ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

«Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է». վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

01.03.2021

ևս 14 լուսանկար



Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը՝ ի հիշատակ Մարտի 1-ի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի սղագրությունը ներկայացվում է ամբողջությամբ.

«Սիրելի ժողովուրդ,

այժմ ես խնդրում եմ՝ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք Արցախյան պատերազմում զոհված մեր եղբայրների և քույրերի հիշատակը:

Շնորհակալություն:

Այսօր մարտի 1-ն է, և ես խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգենք Մարտի 1-ի մեր զոհերի հիշատակը:

Շնորհակալություն:

Գիտեք, որ մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու, անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունենք: Բայց ես ուզում եմ, որ մենք այսօր այս հրապարակում, այս գարնան առաջին օրն իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ:

Ես գիտեմ՝ ամենատարբեր տեղերից և առիթներով սկսվել են և կսկսվեն շահարկումներ, թե այս հրապարակում, այսպես ասած, բերված մարդիկ են և այդպես շարունակ: Այդ փաստին անդրադառնալու մեկ ձև կա, այդ հարցին պատասխանելու մեկ ձև կա՝ հրապարակի հավաքականությունը, թե առաջին շարքից մինչև վերջին շարքը ինչպես են մարդիկ մասնակցում և հաղորդակցվում հարթակի հետ: Ուրեմն, մենք այսօր՝ գարնան առաջին օրը, պիտի ցույց տանք, որ ինչպես եղել ենք, այնպես էլ կանք և կլինենք միասին՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ, հաղթական, լավատես, դուխով քաղաքացիներ:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

արդեն 13 տարի մարտի 1-ին Հայաստանում հանրային միջոցառումներ են տեղի ունենում: 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունները տեղի ունեցան, հետո այդ հավաքները տեղի են ունենում այդ իրադարձությունները նշանավորելու, 10 զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

2021 թվականի մարտի 1-ը, սակայն, դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, Զինված ուժերը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ, և այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի և ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները:

Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն և գործնականում: Վերջին 2 տարի 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Ես նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար:

Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի կոնկրետ դեպքեր, իհարկե, կարելի է թվարկել: Բայց ավելի կարևոր է, թե ինչու ենք մենք սխալվել, ինչու է սխալվել մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը: Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ՝ ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության:

Երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև: Բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը: Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Ու մինչ մենք ջանքեր ենք գործադրել՝ ստեղծել ընտրություն լավի և լավագույնի միջև, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, այնքան խորը, որ ընտրությունն անբեկանելի է և անշրջելի, և լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Եվ, այնուամենայնիվ, սխալներ, դժբախտաբար, գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Ու որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես երկրի ղեկավար, ուզում եմ մեր ժողովրդից ներողություն խնդրել Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների համար:

Բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ ուզում եմ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարում: Կունենանք այնքան կամք և հաստատակամություն, այնքան սեր ու վճռականություն, որ հետևողականորեն կաշխատենք, հետևություններ կանենք անկախությունից ի վեր մեր արած բոլոր սխալներից: Ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքները, այլև առավելը կանենք՝ այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար:

Բայց նաև կարևոր է, որ երկրի այս բարդ իրավիճակով պայմանավորված՝ մենք կամք ունենանք պահպանելու, պաշտպանելու այն բոլոր արժեքները և նվաճումները, որոնք ունեցել ենք անկախությունից ի վեր: Մենք խոսում ենք սխալներից, ասում ենք, որ գործել ենք մեծ ու փոքր բազմաթիվ սխալներ, բայց սա չի նշանակում, թե նվաճումներ չենք ունեցել: Մեր մեծագույն խոստումն ահա պիտի լինի այդ նվաճումները պահպանելը և պաշտպանելը: Այդ կարևոր նվաճումներից մեկը, որ մենք ունենք, ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը, և այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ, ընդհակառակը, ժողովրդի իշխանության վերահաստատմամբ: Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ, ընդհակառակը, ավելի պիտի ուժեղանա: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով լինի իշխանություն, և ով չլինի իշխանություն:

Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է՝ ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու: Դա թույլ չենք տալու: Թույլ չենք տալու տասնամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել: Եվ դուք՝ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն Հայաստանի Հանրապետությունում: Կապ չունի՝ ով կլինի այստեղ կանգնած, որպես առաջնորդ ժողովրդին դիմելիս, նա կարող է լինել միայն մեկը, որին ժողովուրդը կընտրի իր ազատ, հպարտ, ինքնիշխան կամարտահայտությամբ: Որևէ ուրիշ ճանապարհ իշխանության հասնելու մենք՝ ժողովուրդը, քաղաքացին, կառավարությունը, պարզապես թույլ չի տալու: Պարզապես թույլ չի տալու:

Սիրելի ժողովուրդ,

2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:

Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով միայն ու միայն մեկ նպատակ. որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ չբացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:

Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով: Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչո՞ւ: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:

Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհուրդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք: Այլոց շարքում այդ թվում Սերժ Սարգսյանն է, Զինված ուժերի, որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ:

Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: Զինված ուժերի գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել բոլոր կանոնները, խախտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մի շատ կարևոր հանգամանքի մասին. 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ Զինված ուժերի զինծառայողներ որոշակի քաղաքական ակտիվություն սկսեցին ցուցաբերել, մեր կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2018 թվականի ապրիլի 23-ին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրերը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին: Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության ծառայության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելիս: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին»: Այս հայտարարությունը մենք արել ենք 2018 թվականի ապրիլի 23-ին, բոլոր՝ քաղաքական ակտիվություն ցուցաբերած զինվորականներին կոչ անելով հետ վերադառնալ իրենց ծառայության:

Իսկ այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են Զինված ուժերին դրդել, տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ: Բայց դա տեղի չի ունենա: Եվ, ընդհակառակը, Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Եվ սա անխուսափելի է, որովհետև այն Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ: Ուղղակի չի կարող ունենալ:

Բայց, մյուս կողմից, ես էլի եմ ուզում ասել՝ այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա: Փառք Աստծո, այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել: Եվ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի: Բայց անխուսափելիորեն, կրկնում եմ, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Բայց ուզում եմ ասել նաև, որ Զինված ուժերում, այո՛, վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել: Այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսն սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով: Որովհետև ես ուզում եմ ուղիղ ասել, այստեղ ուղիղ պիտի ասեմ, որ երբ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Դա է դավաճանությունը: Բայց էլի եմ ասում, ժողովուրդ ջան, եկեք ճիշտ հասկանանք՝ թուղթը, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է և առնվազն այդ առաջարկն այլ գեներալներին արել է Օնիկ Գասպարյանը: Ստորագրելուց հետո, այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության:

Ուզում եմ ասել, որ որոշ շրջանակներ բանակի զինվորներին ներշնչել են, թե բանակին դարձնում են քավության նոխազ: Ներշնչել են, թե կառավարությունը և իշխանությունն ուզում է մեր զինվորականներին դատել, մեր զինվորականներին կալանավորել, մեր զինվորականներին դարձնել քավության նոխազ: Եվ սա արվում է, ուղիղ ասեմ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 40, 50, 100, 500 մարդու համոզել են, որ իրենց դատելու են, իշխանությունն աջ ու ձախ ում բռնի, դատելու է: Նրանք սա արել են, էլի ուղիղ պիտի ասեմ, ընդամենը մի քանի մեղավորների, որոնք, ըստ ամենայնի, դեռ պիտի պարզվի, մի քանի մեղավորների բանակի բազմաթիվ հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար:

Խնդրում եմ իմ այս հայտարարությունները հանկարծ դե յուրե չընդունել, բայց ես քաղաքական գնահատական պետք է տամ. այո՛, այս ամենը, այս նարատիվն օգտագործված է՝ ընդամենը մի քանի վախկոտների թաքցնելու համար հերոսների թիկունքում: Մենք գիտենք՝ ովքեր են հերոսները, և մենք գիտենք՝ ովքեր են վախկոտները: Եվ ձեզ չի հաջողվի մեր հերոսներին, ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել: Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել: Դու քո ղեկավարի հրահանգները և հրամանները չես կատարել: Դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած, մեծ մերժվածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է: Դա սպայի պատվի մեծագույն նվաստացում է:

Հիմա այս թեմայով հետագա անելիքների մասին:

Այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքներով ընդունվել է հետևյալ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը: Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի Զինված ուժերի բնագավառում Զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական, այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:

Ժողովուրդ ջան,

գիտեք, որ Հանրապետության նախագահն իմ միջնորդագիրն առարկություններով վերադարձրել է, և մենք առարկություններին պատասխանել ենք և միջնորդությունը հետ ենք ուղարկել Նախագահի աշխատակազմ: Հիմա Հանրապետության նախագահը պետք է կայացնի որոշում: Եվ ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, պետության կայունության շահերից: Ես ասեմ, որ Հանրապետության նախագահը վատառողջ է, ես այսօր այցելել եմ նրան և ուզում եմ իմ և բոլորիս անունից առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:

Ժողովուրդ ջան,

ես ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում:
Իսկ մինչ այդ՝ մեր Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ Ազգային ժողով-Կառավարություն-Հանրապետության նախագահ-քաղաքական ուժեր, աշխատենք՝ լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների և խորհրդակցությունների արդյունքում: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք: Այս թեմաները բազմիցս բարձրացվել են թե՛ քաղաքացիական հասարակության կողմից, թե՛ քաղաքական ուժերի կողմից, թե՛ Ազգային ժողովում են քննարկումներ տեղի ունեցել, Հանրապետության նախագահը նույնպես այդ թեմաներով խոսել է: Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը:

Սիրելի ժողովուրդ,

ես ուզում եմ նաև խոսել մի շատ կարևոր թեմայի մասին, որի շուրջ, ճիշտն ասած, այսօր չէի պլանավորում խոսել, բայց նաև պիտի խոսեմ: Դուք գիտեք, որ նախորդ տարեվերջին, որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ առաջարկն առաջին հերթին ուղղված էր խորհրդարանական ուժերին, և խորհրդարանական ուժերը հունվարին, փետրվարին, այսինքն՝ մինչև փետրվար շարունակաբար մերժում էին այդ առաջարկը: Եվ մենք ասացինք, որ եթե ընդդիմությունը, առավելևս՝ խորհրդարանական ընդդիմությունը և Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող 17-ի շարժումը մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի, ի հեճուկս ամբողջ քաղաքական դաշտի, անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բայց այսօր խորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է հետևյալը - ես սա շատ կարևոր եմ համարում - որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն արել ենք՝ ընտրություններ չանելու համար: Այսինքն՝ դա եղել է ձևական առաջարկ, մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են, և մենք, այսպես ասած, ի սկզբանե պլանավորված ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:

Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը, առաջին հերթին խորհրդարանական ուժերը, կընդունեն մեր՝ դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք ասել ենք, մենք մեր խոսքի տերն ենք և, այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն:

Նրանք չկարողացան իրենց բոլոր հնարավորություններով հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Նրանք չկարողացան դա անել: Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը և նետում եմ այս մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ի՞նչ է պահանջում ժողովուրդը: Եվ որ ասում են՝ մենք ձևի համար ենք խորհրդարանական ընտրություններ առաջարկել, ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացել՝ մենք նույնիսկ այն ժամանակ կարգախոսների տարբերակներ էինք մտածել, և այդ կարգախոսների տարբերակներից մեկը հետևյալն էր, որ մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցենք «Վերջ թավիշին» կարգախոսով:

Ժողովուրդ, հետևյալն ասեմ. ես ձևակերպեցի, որ մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ, բայց դա նույնիսկ էական չէ: Ես ասել եմ և ասում եմ հետևյալը՝ դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և դուք, միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ես ուզում եմ, ես անկեղծ եմ ուզում, որ ժողովուրդն այդ հնարավորությունը ստանա, քվեարկությամբ ստանա այդ հնարավորությունը, որպեսզի ես համոզված լինեմ: Ես այսօր ձեզանից ներողություն խնդրեցի: Ես ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք, որ դուք մեզ ներում եք և մեզ ներել եք: Եվ այդ մարտահրավերը ես նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ խորհրդարանանական ընտրությունների, և ես ձեզ խնդրում եմ, սիրելի ժողովուրդ, աջակցեք այս կոչին, աջակցեք այս կոչին: Մի՛ վախեցեք, դուխով իմ հզոր ժողովուրդ, աջակցեք այս կոչին:

Բայց էլի ուզում եմ ասել հետևյալը. այդ՝ ընտրություներ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի` որքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, ելույթներով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը: Որովհետև դուք պետք է հաղթեք: Հայաստանի Հանրապետությունում որևէ ուժ հաղթող պետք է չլինի, պետք է լինի միայն ու միայն մեկ ուժ` ժողովուրդը: Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, Զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանը: Ուրիշ տարբերակ պարզապես չկա:

Եվ ուրեմն՝

Կեցցե՜ ազատությունը,

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՜նք մենք և մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում,

կեցցե՜ Արցախը,

կեցցե՜ հայությունը,

կեցցե՜ մեր բանակը՝ մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, նրանց հայրերը, նրանց կանայք և երեխաները:

Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և, եթե կարող եք, ներեցեք մեզ մեր բոլոր-բոլոր սխալները:

Դե եթե լույսերը վառում եք, եկեք մեր լույսերը բոլոր վառենք և նվիրենք մեր զինվորների, մեր զոհված զինվորների, մեր զոհված սպաների հոգիներին, լույս իջնի, լույս իջնի ձեր հոգիների վրա:

Ժողովուրդ ջան,

հանրահավաքը, ելույթը կենդանի օրգանիզմ է, և այսօր այնպես ստացվեց, որ ես շատ թեմաների չանդրադարձա: Մենք ունենք բազմաթիվ պրոբլեմներ: Մենք պետք է բազմաթիվ հարցեր լուծենք` առաջին հերթին մեր գերեվարված եղբայրների և անհետ կորածների հարցերը: Բայց այդ հարցերի հրապարակային քնարկումները, ճիշտն ասած, ես այդքան էլ նպատակահարմար չեմ գտնում: Ցավոք, փաստն այն է, որ մեր իրավիճակը, այո, նախորդ շաբաթվա իրադարձությունները որոշակի խնդիրներ են հարուցել այդ պրոցեսում, բայց չեմ ուզում մանրամասնել: Ուղղակի ուզում եմ, որ մեր գերեվարված եղբայրների ու քույրերի հարազատները, մեր անհետ կորած եղբայրների ու քույրերի հարազատները վստահ լինեն, որ մենք ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին, նրանց առաջ մեր ունեցած պարտավորությունների մասին: Ուզում եմ ասել` ձեր բոլոր ցավերն իսկապես մեր սրտում են, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, և հավատացեք` մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտն է ցավում:

Հայկական ասացվածք կա՝ մի տնից չենք, մի հալի ենք, բայց սա այն դեպքն է, որ հենց մի տնից ենք: Որովհետև Հայաստանն իմ օջախն է, և ժողովուրդն իմ ընտանիքն է: Սա պետք է լինի, այո՛, պետք է շարունակի լինել մեր կարգախոսը: Եվ այդ ընտանիքում, այո՛, կլինի վեճ, այդ ընտանիքում կարող է լինել անախորժություն, այդ ընտանիքը կարող է ունենալ անհաջողություն, այդ ընտանիքը կարող է ունենալ պարտություն, բայց, ի վերջո, այդ ընտանիքում պետք է սերը, ներդաշնակությունը, երջանկությունը, միասնությունը, միասնության ուժը, հավատը ապրեն և վերականգնվեն:

Հանուն մեր նահատակների Հայաստանի Հանրապետությունում բռնությունը և բռնությունով քաղաքական հարցեր լուծելը, որևէ հարց լուծելը պետք է բացառվեն: Մենք Հայաստանի ներսում թշնամի չենք ունեցել, չունենք և չենք ունենալու, ինչը չի նշանակում, որ Հայաստանում չպետք է օրինականություն հաստատվի: Բայց Հայաստանի Հանրապետությունում, այս պահին եմ ասում, օրինականություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք, ժողովրդական կամքով իրար հետ, օրենսդրությամբ չենք բացառել դատական համակարգի և Զինված ուժերի քաղաքականացումը: Մենք նոյեմբեր-դեկտեմբերին տեսանք մի այսպիսի զազրելի երևույթ, երբ ոմանք փորձ էին անում քաղաքականացնել նաև դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում՝ մի հատ էլ ինդուլգենցիա տան: Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը սպանել` ոչ, և ճշմարտությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են տանկերով, ժողովրդին տրորելով, ովքեր ուզում են բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են: Եվ այդ մարդիկ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չեն լինելու, որովհետև Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, միայնումիայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը:

Եվ կրկին, սիրելի ժողովուրդ, առաջարկում եմ, որ այսօրվա մեր հավաքն ավարտենք երթով: Բաղրամյան պողոտայում գտնվող մարդիկ մեր հարազատն են, մեր քույրերը և եղբայրներն են: Այո, նրանք մեր մասին վատ բաներ են ասում, բայց նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Դա կապ չունի: Ես առաջարկում եմ երթն անցկացնել հետևյալ երթուղով՝ Մաշտոցի պողոտայով կքայլենք, հետո կբարձրանանք Կորյունի փողոց, Աբովյան փողոցով կիջնենք, Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կդնենք Մարտի 1-ի զոհերին ի հիշատակ և հրաժեշտ կտանք իրար, կգնանք մեր գործերով, մեր տներով:

Եվ, ամենակարևորը, հավատացեք ժողովրդի ուժին: Որևէ մեկը չի կարող կանգնել ժողովրդի ուժի դիմաց` տանկով կլինի, ինքնաթիռով կլինի, ատոմային զենքով կլինի: Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է, և ժողովուրդը հզոր է, և ժողովուրդը հպարտ է, և ժողովուրդը հաղթելու է:

Շնորհակալ եմ բոլորիդ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքն ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթով: Վարչապետը՝ երթի մասնակիցների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

 

 

← Վերադառնալ