ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

05.07.2023

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի:

Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը:

Հենց պետության մասին ընդհանրական և ռազմավարական պատկերացումների մասին է Սահմանադրությունը, պետության առանցքային մեխանիզմների գործունեության, մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտականությունների մասին:

Սահմանադրությունը բոլոր մարդկանց, կազմակերպությունների, պետական կառույցների հարաբերությունների մասին է և երկրում որևէ անհատի, խմբի, կազմակերպության և կառույցի գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը: Այստեղից էլ բառը՝ սահմանա/դրություն: Այն ցույց է տալիս պետության և անհատի գործունեության թույլատրելիի սահմանը:

ՀՀ գործող Սահմանադրությամբ պետական կառույցներն իրավունք ունեն անել այն, ինչ նրանց թույլատրված է Սահմանադրությամբ և օրենքներով, մարդն իրավունք ունի անել այն, ինչը չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, այսինքն արգելված չէ: Մեր երկրում հենց այս սկզբունքի վրա է հիմնված իրավակարգը և թույլ տվեք ասել, այսօր հենց այս սկզբունքի վրա է հենված մեր իրականությունը: Այդ իրականությունն, իհարկե, իդեալական չէ: Բայց այսօր քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքները հասանելի են բոլոր մարդկանց, ինչպես վայել է ժողովրդավարության երկրին: Սա մի արդյունք է, որն այլևս չի նկատվում, որովհետև դարձել է սովորական և այն, որ դարձել է սովորական, թերևս ամենամեծ արդյունքն է:

Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար. և՛ Կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության:

Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև:

Այլ բան, որ դատաիրավական համակարգը միշտ չէ, որ պատշաճ արագությամբ ու արդյունավետությամբ է արձագանքում իրավախախտումների դեպքերին: Հանրային և պետական նշանակություն ունեցող բազմաթիվ դատաքննություններ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով տարիներով շարունակվում են՝ առաջացնելով արդարացի հանրային տարակուսանք: Քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների ոլորտում նույնպես տարակուսելի իրադարձությունների ականատեսն ենք դառնում:

Բայց դատաիրավական համակարգի բարեփոխումների մեր վճռականությունը որևէ կերպ սասանված չէ: Բարեփոխումներն ընթանում են դանդաղ, բայց առանց դադարի, որովհետև դա է արդյունքի հասնելու միակ երաշխավորված ճանապարհը:

Արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրիդ ու այստեղ մենք լրջագույն մարտահրավերներ ունենք: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը:

Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը:

Մեր երկրի Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ-ում սոցիալական ոլորտի ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն աճել է 22 տոկոսով, բազային կենսաթոշակն աճել է 50 տոկոսով: 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար աշխատատեղ, աշխատավարձի ֆոնդն ավելի քան կրկնապատկվել է, միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 57 տոկոսով, նվազագույն աշխատավարձն աճել է ավելի քան 36 տոկոսով, պետպատվերով քաղաքացիներին մատուցված առողջապահական ծառայությունների թիվը կրկնապատկվել է:

Սոցիալական և մյուս ոլորտներում մեր վարած քաղաքականությունների առանցքային նպատակը մարդու բարեկեցությունն ու երջանկությունն է, որը նույնիսկ ամենադժվար պահին մենք չպետք է կորցնենք որպես ուղենիշ:

Սիրելի ժողովուրդ,

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետև շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով:
 

← Վերադառնալ