Շնորհավորական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2018

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության և ժողովրդի կարևորագույն նպատակներից է։
Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, և Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։
Մեր քայլերն այսուհետ ևս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում։ Ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են։
Մեր պայքարը և աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա և լիարժեքորեն կյանքի կոչվեն։

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։

← Վերադառնալ