ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

05.02.2021

ևս 7 լուսանկար



Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Համատեղ արարողակարգային լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։

Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Թույլ տվեք ելույթս սկսել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Ուզակպաևիին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի կազմակերպման համար:

Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ասկար Ուզակպաևիին՝ Նախարարների կաբինետի ղեկավարի լիազորությունների վերահաստատման կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը հետայսու ևս կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, իսկ բազմակողմ ձևաչափով` համաձայնեցված որոշումների մշակմանն ու իրականացմանը, որոնք այդ թվում միտված կլինեն նաև Եվրասիական միության ներուժի զարգացմանը:

Նաև ցանկանում եմ շնորհավորել Ուլուկբեկ Ասամիդինի Մարիպովին՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
Սրտանց ողջունում եմ դիտորդի կարգավիճակով մասնակցող երկրների՝ Ուզբեկստանի, Մոլդովայի և Կուբայի Հանրապետությունների ներկայացուցիչներին: Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր կազմակերպության աճող միջազգային նշանակությունը: Եվ սա ևս մեկ լավ առիթ է` հերթական անգամ վերահաստատելու դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախագծերի շրջանակում:

Հարգելի գործընկերներ,

անցած ժամանակահատվածի գլխավոր արդյունքների շարքում ես կառանձնացնեի Միության՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը: Հուսով ենք, որ ընթացիկ տարին արգասաբեր կլինի ինտեգրացիայի զարգացման՝ փաստաթղթում արտացոլված ուղղությունների հետագա իրագործման տեսանկյունից: Այս առումով կցանկանայի ընդգծել այն միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը:

Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության Թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում:

Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: Ակնհայտ է, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից և կարևոր տեղ է գրավում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում:

Հարգելի գործընկերներ,

նիստի քննարկմանն առաջարկված հարցերի առնչությամբ կցանկանայի կանգ առնել հետևյալ թեմաների վրա:

Անկասկած, ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ հայրենական արտադրողներին երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար: Այստեղ կարևոր են ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնարդյունքը, որը դրսևորվում է Միության պետությունների ապրանքների՝ երրորդ երկրների ապրանքների հետ մրցունակության մեջ:

Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման համար ընդհանուր մոտեցում մշակելու նպատակով:

Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաև հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:

Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:

Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա:

Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու ԵԱՏՄ-ում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք նախանշված են Ղազախստանի նախագահության շրջանակում և միտված են եվրասիական ինտեգրման առաջմղմանը ու Միության զարգացմանը։

Շնորհակալություն ուշադրության համար»:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը քննարկել են նիստի օրակարգի մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Միության ներքին շուկաների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, ԵԱՏՄ մաքսային տարածքում արձագանքման միջոցների կիրառման հարցերին։ Հաստատվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ցեղային անասնաբուծության ոլորտում սելեկցիոն աշխատանքի վերլուծության և համակարգման կարգը։

Կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցը։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

← Վերադառնալ