու առկա մարտահրավերներն ու բացերը և գտնելու փոխշահավետ ու արդիական լուծումներ՝ իրացնելու տարածաշրջանում առկա ներուժը:

Միջազգային համաժողովի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվելու նաև ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ղեկավարները: Համաժողովի արդյունքներով հրապարկվելու է հռչակագիր:

← Վերադառնալ