Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ:
Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են նկատելի առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում մեծ դեր ունի նաև ռումինահայ համայնքը:
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել: Բարձր եմ գնահատում Ձեր գլխավորած կառավարության` Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին շարունակական աջակցությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ բարեկամ ռումին ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։