ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
«Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է». վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ:
Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Հուլիսի 29-ին կառավարության նիստում ես ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատկերացումը՝ մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաև ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:
Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը: Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս:
Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը:
Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն: Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար:
Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ: Հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվկարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից:
Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան:
Կառավարության հարգելի անդամներ,
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար: Թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին: Սա ընդգծում եմ՝ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը: Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»: