Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո վարչապետ,
խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր մաղթանքները:
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենական ապահով բարօր կյանքի կերտման աստվածահաճո ուղին ներքաղաքական լարվածության լիցքաթափումն է ազգային անդաստանում համերաշխության ու միաբանության մթնոլորտի հաստատումը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր կոչմանը, պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը՝ իր կարողություններն ի սպաս դնելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել արդյունավորմանը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը և հոգևոր կյանքի առաջընթացին:
Թող Երկնավոր Տերը Իր օրհնության ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայաստան ու Արցախ մեր հայրենին, բարեշեն կյանք շնորհի մեր ժողովրդին և Ձեզ՝ հայրենաշահ ձեռքբերումներ»: