Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին

21.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։

Արդի աշխարհաքաղաքական բազում մարտահրավերների պայմաններում անգնահատելի է բազմակողմանի դիվանագիտության ներդրումը։ Այս համատեքստում ՄԱԿ-ի համակարգը մնում է այն կարևորագույն հարթակը, որը զարկ է տալիս համաշխարհային ջանքերին՝ ուղղված խաղաղությանը, մարդու իրավունքների հարգմանը և կայուն զարգացմանը։

Գլխավոր քարտուղարի պաշտոնում Ձեր առաջին ժամկետի ընթացքում Դուք ցուցաբերել եք առաջնորդություն այս ուղղությամբ, ինչպես և Ձեր նվիրվածությունը ՄԱԿ-ի սկզբունքներին ու արժեքներին։

Հայաստանի Հանրապետությունն ուրախ է աջակցելու և համագործակցելու Ձեզ հետ նաև Ձեր վերահաստատված մանդատի ընթացքում՝ համատեղ ջանքերով նպաստելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։
 

← Վերադառնալ