Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

16.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։

Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին արվեստի լավագույն ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում:

Այդ առումով, ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է, նրա հանդարտ-հաղթական ոգու լավագույն արտահայտությունը, հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումը:

Սիրելի մաեստրո,

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և անսպառ ներշնչումներ»:

← Վերադառնալ