Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության նորանշանակ վարչապետին

14.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության նորանշանակ վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանիին: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Կատարի Պետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա հունիսին Կատարի Պետություն կատարած այցս և դրա ընթացքում ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված բարձր մակարդակի հյուրընկալությունը։ Հիրավի, այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր լիցք հաղորդեցին մեր երկրների միջև հարաբերություններին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք էլ ավելի խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Կատարի ժողովրդին՝ հարատև բարգավաճում»։

← Վերադառնալ