ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Այսօր կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. Վարչապետի ուղերձը ժողովրդին

27.11.2020


Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Ես ձեզ վերստին դիմում եմ այսպես, որովհետեւ հատկապես այս դժվարին օրերին շատ կարեւոր է պահպանել մեր ազգային հպարտությունը եւ մեր ազգային արժանապատվությունը, որովհետեւ հպարտությունն ու արժանապատվությունը շատ հեշտ է պահպանել, երբ այն հարվածի տակ չէ, երբ նրան ոչինչ չի սպառնում, բայց առավել կարեւոր է այն պահպանել, երբ արժանապատվությունն ու հպարտությունը հայտնվել են բազմաթիվ հարվածների ներքո:

Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում, արտաքին ուժերին համընթաց - ընդ որում, արտաքին ուժերին համընթաց նրանք գործում են բավական երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը - մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը:

Երեկ, օրինակ, ոմանք՝ բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ՝ խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին:

Նման պահվածքը գուցե եւ ունենա հազար ու մի բացատրություն, նման պահվածքի քննադատությունը գուցե թե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք գուցե ալիքի մեջ ընկնելու ոչ մի, այսպես ասած, չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի տակից, խորքից մենք պետք է դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը. Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:

Ուզում եմ հստակ եւ աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, ում արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած:

Սիրելի հայրենակիցներ,

հիմա ուզում եմ մանրամասն նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Արցախում եւ նրա շուրջ: Նոյեմբերի 9-ի հայտարարության եւ նրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ: Չեմ ուզում կրկնել նախկինում ասվածը, բայց պիտի վերահաստատեմ համոզմունքս, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը:

Այլ խնդիր է, թե մենք ինչո՞ւ հասանք նման կետի, ինչպե՞ս հասանք, ի՞նչ հանգամանքներում եւ ժամկետում հասանք, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ի՞նչ զարգացում ստացավ, ի՞նչ հանգրվաններ ունեցավ: Սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան, եւ ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն: Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է, իսկ այսօր մենք ունենք հրատապ եւ անհետաձգելի հարցեր: Նկատի ունեմ՝ այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր մենք ունենք հրատապ հարցեր, իսկ այդ հարցերից կարեւորագույնը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո՝ ի՞նչ սցենար են նկարագրում դրանից հետո, եւ ի՞նչ հետեւանքների կբերի այդ սցենարը:

Շարունակելով միտքս՝ ուզում եմ ընդգծել, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

Եւ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Եւ ուզում եմ նաեւ իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է:

Բայց վերադառնալով թեմային՝ ուզում եմ, որ համոզված լինեք, որ մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի եւ Արցախի շահերը պաշտպանելու համար: Եւ, իմիջիայլոց, քաոսի տեսլականը տարածվում է նաեւ այս նպատակով, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար, եւ այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության եւ ժողովրդի միջեւ, որը մինչեւ օրս, ի դեպ, նրանց չի հաջողվել անել:

Ժողովուրդը, այո, հարցեր ունի, ժողովուրդը, այո, երբեմն դառնացած է եւ զայրացած, երբեմն հիասթափված ու երբեմն հուսալքված. բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար:

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ եւ որպես հիմնավորում բերվում է, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունը եւ ես սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Պատերազմի մեկնարկին եւ հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես պատերազմի մասին գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել եւ սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար:

Կամ ընդհանրապես՝ պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Մարտունիի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մի՞թե չի ասվել Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ:

Այո՝ ասվել է նաեւ մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է: Պատերազմական գործողությունները ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ: Հույս ունեմ՝ պատկերացնում եմ այդ ողջ ծրագիծը:

Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: Եղնիկների հատվածում մինչեւ պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչեւ վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչեւ վերջ պահել է առաջնագիծը եւ վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելներով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ:

Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաեւ նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետեւ այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: Եւ այդ մինչեւ 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաեւ հայրենիքի պարտքն էր:

Հերոսական կռիվ են տվել նաեւ 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ:

Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եւ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն:

Բայց սա չէ ասելիքիս բուն իմաստը, ասելիքիս բուն իմաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունը ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով: Ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել եւ փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի կռիվ տվող զինվորին, այն զինվորին, որոնց մասին ես ասում էի՝ ովքեր մինչեւ վերջին պահը անառիկ են պահել իրենց դիրքը, իրենց գիծը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Անցյալի մասին խոսելը կարեւոր է, եւ մենք դեռ առիթներ կունենանք դա անելու:

Բայց այսօր շատ ավելի կարեւոր է խոսել այսօրվա եւ ապագայի մասին: Այսօրվա ու ապագայի խնդիրների եւ նպատակների մասին:

Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը:

Իսկ սրա համար անհրաժեշտ է, կրկնում եմ՝ անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաեւ գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաեւ անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարեւոր հարց է բոլորիս համար, եւ այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական: Ես այս օրերին անհետ կորածների, գերեվարված մեր զինվորների հարյուրավոր հարազատների հետ եմ հանդիպել: Լսել նրանց բոլոր պահանջներն ու բողոքները: Նրանք ճիշտ են, եւ մենք պետք է արագ գործենք, բայց կրկնում եմ՝ ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից: Դա կախված է ոչ միայն մեզանից:

Այո, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, եւ մենք անպայմանորեն կգտնենք լուծումներ:

Բայց նաեւ այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Հայաստանի կերպարը:

Սիրելի ժողովուրդ,

մի տրվեք վախի եւ խուճապի: Թույլ մի տվեք, որ մեր խոցված հպարտությունը եւ վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի տրվեք անապագայության քարոզին: Այո՝ հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ամեն օր նրանք ձեզ խաբում են:

Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Այո՝ պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով: Վերանայեք առաջին օրվանից ասվածը եւ կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է, ամբողջ ճշմարտությունը ասվել է՝ պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողը և ուշադիր ունկնդիրը ամեն ինչ կարող էր կարդալ այնտեղ:

Ճշմարտությունն ասվել է, ի դեպ, նաեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ իմ հանդիպումների ժամանակ, եւ ես այդ հանդիպումներին հստակ ասել եմ, որ իրենց հրավիրել եմ ամեն ինչ պատմելու համար, որովհետեւ այդ ամենը, ինչ իրենց եմ պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով, բայց նաեւ չեմ ուզում ստացվի, թե թաքցնում ենք ճշմարտությունը: Եւ, ի դեպ, այն ուժերը, որ պատերազմի առաջին օրից ասում էին, որ բոլոր հնարավոր միջոցներով, ամեն գնով պետք է կանգնեցնել, այստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին՝ այո, թող ամեն գնով կանգնեցնեն, հետո մենք դա կտեսնենք՝ ոնց կօգտագործենք մեր քաղաքական նպատակների համար: Եւ նրանք այսօր շատ վատ են զգում եւ զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ:

Բայց, այնուամենայնիվ, մեր այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է:

Բայց դրանից առաջ նախ՝ մենք պետք է վերադարձնենք մեր զոհերի մարմինները, մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որեւէ տեղ: Պիտի ապահովենք Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, պիտի ապահովենք արցախցիների վերադարձը, պիտի լուծենք սահմանային ամենահրատապ եւ կնճռոտ հարցերը, որոնց շուրջ հնարավոր է նորանոր աղմուկներ բարձրանան, բայց մենք պիտի անցնենք այդ ճանապարհը: Ամեն ինչի մասին մենք ձեզ մանրամասն կտեղեկացնենք՝ այնքան, որքան հնարավոր կլինի առանց մեր շահերը՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը վնասելու:

Բայց մի բանում վստահ եղեք. մենք ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Բայց չի նշանակում, որ մենք անթերի ենք: Սա չի նշանակում, որ մենք ճիշտ ենք ամեն ինչի մեջ, սա չի նշանակում, որ մենք չենք սխալվել ու չենք սխալվելու: Բայց մենք ամեն ինչ մեջ ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Ու մենք կհաղթահարենք այս փորձությունը, միասին կհաղթահարենք: Իմ խոնարհումը մեր բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների անդամների առաջ:

Իմ խոնարհումը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների առաջ, Արցախի հպարտ քաղաքացիների առաջ, սփյուռքի հպարտ հայության առաջ:

Մեր հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, մեր արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած:

Կեցցե՛ հայ ժողովուրդը:
 

← Վերադառնալ