ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը

13.04.2022

ևս 6 լուսանկար



Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ.

Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը:

2021 թվականը ետպատերազմական առաջին տարին էր, եւ տարվա ընթացքում մենք ունեցանք լրջագույն ձախողումներ եւ լրջագույն ձեռքբերումներ: Նախ պիտի խոսեմ ձեռքբերումների մասին, հաջորդիվ կենտրոնանալով ձախողումների վրա, բայց ոչ այնքան կամ ոչ միայն դրանք արձանագրելու, այլեւ Ազգային ժողովի բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունը օգտագործելով՝ երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաեւ հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի եւ պարտության պատճառահետեւանքային կապերը լուսաբանելու եւ հնարավոր լուծումների մասին խոսակցություն հարուցելու համար:

2021 թվականի մեր ձեռքբերումներից անկյունաքարայինը, իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ինչու՞ եմ այսպես համարում, որովհետեւ աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրությունները ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը եւ արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին:

Բազմիցս ասել եմ, բայց պատեհ եմ համարում հիմա եւս կրկնել, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ՝ 2021 թվականին ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, եւ ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ:

44-օրյա աղետալի պատերազմից հետո, հանրային հուզումների եւ ալեկոծությունների, հարձակումների եւ սպառնալիքների մթնոլորտում, քաղաքական մեծամասնությունը ժողովրդի՝ բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու եւ պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով:

Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը այլեւ միջազգային ինստիտուտների գնահատմամբ «ընտրական ավտորիտարիզմ» ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի «ընտրական ժողովրդավարությամբ» երկրների շարք: Սրանով, ըստ էության, Հայաստանը մուտք գործեց պայմանականորեն ասած՝ ժողովրդավարության բարձրագույն լիգա եւ սա կարեւորագույն ձեռքբերում է:

2021 թվականի հաջորդ կարեւորագույն ձեռքբերումը, որ ունի ինստիտուցիոնալ նշանակություն, մակրոտնտեսական կայունության ապահովումն էր ետպատերազմական ծանր շրջանում, որը ահագնանում էր նաեւ ներքաղաքական եւ կովիդյան ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով ու տագնապներով: Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման ու տնտեսական կայունությունը, այլեւ եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների մեջ ամենացածր տոկոսով: Այսինքն՝ նախկինում տեղի ունեցած բոլոր թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով: 2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատեցին Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատելով որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը։

«Ստանդարտ ընդ Փուրսը» առաջին անգամ վարկանշավորելով Հայաստանը՝ մեզ շնորհեց «դրական» հեռանկարով վարկանիշ՝ դա հիմնավորելով մակրոտնտեսական կայունությունը պահպանելու, խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու Կառավարության կարողությամբ ու գործելակերպով։ Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարեւոր գնահատականներ են: Եւ այս գնահատականները հաստատվեցին նաեւ գործնականում, մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը:
Եւ որպես արդյունք՝ 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվեցին 147 միլիարդ դրամով:

Այսինքն՝ ետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլեւ լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասը ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի ավարտը կառավարությունը Արցախում իրականացրել է 136 միլիարդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 միլիարդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք, կրկնում եմ երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին ինչպես հիմա: Բայց այս թեմային առավել մանրամասն կանդրադառնա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ իր ելույթում:

Վերադառնալով 2021 թվականի բյուջետային ցուցանիշներին, պիտի նշեմ, որ հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ ենք իրականացրել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217.8 միլիարդ դրամ: Ընդ որում, 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3% կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին՝ 73,5 %, իսկ 2018 թվականին 74,0 %:

Որպես արդյունք 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: Էական աճ է արձանագրել միջին եւ համախառն աշխատավարձը:

Կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը մենք համարում ենք երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարեւոր գործոններից մեկը, որովհետեւ այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: Նաեւ սա է պատճառը, որ 2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը: Ուզում եմ ընդգծել, որ մենք ունենք քաղաքական որոշում տնտեսական զարգացման որեւէ սցենարի դեպքում չկրճատել կապիտալ ծախսերը: Հիշեցնեմ, որ բյուջեի կապիտալ ծախսերը իրականացվում են մասնավոր հատվածի միջոցով եւ հույս ունեմ, որ նախ կառավարությունը կկարողանա որակյալ կերպով ընթացքավորել համապատասխան տողերը, իսկ բիզնեսը կկարողանա կատարել կառավարության պատվերը՝ բարձր որակով, պատշաճ ժամանակում եւ ըստ էության սա դեռեւս 2018 թվականին մեր առաջարկած «հարստացիր եւ հարստացրու» բանաձեւի գործնական իրականացման մեխանիզմներից է:

Հարգելի գործընկերներ,

2021 թվականի հաջողությունների ենթավերնագրի ներքո մի քանի այլ մակրոցուցանիշեր նույնպես կարելի է թվարկել: Բայց 2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասականը գերակշռում է:

44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին: Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. ինչու այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել:

Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի եւ թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու եւ այդպիսով նաեւ դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը եւ թերեւս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական եւ թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում:

Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաեւ, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ եւ աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար եւ միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին:

Եւ սա չանելն է իմ իրական մեղքը եւ մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եւ թերեւս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը չի ավարտվում, որովհետեւ մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը եւ երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը:

Որպեզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եւ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչու՞ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով, մինչեւ օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Սանասա՞ր, թե Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»:

Այն նույն պատճառով, որ Արցախի եւ Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչեւ օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլեւ 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչեւ օրս էլ համարվում են Արցախի Հանրապետության մաս:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք եւ կրում ենք՝ ունի մի մեծ նպատակ եւ այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է եւ դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ աշխարհքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում, այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցեւայնպես միակամ եւ միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով եւ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ եւ որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն մենք ստեղծել ենք ֆասադ եւ լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավելեւս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով:

Բայց, հարգելի գործընկերներ, ես սա հիմա չեմ ասում անցյալի մասին խոսակցություն բացելու համար, ես սա ասում եմ ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Որովհետեւ բովանդակային առումով նույն իրավիճակն է հիմա և ես չեմ ուզում նույն սխալները կրկնել: Չեմ ուզում և չեմ կարող այս մասին ուղիղ և անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին:

Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար:

Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Վերջերս մի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույց շատ խորը հետք է թողել իմ մտքում: Այդ պաշտոնյան ասում էր, որ իր ժողովուրդը վերջին 200 տարվա ընթացքում 7 անգամ դիլեմայի առաջ է կանգնած եղել. կռվե՞լ, թե չկռվել: Եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու հաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու անհաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են չկռվել, բայց չեն կարողացել չկռվել, որովհետեւ կռիվը պարտադրվել է իրենց: Բայց մեծ հաշվով այդ հարցը անընդհատ հառնում է ժողովուրդների առաջ, որովհետեւ կա մի սարսափելի փաստ. այսօր աշխարհում, կամ հին աշխարհում կամ չկա կամ շատ քիչ են երկրները, ովքեր գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով եւ արդար են համարում դրանք: Չկա պարզապես, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ պետք է կանգ առնել ու ինքը՝ այդ պաշտոնյան, շնորհակալ է իր այն սերնդին, որը կանգ առնելու որոշում է կայացրել եւ որ կարևոր է՝ կարողացել է կյանքի կոչել այդ որոշումը:

Սիրելի ժողովուրդ,

Սրանք են այն սոցիալ հոգեբանական մոտիվները, որոնք մեզ եւ անձամբ ինձ ստիպում են ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների ավելի ու ավելի հետեւողական ու համոզված պնդել, որ Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար: Այն ամենը, ինչ ես ասացի, իրականում հեշտ չէ ասելը, իրականում հեշտ չէ այս ամենը ասելու որոշում կայացնելը: Այս ամենը ասելը դժվար է բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ Հայի ետին խելքը նորից հառնում է իր ողջ պերճանքով ու դժբախտությամբ:

Բայց եթե Աստված եւ ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը եւ ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը եւ այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաեւ խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն:

Բայց քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետեւ հիմա մեզ առավել քան երբեւէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում եւ իրատեսական գնահատական: Եւ այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների եւ անելիքների, խոսել ռիսկերի եւ հնարավորությունների, սպառնալիքների եւ հույսերի մասին:

Նախ ս/թ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Այո ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի ու որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո մտնում է մեր պլանների մեջ:

 

Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել, դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:

Հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքը:

Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշգրտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետեւ վերեւում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին:

Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:

Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու եւ նոր նկրտումներ ձեւակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաեւ մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես եւ ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել եւ Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին:

Ուզում եմ ընդգծել, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռքբերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաեւ հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնության, թե Արեւմտյան եւ թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:

Հարկ եմ համարում նշել, որ դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաեւ՝ սահմաններում անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաեւ միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել:

Տեղեկացնեմ նաեւ, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձեւաչափի եւ անհատական կազմի վրա եւ ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ եւ ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում:

Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային պիտի հիշեցնեմ, որ մենք բազմիցս ենք հայտարարել այդ գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: Ս/թ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը մեզ է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Այդ սկզբունքները հետեւյալն են.

- փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,

- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,
- միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,

- սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ՝ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:

Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:

Եւ հետեւաբար՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Ինչն է կարեւոր արձանագրել այս իրավիճակում. մի շատ կարևոր նրբություն: Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները:

Ուզում եմ ընդգծել՝ այս հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ առկա եւս մեկ նորամուծություն: Ինչպես սահմանագծման դեպքում, ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարեւոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան: Հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի վրա եւ մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը ցավոք շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ոլորտում եւ կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը:

Բայց այսօր էլ պիտի ընդգծենք, որ Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին ազգային ատելության քաղաքականություն վարելու մեջ մեղադրող մեր հայցը: Այսպիսի մի գործողություն Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն էր, որտեղ ցուցադրվում էին հայ արնահոսող զինվորների մանեկեններ եւ որոնց ֆոնին լուսանկարվում էին պետական մակարդակով պուրակ տարվող ժպտերես ադրբեջանցի դպրոցականները: Նշված մանեկեններն, ի դեպ, այդտեղից դուրս բերվեցին հենց միջազգային դատարանի որոշման արդյունքում:

Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի դեպքերն են ու դրան նախորդած իրադարձությունները: Նախ՝ Ադրբեջանը պայթեցրեց Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող միակ խողովակը այն ժամանակ, երբ Ղարաբաղում աննախադեպ ցրտեր էին սկսվել: 11 օր տեւեց մինչեւ խողովակաշարը վերականգնվեց, բայց պարզվեց նաեւ, որ նորոգման արդյունքում Ադրբեջանը փական է տեղադրել խողովակի վրա, ու այդ փականը փակվեց այն օրը, երբ Ղարաբաղում աննախադեպ քանակի ձյուն տեղաց, մինչեւ մեկուկես մետր, իսկ օդի ջերմաստիճանը նվազեց մինչեւ մինուս ութ: Հակահայկական այս ակցիան ըստ էության շարունակությունն էր այն բանի, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն եւ ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով եւ բարձրախոսներով մուսուլմանական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսեւորում եւ մյուս կողմից՝ իսլամի վարկաբեկում:

Բայց Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ եւ զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական եւ առանցքային խնդիրներից է:

Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաեւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Բայց այս պահին կարեւոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար:

Սա բացարձակ անհրաժեշտություն է եւ լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար: Ի դեպ՝ այստեղ ուզում եմ զեղում անել տեքստից և ասել, որ տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Եվ ի դեպ՝ ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Եվ ասվածին կարող ենք այս նրբությունը նույնպես ավելացնել:

Շարունակելով Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության թեման, ընդգծեմ, որ դրա կարեւորագույն ապացույցներից մեկը հայկական եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները վերացնելու աշխատանքային խմբի ձեւավորումն է Ադրբեջանի մշակույթի նախարարությունում: Այս բոլոր փաստերը մենք մանրամասնորեն պիտի օգտագործենք Արդարադատության միջազգային դատարանում: Այդ փաստերը պիտի դարձնենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության էֆեկտիվ մեխանիզմների գործարկման անհրաժեշտության հիմնավորում:

Եւ իհարկե, այս փաստերը պիտի օգտագործենք խաղաղության բանակցություններում մեր դիրքորոշումները հիմնավորելու եւ դրանց միջազգային լեգիտիմությունը ապահովելու համար:

Ինչ վերաբերում է խաղաղության բանակցությունների կազմակերպման բուն գործընթացին, տեղյակ եք անշուշտ, որ մեր դիրքորոշումները ֆիքսելով, մենք այն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով փոխանցել էինք Ադրբեջանին, արձանագրել, որ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ համանախագահությանը խնդրել էինք աջակցել խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում կամ կազմակերպել այդ բանակցությունները:

Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Այս տեղեկատվության հրապարակումից հետո մեր հասցեին հնչեց քննադատություն, թե մենք փաստորեն հրաժարվել ենք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից:

Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, պաշտպանում ենք այդ գաղափարը, բայց նաեւ գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Այդ լարվածությունը, ի դեպ, սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա: Եւ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից երկկողմ խոսակցությունների մեկնարկը որեւէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում: Եվ մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը:

Եւ այո, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն եւ պետք է հուսալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամանակում կատարել: Կարեւոր է արձանագրել, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում եւ այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել:

Չնայած՝ անզեն աչքով էլ նկատելի է խաղաղության օրակարգի մի շարք հարցերում միջազգային գործընկերների անմիջական ներգրավվածությունը: Գիտեք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ: Սա չի խանգարում, որ այս հարցը մենք քննարկենք նաեւ ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ: Նաեւ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ փորձում է գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության: Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն միեւնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի հարգարժան տեղակալներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ելույթի սկզբում խոստացա խոսել նաեւ 2021 թվականի մեր ձախողումների մասին եւ որպես այդպիսին պիտի հիշատակեմ 21 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոտք-Խոզնավար հատվածում: Ինչու այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար թերեւս տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարեւոր իրադարձությունների խորապատկերում:

2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով եւ մեր երկիրը թեւակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ եւ միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները եւ պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական եւ ետընտրական քաոսի հարուցումը եւ ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաեւ Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին եւ պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կատարվում է սահմանին, այլ այն, թե ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:

Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը եւ երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափախության շարժառիթ ձեւակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո և գործնականում էլ դրանից առաջ, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ:

Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը:

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլեւ հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման եւ ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձեւավորված լրտեսական ցանցեր են գործել:

Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում:

Բայց ակնհայտ է, որ քաղաքականացման հետեւանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետեւանք ունեցավ ի դեմս Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման եւ այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Հարգելի գործընկերներ,

Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի եւ կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաեւ կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել, արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչեւ օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետեւանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները ցավոք միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռեւս 90-ականների սկզբից եւս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում եւ ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում:

Հարգելի գործընկերներ,

Հասկանալի է, որ ստեղծված բարդ աշխարհքաղաքական վիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ արտաքին քաղաքականություն եւ այդ ակտիվության մասին որոշակի պատկերացում տալիս է վարչապետի մակարդակով տեղի ունեցած միջազգային շփումները:

2021 թվականի ընթացքում չորս անգամ երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, երեք անգամ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Այս բոլոր շփումների առանցքային եւ հիմնական նպատակը մեկն է. այս նոր իրադրության մեջ ավելի լավ հասկանալ ինչ է մտածում եւ ինչ է ուզում աշխարհը եւ մեր մտածածն ու ցանկացածը ավելի հասկանալի դարձնել աշխարհին, միեւնույն ժամանակ մեր մտածածը եւ ցանկացածը առավել համահունչ դարձնել գլոբալ միտումներին, վարել հնարավորինս բալանսավորված արտաքին քաղաքականություն, վարել բալանսավորման արտաքին քաղաքականություն: Այս իմաստով կարեւոր եմ համարում մեր վարած տարածաշրջանային քաղաքականությունը: Իրանի եւ Վրաստանի հետ մեր ավանդական ակտիվ շփումները փորձում ենք ավելի ակտիվացնել, միեւնույն ժամանակ խոսակցություն սկսելով նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այստեղ, իհարկե, որեւէ իլյուզիա չունենք, բայց այն, որ խոսակցությունը պետք է շարունակվի՝ իրական երկխոսություն դառնալու ձգտումով, կարծում եմ ակնհայտ է եւ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Պետական շահը, մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որը պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում:

Հարգելի գործընկերներ,

Ելույթս ուզում եմ ավարտել մի չափազանց կարեւոր արձանագրումով եւ ուրախությունս արտահայտել այն առիթով, որ չնայած այսպիսի դժվար ու խառնակ ժամանակներին կառավարությունը 2021 թվականին էլ չի դադարեցրել բարեփոխումների քաղաքականությունը եւ այս ոլորտում նույնպես ունենք տեսանելի արդյունքներ:

Կարեւորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքում կուզենայի նշել Պարեկային ոստիկանության ստեղծումը, որը ոչ միայն դրական արձագանք է գտել մեր հանրության շրջանում այլեւ նպաստել ընդհանուր առմամբ ոստիկանության եւ իրավապահ համակարգի նկատմամբ վստահելիության աճին: Այս գործընթացը շարունակական է լինելու եւ Պարեկային ոստիկանությունը պիտի ներդրվի Հանրապետության ողջ տարածքում: Այս շաբաթ արդեն Պարեկային ոստիկանությունը մուտք կգործի Շիրակի եւ Լոռու մարզեր, իսկ Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Պարեկային ոստիկանությունում աշխատանքի անցնելու հավակնորդների մրցույթը մեկնարկել է: Հիշեցնելով, որ պարեկային ոստիկան կարելի է դառնալ նաեւ նախկինում ոստիկանությունում ծառայած չլինելով, պոտենցիալ հավակնորդներին եւ հատկապես կանանց կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընդունելությանը:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով հաջորդ կարեւորագույն ուղղությունը հանրակրթությունն է: Տեղյակ եք, որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, ինչը նշանակում է, որ պետությունը բացարձակապես նոր վերաբերմունք է ցուցաբերում մանկահասակ երեխաների կրթության նկատմամբ, չափազանց լուրջ վերաբերվելով այդ գործընթացին: Մեր ընկալումն այն է, որ մանկապարտեզը կամ նախակրթարանը այնպիսի տեղ չեն, որտեղ ծնողները ժամանակավորապես թողնում են երեխաներին: Մանկապարտեզը, նախակրթարանը այնպիսի տեղ են, որտեղ երեխաների կրթության հիմքերն են դրվում եւ այստեղ կոմպրոմիսների գնալը նշանակվում է առերեսվել այն փաստի հետ, որ անգրագիտությունը, որ նախորդ դարի կեսերին լքել էր մեր երկիրը, սողեսող և աննկատ վերադառնում է:

Մինչեւ 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը մեկնարկել է եւ սա ոչ միայն պիտի կրթությունն իսկապես հասանելի դարձնի մեր երկրի բոլոր երեխաներին, այլեւ երիտասարդ մայրիկներին աշխատաշուկան համալրելու հնարավորություն պիտի տա, հանրային, տնտեսական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություն: Կանանց հանրային, տնտեսական ակտիվացումը խթանելը մեր կարեւորագույն խնդիրներից է, որովհետեւ կանայք մեր բնակչության մեծամասնությունն են եւ առանց նրանց գործուն աջակցության շատ դժվար կլինի հաղթահարել երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները:

Հանրակրթության ոլորտում հաջորդ կարեւորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցների կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական: Այդ գործընթացով մենք միջնաժամկետում լուծելու ենք երկու կարեւորագույն խնդիր. բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց եւ ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ ենք ստեղծելու: Այս գործընթացը արդեն սկսված է, եւ 2021 թվականին տեղի ունեցած կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 400 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 30-ից 50 տոկոսով:

Գիտեք, որ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը մեր երկրում 82.8 տոկոսով ավելացել է, ինչը աննախադեպ ցուցանիշ է: Բայց սա զուտ ֆինանսական ավելացում չէ, այլ գիտության ոլորտում ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրում, որի արդյունքում գիտությունը որպես գործունեության տեսակ գրավիչ է դառնալու ոչ միայն երիտասարդների, այլեւ այլ՝ ոչ մասնագիտական աշխատանքով զբաղվող գիտնականների համար: Արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների արդյունքում գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 40-ից 165 տոկոսով:

Ժամանակի սղության պատճառով չեմ կարող խոսել 2021 թվականին կյանքի կոչված բոլոր բարեփոխումների մասին, բայց կարեւորագույնների շարքում պիտի նշեմ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ ըստ էության լիարժեք անցումը համամասնական ընտրակարգի, որը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարեւորագույն գործիքներից է:

Մենք շարունակում ենք հետեւողական եւ սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ եւ դրա համար ձեւավորում ենք ինստիտուցիոնալ նոր կառույցներ, ինչպիսին Հակակոռուպցիոն կոմիտեն է, որը ստեղծվել է 2021 թվականին, 2021 թվականից գործարկվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգի աշխատանքի գործնական փուլը, այն իմաստով, որ արդեն կոնկրետ բռնագանձման հայցեր են ներկայացվում դատարաններ: Ստեղծվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը: Եւ կարծում եմ՝ բոլորդ եք տեսնում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեզ համար չկան նախկիններ եւ ներկաներ եւ այս գործընթացը մենք հետեւողականորեն առաջ ենք մղելու:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով պիտի կարեւորեմ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որով ներդրվել են՝
1) համաձայնեցման վարույթը, որը թույլ է տալիս առաջադրված մեղադրանքն ընդունելու դեպքում համաձայնության գալ նշանակվող պատժի, վնասի հատուցման, հանցավոր ծագում ունեցող գույքը վերադարձնելու հարցերի շուրջ,

2) համագործակցության վարույթը, որը թույլ է տալիս բացահայտել նոր հանցանքները` մեղմ պատիժ ստանալու կամ առհասարակ պատժից ազատվելու ակնկալիքով,

3) մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը հնարավորություն է տալիս իրականացնել քննություն այն դեպքերում, երբ մեղադրյալները խուսափում են դրանից և այն տանում փակուղի: Ընդունված քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել են կալանքին այլընտրանք հանդիսացող՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները, որոնց կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հունվարի 1-ից։ Քրեական նոր օրենսգրքով էլ սահմանվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող՝ ազատության սահմանափակում պատժատեսակը, որի կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հուլիսի 1-ից։

Բայց նույնիսկ մինչեւ այս բոլոր նորամուծությունների ուժի մեջ մտնելը, հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր: Նախորդ շաբաթ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի 2021 թվականի քրեական վիճակագրությունը:

Ըստ այդմ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Սա խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին եւ զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ:

Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը եւ սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ եւ ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է: Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ:

Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են եւ ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են եւ ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են: Եւ սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչեւ օրս բացահայտված չեն, եւ մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի հարգարժան տեղակալներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ.

Այս բոլոր փաստերից անդին, հաջողություններից ու ահնաջողություններից այնկողմ ու վեր, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման մեր մտահոգությունն է ու առավել քան սրված դարակազմիկ մարտահրավերները: Մեզնից անսովոր եւ գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ պահպանելու համար եւ պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռեւս չենք կարողացել ստեղծել:

Բայց մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ եւ բալանսավորված քաղաքականություն եւ մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար:

Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ եւ բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջեւ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:

Եւ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձեւեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Եւ համոզված եմ, մենք դա կանենք եւ դա է մեր պատմական առաքելությունը: Շնորհակալություն:

← Վերադառնալ