ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել կոնֆլիկտի լուծման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը

15.02.2020

ևս 14 լուսանկար



Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին:

Բանախոսը խոսքը նախ տրամադրել է Ադրբեջանի նախագահին, այնուհետև ՀՀ վարչապետին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա. 405թ, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին որպես պետության, գիտեք ես պետք է ասեմ, որ չեմ համաձայնվի նախագահ Ալիևի հետ: Քանի որ Կովկասյան Բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, և այդ որոշումից հետո, որը ամբողջովին օրինական որոշում էր, Իոսիվ Ստալինի անձնական նախաձեռնությամբ, այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև: Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում:

Իմ հարցն այն է, թե եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը` դառնալով անկախ պետություն, ի՞նչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը, նույնպես գոյություն չունի: Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտություն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական «Независимая газета» թերթին` ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից` նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: Եվ դա տեղի ունեցավ, որովհետև այդ իրադարձության հետևանքով Այազ Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, ո՞րն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը: Այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստն է, առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել բռնություններն ու ռազմական գործողությունները: Եվ երբ մենք նայենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել, պահել անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, և շատ կարևոր է նշել դա:

Գիտեք, սակայն, ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը: Դժբախտաբար 25 անգամ 30 տարիներին մենք կրկնում ենք նույն բաները, և մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով միգուցե հոգնած կլինի նույն բանը լսելուց: Եվ ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել:

Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ` ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, ես հասկացա, որ հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլերով: Եվ ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ, և ես սկսեցի միկրո հեղափոխությունների գործընթացը: Հաջորդ անգամ երբ հնարավորություն ունենամ, կամ խոսքը հասնի ինձ, ձեզ կներկայացնեմ միկրո հեղափոխությունների նշանակությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գրծընթացում, որը նախաձեռնել եմ ես:

Շնորհակալություն»:

Հարց- Դուք միջազգային այս լսարանում եք, բազմաթիվ փորձված բանակցողներ կան, շատերն այս մարտահրավերի ուղղությամբ արդեն մոտ 30 տարի աշխատում են՝ փորձելով օգնել վեճի խաղաղ կարգավորմանը: Ի՞նչ մի բան կուզեիք, որ միջազգային համայնքը, միջազգային հանրությունն աներ, որով Ձեզ կօգներ, որպեսզի առաջ տանեիք այն տարբերակը, որն ըստ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար և խաղաղ լուծումն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, շատ կոնկրետ բան կա, որ միջազգային հանրությունը կարող է անել: Հստակորեն հայտնել, ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, միջազգային հանրությունը պետք է հստակ և միանշանակ կերպով դա շեշտի և ասի: Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխաներ, որ այդ պարագայում ուրեմն մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է: Ես սակայն կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար: Եվ որպես Հայաստանի վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային, գլոբալ անվտանգության համար: Եվ ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը: Այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր: Եվ մեր պարտականությունը, մեր պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումն ունենալ գլոբալ, համաշխարհային անվտանգության մեջ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են դրան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանում արտահայտած մտքերին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով. «Մի քանի մեկնաբանություն եմ ցանկանում անել: Նախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վերաբերյալ, այնտեղ չկա «հայկական զորք» գրված, գրված է այսպես ՝ «տեղի հայկական ուժերը»: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձևավորել է ինքնապաշտպանության ուժեր և գրված չէ «հայկական զորք»: Ինչ վերաբերում է տուժածներին, այո, դա ողբերգություն է, դա հակամարտություն է և հազարավոր մարդիկ զոհվել են այդ հակամարտության հետևանքով և՛ հայ, և՛ ադրբեջանցի, և դա փաստ է: Անձամբ ես, սակայն, «Նեզավիսիմայա Գազետա» թերթում ընթերցել եմ Ադրբեջանի նախկին նախագահի հարցազրույցը, և ես, կարծում եմ, մենք դա էլ կարող ենք գտնել ինտերնետում: Ինչ վերաբերում է պատմական փաստերին.՝ կա գիրք՝ «Լեռնային Ղարաբաղ. իրավական կողմեր»: Այն ինչ ես ասել եմ նույն գրքում կարելի է գտնել, կարելի է գտնել պատմության գրքերում, քաղաքների անունների և էթնիկ զտման մասին: Կար Շահումյանի շրջան, այդ շրջանում որեւէ հայ այժմ չի ապրում, չնայած բնակչությունն այնտեղ ամբողջությամբ հայեր էին։ Այժմ Շահումյանի շրջանն ադրբեջանական անուն է կրում, այն ինձ համար բավականին բարդ բառ է արտաբերելու համար։ Բացի այդ, նախագահ Ալիևը նշեց, որ ադրբեջանցի զինվոր է սպանվել հայի կողմից, մինչդեռ այսօր հայ զինվոր է վիրավորվել ադրբեջանցի դիպուկահարի ձեռքով։ Եվ մեր երկկողմանի համատեղ խնդիրն է դադարեցնել այս պրոցեսը»։


Հարց- Ես հետազոտող եմ Մաքս Պլանկի անվան միջազգային իրավունքի ինստիտուտում: Նախագահ Ալիևն արդեն նշեց միջազգային իրավունքի դերը: Իմ հարցն ուղղված է երկու բանախոսներին էլ: Այս վեճն ինչո՞ւ չեք ներկայացնում, հատուկ համաձայնությամբ ներկայացրեք Արդարադտության միջազգային դատարանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան –
Մենք էլ ենք հավատարիմ բանակցային գործընթացին, խաղաղության գործընթացին, ինչպես ասացի, և ես կարծում եմ, որ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ձևաչափում, և մենք շատ ինտենսիվ ենք աշխատում: Ինչպես ասացի, մենք պատրաստ ենք իրական ջանք գործադրել փոփոխության հասնելու համար, հակամարտության լուծմանը հասնելու համար: Բայց ոչ ոք ինձ չհարցրեց այն մինի հեղափոխությունների մասին, որոնք ես արել եմ բանակցային գործընթացում:

Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է, ինչպես արդեն նշել եմ. հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը մեկ կամ երկու քայլով լուծել: Ինչո՞ւ եմ ասում՝ մեզ միկրո հեղափոխություններ են պետք: Ես կարծում եմ` մեզ պետք են միկրո հեղափոխություններ, եթե այդ բառը պայմանականորեն օգտագործենք, որպեսզի դրանք հետո փոխարինենք մինի հեղափոխությունների, որից հետո բեկում ունենանք բանակցային գործընթացում: Ո՞րն էր այդ միկրո հեղափոխությունը: 2018թ. սեպտեմբերին ես հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ինչո՞ւ է սա միկրո հեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ հիմա անցել է ավելի քան մեկ տարի այդ հեղափոխությունից, սակայն ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, ես Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Սա շատ կարևոր միկրո հեղափոխություն է:

Հաջորդ հեղափոխությունն այն է, որ իմ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ես սոցիալական ցանցերի օգտատեր հայերին և ադրբեջանցիներին կոչ արեցի սոցիալական ցանցերը չօգտագործել իրար վիրավորելու, իրար սպառնալու համար: Ես կոչ արեցի սոցիալական մեդիաները, նոր տեխնոլոգիաներն օգտագործել փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ: Դա էլ մոտեցում է, և ես կարծում եմ և փորձել եմ ուղղակիորեն դիմել, խոսք ուղղել Ադրբեջանի ժողովրդին: Եթե Իլհամ Ալիևը դեմ չի լինի, ես դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք մի շատ տարօրինակ փաստ ունենք: Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, և դա շատ տարօրինակ փաստ է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ի դեպ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ է տեղի ունեցել. 1992թ. մարտի 24-ին և 1994թ. Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում:

Շնորհակալություն:

Հարց- Ռուսաստանն այն պետություններից է, որը փորձում է լուծում բերել: Առաջարկներից մեկն այն էր, որ միգուցե կարգավիճակի հարցը պետք է թողնել հետոյին և փորձել անել մի բան, որին կողմերն ավելի պատրաստակամորեն կհամաձայնեն: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների հետ կապված, միջանցք ստեղծելու հետ կապված և այլ քայլեր: Տեսնո՞ւմ եք ինչ-որ հնարավորություն միջանկյալ մի լուծման, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյի և այլ հարցեր հիմա այս փուլում կլուծի:

Հարցին նախ պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի արտահայտած մտքերին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով. «Իմիջայլոց մի փոխադարձ միկրոհեղափոխություն ունենք և հուսով եմ հնարավորություն կունենամ այդ մասին ասել: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Դուշանբեում՝ Տաջիկստանի մայրաքաղաքում, դրանից հետո նախագահ Ալիևի հետ մենք մինի հեղափոխություն արեցինք, այդ հանդիպումից հետո լարվածությունը, ընհանուր առմամբ, աննախադեպ անկում ապրեց և մենք կարողացանք ուղիղ գիծ ստեղծել, կոնտակտի, շփման և տեղեկատվության փոխանակման համար:

Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է: Նախագահ Ալիևը խոսում է տարածքների մասին և Ադրբեջանի տեսակետից, իր կարծիքով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է:

Պետք է հասկանալ, թե ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետև երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել` ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, և Լեռնային Ղարաբաղի հայերը հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել:

Նախագահ Ալիևը Շուշիի մասին խոսեց, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր և խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, և դա է ճշմարտությունը: Հնարավոր չէ, որ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է:

Նախագահ Ալիևը նշեց Ադրբեջանի զինված ուժերի մասին: Իմ որդին իր զինծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղում, բայց նա գնաց այնտեղ, որպես կամավոր, նա հոժարակամ գնաց այնտեղ: Գնաց պաշտպանելու իր հայրենակիցներին, քանի որ ինքը գիտի պատմությունը, ինքի գիտի թե ինչ է եղել 1988 թ.-ից սկսած: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, հիմա մեկ հայ այնտեղ չի ապրում: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար: Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն է, և հիմա մեկ հայ այնտեղ չկա:

Եվ մեկ նախադասություն էլ ասեմ, նախագահ Ալիևն ասում է, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Առաջին անգամ 1994 թվականին և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը: Դրանից երեք ամիս անց 1994 թ. հուլիսին իրենք վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»:

Քննարկման ավարտին, արձագանքելով Ադրբեջանի նախագահի խոսքին, վարչապետ Փաշինյանն ասել է. «Պարոն նախագահ, այնքան էլ կառուցողական չէր, բայց ես կասեմ, որ Տիգրան Մեծի ժամանականերում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլ նաև Բագրատունիների, Արշակունիների ժամանակներում: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում: Ես շատ ուրախ եմ այս քննարկման համար: Կցանկանայի կրկին հաստատել, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրոք իրական ջանք գործադրել այս կոնֆլիկտի լուծման ուղղությամբ»:

Քննարկումից առաջ նախ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կարճատև զրույցը:

 


 

← Վերադառնալ