ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՍԴՀԿ 135-ամյակի առիթով

24.09.2022

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով:

Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:

Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, մտավորականներ, ինչպիսիք են` Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սապահ-Գյուլյանը, Մեծն Մուրադը, Ատրպետը, Փարամազը:

Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:

Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության:

← Վերադառնալ