Շնորհավորական
Վարչապետ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ
Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ:
***
Ռումինիայի վարչապետ Նիկոլաե-Իոնել Չուկայի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն, պարոն Վարչապետ,
Հայաստանի Հանրրապետության Ազգային Տոնի առթիվ առանձնահատուկ պատիվ ունեմ հղելու Ձեզ և հայ ժողովրդին ամենաջերմ ու անկեղծ շնորհավորանքներս:
Մեր բարեկամության ն համագործակցության հարաբերությունները հիմնված են երկարամյա ավանդույթի և Ռումինիայի հայ համայնքի ներկայության վրա: Համոզված եմ, որ երկու կողմերի կենտրոնացված ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ակտիվացնել ոլորտայի և համագործակցությունը գործունեության բոլոր բնագավառներում: Տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը բարեփոխումների ոլորտում, որտեղ Ռումինիան պատրաստ է կիսել իր փորձը, այս փուլում առաջնահերթ ոլորտներ են:
Միաժամանակ վստահեցնում եմ, որ Ռումինիան կշարունակի ակտիվորեն աջակցել Հայաստանի Հանրապետության հետ Եվրամիության համագործակցության զարգացմանը»:
***
Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Հուսեյն Առնուսի ուղերձում նշված է.
«Մեծարգո Նիկոլ Փաշինյան,
Հայաստանի Հանրապետության վարչապետ,
Իմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ: Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը հետամուտ է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համատեղ համագործակցության ամրապնդմանը, ու այդ հարաբերությունները բարձրացնել հատկանշական մակարդակի՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդներին։
Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովուրդին խաղաղություն, կայունություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»:
***
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկիի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ինձ համար առանձնահատուկ պատիվ և հաճույք է Հայաստանի ազգային տոնի
կապակցությամբ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել անկեղծ շնորհավորանքներս և բարգավաճման և բարեկեցության մաղթանքներս Ձեր երկրին և ժողովրդին:
Վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ջանքերով կխորացնենք մեր երկու երկրների միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը, ինչի համար առկա է նշանակալի ներուժ:
Մաղթելով առողջություն, երջանկություն ու հաջողություններ Ձեր գործունեությունում՝ ընդունեք, հարգարժան գործընկեր, խորին հարգանքիս հավաստիքը»:
***
Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլիի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ինձ համար մեծ հաճույք է հղել Ձեզ եգիպտացի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Լիահույս եմ, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա ավանդական և գերազանց հարաբերությունները կամրապնդվեն և առաջ կմղվեն՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Օգտվելով այս առիթից՝ Ձերդ Գերազանցությանը ցանկանում եմ հետագա հաջողություններ Ձեր պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ առավել առաջընթաց և բարօրություն»։
***
Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ընդունեք խնդրեմ իմ սրտագին շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Բուլղարիայի Հանրապետությունը արժևորում է Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերությունները։ Մեր երկիրը սատարում է Ձեր կառավարության կողմից ստանձնած ժողովրդավարական բարեփոխումներն ու գործընթացները և Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ հայ և բուլղար ժողովուրդների։
Ես Ձեզ վստահեցնում եմ, որ ի դեմս Բուլղարիայի, Հայաստանի Հանրապետությունն ունի հուսալի ընկեր և գործընկեր։
Ընդունեք խնդրեմ, հարգելի վարչապետ, անկեղծ բարեմաղթանքներս, հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն, իսկ Ձեզ՝ առողջություն և հաջողություն Ձեր շատ կարևոր գործունեության մեջ»։
***
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Թանկագի՛ն բարեկամ (ավելացված է ձեռագիր),
ՀՀ անկախության տոնին ընդառաջ իմ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները։
Առիթից օգտվելով՝ թույլ տվեք վերահաստատել այն կարևորությունը, որ տալիս եմ Ֆրանկոֆոնիային Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, մեր ինստիտուցիոնալ հարաբերություններին, հագեցվածությամբ ու բազմազանությամբ աչքի ընկնող համագործակցությանը, հատկապես՝ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի հայկական երկարատև նախագահության ընթացքում, երբ ՀՀ կառավարությունը՝ չնայած դժվարություն-ներին, անսասան հանձնառություն դրսևորեց։ Մաղթելով Ձեր երկրին վերադարձ տևական խաղաղությանը՝ ցանկանում եմ, որ նախագահությունից հետո մենք շարունակենք աշխատել միասին՝ հանուն ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսման։
Վստահ եմ, որ կարող եմ հույս դնել անձամբ Ձեր և Ձեր երկրի ներգրավվածության վրա՝ ապագայի ավելի գործնական, արդյունավետ և մարդկանց ավելի մոտ Ֆրանկոֆոնիայի կառուցման գործում, որի ուղղությամբ հաստատակամորեն գործում եմ պաշտոնս ստանձնելուց ի վեր»։