Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ ուղղված Ձեզ և Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Իրաքի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ջերմությամբ եմ հիշում այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած մեր հանդիպումը և արդյունավետ քննարկումները, որոնք Հայաստանի և Իրաքի միջև բարձր մակարդակի քաղաքական շփումների վկայությունն էին: Խիստ կարևորում եմ նաև այս տարի տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը և դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունը: Վստահ եմ, որ հայ-իրաքյան համագործակցության խորացման նոր ուղիներ և հնարավորություններ ուղենշող այս արձանագրության դրույթների լիարժեք իրագործմամբ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն:
Անկախության տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։