ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին
ևս 10 լուսանկար
Ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
Ամփոփում ենք 2025թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի այս փուլի քննարկումները, և շնորհակալ եմ շահագրգիռ և հետաքրքիր քննարկման համար:
Պետական բյուջեի նախագիծը Կառավարության կողմից ներկայացվող և խորհրդարանում քննարկվող ամենածավալուն փաստաթղթերից է, եթե ոչ ամենածավալունը, և բյուջեի քննարկման համատեքստում՝ շատ բանի մասին կարելի է խոսել:
Բայց այսօր՝ նաև վերջին երկու օրերի քննարկումներն ուշադիր լսելու արդյունքում, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որն, իմ կարծիքով, էապես ազդում է այն ամենի վրա, ինչ ասում ենք, այն ամենի վրա, ինչ անում ենք, և նրա վրա, ինչպես մտածում ենք՝ մենք բոլորս, ինձնից սկսած, և Հայաստանի Հանրապետության բոլոր մյուս քաղաքացիներով շարունակած և ավարտած: Ասվածը խնդրում եմ որևէ մեկը չընկալի որպես մեղադրանք կամ որպես նիհիլիզմի դրսևորում: Նույնիսկ մտածում էի՝ պատե՞հ է արդյոք սրա մասին խոսելը, բայց եկա հակառակ եզրակացության, որ դրա մասին չխոսելն է ոչ միայն անպատեհ, այլև ռազմավարական սխալ, որովհետև մեր խնդիրների լուծման իրական նախադրյալ ստեղծելու համար մենք պետք է նախ հասկանանք՝ ի՞նչ և ինչո՞ւ է մեզ հետ կատարվում և կատարվողի մեջ ի՞նչն է, որ անհրաժեշտ է ուղղել, շտկել, կարգաբերել: Ասելիքի մեջ որևէ մեկն իրեն մեղադրվող կամ մեղադրող չի կարող համարել, որովհետև խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած, Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր քաղաքացիներով շարունակած և ավարտած:
Ահա և մոտեցա այն նախադասությանը, հարգելի տիկնայք և պարոնայք, որի արտաբերումն այսքան երկար և մանրամասն պատրաստում էի ու հեռվից գալիս, իսկ նախադասությունը և դրա ասելիքը հետևյալն է՝ այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորիս, կամ եթե մի քիչ ավելի հասկանալի ձևակերպենք, մեր ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, այն, ինչ պնդում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն կամ հաճախ, կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը:
Հիշեցնեմ նորից, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: Սա կրկնում եմ, որպեսզի որևէ մեկն իրեն մեղադրվողի կարգավիճակում չզգա, բայց սա ասում եմ նաև, որովհետև մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումը, առանցքային գործոնը մեր կենսական օրակարգը ճանաչելու համար է, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացն ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար: Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ պետության հարատևությունը, որովհետև պետությունը, միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը, ու այդպես եղել է միշտ, և մենք նույնիսկ սա մինչև վերջ և ամբողջական չենք գիտակցել:
Կա՞ պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ: Չկա՞ պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ: Եվ ի դեպ՝ մենք մինչև այսօր որպես ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, հիմա իմ կողմից նկարագրվելիք իրավիճակի բերումով ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք: Եվ այդ պատճառներից մեկն է, որ մեզ թույլ է տալիս ահա այսօր ունենալ անկախ պետություն:
Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ է մեր սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունն էական չափով ապապետական: Խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը չի կարող և չի ձևավորվում մեկ տարում, երկու տարում, նույնիսկ հիսուն կամ հարյուր տարում, դա հարյուրամյակների տևական գործընթաց է: Իսկ վերջին 600-ամյակում մենք միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել, այսինքն՝ մեր այսօրվա սոցիալ-հոգեբանությունը, մեր սոցիալ-մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն շրջանում, երբ մենք չենք ունեցել անկախ պետություն, այլ եղել ենք գաղութ, հպատակ, համայնք, այսինքն՝ օրգանական կապի մեջ չենք եղել այն պետության հետ, որի շրջանակներում ապրել ենք:
Այն պետությունները, որում ապրել ենք, մեզ օտար են եղել: Եթե նույնիսկ որպես ժողովուրդ լավ ենք զգացել այդ պետությունների մեջ, նրանց նկատմամբ ունեցել ենք որոշակի օտարություն, որոշակի դիմադրություն և այսպես 600 տարի, նվազագույնը 600 տարի: Եվ ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետականություն, պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, պետության մեր հիմնական արձագանքը, որովհետև վերջին 600 տարիներին մենք՝ որպես ժողովուրդ, ապրել ենք մեզ պարտադրված և ոչ թե մեր ստեղծած պետության մեջ, և հետևաբար, պետության մեր առաջ ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է, հիմա արդեն եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել: Այսինքն՝ ենթագիտակցությունը միևնույնն է շարունակում աշխատել:
Սա, ըստ էության, մի բանաձև է, որը բացատրում է 1990 թվականից մինչև օրս տեղի ունեցած բազմաթիվ կարևոր իրադարձություններ, եթե ոչ բոլոր իրադարձությունները, բայց չեմ ուզում ընկղմվել պատմական էքսկուրսի մեջ, այլ ուզում եմ կիսվել այն եզրակացության կամ հետևության մասին, որն իմ կարծիքով ակնհայտ է: Ակնհայտ է, որ վերը շարադրվածի հետևանքով մեր սոցիալ-մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը համակարգային չէ, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային, որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է: Եվ բյուջեի նախագծի քննարկման մի շարք դրվագներ հենց այս տեսակետից ընկալեցի:
Կանխատեսելի կերպով կրկին հարց բարձրացավ, թե մեզանում ո՞վ է հերոսը և ինչպես է այն բնորոշվում: Վերը նշվածի շրջանակներում խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապեցին, կամ նրանցից մեկը կապեց սահմանը պահող կամավորի և կամավորության հետ: Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամ անվտանգությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելն ընդամենը «օրենքով սահմանված գործունության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելն ինքնին ապապետական ընկալման հետևանք է:
Եթե խոսքը, հարգելի գործընկերներ, «Կեցցե՛ մեր հայ կամավորը», «Գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում: Եվ այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի: Այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է:
Հանուն արդարության պետք է ասել, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ, և բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Իսկ ընդդիմության ներկայացուցիչը փորձում է հակադարձել, թե ի՞նչ է գովում օրենքով սահմանված հարկերը վճարողին: Չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է վճարել հարկերը, իսկ հարգելի գործընկերներ, ի՞նչ է, Սահմանադրության մեջ գրված չէ՞, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Գրված է, գրված է Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասում:
Արդյոք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը: Իհարկե, հերոսություն է, հարցն այլ տեղ է, բա եթե զինվորը սնունդ չունենա, պաշտպանության միջոց չունենա, զենք չունենա, հագուստ չունենա, տրանսպորտային միջոց չունենա, գրագետ սպա չունենա, կապի միջոց չունենա, ինժեներական կահավորում չունենա, ինչպե՞ս պաշտպանի երկիրը և ինչպե՞ս հերոսություն անի: Կարո՞ղ է նա հերոսություն անել առանց այս ամեն ինչի: Մեծ հաշվով բացառված է կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը: Չի կարող, մանավանդ, այսօրվա տեխնոլոգիական դարում:
Սա դեռ խոսում ենք պարտադիր զորակոչի կամ զորահավաքի մասին: Խոսենք պայմանագրային զինծառայողի մասին, բացի վերը նշվածից, եթե պատշաճ աշխատավարձ ու սոցիալական երաշխիքների համակարգ չունենա, ո՞վ կգնա պայմանագրային զինծառայության, և եթե նույնիսկ գնա, ի՞նչ պայմանագրային զինծառայության ի վիճակի և պատրաստ կլինի: Ընդ որում, այս ամեն ինչը որ ասում եմ, չեմ ասում տեսականորեն: Այս ամեն ինչը որ ասում եմ, այս բոլոր խոսքերը, ինչպես ասում են՝ կյանքից են վերցրած, սեփական աչքերով եմ տեսել: Իսկ այս ամենն ապահովելու համար անհրաժեշտ են պետական եկամուտներ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, օրինական հարկերը վճարող քաղաքացին: Առանց այդ քաղաքացու ոչ պետություն կարող է լինել, ոչ էլ հերոսություն: Եվ հետևաբար, նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության, եթե խոսում ենք պետության մասին, թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է: Ու սա չեմ ասում որևէ մի ծառայություն նսեմացնելու համար: Պարզապես ուզում եմ ի վերջո արձանագրենք և ժողովրդին էլ ցույց տանք, թե պետությունը ինչ է և ինչպես է աշխատում:
Այն էլ ասեմ, որ բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից են: Պաշտպանության նախարարությունը, շատերը չգիտեն, հանրապետության առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ՝ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իրենց ծառայության մեջ: Բայց մյուս կողմից, երբ Պաշտպանության նախարարությունը երկրի 10 խոշորագույն հարկատուներից է, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան:
Եվ, ընդհանրապես, որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա երրորդ հանրապետության ընթացքում մեր, բոլորիս գործած մեծագույն սխալն է: Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու մեր անելիքը, բանակի անկումը, այն անկումը, որն ունեցել ենք երկար տարիներ: Եվ նաև, այդ սրբագործման արդյունքում, ես մի անգամ առիթ եմ ունեցել ասելու, մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ դե լավ, մենք այս չենք արել, բանակը կլուծի, զինվորը, մեր զինվորի ցավը տանեմ, իրա ցավը տանեմ, - կուչ եկած, սառած, - կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, բա գիտե՞ք՝ ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հեսա այստեղից տալու է դուրս գա Մադագասկար կղզի: Չմտածեք, թե մենք բանակը սիրում ենք՝ դրա համար ենք անում, ոչ մենք դա անում ենք, որ գցենք իր վրա, այդ խեղճ ու կրակ զինվորի վրա:
Ասում եք՝ հերոսներին նսեմացրել ենք, ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում սրա, նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, թե՞ ինչ ուզում, անում էին բառիս բուն իմաստով: Անծանո՞թ բաների մասին եմ խոսում, սիրելի հայ ժողովուրդ, անծանո՞թ են այս բաները: Որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանո՞ւմ էին, ուրիշ բաների չանդրադառնամ, որ դուք դեռ ունենաք մեզ մեղադրելու՝ պարտության, դավաճանության և ուրիշ շատ բաների մեջ: Եկեք ձև տանք, թե բոլորս իսկապես ամեն ինչ մոռացել ենք:
Հարգելի գործընկերներ,
Իմ կարծիքով՝ ապապետականության մեր հաջորդ և ապաինստիտուցիոնալության դրսևորումը «փող» հասկացության վերաբերյալ և նրա նկատմամբ մեր սոցիալ վերաբերմունքն է և սոցիալ-հոգեբանությունը: Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ ապապետական է, որովհետև նրան վերաբերվում ենք երբեմն որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն էլ՝ որպես պաշտամունքի առարկա: Մինչդեռ փողը, եթե այն դիտարկենք պետության տեսակետից, իսկ այս տեսակետից դիտելու պարագայում կտեսնենք, որ այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի՝ որևէ կառավարում տեղի ունենալ չի կարող, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, առանց որի նույնիսկ հանրություն գոյություն ունենալ չի կարող:
Ընդ որում, որպեսզի իմ ասածը չընկալվի որպես փողի պաշտամունք և նման շահարկումներ չլինեն, հերթական անգամ ուզում եմ մեջբերել Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխի 9-րդ համարը՝ «Դրամի խելացի օգտագործումը» վերնագրի ներքո. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր արեք...»: Սա շատ խորը միտք է, և մեր քննարկումների համատեքստում շատ կարևոր մի հանգամանք կա: Ասում է՝ փողից ձեզ բարեկամներ արեք: Կներեք, կարող էլ կրկին իմ ասածը ցինիկ հնչի, բայց տեսեք՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բարեկամների մասին, թե ով է մեր բարեկամը: Ես ձեզ կարող եմ ասել, որ մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը, ինչպես Ավետարանը մեզ՝ բոլորիս հորդորում է: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում: Այս ամենն ասում եմ մի պարզ պատճառով, եթե մենք ուզում ենք ուժեղ պետություն ունենալ՝ պիտի բոլորով միասին՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի հնարավորինս շատ փող աշխատենք, օրինական փողի մասին է խոսքը, իրար հետ՝ որպես պետություն, որպես քաղաքացիներ, հնարավորինս մեծ եկամուտներ գեներացնենք և հնարավորինս հարստացնենք մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն, այսինքն՝ մեր պետական բյուջեն հարկերի միջոցով:
Եվ այս առումով, իհարկե, շատ համակարգային խնդիրներ ունենք, և այդ համակարգային խնդիրներից մեկը մեր Հարկային օրենսգիրքն է ինքնին, որովհետև այո՛, ես Կառավարության նիստում էլ եմ ասել, որ իմ գնահատմամբ՝ այն Հարկային օրենսգիրքը, որը մենք ունենք, այն ապապետական Հարկային օրենսգիրք է: Շատ ընկերներ կան, որ ասում են այո, բայց, որ ասում եմ՝ բացատրեք ինչո՞ւ , ուղիղ հակառակ բանն են ասում: Ես իմ փաստարկն ասեմ: Իսկ իմ փաստարկն այն է, որ մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացում, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը: Բայց, ինչքան էլ դա տհաճ է հնչում, հարգելի գործընկերներ, շրջանառության հարկն ու շրջանառության հարկի համակարգն ապապետական հարկային համակարգ է: Դրա մասին Կառավարության նիստում ասել եմ, և կրկին ուղղակի չեմ ուզում հիմա դրա վրա շատ կենտրոնանալ, որովհետև շատ հարցեր կան: Բայց դա էլ ասեմ, որ ես արդեն հանձնարարել եմ և Կառավարության մեր գործընկերները աշխատում են: Մենք պետք է ունենանք նոր հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին:
Ցանկացած բյուջեի քննարկման համար կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է, բայց այստեղ, մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները մի նախադասություն ասացին, բայց ոչ իրենք շարունակեցին այդ թեման, ոչ Կառավարության մեր գործընկերները: Մենք պետք է հասկանանք՝ թոշակ ինչպե՞ս է ձևավորվում: Այսօր ՀՀ-ում կա 754 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, այս մարդկանց մենք որտեղի՞ց ենք թոշակ տալիս՝ աշխատող մարդկանց շնորհիվ: Իսկ Հայաստանում կա ընդամենը 768 547 աշխատող մարդ: Ինչի՞ է մեր երկրում թոշակը ցածր կամ երկրում ե՞րբ կլինի թոշակն այնքան, որ չնեղվենք, որ մենք նորմալ թոշակ ենք տալիս մարդկանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի 60, 70, 80, 100, 200, 300 տոկոսով ավելի: Իսկ մենք մեր երկրում աշխատանքն այդպես էլ չենք խրախուսում: Մենք անընդհատ պատճառ ենք փնտրում հիմնավորելու, թե մարդն ինչի պիտի չաշխատի՝ աշխատավարձը ցածր է մի քիչ, մի քիչ եղանակը լավը չի և այլն: Եվ փոխարենը մոնիթորինգ են անում, որ կամրջի վրա այդ օրը մի հոգի էր աշխատում: Բոլոր կամուրջներով մենք գնում ենք, մենք էլ ենք տեսնում, որ մի հոգի է աշխատում: Ինչի՞ է մի հոգի աշխատում, լացում են, այդ թվում՝ բոլոր շինարարները, գյուղամեջերում լիքը մարդ, շինհրապարակներում դատարկություն, որովհետև մենք տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս: Ասում ենք՝ եղբայր, աշխատունակ ես դու, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարկերը կկարգավորենք: Սա ապապետական մոտեցում է: Չաշխատող մարդուն, որը սկզբունքորեն չի աշխատում կամ, կներեք, եթե նույնիսկ աշխատում է ոչ երևացող դաշտում, մենք ինչո՞ւ են փող տալիս, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել:
Դա սոցիալիզմի հետ կապ չունի: Բացարձակապես: Դա ապապետական սոցիալ-հոգեբանության արձանագրում է: Դրա արմատներն էլ են ուրիշ տեղ, դրա արմատներն էլ են ընտրությունների մեջ: Բայց մենք հիմա շատ զգույշ փորձում ենք դա փոխել: Ինչո՞ւ զգույշ, որովհետև մտածում ենք, Կառավարությունը, կներեք, ոչ միայն ընդդիմության, այլև կառավարող մեծամասնության խիստ քննադատություններից է շատ վախենում, չէ՞, որովհետև նրա համար պետք է քաղաքական աջակցություն: Իսկ ո՞վ է վերցնելու այդ քաղաքական աջակցությունը, ո՞վ է վերցնելու այդ պատասխանատվությունը: Պետք է լինեն մարդիկ, որ վերցնեն այդ պատասխանատվությունը:
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ մենք պետք է վերցնենք այդ պատասխանատվությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին, գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, ես ասել եմ՝ այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ես այս թուղթը ստորագրելու եմ ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, որ դա արել եմ: Ինչո՞ւ եմ արել, դա ուրիշ խնդիր է: Բայց պահեր է գալիս, որ դու ուղղակի պետք է վերցնես պատասխանատվություն: Եվ պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատասխանատվության: Մենք չենք կարող ասել՝ ինչ է քեզ պետք, բոլորին, բոլորին ամեն ինչ տանք: Երեկվա քննարկումն էլ է դրա մասին, և ասում եմ՝ ուրիշի մասին չի, իմ մասին է: Ես էլ եմ այդպես արել: Ինչքան հին ավտո կա, բերեք ժողովուրդ ջան, մաքս էլ պետք չի, հարկ էլ պետք չի, ոչ մի բան պետք չի, մի հատ էլ կսուբսիդավորենք: Հետո գնացեք այդ ավտոներով լցվեք ձորերը, հետո էլ եկեք այստեղից ասեք՝ ինչի՞ են մարդիկ զոհվում, բա, ինչ պիտի անեն:
Թոշակները կարող են բարձրանալ, ամենայն հարգանքով, եթե նախկինում թոշակառուներն աշխատել են, իրենց բաժին աշխատել, ավարտել են, բայց այսօր պետք է իրենցից գոնե կրկնակի չափով ավելի մարդ աշխատի - կուտակայինը ուրիշ թեմա է, կուտակայինի ժամանակ էլ միևնույն է բազային թոշակի խնդիրը կա – որ թոշակը բարձրանա: Երեկ շատ խոսվեց, թե պարգևավճարները, աշխատավարձերը ... Ես լսում էի ու ասում էի՝ իսկականից այս մարդիկ ինչ ճիշտ են ասում: Ֆինանսների նախարարին ասացի տուր տվյալները, թե աշխատավարձների ու թոշակների հաշվին այդ ինչքան աշխատավարձ է ստանում պետական մարմինը: Որպեսզի շատ չխառնենք իրար, վերցրեցինք Կառավարության սոցիալ-տնտեսական բլոկը, այսինքն՝ ուժային կառույցները հանեցինք, որ չխառնվի, այսպես՝ քաղաքական բլոկը, ինչքան աշխատավարձ, ինչքան պարգևավճար են ստանում: Եթե կտրենք հիմա ամբողջ աշխատավարձը և պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարող ենք բարձրացնել 9000 դրամով: Բայց թոշակառուներն այդ թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը միայն թոշակ չի. թոշակը փողը հավաքելը, ա կետից հասնելը բ կետը ծախս ունի: Այսինքն՝ նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, չեն հավաքվի ընդհանրապես, որովհետև չկա Պետական եկամուտների կոմիտե, չի կարող հավաքվել: Եվ ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի, դա էլ հաշվի առնենք, որովհետև այսօր ՊԵԿ-ում կան աշխատողներ, ովքեր ընդհուպ ստանում են 1 մլն, 2 մլն դրամ աշխատավարձ, և մենք նրանց ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք՝ հանկարծ գործից դուրս չգաք: Բյուջե ընդհանրապես չի լինի: Բոլոր դպրոցները կփակվեն: Ճանապարհ ընդհանրապես չի կառուցվի:
Շատ լավ, ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն առաջարկի, ժողովուրդ ջան, եկեք, ամբողջ աշխատակազմն էլ, բոլորը, ովքեր կան նստած, բացի ՊՆ-ից ու Ներքին գործերի նախարարությունից, ամբողջ աշխատավարձի ֆոնդը՝ գումարած պարգևավճարները, գումարած ծառայողական մեքենաների համար անցած տարի ծախսված գումարը, գումարած այդ ծառայողական մեքենաների սպասարկման համար նախատեսված գումարը, բենզինով, բացարձակապես ամեն ինչով, եկեք անենք, խնդիր չկա, նախաձեռնենք, անենք: Բայց ես երաշխավորում եմ՝ ոչ մի թոշակառու իր թոշակը չի ստանա, ոչ մի, ոչ թե կեսը կստանա, կեսը չի ստանա, ոչ մի թոշակառու իր թոշակը չի ստանա: Այսինքն՝ սա արդեն նույնիսկ դեմագոգիա էլ չի:
Մի անգամ, չե՞ք հիշում, թոշակն ուշացել էր, բոլորը խառնվել էին: «Հայփոստ»-ը, լինելով պետական կառավարմամբ, պետական սեփականություն - որից հետո ես որոշում կայացրեցի, որ Հայփոստի տնօրենը պետք է չաշխատի- հայտարարություն էր տարածել, թե սոցապում ինչ-որ մեկը թուղթը չի ստորագրել, դրա համար է թոշակն ուշացել: Մի հոգի թուղթը չի ստորագրել... Եկեք հանենք այդ մի հոգուն գործից ընդհանրապես, իր աշխատավարձն էլ դնենք, թոշակներն ավելացնենք, նպաստներն էլ հետը: Բայց փոխարենը մենք ի՞նչ ենք արել...
Պարգևավճար չտանք, կտրենք այս ամբողջ պետական համակարգի պարգևավճարները, կարանք թոշակներն ավելացնենք 1000 դրամով: Բայց մենք ուրիշ բան ենք արել՝ այդ պարգևավճարների աշխատողների հետ աշխատել ենք, հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն նախորդ տարվա ընթացքում միջինը 3000 դրամ հետ է ստացել գումարը: Այսինքն՝ այդ 1000 դրամը չենք տվել իրեն, ծախսել ենք, դրա արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք: Սխա՞լ ենք արել:
Էլ չեմ ասում, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը: Սա ի՞նչ է նշանակում: Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին իր թոշակառուին տվել է այնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի այնքան կալորիա ձեռք բերի, որ չմահանա: Առաջին անգամ, 30 տարվա պետությունն առաջին անգամ նվազագույն կալորիա է կարողանում ապահովել իր քաղաքացու համար:
Ծառայողական ավտոմեքենաները՝ ես ձեզ մի բան ասեմ, 2018-2021 թթ., որպես ՀՀ վարչապետ, ես մի քանի անգամ մնացել եմ ճանապարհներին: Հիշում եմ՝ մի անգամ Մարտունիի կենտրոնում մեքենան փչացավ, ժողովուրդը, «թե Նիկոլ ջան, էս ավտոդ փչացե՞լ է, տրամլյորը նայե՞լ եք, իսկ կարո՞ղ է բենզինի նասոսը կաչատ անել է պետք»: Մեկ, երկու, երեք կարելի է անել, բայց չորրորդը մտածում ես՝ էս մարդը մեկ-երկու, հեղափոխություն, ուրախացանք, ի՞նչ է մտածելու իր պետության մասին: Հասկանալի է, բայց միայն էգոիզմով չէ, որ ասի, վայ, տես: Ասում են էժան ավտո ձեռք բերեք: Կարող ենք, կարող ենք զապոռոժեց առնենք, բայց տարին 7 անգամ պետք է առնենք: Ընդհակառակը՝ ժողովրդի ասած... Անվտանգության ստանդարտ գոյություն ունի և այլ, ու ոչ մեկ ամենաթոփ ստանդարտով չէ, բոլորն ամենանվազագույն ստանդարտով է: Հարց է՝ դա լա՞վ է, թե վատ: Իհարկե, կարող ենք էժան ավտո առնել, բայց այդ ավտոյով ... Այն օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասում էր տասից ավելի անգամ գնացել են Կիրանց, եկել: Բայց, իհարկե, ծառայողական ավտոմեքենաների հետ կապված ես չեմ ասում, որ ամեն ինչ այնպես է: Այո, Ազգային ժողովի նախագահն ասաց, որ կրճատվել է, Կառավարությանն էլ է կրճատվել, բայց, համաձայն եմ, ոչ այն չափով, ինչ չափով, որ պետք է կրճատվեր…:
Բայց ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Մանուկյան, որ իմ ելույթներն այդքան կարդում եք: Ես, օրինակ՝ կուզենայի, որ Կառավարության անդամներն էլ մեկ ու մեջ նայեին, տեսնեին նախկինում... Լրիվ լուրջ եմ ասում, որովհետև երեկ Ձեր ելույթից հետո, Երևանի քաղաքապետին գրեցի, ասացի՝ ես ժամանակին այսպիսի բան եմ ասել Տրանսպորտի վարչության պետի մասին - իմիջիայլոց, չգիտեր, որ ասել եմ այդպիսի բան – ինքն էլ ասաց, որ այո, կարծում եմ, ինքը չունի ծառայողական մեքենայի կարիք, և ինքը չի ունենա ծառայողական մեքենա:
Հիմա Դանիայի մասին, շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, որովհետև ես այնտեղ նստած ասել եմ, Դանիայի Ազգային ժողովից ինձ պատասխանել են, որ Դանիայի Ազգային ժողովում կա մեկ ծառայողական մեքենա: Այդ էլ ասեմ, որ Ազգային ժողովի նախագահն ասաց, որ 46 տոկոսն Ազգային ժողովի, Կառավարությունում 20 տոկոսն է կրճատվել: Վատ է ցուցանիշը: Ազգային ժողովը կրճատել է 46 տոկոսով, բայց Դանիայում ո՞վ է եղել վերջին անգամ: Դանիա որ գնում ես՝ փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան ավտոմեքենա: Իսկ հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, իսկ հիմա էլ ասում եք՝ ինչու ես հեծանիվ քշում, դրա համար ենք քշում հեծանիվ, որ դուք էլ քշեք: Հիմա էլ նոր բան են ասում՝ վարչապետը փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում: Ընկերներ, ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ՝ դուք քնած եք: Երբ ես սկսում եմ՝ դուք քնած եք, խորը: Երբ ես հեծանիվ քշելն ավարտում եմ՝ դուք դեռ քնած եք խորը: Երբ ես գնում եմ աշխատանքի՝ դուք դեռ 2 ժամ պետք է քնեք: Այսինքն՝ հրապարակային բան է: Կամ էլ ասում է՝ ճանապարհը փակում են, որովհետև վարչապետը հեծանիվ է քշում: Ես կիրակի օրը Սևանից հեծանիվով եկել եմ Երևան: Իմ կողքով հազարավոր մեքենաներ են անցնել, հազարավոր: Թող մեկն ասի՝ մեկի մեքենան կանգնեցվե՞լ է: Այսինքն՝ ես մենակ եմ եղել, երկու թիկնապահների հետ: Երբ խմբային, 60 հոգով են հեծանիվ քշում, դա անվտանգության կանոնի մեջ է, վարչապետը չլինի՝ ով ուզում է լինի: 60 հոգի ցանկացած հեծանվորդ, որ քշում է, Ոստիկանությանն էլ տեղյակ է պահում, որ ժողովուրդ, մենք 100 հեծանիվով տեղաշարժվելու ենք, Ոստիկանությունը պետք է ապահովի անվտանգությունը: Հակառակ դեպքում պետք է գաք ասեք՝ զոհերի թիվն ավտոներից քիչ էր, մի հատ էլ հեծանիվներից զոհերի թիվն ավելացավ: Իսկ ի՞նչ անեն: Հազարավոր մարդիկ գալիս են կողքովս անցնում են, այդ ո՞ւմ ճամփան են այդպես փակել: Կամ ճամփա փակելն այդ ինչ մի բան է, այն օրն էլ էին ասում ճամփա են փակել, երկրի վարչապետը կարող է 2 ժամ նստել խցանման մեջ, Ազգային ժողով գալիս էլ ուշանա, կասեք՝ ինչ անհարգալից է: Ուր գնա՝ ուշանա ընդհանրապես: Կիրակի օրերը, իմիջիայլոց ասեմ, որ քշում եմ՝ զարթնած եք լինում, և ոչ միայն դուք, այն օրն Արարատի մարզի գյուղերի միջով հետ ենք գալիս, և տեսնում եմ կանգառներում կանգնած ջահել տղաներ և աղջիկներ, որոնք սպասում են ավտոբուսի, քաղաքային տրանսպորտի: Իմ մտքով անցնում է, ասում եմ՝ ես այդ օրը, 50 տարեկան լինելով, 100 կիլոմետր հեծանիվ եմ քշել, այս երեխեքին ինչու չենք հուշում՝ ինչու եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կիլոմետր է, հեծանիվով գնացեք, եկեք: Ուր գնում ենք՝ ձրի ուսանողական ավտոբուս տվեք, ինչի՞ մեկը չի ասում՝ երեխեք ջան, հեծանիվ վերցրեք, հեծանիվով գնացեք դասի, եկեք: Ամո՞թ է, թե՞ պետք է սև ծիծակ կոշիկներ լինեն, ոսկի ցեպերը վզներից կախած և այդպես շարունակ:
Ինձ արտահերթ ելույթ է պետք, բայց ուզում եմ ՊՊԾ-ին անդրադառնալ, որովհետև շատ կարևոր մի բան է: Այստեղ ասում են՝ վայ ՊՊԾ-ն, թիկնապահները, այնպես, այնպես: Ռուբինյան ասաց՝ ինչից են դժգոհում, դժգոհ են, որ ներկաներից ոչ մեկին չեն կարողացել սպանել: Չեն գալու ասեն՝ այդ ինչ եք անում, մի մարդ կար այստեղ, 500 մահապարտ էր հավաքել: 100 էր, թե քանի մահապարտ էր, ինչի՞ համար էր հավաքում այդ մարդը, որ մեզ սպաներ: Չեն կարողացել սպասել, եկել են ասում են՝ այս ՊՊԾ-ն ինչ է, չեն թողնում: Հո չի ասելու, Կառավարություն, ինչի՞ չեք թողնում ձեզ սպանենք: ՊՊԾ-ն իր գործն անում է, չգիտե՞ք, ասում է՝ «Наша служба и опасна, и трудна, и на первый взгляд как будто не видна»: Իսկ ո՞վ է ասում, որ դուք բոլոր անվտանգության միջոցառումները պետք է իմանաք: Ուզում եք ասել, որ ՊՊԾ-ի ծախսերն ավելա՞ցել են: Միանշանակ ավելացել է: Հիմա ասեմ՝ ինչու, որովհետև 2018 թվականին պարզվում էր՝ ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ են ուղարկում: Ասենք մեկը հավի բուդ, մեկը պանիր, մեկը կորժիկ, մեկը ջեմ, մեկը թթու: Ասում եմ՝ այս ի՞նչ է, ասում են՝ դե այդպես է դրվածքը, հացը «Գռնոն» է ուղարկում, պանիրը «Բդոն» է ուղարկում, ենթադրենք ջուրն այս մեկի վրա է: Ասում եմ՝ ձեռ ե՞ք առնում: Ու պետական բյուջեից զրո է ծախսվել, ոչ մեկի փողը չեն կերել: Ասել եմ՝ դադարեցրեք, ամոթ է, սա պետություն է: Այդ պարգևավճարներից, որ խոսում եք, այդ դուք չգիտե՞ք, որ պատգամավորներն ու նախարարները ծրարով փող ստանալիս են եղել, ՊՊԾ-ի աշխատողները ծրարով փող ստանալիս են եղել: Ո՞ւմից: Պետական ինստիտուտներն ուզեցել են սարքել իրենց գրպանի շները: Դժգոհ են մարդիկ, պետական ինստիտուտ է կայանում, ո՞նց, կամ պետք էր իմ եղբայրը կամ հորեղբորս տղան կամ քեռուս տղան կամ աներձագս կանչեր, գային գեներալները, ասեր՝ վերցրու, գնա, այս քեզ, այս քեզ: Այս է իրենց պատկերացրած պետությունը: Եվ սա է ապապետությունը:
Մի հատ էլ ասում են՝ ո՞նց, թանգարանին ասում եք փող աշխատի: Ասում է՝ այս բիրտ իշխանությունն ասում է, եթե թանգարան մարդ չի գալիս, թող փակեն: Իսկ ի՞նչ անենք, որ թանգարան մարդ չի գալիս, թանգարանն ո՞ւմ համար է: Իսկ վա՞տ է, որ այս տարի պատմության թանգարանի այցելուներն էականորեն ավելացել են: Ու մի գործողության շնորհիվ, Անահիտ Աստվածուհու արձանը բերելու շնորհիվ: Նստել սուրճ խմելով չէ, մարդիկ պետք է աշխատեն: Բոլորը պետք է արդյունք գեներացնեն, բոլորը, եթե ուզում ենք պետություն ունենալ, եթե չենք ուզում պետություն ունենալ՝ չենք կարող: Ես չեմ չարաշահի, բայց իմացեք՝ ասելիքիս 10 տոկոսն եմ ասում: Ասում է՝ կապիտալը Հայաստանի գնում է, փախչում է: Բանկային համակարգի ակտիվներն ու կապիտալները 2018 թվականից հետո կրկնապատիկից ավելի մեծացել են, կրկնապատիկից ավելի մեծացել են: Բայց հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր՝ Իրական Հայաստանի և պատմական Հայաստանի մասին:
Ես շատ ազդվեցի մեր գործընկերոջ ելույթից և հիմա ուզում եմ իմ մտածումները կիսեմ՝ որպես եզրափակում դրա մասին: Ժողովուրդ, Հայաստանում գիտե՞ք մի այսպիսի երևույթ կա, ու դա մոդա է, գիտեք, պատմական Հայաստանի մոդա է: Գնում ես, ջահել տղա է, 30 տարեկան, խոսում ես հետը, ասում է՝ դե ես սասունցի եմ, օքեյ, գնում ես ուրիշ տեղ՝ այն մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդն ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդն ասում է՝ դե ես խոյեցի եմ, ութերորդն ասում է՝ դե ես իգդիրցի եմ: Շատ լավ, շատ լավ հասկանում եմ, բայց ժողովուրդ, ես ուզում եմ հասկանալ՝ իսկ դիլիջանցին ո՞վ է այս երկրում, իսկ երևանցին ո՞վ է այս երկրում, աշտարակցին ո՞վ է այս երկրում: Ես դեմ չեմ դրան, բայց հասկանո՞ւմ եք: Կարող է իմ ծագումնաբանությունը, ամենայն հարգանքով, որովհետև ես հիմա ուզենամ էլ՝ չեմ կարող ոչ մշեցի լինել, ոչ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, Իջևանից եմ: Ես էլ եմ ուզում, բայց ես այսպես «ապազգային տարր» եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնալ ոչ մի տեղ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ մի հատ այդպես էջ էլ իմ համար բացեմ՝ չի լինում: Իսկ ժողովուրդ, ո՞վ է դիլիջանցին: Մենք չենք հասկանում մի պարզ բան, որ երբ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք: Մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն՝ եկեք այդտեղ մարդ չկա բնիկ, դրանք այստեղ, այնտեղից եկած են, այս էլ հին թուրքական քաղաք է, այս էլ հին ադրբեջանական քաղաք է, այս էլ այն է, որովհետև լսում են, չէ՞, ամբիոններից ինչ ենք խոսում: Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը: Մենք կորցրել ենք մեր պետությունը: Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ՝ վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը, տասնյակ անգամներով: Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է: Եվ հիմա հարցը, թե ով է Իրական Հայաստանը և որն է Իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը, այո, շատ ճիշտ դիտարկում էր, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհակալ եմ: