Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

09.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

« Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը կիսում է Սինգապուրի հետ այն արժեքները, որոնք նպաստել են Ձեր երկրի վերելքին և միջազգային հեղինակությանը՝ արդյունավետ տնտեսական քաղաքականություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Համոզված եմ, որ Ձեր փորձառու առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի գրանցել նորանոր հաջողություններ ու առաջընթաց։

Գոհունակությամբ և բավարարվածությամբ եմ մտաբերում երկու տարի առաջ տեղի ունեցած մեր հանդիպումները Սինգապուրում և Հայաստանում: Ցավոք, մեր համատեղ ծրագրերի իրագործմանը խոչընդոտեց աշխարհին պատուհասած COVID-19-ի համավարակը, ինչպես նաև 2020 թվականի աշնանից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ադրբեջանաթուրքական ագրեսիան։ Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ և մնում է հաստատակամ իր բարեփոխումների ճանապարհին՝ գործընկեր երկրների աջակցությամբ:

Հայաստանը և Սինգապուրն ունեն բարեկամական հարաբերություններ և համագործակցության չիրացված մեծ ներուժ: Այս առումով հեռանկարային կարող են լինել կրթական, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ առկա երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը խորացնելու ու ընդլայնելու նպատակով իմ ջանքերը գործադրելու և փոխգործակցության ներուժն իրացնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին բարեկեցություն և խաղաղություն»:

← Վերադառնալ