Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը: Ուրախալի է, որ մեր երկրներն ունեն միասնական ձգտում՝ առաջ շարժվելու ավելի խորը փոխգործակցության և բարեկամության ուղիով։

Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ պաշտոնական այցը Ձեր հիասքանչ երկիր: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։


 

← Վերադառնալ