Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

21.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով:

***

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը:

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:

***

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։

***

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»։

***

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության՝ Անկախության տոնի առթիվ։

Ձեր ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ Ձեր երկիրը կշարունակի ընթանալ կայուն զարգացման ուղիով՝ իրագործելով բարգավաճ պետություն կառուցելու բարձր նպատակներն ու խնդիրները։ Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության ներուժի լիարժեք զարգացումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։

***

Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։

***

Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի շնորհավորական ուղերձում նշված է.

«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով:

Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»:

***

Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Հուսեյն Արնուսի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ուրախ եմ Ձեզ հղել իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակել ամրապնդել մեր երկու երկրների միջև  բարեկամական հարաբերությունները և համատեղ համագործակցությունը և դրանք բարձրացնել լավագույն մակարդակի՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների ակնկալիքներին ու ձգտումներին համապատասխան:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»: 

***

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի շնորհավորական ուղերձում նշված է.

«Պատիվ ունեմ ի սրտե շնորհավորել Ձերդ գերազանցությանը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»:

***

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սեպտեմբերի 21-ի առիթն ինձ հնարավորություն է ընձեռում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անունից հայ ժողովրդին և անձամբ Ձեզ հղել իմ սրտանց և ջերմ շնորհավորանքները։

Այս հատուկ առիթով թույլ տվեք ցանկություն հայտնել, որ Հայաստանի և ՖՄԿ-ի միջև կապերը և համագործակցությունն ավելի կամրապնդվեն և կխորանան։

Այս առումով կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի պատվիրակության ներդրումը մեր կազմակերպության 2024-2027 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներում բարձր գնահատվեց։ Նոր համատեղ մշակված այս ծրագրային առաջարկը մեզ հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ավելի արդյունավետ հասցեագրելով ֆրանկոֆոն տարածաշրջանի ժողովուրդների ձգտումները և կարիքները։

2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալման համար Հայաստանի Հանրապետության ընտրությունը, բուն սպորտային միջոցառումների կարևորությունից զատ, ընդգծում է Ձեր երկրի կողմից ֆրանկոֆոն երիտասարդության շփումների ընդլայնմանը, զարգացմանը և համախմբման հանդեպ հատուկ ուշադրությունը, ինչը ես ողջունում եմ»։

***

Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ուղերձում նշված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ պատիվ ունեմ սրտանց շնորհավորելու Ձեզ և Ձեր հայրենակիցներին։

Տարիներ շարունակ մեր պետությունները միավորված են առանձնահատուկ կապերով՝ հիմնված արդյունավետ համագործակցության, համերաշխության և վստահության վրա։ Մեր բարեկամությունն անսասան է մնացել Հայաստանի համար դժվար պահերին և զարգանում է մեր երկրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի համար ռազմավարական կարևոր նախագծերում:

Լիահույս եմ, որ մենք կշարունակենք դինամիկ և արդյունավետ շփումները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ոլորտներում։ Համոզված եմ, որ և՛ Հայաստանի, և՛ Լեհաստանի Հանրապետության համար նման համագործակցությունը մեր քաղաքացիների բարեկեցության կայունացմանը և աճին նպաստող գործոն կլինի։

Ցանկանում եմ վստահեցնել նաև, որ Լեհաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ապահովելու տարածաշրջանում կայուն խաղաղություն և բոլոր բնակիչների անվտանգությունը»:

***

Քուվեյթի Պետության վարչապետ Ահմադ Աբդալլահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահի ուղերձում նշված է.

«Ուրախ ենք Ձերդ Գերազանցությանն ուղարկել մեր անկեղծ շնորհավորանքներն ու խորին բարեմաղթանքները բարեկամ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Այս առիթով մենք նաև բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները` ընդգծելով դրանք ամրապնդելու և ամրացնելու մեր ցանկությունը` դրանք ընդհանուր շահերին ծառայեցնելու համար»:

***

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի շնորհավորական ուղերձում ասված է.

«Թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Ձեր երկրի Անկախության օրվա առիթով  և մաղթել մեծ հաջողությոն Ձեր պատասխանատու առաքելության կատարման գործում:

Ես հավատում եմ, որ Սլովակիան և Հայաստանը կշարունակեն ուժեղացնել պատմականորեն գերազանց հարաբերություններն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ընդլայնել մեր համընդհանուր համագործակցությունը և զարգացնել մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը»:

← Վերադառնալ